Կիրակի օրվա մեր ընտանեկան պատարագը տևեց ուղիղ մեկ ժամ՝ 11.00-12.00. այն նվիրված էր մայրենիին, ինչպես հորդորել էր իր գրում կրթահամալիրի տնօրենը։ Մեկ ժամ Դավիթը ոգևորված լսում էր Կոմիտաս, շարականներ. ես տարված էի Դավթի ոգեշնչմամբ, հազիվ գրանցում էի հարցերը, մեկնաբանում, պատասխանում դրանց… Մեր դիմաց, պատուհանից այն կողմ Խանջյան փողոցով ձգվում էր Օղակաձև այգին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղից բաց պատուհանով ներս էին թափանցում ձայներ, զանգեր… Իդիլիա՜, իսկակա՜ն…

— Սա լավ երգ ա, հայրիկ,- դավթավարի գլխով հաստատում է, երբ լսում է Կոմիտասի «Հայր մերը»…
— Սա էլ է շարակա՞ն,- «Առավոտ լուսո»-ից հետո, երբ լսում է կենտրոնացած «Քրիստոս ի մեջ»…
— Էլի եմ ուզում լսեմ «Հայր մերը»… Ո՞վ է երգում մեր համար…
— Երգիչները, սեբաստացիները, Շուշանը կարող է երգել… Այ, քիչ հետո փորձենք կապվել, թող երգի, մասնակից դառնա մեր պատարագին ընտանեկան…
— Ուզում եմ՝ ես, դու, Շուշանը գնանք պատարագ… Բա «Կաքավիկի գովքը» Դավիթը չլսեց, հայրիկ… Ո՞վ է բերել այս երգերը նվեր…

Դավթի համար սրանք, իրոք, զարմանալի այս երգերը, ինչպես իր խաղալիքները, դասավորությունը շարունակ փոփոխող ավտոսրահի մեքենաները, ինչպես Թումանյանի հեքիաթները, կոնկրետ անունով մեկը բերել է:
— Հա Դավիթ ջան, Կոմիտաս ու Մեսրոպ պապիկներն են բերել:
— Լավ երգեր են բերել ինձ, հայրիկ: Շնորհակալություն:

Հայր մեր

Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

[embedplusvideo height=”200″ width=”350″ editlink=”http://bit.ly/18fWURn” standard=”http://www.youtube.com/v/syyDjwmY03A?fs=1″ vars=”ytid=syyDjwmY03A&width=350&height=200&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep6860″ /]

— Էս ի՜նչ ծանր շաբաթ էր, երկար տևեց,- Արմինե Աբրահամյանի՝ մայրենիի ուսուցչի բնութագրումն է, որ, կարծեմ, միայն իրենը չէ, անցած շաբաթվա կրթահամալիրային բնորոշումն է՝ օտար մարդկանց բերած լարվածության ազդեցությունը…Մեզ չի՞ հասկանա օտարերկրացին… Թվում է՝ մենք այնքա՜ն բաց-ճանաչված կյանքով ենք ապրում, անմեղ-օգտակար գործում, նույնիսկ, եթե ուրիշին անընդունելի, դժվար չպիտի լինի հաղորդակցվելը, փոխանակելը… Եթե սկսում ենք ճանաչումից, լավ հնարավորություն է՝ ցանկացած կարգավիճակում մեծ խումբ մարդկանց տարիների (25 տարի և ավելի) ստեղծածը-գործածը ճանաչելու և այս ճանապարհով (հարգանքով) նրանց օգտակար լինելու համար… Հարգանքի բացակայություն՝ մի կողմից: Մեր կողմից՝ ցանկացած առիթ օգտագործել՝ որևէ բան այլոց համար անելու, կենսաձևը հաղթահարելու համար… Մի կյանք՝ մի գործ, քո կյանքը՝ քո գործը, երբեք ուրիշի, օտարի մի մեղադրիր, դու ազդեցության լծակներ ունես քո վրա, միայն քո վրա, նաև օտարի (ուրիշի) վրա կարող ես ազդել քո՝ ամեն պահի փոխվող ուժով… Մենք Բանգլադեշ կղզիում ենք ապրել-գործում, բայց ոչ երբեք կղզիացած, անջրպետներով… Ահա նրանք եկել են, կգան, լարումն արդեն իրենց բերածը չէ: Մեր սեբաստացիական աշխարհում, ներսում ակտիվի-նախաձեռնության-ներառման պակաս կա, որ մենք չենք կարևորում այն: Այսպիսով՝ այն ինքնաբավարարումը, որ ստեղծում են առանձին «կղզյակներով»՝ դպրոցների, խմբերի ձևով… շարունակում են գործել որպես հեղինակային մանկավարժության զարգացման-տարածման խոչընդոտներ:

Արհեստների ավագ դպրոցի արհեստանոցներից
ֆիքսել է մաթեմատիկայի ուսուցիչ Լիանա Հակոբյանը

Սուսան Մարկոսյանի հետ պայմանավորվել ենք՝ օրագրային իմ այսպիսի նամակները գան փոխարինելու իմ սուրհանդակներին տնօրինական, «հիշո՞ւմ եք, հիշո՞ւմ եք, թե՞ ոչ…»։ Թերթեք մեր ուսումնական-ընտանեկան անձնային կյանքի վրա ազդեցություն ունեցող այս ՝ 2014-15-ի օրացույցը: Առջևում, սեբաստացիներ բոլոր տարիքների, և ոչ սեբաստացիներ, մեր ամենամյա «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսն է: Ստուգատեսի ծրագիրը կհրապարակեն շուտով նրա պատասխանատուները` Զարուհի Ոսկանյանը, ուսկենտրոնի ղեկավար Կարինե Մացակյանը… Շողիկ Պողոսյանը… Երեք ուղղություն կարևորում եմ և առաջարկում չշրջանցել դրանք: Մեկը գեղագրությունն է. հայերեն գրերը կենդանի, գունեղ, գեղեցիկ ներկայացնելու հին ու նոր հնարավորությունները ցույց տվեք, գրեք-նկարեք թղթին ու  ստվարաթղթին, էլեկտրոնային… Մյուսը բլոգների ձևավորումն է: Արդեն ժամանակն է, որ մեր ուսումնական բլոգները ներկայանան նաև իրենց դիզայնով: Ինչպե՞ս ենք անհատական, ոճային ու գրավիչ դարձնում մեր բլոգները, դրա հետ ապահովում ընթեռնելիությունը, ինչպես ենք ընտրում գույները, ձևերը, պատկերները… երրորդը՝ ստուգատեսի ընթացքում սովորողների ամենօրյա ուսումնական անհատական մտավոր-ֆիզիկական շնորհով ստեղծվող նյութական արժեքների ցուցադրություն-վաճառքն է Մեդիակենտրոնում. մտնես Մեդիակենտրոն և բարևդ առնես:

Շուշան Բլեյանին գտանք Պրահայում. իր երաժիշտ հայաստանցի ընկերուհիներ Թերեզայի և Լուսինեի հետ շաբաթ-կիրակին են անցկացնում… Դավիթը հեռախոսով պատմեց իր կիրակիի մասին, թող մեզ Պրահայով չզարմացնեն.
— Հայրիկ, ե՞րբ ինձ կտանես Պրահա, ուզում եմ Շուշանի հետ ման գամ:
Կտանեմ. Պրահայի մասին ինձ Լիլիթ Բլեյանը շատ է պատմել: Տաթևին ու Արևիկին էլ եմ խոստացել. 2015-ն ուխտի տարի է՝ նշանավոր:

Միջին դպրոցի հերթապահ դասարանի երկուշաբթին
Լուսանկարները՝ կազմակերպիչ Շամիրամ Պողոսյանի

Համացանցից առանձնացրած երեք նյութն էլ իրար նման են՝  ժպիտ առաջացնող, գրավիչ վերնագրերով… որոնց, եթե, անգամ, լուրջ վերաբերվեք, է, հետո՞… Հետևելու-առաջնորդվելու եք կյանքում այս, շարունակ փոխվող, իրար մերժող հայտնագործություններո՞վ…

  1. Հայտնի է դարձել, թե ինչ է անհրաժեշտ երջանիկ ամուսնության համար:
  2. Յոթ կարևոր խորհուրդ առողջ քնի համար…մեղրաջուր սկսեցի խմել… մնաց վեց խորհուրդը կատարել:
  3. Ինչու է երիտասարդ տարիքում (16-21) տարեկանում հայր դառնալը վտանգավոր… իմ օրինակով՝ ճիշտը 23-ում է, 25-ում, 40-ում, 56-ում… 60-ից հետո… Միշտ: Ամենից առաջ ես հայր եմ:

Մեծացել է մեր տղան. այնքա՜ն հեշտ է նրա հետ, այնքան ինքնաբավ է մեր կիրակին տանը…
Դավթի պնդմամբ պլանները փոխվում են. մնացինք տանը… Մինչև 128-ը հաշվեցինք-ճոճվեցինք պատշգամբում.
— Ստեփան հորեղբոր տարիքից ու մեր աստիճաններից շատ եղավ, չէ՞, հայրիկ,- հարցնում է, հաստատում է…
— Ես չեմ ուզում՝ իմ ոտքերը չանչեր լինեն… Գայլն ունի չանչեր… Կկտրե՞ս իմ ոտքի եղունգները, մայրիկ, հայրիկը վախենում է կտրի, խնդրում եմ…
— Հայրիկ, մի հատ սիրի իմ ոտքերը, տես՝ ինչ խնամված են…
— Շնորհակալություն, մայրիկ…
— Լուսինը, տես, հայրիկ, ոնց որ իմ եղունգը լինի կտրված…
— Հիմա մութն ընկնում է Երևանում. հայրիկ, ո՞վ կգա ինձ հետ իմ սենյակում խաղա…
— Հայրի՛կ, դե այսօր մի կարդա, պոկվի՛ համակարգչից… Տե՛ս, ես մնացել եմ տանը…

Այսպիսի կիրակին առանց պարգև չէր լինի. Նարեն Տիգրանյան  և նրա մայրիկը՝ իմ հարսը, երկար «սպառնացած» այց են կատարում… Իսկական նվեր… Տեղով մեկ՝ ձյունանուշ-փերի… ընկավ Դավթի ճանկը… Ոնց սիրեց մեր խաղաղ-ճառագող Նարեին Դավիթը.
— Ոնց որ «Հայր մեր» լինի Նարեն,- երբ արթնացավ, առավոտ ասաց Դավիթը՝ քնի մեջ, երևի…

Դավիթը մի պայմանով համաձայնեց, որ Նարեն գնա.
— Թող ինձ քնացնի, կողքս նստի, դուք գնացեք մյուս սենյակ, թեյեք…
Այսպիսի Դավիթ կիրակնօրյա՝ իր գրավիչ մայրենիով, ինչպես Նարեն… Չգիտեմ՝ ինչ է անում ռուսերենի ժամերին ռուսերենի մեր ուսուցիչ Նարեն Նոր դպրոցում, բայց Դավթին խոստացավ այցելել Դպրոց-պարտեզ հենց վաղը… Ա՜յ քեզ իսկական դաստիարակ…

Նոր դպրոցի նախակրթարանի սաներն են՝
դաստիարակ Մարիամ Մարտիրոսյանի հայացքով-ներկայացմամբ

Գիշերվա թե առավոտվա 4-ին արթնացած, քունն առած, թիկունքում այսպիսի կիրակի ունեցող Տիարի ինքնավստահությունից ժամը 6-ին բան չմնաց… Դավիթը թփթփալով կողքի սենյակից իջավ իր ցածր-հարմար մահճակալից ինքնուրույն…
— Եկել եմ երաժշտություն լսեմ. ես կարող եմ միացնել, դու գրի, ես չեմ խանգարի, լսեմ, գնամ քնեմ…
— Նարեն գնաց իրենց տո՞ւն… Ո՞ւմ տանն է ապրում, հայրիկ… Լավն է Նարեն… Որտե՞ղ է սովորում… Նարեն նման է եկեղեցու… Մայրիկի մոտ եմ ուզում գնամ… Դու էլ արի: Գնացինք:

Չի կարելի խոսել-ասել-ներկայացնել երեխաներին այլ աշխարհ, ինքդ, իբր նրանցից թաքուն, գործել ուրիշ աշխարհում: Կեղծիքն է հայրենիում, որ քանդել-աղճատում է մայրենիի աշխարհը…

Շնորհակալ եմ, Տիգրան Պարսիլյան, իմ բլոգում լուսանկարների տեղադրումը և դիտումը հեշտացնելու-նորացնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենից տաքուկ անկյունն աշխարհում

Մինչև կարդալը իմ կիրակնօրյա գիրը, մտքում որոշեք․․․ 

Ոչինչ պետք չէ — ամենն իմն է. բաշխել եմ ես թագվորի պես…

Այս տողերով եմ արթնացել Զատկի և Մեռելոցի արանքում՝ գիշերը ժամը 3-ն անց կես։ Ես հեղինակային իրավունքը հարգող մարդ եմ ու հղում եմ փնտրում (թե՞ հղիչ) ամենից առաջ։ Եղբորս՝ Ստեփանի հետ

Ասաց՝ արթուն. ո՞վ է արթուն… հիմա արթուն մարդ չկա…

Երեկ ու մեկէլ օրը իջնող առաջին ձյունով 2018-ի՝ մեկի առավոտը, մյուսի իրիկունը, իրար միացան մի շարունակություն-տրամադրության մեջ. Լիլիթ աղջիկ, աղջիկների տրիո՝ Լիլիթ, Շուշան, Տաթև, կարոտել եմ, ախր, չե՜նք հանդիպում կարգին…