Ձմեռ պապի ամենամյա մրցանակը սեբաստացի սովորողին-ուսուցչին, հեղինակային կրթական ծրագրի պատվիրատու ընտանիքին-բարեկամին տալն ավանդույթի ուժ և իրավունք է ստանում։ 2017-ի տարեմուտի առաջին մրցանակակիրը՝ Արեն Շահնազարյանը, երկար մենակ չմնաց… «Ուրախ տրամադրությունը» երեկվա մեր համերգում պիտի դրսևորվեր և այսպես. ո՞վ լիներ իմ տեղում, որ ավելի լայն չբացեր մրցանակների տոպրակը… Սվետա Ճաղարյանին ՝ «Համերգ» նախագծով ողջ տարին ուրախ տրամադրություն փոխանցելու անձնական ջանքերի համար, դասավանդողների գործիքային քառյակին՝ դաշնակահար Լիլիթին Առաքելյան և ջութակահար Գրիգորյան Լիլիթին, ֆլեյտահար Տաթևիկ Մանվելյանին և թավջութակահար Սարգսյան Թերեզային՝ 2016-ի ամենասպասված երաժշտական առողջ ծնունդի համար… Յուրաքանչյուր դասավանդող, սովորող-ընտանիք, դպրոցի թե ուսումնական կենտրոնի-մասնագիտական խմբի ղեկավար, կարող է դառնալ միջնորդ՝ 2016-ի ուսումնական արդյունքներով առաջարկել մրցանակի թեկնածուի. Ձմեռ պապին մենակ թողեցիք՝ կմոլորվի, կծուլանա…
2015-2016-ի առողջ ծնունդներին քաղցր անդրադարձ կատարեց կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը՝ իր ընտրյալ ժողովրդավար-խանդավառ Հերմինե Անտոնյան նախագահով… Այսքա՜ն քաղցր լինում է մեկ էլ Իջևանի սարերի արդար մեղրը… Երեկ հայրական տանն էր հավաքվել սեբաստացի ուսուցիչների այն փունջը, որ 2015-2016-ին նշանավորեց բոլորիս կյանքը առողջ սեբաստացիկների ծնունդով՝ առաջնեկներով, երկրորդներով, երրորդներով… Այսպես, մեղրով որ շարունակենք, չորրորդի ծնունդը Իջևանի սարերի ետևում չէ… Մի նախաձեռնություն-ուշադրություն՝ ու այսքա՜ն ուրախություն հայրական հարկի ներքո… այսքան երջանիկ մայրիկ-ուսուցիչ-գործընկերների ուրախ տրամադրություն, որ, ահա, չի լքում ինձ: Պաչիկնե՜ր:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
«Տիեզերքը»՝ մեր աղջկական հմայիլ-բենդը, առաջինն եմ նկատել-զգուշացրել, բռնում է ողջ տիեզերքը… Պրծում չունենք… Եվ դեկտեմբերի 26-ի «Բոհեմ»-ի բոհեմը՝ «Տիեզերք»-ն ու Ամանորը, ո՞ւմ տանը կթողնի… Դահլիճ եմ ասել, որ դիմանա… Ինձ թվում է՝ այդ օրն այդ ժամին իրիկնային Երևանի լույսերը կվառվեն, զանգերը կհնչեն… Լուսինե սրինգ Գալստյանի, Աստղիկ ջութակ Մամիկոնյանի և Էլիզ կիթառ Բաղդիյանի, նրանց համերաշխ-ստեղծական-մոբիլ անդիմադիր-նախաձեռնող-վճռական-նվաճողական ուսումնական սեբաստացիական շքերթի համար… Հալալ է, աղջիկներ, ձեզ էլ Ձմեռ պապ 2017-ի մրցանակը:
Ամանորյա այսպիսի խճանկարից-տոնացույցից հետո միայն սառցե ազատությունն է պատշաճ որպես սեբաստացի պատանիների տոնախմբություն… Սյուզի Մարգարյանի ճիչը-կանչը լսվե՞ց. տարածե՜նք… դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17.00… Ազատության հրապարակի սառցե թագավորությունում… Մինչ այդ ժամը 15.15 «Սուրբ Ծննդյան Պատարագ» ուսումնական նախագիծ՝ Սեբաստիա համերգային դահլիճում… Մի՛ շտապեք, ես՝ հայտնի Տիար Վռազս անհոգնել կհիշեցնեմ ձեզ. սեբաստացիական նախագծային-ստուգատեսային հունվարի հնարավորությունները լիուլի օգտագործեք անհատական-խմբային ձեր նախաձեռնողականության, 2016-ի չարչարանքը հանրային որևէ հարթակում ներկայացնելու համար… Ահա ինչու հեղինակային մանկավարժության գիտագործնական հավաքները՝ իրենց կլոր սեղաններով, «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ներկայացումներով կընթանան մեր բոլոր վեց դպրոցներում և Քոլեջում… այո՛, յուրաքանչյուրը՝ իր ծրագրով-կազմակերպմամբ-մասնակիցներով… իր ուղիղ եթերով…
