Կրթահամալիրի տնօրենի կոչը՝ մի քանի ժամ տոնական Երևանում միասին լինելու, մեզ տարավ զբոսանքի, այս անգամ՝ հեծանվային… Դավիթ Բլեյանը, իմ ու Արմինեի քայլարշավ ուղեկցությամբ հեծանվով դուրս եկավ, մարզական-մարտական անցավ Խանջյան փողոցի մայթով դեպի Գլխավոր պողոտա՝ մինչև Հանրապետության հրապարակ: Փոքր-ինչ անհարմարություններ կան բոլոր տարիքի հեծանվորդների համար, բայց հեծանվորդներ էլի հանդիպեցին, որոնք իրենց համերաշխությունը բուռն էին արտահայտում, ոգևորում Դավթին։

Հեծանվաուղիներում ազատ շարժման արգելք-անհարմարությունների վերացումը, փողոցների անցումներում, մայթերի վրա թեքահարթակների հետևողական կառուցումը սնկի պես կավելացնեն փողոցներում, հրապարակներում ամեն տեսակ անիվներով մարդկանց քանակը՝ անկախ սեռից, բոլոր տարիքի:

Գլխավոր պողոտայի բարեկարգ սկիզբը, որպես հրապարակամերձ հրապարակ, հարմար էր մեր տոնական զբոսանքի համար. պետք էր տեսնել՝ որքա՜ն սատանա աղջիկներ հրապուրվեցին մեր հերոսով, իսկ սա իրեն պահեց գույքից կառչած արուի պես, որի հոմանիշը խոզն է: Փուչիկներով չես հրապուրի, զգույշ է, չի մոռացել պայթյունները, հեծանվից ողջ ընթացքում չիջավ, լավ է, սիրում է դժվարություններ, խելքը տեղն է՝ դժվարությունները որպես վարժություններ կրկնում է, շարունակում, հմտանում։ Դավիթ Բլեյանն ինչպես ինքնուրույն հետիոտն է, կարելի է հետը ճամփա գնալ, այնպես և հուսալի ինքնուրույն հեծանվորդ է. Առնոլդ Բլեյան, եղբայր իմ, արագացնենք իմ հեծանվի ձեռք բերումը:

Ավագ ու Միջին դպրոց, օգնեք Դպրոց պարտեզին այսօր. վաղն անդրանիկ հեծանվահրապարակի բացումն է… Ի դեպ, այս տարածքը հարմար է նաև կրթական ֆլեշմոբերի, ներկայացումների համար։

Տոնական հրապարակային համերգի մոնիտորինգ միշտ եմ անում, այս անգամ՝ ևս… Բովանդակազուկ համերգ. սա ամեն ինչ է, բայց երաժշտություն չէ, այս «համերգ» կոչվածի ողջ ընթացքում ես կանչում եմ՝ «մամա ջան»… Լույսեր, գույներ, ձայներ, էֆեկտներ. սրա՞ն է գամված ողջ հայության ուշադրությունը երկուսուկես ժամ, ափսո՜ս… Ոչինչ չի փոխվել. մի խումբ հայտնիներ ու իրենց քաղաքը, իրենց սերը, ճչոցով արվող գունեղ փաթեթավորված խոստովանությունները… Ինձ հարազատ մարդիկ, երևանցիներ, ներողություն, բայց ի՞նչ եք հրամցնում որպես տոն… Մեկը դնի ու այս երգ կոչվածների տեքստերը փռի մեր առաջ։ Պրծանք դարասկզբի «շուն թուրքը» բովանդակություն դարձրած հերոսական հայհոյանքից, անցանք Երևանի, Հայաստանի, հայի, «յան»-ով ազգանունի, հայ ժողովրդի սիրո հրապարակային մերկապարանոց մեծարմա՞նը։ Սա արվում է զայրացած հասարակության ինադո՞ւ… Հայտնի անեկդոտի նման, որ հարցնում է՝ հայ ե՞ս, կայֆ ա չէ՞… Եվ սա տոնական ողջ համերգի բովանդակությո՞ւն է։

