Դավիթ Բլեյանն է այսպես, Ռոդարին կասեր՝ շրջում նախադասությունները, իրենց բուն իմա՞ստը մեզ փոխանցելու համար… Իհարկե։ Նախագիծը, որ 2017-ի տարեմուտի-դեկտեմբերի ամենասեբաստացիական նախագիծն է, Ձմեռ պապ 2017-ի մրցանակակիր ծնեց մեր Միջին դպրոցում, ուրախացեք, հեղինակային մանկավարժության տպավորիչ էջեր գրեց սեպտեմբեր-դեկտեմբերին… Այսպես է ստեղծվում-կայանում-փոխանցվում ուսուցչական աշխատանքը… Ահա, «Հին իրեր» նախագիծը մեր Մարալ կազմակերպչի իր վեցերորդ դասարաններում… Սրանցից յուրաքանչյուրը մի-մի մանկավարժական գյուտ է, ոսկեփոշի է, որ մեր 2017-ի հունվարը՝ իր գիտագործնականով-ստուգատեսներով գրադարանով-ձայնադարանով-TV-ով, պիտի հավաքի-ներկայացնի… Գևորգ Հակոբյանը հիշեց, որ մեր շրջանավարտներ Սարգիսը, Շանթը, Արսենը 2008-2010-ին օգնում էին իրենց ուսուցիչներին մեդիան յուրացնելու… հիմա՝ նաև սովորող սովորողին… Զարգացում է։
Ցրտից չվախեցողները: Լուսնկարները՝ Տաթև Համբարյանի:
Այսքա՜ն շատ ուրախություն մեկ օրում, մի աշխարհագրական տարածքում մայրաքաղաքի, մի կրթական հաստատությունում՝ Բլեյանի դպրոցում… Կրթահամալիրի Բանգլադեշում երեկ Ձմեռ պապը շնչահեղձ եղավ, նվերասպառ. մեր դպրոց-պարտեզներում՝ 5 տարեկանների, 1-3-րդ, 4-5-րդ դասարանցիների, 2-4 տարեկանների ծնողաշատ-մարդաշատ, տոնական սեղաններով ու արդուզարդով ծիսական-ուրախ հանդեսներն էին առավոտից մինչև սեբաստացի երթուղայիններով տներ ճամփելը։ Փա՜ռքդ շատ, ամենն առանց որևէ քերծի-միջադեպի. ես իմ հեծանվով-արտակարգ ծառայությամբ հսկում էի…
Եթե տխուր եք, մրսած, անհավես, մի հատ փոքրիկ էքսկուրսիա կատարեք մեր դպրոցով, ապրելու, երգելու, կյանքը սիրելու ցանկությունը միանգամից կներխուժի ձեր սիրտ։
Աշոտ Բլեյանն անհնարինն է արել, որ հնարավոր էր անել, ռաբիսացող, քաղքենիացող, տխուր ու դատարկվող մեր երկրում։
Աշխեն Քեշիշյանի ֆեյսբուքյան այս գրառումը ճշգրի՞տ է…
Ձմեռ պապին բոլորս ենք ճանաչում, բայց որ բոլորիս-անթիվ-անհամարիս միջից Ձմեռ պապը քեզ ճանաչի՜, անունով դիմի, ժամանակ գտնի, նստի զրուցի… Ձեզ հետ պատահե՞լ է… Ինձ հետ այս տարի պատահեց, Նոր դպրոցում. Ձյունանուշիկն էլ այնքա՜ն հմայիչ, որ ինձ ոչինչ չէր մնում, քան օգնել Արևելյան ձյունառատ լանջերով-դաշտերով նվերներով սահնակը Նոր դպրոց բերելու… Իսկ Ձմեռ պապը խոսում էր իր տեսածի մասին… Մինչ այդ, Պապ է, ինչե՜ր ասես չի լսել… Բայց այսպիսի հանդես-տոն-խնամվածություն ընտանեկան, ծիսական ճաշեր… Ձմեռ պապն էլ շատ գովեց Արևելյան դպրոցի Ձյունանուշիկին խանդավառ… Խնդրեց, որ իմ գրում այս ամենը փոխանցեմ մեր բոլոր դպրոց-պարտեզներին՝ սաներով-սովորողներով, ուսուցիչներով, ծնողներով-ընտանիքներով, ինչը, տեսեք, ինչքա՜ն հաճույքով ես անում եմ…
