Գևորգ Հակոբյանը մեր գո՞հ մնաց իր ավագ ծննդյան օրից՝ չի իմացվի… Լավ է, որ Հակոբյանների ավանդական հայաթին միացան Մարմարյա սրահն ու Գեղարվեստի բակը. որքա՜ն հուզիչ պահեր եղան օրվա մեջ։ mskh-ի և «Դպիր» ամսագրի հղումներին որ լուրջ մոտենաս ու կարդաս, հավատդ չի գա. էս անհոգ-անփույթ մարդը, ում ողջ կյանքը՝ սկսած 17 տարեկանից, իմ աչքի առաջով է անցել, միասին ենք անցել ուսանող-ընկեր, քավոր-սանիկ, տնօրեն-փոխտնօրեն ճամփեն, այս ե՞րբ հասցրեց այսքան թարգմանել-խմբագրել, այսքան ծրագիր և ուսումնական ձեռնարկ ստեղծել, այսքան վերապատրաստվել-վերապատրաստել… Բա տված դասե՜րը… Հալա՜լ է քեզ, ախպե՛ր ջան։ Լավ է, որ հիմա, երբ ես իմ գիրն եմ գրում՝ երեկվա անցուդարձը, Գևորգն իր արշավախմբային պատրաստության մեջ է, համալսարանական ընկերների՝ Ալբերտ Տոնեյանի, Հրաչ Մակարյանի ու Տիգրան Աղաբեկյանի հետ երկօրյա արշավով գրոհում է Աժդահակը։ Աժդահա տարիք է թվում, բայց տեսեք՝ ի՜նչ թեթևություն է բուրում մեր մանկավարժական լաբորատորիայի ղեկավար-կրթահամալիրի փոխտնօրենից՝ հեծանվի վրա, Աժդահակի, Արագածի գրոհի ճանապարհին, սեղան նստելուց առաջ ու հետո Գեղարվեստի պաղ ջուրը մտնելիս… Իր կյանքի՝ վերելքի ճանապարհն է բռնել ու… Առա՜ջ…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի
Ջրի պակասի հետևա՞նք է, որ հայաստանցիները, ի մասնավորի՝ երևանցիները, քիչ, շատ քիչ են ջրում-ջրի ափին ապրում, ջրում լողում… Մեկը դներ ու չափեր՝ միջին երևանցին միջին հաշվով տարեկան քանի՞ ժամ է անցկացնում օվկիանոսում, ծովում, լճում, ջրամբարում, գետում, լողավազանում… Խորհրդային շրջանի պարտադիր արձակուրդային-ընտանեկան մինչև 10-15 օր Սև ծովի ափի փոխարինումը-ընդարձակումը Դուբայ-Եգիպտոս-Թուրքիայի հայտնի ափերով իմ ակնհայտ պնդումը կասկածի տակ չի առնում…
Գետառը արագ ծածկեցինք, որ մոռանանք նրա գոյության մասին, Հրազդանի կիրճն օտարեցինք տաշի-տուշիի բիզնեսին ու մեջքով ենք կանգնած Հրազդանին՝ իր զարմանալի ափով, որ ողջ Երևանով մի քանի կմ-ի վրա է… Նույնն արեցինք Սևանա լճի հետ՝ հանրային, բոլորիս ծովի, որ կուզեի՝ հունիս-հուլիս-օգոստոս-սեպտեմբերին յուրաքանչյուրիս համար առօրյա-մատչելի-հարմար ծովափ դառնար… դարձավ միջոցառում։
2015-2016-ի առաջին դասարանցիները հանդիպել են դասվար Լուսինե Պետրոսյանին։
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի։
Վիճակն ավելի վատ է Երևանից դուրս. ավելի լավ չէ մարզերում՝ գյուղերում-քաղաքներում, դրանց վարչական տարածքների հանգստյան գոտիներում… Այսօր մենք «Սեբաստացիներ» երգչախմբով, մաեստրո Հարություն Թոփիկյանի ու անբաժան ընկեր Սեյրան Ավագյանի նախաձեռնությամբ կլինենք Թեժառույքում, Մեղրաձոր-Հանքավանում, կանցնենք Մարմարիկի հովտով… Մի կողմից՝ մաեստրոն մեղավորության զգացում ունի, որ Հայաստան-Վրաստան-Թուրքիա ճամփորդությունն անցկացրեց միայն մի երգչախմբով՝ Կամերայինով, առանց «Սեբաստացիների», մյուս կողմից՝ սեբաստացիները կարոտել են միմյանց, իրար հետ ճամփորդելուն, խոնարհված եկեղեցիներում պատահական անցորդների համար երգելուն…