Կանցնի մեկ տարի, ու նորից հրապարակում +1-ով մեծացած Երևանին նվիրված համերգ է լինելու տոնին: Զարմացնելը թողեք, հարգելի քաղաքապետարան. բովանդակություն, միտք, ճաշակ, ասելիք ե՞րբ պիտի դնենք այս ավանդական դարձած համերգում։ Ինչո՞ւ չի կարելի «Քաղաքը մեկ տարում» նախագիծը բերել բեմ. մեկ տարում ի՞նչ երաժշտական-թատերական իրադարձություններ են կատարվել քաղաքում, ներկայացնել յուրաքանչյուրիս՝ թող ճանաչեն, իմանան՝ Հայաստանում, Հայաստանից դուրս… Ի՞նչ նոր երաժշտա-թատերական խումբ, ի՞նչ նոր հանդիսություն, բեմել, սկավառակ, շրջագայություն՝ առանց երաժշտության ձևերի, հանդիսության տեսակների, արվեստագետների միջև խտրություն դնելու… Այ, եկեք, որոշենք «Երևանը, երևանցիները մեկ տարում» նախագծի բովանդակությունը և անցնենք առաջ, սկսենք պատրաստվել. ես սիրով իմ առաջարկած նախագիծը մեկ անգամ, որպես իմ նվերը երևանցիներին իմ 60-ամյակի առիթով՝ կներկայացնեի: Այսպիսի բովանդակության և կազմակերպման դեպքում Երևանին նվիրված մեր ուսումնական նախագծերն էլ իրենց իրականացնողներով կարող էին հայտնվել բեմում։ Եվ ինչքա՜ն հետաքրքիր կլիներ հանդիսությունը, կենդանի՝այնտեղ լինելը։

Ափսո՜ս, որ ներկա չեմ եղել ջրցան մեքենաների շքերթին՝ լավ մտահղացում է…

Մի նախագիծ էլ մեր ավազե հրապարակներին նվիրված հիմնական դպրոցի տեսանյութն ու ավազադաշտերի տիրուհի Սյուզի Մարգարյանի ծննդյան բեմելը  առաջացրին… Սյուզին, ավազն ու ծնունդը անսպասելի են ու անընդհատ…

Բոլոր ավազե 6-8 հրապարակները տափակացնենք, գրատախտակ դարձնենք, ու թող մեր հինգ տարեկան հոկտեմբերիկները գրեն (նոր՝ ավազի գրիչներով). հերիք են, էլի, էլեկտրոնային գրիչ, մկնիկ, սենսորային գրիչներ… Ոչ էլ վերադարձ գնդիկավոր գրիչներին. լավագույն գրիչ, նկարիչ, քանդակիչ, ջնջիչները պիտի նախատեսված լինեն սպիտակ, սև ավազի վրա գրելու-նկարելու-ծեփելու համար… Սկսեցի՞նք:

Իմ օրագրապատումում ես քաղաքային, հանրային կյանքի կենդանացման առաջարկ-նախագծերով էլի եմ հանդես եկել։ Տեսեք, «Լուսնայգի» կոչվածը, եթե սեփականատերը համաձայնի ու վերածի անձայն ատրակցիոնի (պատկերացրեք մանկական վարժասարքեր՝ ավազի, խոտածածկի վրա. անձայն, անաղմուկ, մարմինը կոփող, ճկուն դարձնող, 5-12 տարեկաններ…)։ Հեծանվով, չմուշկներով, քայլելով, սայլակով հնարավոր լինի սկսել մեր զբոսանքը եկեղեցամերձ,  մեծ զբոսայգուց, սրճարանները աջ ու ձախ՝ ամբողջ այգուց դուրս բերել դեպի Աղասի Խանջյանի, Երվանդ Քոչարի, Ալեք Մանուկյանի փողոցներ, ամոթ է, վերջնականապես բարեկարգել, կանաչապատել, մաքրել Գրիգոր Լուսավորչի մերձակա այգին՝ ստեղծելով մանկական պարզ բազմապիսի խաղամարզահրապարակներ, դուրս բերել տոնավաճառ «Վերնիսաժը» գլխավոր պողոտայից, Վարդան Մամիկոնյանի հրապարակը գլխավոր պողոտային կապող վերգետնյա և ստորգետնյա նոր ու հետաքրքիր անցումներով իրար կապել. գնա՜ հրապարակով, Հյուսիսային պողոտայով, մինչև… Կասկադ… Ու այս ամենը՝ ազատ աղմուկից, փողից… Երևանցու համար՝ բոլոր տարիքի, առանց որևէ խտրության, ազատ ու հավասար երևանցիների…

