Ահավասիկ, հագած ուղևորի զգեստ
Եվ ձեքիդ ցուպ առած, և ուսիդ մախաղ-
Դու գնում ես դեպի հեռուները վսեմ,
Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և հայացքդ՝ կապույտ ու խաղաղ։-
Եղիշե Չարենց

Գիտեք, ես համարձակ ծրագրեր-նախագծեր-նախաձեռնություններ, դրանց գլխին կանգնած խիզախ մարդկանց սիրում եմ։ Հատկապես, երբ դրանց մասին իմանում եմ շարքային մարդու կարգավիճակով… Մեծանում-զորանում է դրանցով Հայաստանը, ու ապրելու-գործելու թափդ-հավեսդ բազմապատկվում են… Աժդահակը ես պիտի գրոհեի, օրագրի ընթերցողին հայտնի՝ իմ «Ամառ 2016» նախագծերից էր, պիտի լինեի աժդահակասեր-ճանաչների մի խմբում՝ Ալբերտ Տոնեյանի, Գևորգի մեր, Հրաչ Մակարյան-Դիոդի… բայց որ Ալբերտը ինձ մասնակից էր դարձնում «Նավասարդ 4509» նշելուն, 70-ի չափ ծանոթ-անծանոթ, հայաստանցի ու արտասահմանցի տարատարիք մարդկանց հետ, որոնց մի մասը երկօրյա Նավասարդյան տոներից հետո անգամ դեռ անծանոթ մնաց, չգիտեի… 65 լեռնագնացով, երկօրյա արշավախմբային-տոնական-ծիսական պատրաստությամբ, միայն Ալբերտին ու կազմակերպիչներին՝ Ալբերտ հոպարի օգնականների մի խմբի հայտնի երթուղով շաբաթ առտու դուրս եկանք Երևանից ու կիրակի ուշ, ժամը 10-ին բարեհաջող մտանք Երևան…

Ձմերուկի օր կրթահամալիրի Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ամեն ինչի մասին մի գրով չեմ պատմի, ինչի՞ համար․ իմ կյանքը, իմ պատումը-գիրը այսուհետ ավելի ու ավելի լեցուն է լինելու իմ արշավային հայաստանյան ճամփորդություններով՝ ընտանիքով՝ Դավթի ու Արմինեի հետ, կրթահամալիրային՝ ամենատարբեր խմբերով, ու այսպես՝ անծանոթ-ծանոթ արշավասերներով, տոները-ծեսերը լեռներում-բարձունքներում, վրանային կացարաններում նշելու։ Ինչպես խոստացել էի, լողացի Կարմիր կոչվող գետում, Կարմիր սարի լճում՝ ձնհալից առաջացող, մեծ ձնաշերտի ցուցադրումով, որ ծագման մասին կասկած չմնա, Աժդահակի լճում. Աժդահակը նվաճեցի ու նրա ճամփին 2-3 սարեր, բլուրներ, Սևանա լճի անհունը տեսա Աժդահակից, Սպիտակ սարը, որից այն կողմ փռված տեսա իմ ծնողների ծննդավայր Գավառ-Մարտունու աշխարհը, էլի սպիտակ սար, որ նույնքան սպիտակ է, բայց անուն չունի, Վիշապասարը ու նրա Վիշապալիճը տեսա, իր անվանը համապատասխան գեղանի Նազելի կոչվող սարը տեսա, նաև ամբողջությամբ չձևավորված գագաթով հիացա… Ծաղիկներ՝ կարմիր պեմզայի ու բազալտի լեռնաքարերի մեջ կորած, ժայռապատկերներ՝ գրադարան կազմած ու, կարող է, քո հայտնագործած․․․ Քայլեցի-քայլեցի տասը ժամ անընդհատ սարն ի վեր, ձորն ի վար, Գեղարդի հայտնի Յոթաղբյուր ջրի հովիտ-ավազանները տեսա․․․ Ու տասնյակ մարդկանց հայտնաբերեցի, որոնց կորցրել էի, թվում է, անհիշատակ-վաղուց, ինչպես մեր կուրսի Հրաչ Թորոսյանին, Ավետիք Եսայանին՝ իր զրգուն ծիծաղով, միշտ զվարթ տրամադրությամբ, որ կարողացավ առանց արգելակների մեքենայով մեզ իջեցնել սարերից, նկարիչ Արթուր Սարգսյանի որդի Դավթին, պահեստազորի սպա գողթեցի Ներսես Տեր-Պետրոսյանին ու իր որդի, նոր սեբաստացի Դավթին, պահեստազորի սպա Հովսեփ Տոնեյանին՝ Անանիա Շիրակացի ճեմարանի զինղեկին… Վերջապես գիշերը իմ նոր քնապարկում, երկնքի տակ, քնեցի-արթնացա-քնեցի (իմ սիրած գիշերը) ու Նավասարդի այդ օրով, Աժդահակի ստորոտում, այս ընդարձակ-ընդարձակ հովտում հավաքված աստղակույտը տեսա ու համրեցի մեկիկ-մեկիկ՝ մի ականջս՝ խարույկի մոտ հայտնի ժայռապատկերագետ Կարեն Թոխաթյանի պատումին, մյուսը՝ Նավասարդով ոգեշնչված Ալբերտ Տոնեյանի

