Ինչով է այս կիրակին կարմիր դառնալու` չգիտեմ. թող մնա-լինի պայծառ ապրիլյան կիրակի. բավ է… Որքան էլ ջանացի, ո՛չ Նունե Մովսիսյանը` իր բլոգով, ո՛չ էլ 1-ին am-ը` իր այս տեսանյութով, չհասցրին ինձ եկեղեցական Տոնացույցում Կարմիր կիրակիի խորհուրդը… Փոխարենը անցած շաբաթը` իր հայ-վրացական հանրակրթական կամուրջներով, Կրթական պարտեզում Էկոտուրի նախագծերով, Հոգևոր Հայաստանով, այսպիսի Գեղարվեստով, հայրենագիտությամբ ու հոգևոր երգով հայոց եկեղեցում, կարմիր-կանաչ-գունեղ թելերից գործած նարոտ եղավ:

Միջազգային փորձագետների խումբը Գեղարվեստում:
Լուսանկարները` Մարինե Մկրտչյանի:

Ապրիլյան շնչով շաբաթ անցկացրինք, որին հաջորդող կիրակին չի կարող այլ կերպ, քան անձնական-ընտանեկան-մեկուսի, խաղաղ չլինել… Դավիթ Բլեյանն էլ  այդպիսի տրամադրություն ունի… Իսկ երեկ մեր տանը կայացավ Դավթի երկար սպասված-գովազդած հանդիպումը իր Նիկոլոս եղբայր Մոմցելիձեի հետ… Մինչ ես իմ վրաց գործընկերների` դպրոցների տնօրեններ Գեորգիի ու Իրակլիի հետ օգտագործեցի մեր մի քանի ժամը Արմինեի` վրացական զարմանք շարժած սեղանի շուրջ և՛ կրթական, և՛ քաղաքական փոխանակումներ կատարելու համար, Դավիթը ներկայացրեր իր վրաց ընկերոջը հայկական պլանշետը…

— Մեր խաղում ոչ հաղթող կա, ոչ` պարտվող, պապ, ես ու Նիկոլոն ընկերանում ենք…
Մենամարտն իհարկե կայացավ, հատուկ այդ նպատակով պատրաստված ներքնակի վրա, բայց այստեղ էլ ստացվեց հայ-վրացական «Յարխուշտա»` Ստեփան Թորոյանի խոստացածը…Ֆուտբոլային խաղի ընթացքում Նիկոլոսը վնասել էր ոտքը, և Դավիթ Բլեյանը դա գիտեր…

Հայ-վրացական «Յարխուշտա»: Տեսանյութը` Արմինե Աբրահամյանի:

[youtube https://www.youtube.com/watch?v=I1SLW9Ek0Bo?rel=0&showinfo=0]
Շնորհակալ եմ իմ եղբայր Առնոլդ Բլեյանին, որ մեզ շատ օգնեց, և ում փոխանցել ենք Բլեյան-Մոմցելիձե ընկերության շարունակականությունը, և Վահրամին Մարտիրոսյան, որ հնարավոր արագությամբ վերականգնեց Արմինեի վնասված ինքնազգացողությունը` Արմինեի փոխադրամիջոց-մեքենան կանգնեցնելով ավելի հուսալի անիվների վրա…

Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Արտաշատում` Մարմաշենում, Մրգավանում, հնագույն մայրաքաղաքում, մեզ տպավորիչ-խանդավառ-մարդաշատ ընդունեցին… Ո´չ մի ղեկավարություն, ո´չ մի ձևականություն` հոգևոր երգ ունկնդրելու, սեբաստացիներիս հետ եկեղեցում, եկեղեցու բակում շփվելու, կապեր հաստատելու-շարունակելու եկած ժողովուրդ` իր քահանայով, դպրոցի, մանկարարտեզի ղեկավարներով, ուսուցիչներով, սովորողներով, տարատարիք, եկեղեցասեր բնակիչներով… «Սեբաստացիներ» երգչախմբին, շատ համերգներ-դահլիճներ տեսած մաեստրո Թոփիկյանին ու մենակատար Թամար Մոսինյանին շատերը կնախանձեն… Այսպիսի հուզիչ-կենդանի լսարան…  Այսպիսի միջավայրը, որի, այո՛, ճարտարապետն եմ ու մշակողը խոնարհ, իմ վայելքն է, իմ վարձքը: Ես լիցքավորվում եմ… ահա ինչու` չեմ հոգնում ֆիզիկապես, տալիս-առնում եմ, կազդուրվում եմ… Այնքա˜ն, որ այս շրջագայությունից, տպավորախեղդ-դինամիկ օրից հետո նստում եմ Մեդիայից իմ հեծանիվն ու… նախ` գյուղացիական տնտեսություն, հետո Մայր դպրոց, Ծովակալ Իսակով… հաջորդ շաբաթվա հեծանվային պլեներների երթուղիներով (դրանց մասին` իմ երկուշաբթի օրվա գրում), մինչև Վերնիսաժ-Խանջյան-տուն. հազիվ էլ հասցրի վրաց ընկներներին դիմավորել ու իրիկունին…

«Հոգևոր Հայաստան»Արտաշատում:
Լուսանկարները` Մարինե Մկրտչյանի:

Կարմի՞ր կիրակիի ընթերցարան

#645

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պա՜պ, օգոստոսի 19-ը քանի՞ օրից է․․․

Ինձ պատմել էին Գողթեցի Ներսես Տեր-Պետրոսյանի, կրթահամալիրի սովորողներ Դավթի և Վահանի հայրիկի գյուղի տան, նրա՝ հիշողության մեջ մնացող դիրքի մասին: Այստեղից՝ Գեղարդի, Աժդահակի ճանապարհին գյուղը չշրջանցելու իմ որոշումը: Այս անգամ Աժդահակը գրոհելը

Դպրոց-պարտեզների տարածումը Երևանում և մարզերում կօգնի լուծելու շատ հարցեր. հավելված #1

Հեղինակային կրթական ծրագրի տարածելի ձեռքբերումներ։ Հունիսի 14-ի օրագրի հավելվածը։ Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված է դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը՝ նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդելը, որտեղ գործում են՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր,

Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի…

Մեզ միավորող գործունեությո՞ւն է դարձել իմ օրագիրը… Ելենա Խոդիկյան, շարունակո՞ւմ ենք միասնացման այս հյուսը, կունենանք հրավեր-կանչ որևէ խմբով, դպրոցում, սեբաստացիական աշխարհի մի անկյունում, քայլքով-հեծանվաերթով, ինչպես երեկ, իմ կողմից անարձագանք չի մնա, կտեսնենք–կլսենք–կգրենք mskh.am-ում,