Բոլոր տեսակի շքանշանների, պատվավոր կոչումների, աստիճանակարգերի նկատմամբ ես իմ ընդգծված բացասական վերաբերմունքը չեմ հոգնի բարձրաձայնելուց, հիմա էլ «Երևանի օրվա» կապակցությամբ կոչումնահանդեսի… Կարծես խոր աշնան տերևաթափ լինի: Իբր քիչ է Հայաստանի վաստակավոր արտիստը, բժիշկը, սոցիալական աշխատողը, …, հիմա էլ՝ Երևանի վաստակավոր արտիստն ու բժիշկը, սոցիալական աշխատողն ու շինարար-ճարտարապետը, երբ, ցավոք, ապրում ենք մայրաքաղաք-պետությունում… Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը որ շնորհվում է օտարերկրացուն՝ մայրաքաղաքի նկատմամբ ունեցած ծառայությունների կամ մայրաքաղաքի տվյալ հանարաճանաչ օտարերկրացուն, դեռ կարելի է հասկանալ: Բայց ինչու՞ խտրություն դնել երևանցիների նկատմամբ. համերգի ժամանակ 500 հոգի նստած են, 10 հազարը՝ կանգնած, ինչպե՞ս որոշես 100 հազարի միջից պատվավոր երևանցուն, երբ հայտնի է, որ (ոչ մի «երևի») ամենահայտնի ու պատվավոր երևանցին ես եմ, և Երևանը քաղաքային միջավայր ու մայրաքաղաք դարձնող հազարավոր սովորական երևանցիներ։ Երևանին հենց սա է պակաս՝ հավասարությունը Երևանում ապրողների: Անջրպետները խորտակելու ժամանակն է Հայաստանում, և պետք է սկսել Երևանից, անհաղորդության, ջոկողության, անհավասարության, խտրության բոլոր դրսևորումները ջնջել… Թե չէ, տեսեք, ինչպիսի՜ ցուցադրական առճակատում՝ երկու օրվա տարբերությամբ, Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ի համապետական միտինգի և տոնի պաշտոնական ցուցադրության:

Օրագրի Դավիթապատումը

— Վերջը՝ գալիս ե՞ք գնանք ման գալու,- հայրիկն է կանչում:
— Դավիթ, գալի՞ս ես դուրս գնանք՝ ման գալու,- մայրիկն է կանչում:
— Հա գալիս եմ. հայրիկ, ես դրսում ինձ լավ եմ զգում. նորմալ: Հեծանիվով եմ գալիս: Մեքենաներիս ձեռք մի տվեք,- Դավիթն է կանչում:
— Հայրիկիդ նման. որտե՞ղ եք դուք ձեզ վատ զգում.- մայրիկի եզրակացությունը:

— Մամ, մի ջղայնացի, ես պահանջում եմ, սիրի ինձ:
Մեքենաները նորից շարել է. այս անգամ միջանցքը փակել է:
— Դավիթ, ինչպե՞ս մայրիկն անցնի:
— Թող թռչկոտելով ման գա… Մեքենաները շարված մնան այստեղ, որ ես գնամ հանգիստ քնեմ, առավոտյան գամ, տեսնեմ…

 

One thought on “Տոնական թե առօրյա՝ սա քո՞ քաղաքն է”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարելի՞ է դու իմանաս, թե է՜ն սարի ետևը ինչ կա, ինչ չկա…

Հանգստանալու լավագույն ձևը ճամփորդելը չէ՞։ Արձակուրդը հե՛նց դրա համար է՝ ճամփորդելու. ես արձակուրդի մեջ եմ, և բնական է, որ իմ օրը կրթահամալիրի Բանգլադեշում ճամփորդություն է, ինչպես երեկ, ուրբաթ օրով․․․ Ու

Շուտ արթնանալը՝ մանկության երազանք…

«Ի՞նչ ենք մենք անում, որ մեր ամրոց-կացարան-հյուրատուն նախագիծը դառնա գրավիչ հենց աշխատողների համար՝ խոհարար-մատուցող-սպասարկող մեծ անձնակազմի համար»,— երկու հարյուր տարվա պատմություն ունեցող ամրոցի՝ երկար ժամանակ լքված հսկա տարածքով-արտերով-շինություններով, ներկայիս ժամանակակից

Ուրիշներին սովորեցնելու ցանկության բացակայություն

Այոˊ, այդպիսի ցանկության բացակայությամբ եմ ես ամեն օր գրում, պատմում իմ օրը, հարգելի Տիգրան Աբրահամյան, մեր Ավագ դպրոցից, որ առակներով ես խոսում վաղուց… Եղել է այդպիսի ցանկություն, երբ իմ ընկերների