Տոնական համերգ նորացված համերգասրահում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Կլինի նաև «Սեբաստացի TV»-ի ուղիղ եթերը մասնաժողովի կազմակերպած հարթակներից՝ «Դպիրի», Մեդիագրադարանի, Ձայնադարանի… Անընդհատ առցանց հաղորդակցությամբ չենք թողնի, որ ընդհատվի 2016-2017 ուսումնական տարին՝ իր բնական անցումով, Սուրբ Ծննդյան-Ամանորի արձակումով… Երեկ Քոլեջում, Կենտրոնում, Գեղարվեստում մասնագիտական տարբեր խմբերով սպառեցինք դպրոցների ենթակայքերի, «Սեբաստացի TV»-mskh.am-ի ուղիղ եթերի հեռարձակման՝ որպես ամանորյա Ավետիսի աղբյուր, տեխնիկական-մանկավարժական խնդիրների քննարկումը. սկսելու որոշումը հրապարակեցի. լսեցի՞ք: Կապ, տեսակապ, ռադիոկապ, հարազատական-ինտիմ կապ անընդհատ… մի բան բացառենք՝ կապի ընդհատումը, միմյանցից օտարումը, անհաղորդությունը մի կազմակերպության մեջ։
Ես վարձատրված եմ մարդկային շփման հաճույքով, լիուլի, երեկվա իմ առավոտյան շրջայցով՝ Արևմտյան դպրոց-պարտեզ-Խառնարան-Նոր դպրոց-Քոլեջ-Գեղարվեստ-Կենտրոն… Մերի Խանջյանի կարի-ձևի-մոդելավորման արհեստանոցում աշխատող աղջիկները-երիտասարդ կանայք… Ջերմ-պայծառ-արտադրական… Ի՜նչ ասեմ՝ երջանիկ եղեք նաև անձնական կյանքում… Հարևանությունը Շողիկ Պողոսյանի ու իր բուսաբույծ աղջիկների ստեղծած ջերմոց-դրախտի հետ ոչ միայն տարածքային-աշխարհագրական է… Այդպիսի լաբորատորիա-ջերմոց-դրախտի նախագծային զարգացումով է առաջ շարժվում կրթահամալիրը… Եվ իմ վարձքը, մարդկային շփման ապրումներն անպակաս են… Ինչպես Քնարիկի թատրոն-լաբորատորիայի աղջիկների՝ Ավագ դպրոցի Արփիի, Թամարի, Նինայի, Միլենայի, Զառայի, Սոնայի հետ, ներկայացումից հետո Գեղարվեստի խոհանոց-սրահում… Հետո՝ շփումն ուսուցչական խմբի հետ… Ամենամեծ պարգևը՝ մարդկային շփումը՝ պատանու, ուսուցչի հետ, այս անհատական-խմբային ապրումակցության հաճույքը… Ես ուղղակի հեծանվի վրա եմ, և Գեղարվեստ-Մայր դպրոց ճանապարհն անցնում եմ հեծանվային ճախրումով: Չեմ հորինում-ճիգ թափում, երբ ասում եմ, որ սա աշխատանք չէ, վայելք է…
Պատրաստվում ենք Ամանորի ծեսին։
Հյուսիսային դպրոց, 2-4 տարեկաններ:
Իրանի նախագահն է Հայաստանում՝ պաշտոնական այցով, և այս նշանակալի իրադարձությանը իմ օրագրում պատշաճ արձագանք չէ՞ այս շնորհավորական ուղերձը՝ Հայաստանում Իրանի իսլամական հանրապետությանն դեսպանության մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշթիից. «Հանուն Աստծո ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Նոր տարվա, արդարության, բարության, խաղաղության ու մարդասիրության ավետաբեր Հիսուս Քրիստոսի երջանկաբեր Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։ Ամենակարող Աստծուց հայցում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»։ Հուզե՞ց հարգարժան գործընկերոջ այս ներառական խոսքը՝ արդարության, բարության, խաղաղության ու մարդասիրության ավետաբեր Հիսուս Քրիստոս…
Իսկ 2017-ին կրթահամալիրի յոթ հրաշալիքների ցանկում Արևմուտքի դպրոց-պարտեզն առաջարկում է ջերմոց-տանիք-լաբորատորիան… Ինչը Էդմոնդը Փաշինյան նախագծի ղեկավարը թափով սկսել է կառուցել… 216 քառ. մետր տանիքի վրա, արևային մարտկոցներով, շենքի արևմուտք-արևելք ուղղությամբ… 2017-ի հունվարի գիտագործնականին կներկայացվեն պատշաճ բոլոր յոթ կառույցների նախագծերը: Կտեսնեք:
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#883