Հաշվելու եմ բոլոր կարգի տկլորներին, գետում լողացողներին, թրջվողներին, էն էլ՝ Վարդավառից մեկ օր առաջ… Օրերս Գետիկով անցանք. Աղստևի հովտով. ոչ մի լողացող, ինչպես անցյալ տարի… Նույնն է վիճակը Հայաստանով մեկ՝ Որոտանի, Դեբեդի, Ձորագետի, Արփայի, Ախուրյանի, Ազատի, Արգիճիի հուներում, ափերին ու հովիտներում… Ասում են՝ կեղտոտ է… մի՛ կեղտոտեք, չէ՞ որ լողալու եք։ Ասում են՝ վտանգավոր է… անվտանգ դարձրե՛ք՝ լողացեք։ Պայմաններ չկա՞ն՝ ստեղծե՛ք, գյոլեր-ավազաններ, լողափեր ստեղծեք ու լողացեք։
Ֆոտոպատում Աղավնավանք-Լաստիվերի ճամբարից։
Լուսանկարներ՝ Անահիտ Մելքոնյանի։
Ինձ ոգևորում-գոտեպնդում է փաստը երեկվա օրվա՝ ճիշտ նույն ժամին, երբ մենք համերգ-տոնախմբությամբ կենդանի էինք արել Մարմարյա սրահը, կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիների 40 հոգիանոց խումբը պատմական Խնձորեսկից Արցախի Նոր Այգեստանի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ճանապարհին էր, պատանիների մի այլ՝ 20 հոգիանոց խումբ Աղավնավանք-Կարմիրով Գետիկի հովտում էր, Ջիլի տարածքում… Իսկ ավագ դպրոցի եռանդուն-հմայիչ ղեկավարը՝ Մարթա Ասատրյանը, պատանիների մի այլ խմբի հետ փութաջան պատրաստվում էր Տավուշի Զիկատարի 6-օրյա բնապահպանական ճամբարին: Այսպիսի կենդանացնող ավագ դպրոց՝ իր հայրենատեր-հայրենաճանաչ-հայրենաշեն պատանիներով… միշտ վերելքին, միշտ իրական՝ կյանքի դժվարություններ հաղթահարելու ճամփին, հայաստանյան կյանքի խնդիրների լուծումով տարված…
Աշխատանքային օրը Գեղարվեստի դպրոցում։
Լուսանկարները՝ Գայանե Առաքելյանի։
Երախտագետ, ասել է թե պատմական-աստվածային ծագումը իմացող, երախտամոռ՝ выскочка… Որքան էլ բազմազբաղ՝ որքան էլ բոլորն էլ իմն են, իմ պլանի, դիրքի փոփոխումով ես հետևում եմ իմ սքանչելի՝ Բլեյան Աշոտի աղջիկ-եռյակին, գումարած նրանց հերոս-եղբայր չորս տարեկանի վերելքը բռնած Դավիթ Բլեյանին…
Լիլիթ Բլեյանը, խոստովանենք, Սոնուլիկ աղջկա հետ ոնց որ այլ աշխարհից եկած լինի, Ժակ Բրելի իր երգով, իր խոսքով-խոնարհումով իր ուսուցիչ, հորեղբայր Գևորգ Հակոբյանին… Իր ակնածանքն էր բերել Ուսուցչին ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ Լիլիթի ամուսինը: Հազիվ հանդիպել ենք.
— Ի՜նչ աղջիկ ես ժամանակին տարել, է՜, Վահե,– հայրաբար-հայավարի հպարտանում եմ…
— Ես միշտ էլ ասել եմ՝ Բլեյանների աղջիկները մեկը մյուսից լավն են, ես ընտրել եմ ամենային…
Տաթևը՝ միջնեկը, Գեղարվեստում հյուրասիրության պատրաստության մեջ էր… Շուշանը թողել էր պարապմունքը, որ մասնակցի իր վարժարանի ղեկավարի-ուսուցչի հանդիսությանը…
Դավիթը իր օրը, պաղ ջրում լողալը, նվիրեց Գևորգ հոպարին…
— Դավիթ,- հարցնում եմ,- այս պաղ ջրով ավազանում կլողա՞ս…
Ջուրը նոր-նոր լցվում է… Մոտենում է լողազգեստով, պոկվում արդեն արևից տաքացած ավազանում լողացող ընկերներից… Նայում է, զննում… Խելքը տեղն է, համարձակ է, բայց անզգույշ բան չի անի…
— Ինչո՞ւ լողամ, որ ին՞չ լինի։
— Որ կազդուրվես, պնդանաս:
— Կազդուրվեմ, որ ի՞նչ անեմ…
— Որ Դավիթի պես ուժեղ լինես ու լավ գործեր անես, տիար Գևորգն ու ես ուրախանանք:
— Ուրախանաք, որ ի՞նչ լինի… ի՞նչ ասել է՝ ուրախանանք…
— Որախանանք… որ ես ու տիար Գևորգը լավ զգանք…
— Հա՜, լավ զգացեք,- ու մտավ… միայնակ… պաղ ջուրը, հուլիսին… Հուլիսն ու պաղ ջուրը Բանգլադեշը դարձնում են իմ, տիար Գևորգի, Դավիթ Բլեյանի և ընկերների Դուբայը, Անթալիան…
Այս տարի չէ, մյուս տարի թող մնան սրանք էլ, Եգիպտոսն էլ. չեն փախչի…
Տիար Գևորգի հետ Բանգլադեշի մեր ծովերից մեկում։
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի։
#386