Ոչ թե հաղթանակը մերն է… ավանսային խոստումներով, այլ Պողոտայի, Շարժման արդյունքը ինքը՝ Պողոտայի, Շարժման մարդն է… Եթե փոփոխություններ են առաջացել իմ մեջ, հաղթանակը, ահա, ես եմ: Իսկ ես, Շարժման նախաձեռնող խմբի ոչ անդամս, ոչ անմիջական բարիկադի ետևում կանգնածս, ոչ Պողոտայում լուսացրածս, ոչ Շարժման հերոսս, միով բանիվ՝ շարքային, բայց անպայման մասնակցիս գնահատմամբ, հաղթել եմ, ունեմ առաջընթաց, ձեռքբերումներ… Ես վերականգնեցի կապը Երևանի, նրա կենտրոնի հետ, սկսեցի զբոսնել Դավթի, Շուշանի, սեբաստացի իմ ընկերների հետ, դարձա ավելի ներառական, շատ ավելի հանդուրժող այլոց գաղափարների, խմբային-անհատական գործողությունների նկատմամբ։ Ես սկսեցի ճանաչել երիտասարդ քաղաքացի երևանցուն, գնահատել նրա ներուժը։ Ինձ համար հետաքրքիր էր Պողոտայում, ես չեմ ափսոսացել իմ ջանքերի համար… Ոչ մի կորուստ… ո՞ւր էր, թե Հայաստանի էներգետիկ համակարգի արատը այս յոթ դրամ սակագինը լիներ և դրա բարձրացումով լուծվեր… կամ, թեկուզ ամենաբարդ, բայց հայաստանյան միակ խնդիրը լիներ: Ցավոք: Եվ ասել եմ՝ «չլուծված խնդիրների ավազան Հայաստանիս» հասարակությունը պիտի ընդունակություն դրսևորի իր խնդիրները ճանաչելու, քննարկելու, լուծումներ առաջարկելու-պարտադրելու, լուծումներին մասնակցելու համար… Եվ այս ամենը՝ որպես կյանք, առանց անիծելու, հուսահատվելու, անընդհատ և ուրախ… թեթև… Շարժումը քաղաքացիական մեզանում չի կարող ավարտվել. այն ընդամենը սկսվեց, այն շարունակվում է ցանկացած միջանկյալ լուծման դեպքում…

Ջրային խաղեր. 2-4 տարեկաններ: Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Կիրակի որոշեցինք պոկվել Երևանից, լողալ Սևանում, Դիլիջանով հասնել Աղավնավանք գյուղը. գյուղ, որտեղ վերջին անգամ ե՜րբ եմ եղել, 2002-ին երևի, Վիգեն Խաչատրյանի հետ: Աղավնավանքը, գիտեք, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանին է. մեր ճամբար դարձած այդ գյուղը հասանք Դիլիջան-Գոշով, բայց վերադարձանք Աղավնավանք-Ճամբարակով… Եվ ի՜նչ լավ արեցինք… Գնալիս Սևանի հանրային նորաբաց լողափում լողացինք, վերադարձին՝ մեզ հայտնի «Ժայռ» լողափում, հիացանք մեր նախկին ուսուցիչ Ալիկ Մինասյանի 4 ամսական Անտուանով՝ մեր նախկին զինղեկ Գրիգոր Մինասյանի նոր եղբորով… Անմոռանալի հանդիպում…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Աղավնավանք-Ճամբարակ ճանապարհին մեքենան վարում էր Արմինեն՝ Դավթին հիացմունք-հանգստություն պատճառելով, թե չէ, անընդհատ հարցնում էր՝ ինչի է մայրիկի մեքենան Վահրամը վարում… Այս ճանապարհից, վստահ եմ, քչերն են օգտվում. իզուր, և՛ Գետիկ գետը, և՛ կիրճը, և՛ Կարմիրի սարերը՝ իրենց անտառով ու ծաղկանկար լանջերով, սքանչելի են: Լավն է և ճանապարհի որակը. հուլիսյան ճամփորդություն եղավ… Մենք փնտրում ենք նաև մեր հուլիս-օգոստոսյան արշավախմբային ճամբար 2015-ի բանակատեղին…

