Մեր տանն ամենաքիչը երկու լուսնոտ կա… Քնաշրջիկ Դավիթ Բլեյանն ու ես՝ լուսնահար, միաժամանակ արթնանում ենք (ձայն ենք տալիս-լսո՞ւմ ենք իրար) գիշերվա 3-5-ի արանքում, իրար ուղերձներ փոխանցում՝ միայն մեզ ամբողջությամբ հասկանալի երկու-երեք նախադասությամբ, ու ամեն մեկս՝ իր կյանքը վերսկսում… Ուրիշ օրագիր կլիներ Դավթի լուսնոտության գրառումը… Արմինե մայրիկ-կինը մեր տան ռացիոնալն է, մենք՝ երկու լուսնոտ, ուրույն կենցաղով… Բա որ բռնեց… ու ինքն էլ լուսնոտ աշխատեց… մեզ կուլ կտա…
Ես կրթահամալիրի Բանգլադեշում ավելի ինքնաբուխ-ազատ եմ իմ գործողություններով, տարողունակ-զարգացող կրթահամալիրի պահպանությունը բեռ չեմ դարձնում այնպես, որ ապրելու հավեսը կորցնեմ. չէ, իմ ելակետն այս է. սեբաստացի ուսուցիչը՝ ուսուցիչ-հետազոտողը, հեղինակային կրթական ծրագրով մանկավարժական աշխատողը գիտի իր անելիքը՝ օրվա, շաբաթվա, ամսվա, ուսումնական շրջանի… Իմը աջակցելն է՝ կոնկրետ, անհրաժեշտ չափով ու ժամանակին… 2017-ի սեբաստացիական հունվարը՝ իր գիտագործնական հավաքով, հենց այդպիսի իրականության ծնունդ է. իմ օրն էլ, եթե գործողությունների քարտեզ ժամանակագրության ձևով ներկայացնենք, տրամաբանական-ռացիոնալ կդառնա… համոզի՞չ:
Ձյունը՝ կավի փոխարեն. Արևելյան դպրոց-պարտեզում:
Էդմոնդ Փաշինյանը գյուղացիական տնտեսությունում հողագործության ձմեռայինն շրջանի նախագիծ է ներկայացրել. նրա նախագիծն է ջերմոց-լաբորատորիան տանիքում։ Խորենի հետ քննարկել-համաձայնության են եկել, ես տեղում իմ գործընկերների հետ ճշտում եմ՝ ո՞րն է Տիարից ակնկալվողը։ Իրենց նախագիծն է՝ դափնիներով ու փշերով, ոգևորված են: Արեք պարտադիր որպես ուսումնական աշխատանք՝ սովորողների խմբերի-անհատների, այլ շահառուների ներգրավումով:
Կկարողանա՞ չորրորդ դասարանցի Քրիստինե Գասպարյանն Ատիի օրագիրը վարել, շեշտում եմ՝ օրագիրը… Քրիստինեի ուսումնական գործն է դառնում. ես անշտապ Քրիստինեին եմ լսում, նրա մայրիկ Նարեի ու Գեղարվեստի՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի հետ… Այսպիսի զարգացում… Իսկ Խորենի հետ իմ խոսակցությունը մեր ցեղական խորհրդանիշների 2017-ի նախագծի զարգացումն է, Գեղարվեստն ու Քոլեջը հասկացանք, բա մեր մյուս կրթական օբյեկտներում ե՞րբ են հայտնվելու խորհրդանիշ պահապանները…
Նունե Մովսիսյանի «Սուրբ Ծննդյան պատարագ» ուսումնական նախագծի երեկվա հավաքին, ինչպես նաև Արեգ Տոնոյանի «Բան ունեմ ասելու» նախաձեռնությանը ես մասնակցում եմ էլի իմ անելիքով… Բացի նրանից, որ որպես ունկնդիր ես պատվիրատու եմ, որո՞նք են իմ բերած կոնկրետ նպաստները… Սրանք ես քննարկում եմ բարձրաձայն, որպես կանոն. յուրաքանչյուրս, թվում է՝ անելիք ունենք և՛ այս նախագծի հաջողության, և՛ դրա հնարավոր զարգացման մեջ, հո լոկալ, մի անգամվա կյանքով միջոցառումներ չե՜ն…