Արևմտյան դպրոցում տոնական տրամադրությունն է իշխում: Լուսանկարները՝ Արևմտյան դպրոցի դասվարների:
Մտածե՞լ էինք, թե՞ ստացվեց այդպես, որ այս ծով ուրախություն-մանկական այս աշխույժից կրտսեր դպրոցների մեզ կտրեց-փրկեց «Սուրբ Ծննդյան պատարագ» նախագիծը՝ իր խելամիտ տեղով-ժամանակով-ձևով, իր տրամադրությամբ, և նրա բերած խաղաղությունն ու օրհնությունը կիրակնօրյա գրի հավես առաջացրին… Հետևո՞ւմ եք իմ գրին, անընդհատ…
Դժվար էր այսքանից հետո մնալ Բանգլադեշում մեր… Սիրտս այլ էքստրիմ էր ուզում, այլ շարունակություն՝ ձնե-սառը-վայրի-օտար… Լիլիթ Բլեյանը կերգեր՝ քեզ անծանոթ մի քաղաքում… Մտածել էինք Սյուզիի հետ այդ մասին, մի սքանչելի խումբ, տոկուն-անդադրում սեբաստացի պատանիներով-ուսուցիչներով Ազատության ձմեռային հրապարակում… Ա՛յ այսպիսի ցուրտ ինձ հանդիպել-բռնել էր մեկ էլ 1977-ին, Մագադանում, երբ որպես համալսարանի շինջոկատների հրամանատար հասել էի, է՜յ գիտի, Կամչատկա-Չուկոտկա… Չինումաչին՝ աշխատանքային պայմանագրեր կնքելու… Պատմել եմ… Շարունակությունը, չե՜ք կռահի… Մարգարիտ Սարգսյանի, Գոհար Եղոյանի, Նելի-Ջուլիի հետ մեր ութերորդցի Սամվել Զաքոյանի ջութակի համերգին ջրբաշյանցիների հետ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում… Տեղին էր, փրկություն էր, ճիշտ էր, որ օրը այսպիսի ավարտ ունեցավ: Ի՜նչ լավ էր նայվում մեր Սամվելը՝ որպես առաջին ջութակ, իր երաժիշտ ընկերների հետ, բեմի վրա… Հալալ էր…
Սամվել Զաքոյանի համերգին:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի ՖԲ -ի էջից:
Մնաց չմոռանամ՝ ներկայացնեմ մեր 2017-ին որպես ներդրումային ծրագիր-ուսումնական ուսումնական նախագիծ կառուցվող յոթ հրաշալիքներից 5-րդը՝ Նոր գեղարվեստից, Արևելյան դպրոցի ծածկած լողավազանից, Արևմտյանի տանիքի ջերմոցից, Հարավային դպրոցի Շամիրամի այգիներից հետո։ Հատկապես որ ամեն օր իմ ճամփին է, ինչպես երեկ… Գեղարվեստից Մայր դպրոց՝ Սուրբ Ծննդյան պատարագի իջնելիս, սատանի դրդմա՞մբ, շրջանցեցի Սարալանջն ու նրա եզրով, ինձ առայժմ անտանելի աստիճաններով բազալտե 99-ը… Իսկ Մեդիա, Կենտրոն բարձրանալիս արդեն բլուրն ի վեր, Սարալանջով, մեր 2016-ին սկսած ու 2017-ին նվաճելիք, այս աստիճաններն անգամ տանելի-ներառական դարձնող աշխատանքով… Իսկական հրաշք պիտի կատարվի, ու սարալանջն ամեն օր դառնա այնքան սովորական բոլորիս՝ սեբաստացի-ոչ սեբաստացի կյանքում, որ մոռանանք, որ այն եղել է իբրև հրաշալիք… Գալիս են նորերը…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#885