Արմեն Մարտիրոսյանը, ով 10 տարեկան էլ չկա, սեբաստացի, ճշգրիտ-անմիջական եղավ իր բացականչությամբ.
— Ես չգիտեի, որ Հայաստանն այսքա՜ն գեղեցկություններ ունի…
Հուլիսը դարձնենք Հայաստանի բացահայտման-սիրահարման շրջան… Դավիթը թույլ չտվեց բարձրանալ Աղավնավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի… Պարտք մնացինք այս խնդիրների ծով-գյուղում. Մարգարիտ Հարությունյանը, Նունե Մովսիսյանը սկսել են պատմել mskh.am-ում, ճամբարականներն այնքա՜ն նյութ են ամբարել, այնքա՜ն նկարել. հետևեք mskh.am-ի առօրյային, մեր անընդհատ ճամբարների՝ Հայաստանի սիրահար սեբաստացիների պատումներին:

5-10 տարեկանների ամառային բանգլադեշյան ճամբարը շարունակվում է: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Իմ շրջագայությունը նաև հետազոտական էր. Շուշանի 20-ամյակն ուզում ենք ոչ սովորական՝ մարզական-ճամփորդական անել, Սևանի ափին… հարմար վայր՝ լողափ ենք ընտրում: Գևորգ Հակոբյանի հետ պատրաստվում ենք շուրջսևանյան հեծանվաանցումի՝ 220 կմ ճանապարհի վրանային հեծանվաարշավախմբային անցումը որոշել ենք հուլիսի վերջին կազմակերպել…

Դավիթ Բլեյանը հիացրեց զարմացրեց, խիզախ լողաց Հայաստանի ամենամեծ լճում… ո՜նց լողաց… Երկար կպատմեմ:

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Օրեր առաջ Պողոտայում՝ մի խումբ երևանցիների, երկու օր առաջ Գեղարվեստում՝ Գևորգ Հակոբյանի հետ, փորձում էի ձևակերպել հայաստանյան անհետաձգելի խնդիրների թոփ եռյակը… Ոնց էլ չարչարվես, միևնույն է, ամենաքիչը վեց է դառնում… Սևանա լճի, ավազանի, այս մեր գեղեցկուհու մեր կողմից շարունակվող բռնաբարման խնդիրը՝ 1, Հրազդանի կիրճի օտարման-այլանդակման խնդիրը՝ 2… Ասել եմ՝ սրանցից յուրաքանչյուրին պատրաստ եմ իմ կյանքի մնացած 60 տարին նվիրել… Երևանի վթարային շենքերի և հազարով հաշվվող մահացու վերելակների խնդիրը… Հայաստանի անապատացման խնդիրը… Հայաստանի գյուղերի շարունակվող դատարկման խնդիրը… Հայաստանի՝ աղբանոց դառնալու խնդիրը… Հանքարդյունաբերությունը՝ Հայաստանը ֆիզիկապես ուտող և բնապահպանական աղետներ հասունացնող… Ատոմակայանի անվտանգության խնդիրը… Էլ չեմ ասում որևէ լուծման հեռանկար չառաջարկող հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրը… Սրանցից յուրաքանչյուրը Շարժում կծնի-կպարտադրի խնդիրն օրակարգում պահելու, խնդիրը որպես հանրային լուծելու համար…

Քուն. 2-4 տարեկաններ: Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի:

 #380

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անսպասելիք ի՞նչ տարի. ավետաբեր 2015

Իսկ ինչո՞ւ սպասենք… Չնայած օրվա հետ կապված բոլոր սպասելիքները արդարացան-կատարվեցին։ Լիքը օր եղավ, այնպես որ օրագիր չի դառնա իմ ասելիքը, այլ մամուլի օրվա հաղորդագրություն։ Գնացինք։ Դեկտեմբերի 29-ի առավոտյան տանից դուրս եկա՝

Քյավառցու հայտնի անեկդոտով, Վիլյամ Սարոյանով մինչև Ալբերտ Էյնշտեյն…

Ես հոգնում եմ, երևի, գրելուց, միայնակ մեծ սենյակում մնալուց. ժամը 5.00-ին մոտ է, գնում եմ ննջասենյակ, պառկում Դավթի մահճակալին. սենյակի լուսամուտի մեջ երևում է, որ Դավիթն ու Արմինեն հերթական անգամ տեղերը

Հասունության քննություն է․ մեր կյանքի իշխանությունը իրացնելու ժամանակը…

Օրագրային սևագիր-նախագծային գրառումները վերջին օրերի՝ չօգտագործված, իրենց տեղին-ժամանակին լուռ ու համառ սպասող, անաղմուկ-մունջ՝ խաղաղ գործելու-ստեղծելու-փոխանցելու էին վերաբերվում․․․ Հրապարակի, Նիկոլի ղեկավարած շարժման—քայլքի-հավաքի ֆիզիկական ազդեցությունն է ինձ վրա․․․ Պատկերացրեք, քաղաքացիական անհնազանդության երթը,