Ձյունոտ ձմեռ է այգում, լանջերին:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Արևելյան դպրոց ինձ բերել են «Ձմեռային հեքիաթ» նախագծով զարգացումները… Այսպես բաց-կենդանի-օպերատիվ-կոնկրետ աջակցությամբ ես ավելի պիտանի եմ թվում… Ի դեպ, Արևելքում քայլելով ձյունապատ լանջերով-արտերով-ճանապարհներով՝ ծնվեց իմ ձմեռային սուրհանդակը… Սա էլ, գիտեք, իմ օգնության-աջակցության ձև է… Կարևորում եմ, հիշեցնում եմ, հուշում եմ, առաջարկում… Էլ ի՞նչ:
Հասմիկ Ղազարյանի երրորդ դասարանը բլոգային ուսուցման իմ թիրախ-խումբն է. ոչինչ բաց չեմ թողնում ընթացքից. հենց բացօրյա, ձյան տակ, սովորողների, Հասմիկի ու Նառա Նիկողոսյանի հետ ուղիղ եթերի արժանի քննարկում է՝ ինչպե՞ս է պատրաստվում Հասմիկը իր դասարանով-ծնողներով ներկայանալ 2017-ի գիտագործնականին, կդառնա՞ սրա պատրաստումը ձմեռային ուսումնական արձակուրդի, հետո և հունվարի՝ մինչ հավաքն ընկած շաբաթի նախագծային աշխատանք… Թեմա է ու առիթ՝ մտերմիկ զրույցի:
Ինչպե՞ս են 2-4 տարեկանների խմբում երկու դաստիարակներն աշխատում գործընկերային ռեժիմում, ի՞նչ է փոխում այսպիսի միավորում-կազմակերպումը՝ խմբի, դպրոց-պարտեզի կյանքում… Ինչու-ինչպես հեղինակային այսպիսի մանկավարժական կառավարումը հունվարյան գիտագործնականին ներկայացվի որպես ձեռքբերում-տարածում… Այս քննարկումն էլ՝ Արևելյան դպրոց-Հյուսիս հանգրվաններում… Իսկ Արևմտյան դպրոցում սրա հետ կապված ուսումնասիրություն է. Մարիետ Սիմոնյանը, Լուսինե Ալեքսանյանը աշխատում են…
Արևելքի առաջին դասարանցիներն ուսումնասիրում են ձյունը:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:
Մենք գիտեք՝ 2016-2017 ուստարում աշխատում ենք 5 ուսումնական շրջանով՝ սեպտեմբեր-դեկտեմբերի, հունվարի, փետրվար-մայիսի, հունիսի, հուլիս-օգոստոսի։ Հիմա լրանում է առաջին շրջանում սահմանված կարգով աշխատանքի ընդունված մի խումբ աշխատողների պայմանագրային ժամկետը… Սեպտեմբեր-դեկտեմբեր քառամսյա ուսումնական շրջանում նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը հավաստի գնահատում պիտի ստանա հավաքանի գործատուի կողմից… Այո, ես չէ, հավաքանին է գնահատում գործընկերների քառամսյա աշխատանքը։ Դուք՝ որպես հավաքանի, ներկայացնում եք ձեր եզրակացությունը. ես պիտի համաձայնեմ՝ ձևակերպեմ շարունակությունն աշխատանքի, համաձայնեմ՝ լուծեմ (ընդհատեմ) պայմանագիրն աշխատանքային, ներկայացնեմ իմ առարկություն-անհամաձայնությունները… Կոնկրետ, նրբանկատ, իհարկե, մարդուն է վերաբերում, բայց և բաց-շիտակ-համոզիչ. չէ՞ որ բացառել ենք որևէ այլ միջամտություն-գործոն, բացի իրավական մանկավարժական կազմակերպումից, որպեսզի մեր հավաքանին դինամիկ զարգանա՝ ընդունել-ազատելով… Համեցե՛ք, ընթացքի մեջ է կրթահամալիր աշխատանքի համար նոյեմբերին դիմած մասնագետների համար քառօրյա բաց վերապատրաստումը… և այսպես՝ տարին տասներկու ամիս: Իսկ կրթահամալիրի դպրոցներում մանկավարժական փորձառություն են անցնում վերապատրաստմամբ անցած տասնյակի չափ մասնագետներ…
Տեսա՞ք՝ ո՛չ մի բեռ ու լուսնոտություն, դրանք մնացին մեր տանը. ես էլ, Դավիթն էլ օրինավոր Արմինե մայրիկի ուղղորդմամբ ամեն օր դուրս ենք գալիս մեր նոր հանդերձանքով… Թե չէ, հիմա էլ արի լուսնոտի օրագիր վարի…
# 867