Լուսանկարները՝ Ալբերտ Տոնեյանի ֆոտոխցիկից։ 

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայի ղեկավարի հետ պայմանավորվել ենք մեր 2016-2017 ուսումնական օրացույցում, նրա «Ամառ-2017» ժամանակաշրջանում, օգոստոսի 11-16-ը գրանցել «Նավասարդի տոն-օրեր Աժդահակում»… Համեցե՛ք, նոր արձակուրդի օրեր՝ միասին, արշավախմբային ճամբարում անցկացնելու… Իսկ սեպտեմբերի 3-ին կմեկնարկի «Բարձունքի նվաճում» նախագիծը՝ իր կրթական շքերթով… Սա էլ մեր խիզախումն է լեռներում՝ Արագածի հարավային-հյուսիսային գագաթները գրոհել Բյուրական-Ամբերդի արշավախմբային կայանի  ճամբարից, ծանոթ-անծանոթ սեբաստացիներով․․․Ահա, այսպես, իմ պատումի համար որպես անցում է գրված Եղիշե Չարենցի տաղը՝ «Ձոնված խիզախ ճանապարհորդին», որից է և իմ վերնագիրը, և գլխագիրը…

Քո ոտքերի վրա դու կբերես հետքեր
Ո՜վ գիտե, ինչպիսի՛ արահետների,
Ուր չի կոխել երբեք ուղևորի ոտքը,
Ուր թերևս դու տեսել ես արևը՝ գիշերի մեջ՝ շռայլ ու անհատնելի… 

 Կրթահամալիրի Քոլեջի ծաղկանոցը:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ֆոտոխմբագիր՝ Նունե Խաչիկօղլյան
#762

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անդրադա՞րձ մի, գիր գրո՞ց․․․ իմ 895 –րդ հերթականը․․․

Վարդուհի Սիմոնյանի շնորհիվ ներգրավվեցի «Ստեղծագործական Հայաստան 2016» մեդիանախագծին․ սրանով Օրագրերի օրագիր՝ 2016-ի իմ գրերին հարցաթերթիկով անդրադառնալու հնարավորություն ունեցա․․․ հետաքրքիր զբաղմունք էր, մենակ մարդու գործ չէր․ ինձ օգնեցիք, շնորհակալ եմ։ Իսկ

Որ չասված խոսքեր չմնան…

«Կրթահամալիրի շնորհիվ ես այսօր ունեմ սեփական կարծիք, նպատակ և այդ նպատակին հասնելու ոչ ավանդական, հաճախ մի քիչ դժվար, բայց ավելի հետաքրքիր ճանապարհ…»,- գրում է վարժարանի 12-րդ դասարանցի, արդեն Հայաստանի Ամերիկյան

Բաց դռներով սովորելու ու բաց հասարակության, միասին գործելու ժամանակը

Չարենցի 1936-1937թթ տնային կալանքի, բանտի, կյանքի վերջին՝ դատապարտվածի գիրն է իմ սեղանին, Հրանտ Մաթևոսյանի ճաշակով հրամցված վերջերգը Չարենցի։ …Շնորհակա՛լ եմ, Տե՜ր, այն ամենի համար, Որ տվեցիր դու ինձ կյանքում իմ