Արդեն քանի օր է՝ ուզում եմ «Սեբաստացի» ռադիոյի ուսումնական նախագծի համակարգող (կրթահամալիրի ռադիոյի տնօրե՞ն) Տաթև Աբրահամյանին հանդիպել ու լսել, նրա ներկայացմամբ իմանալ մեր ռադիոյի այսօրվա ու նրա զարգացման մասին, հալ ու քեֆ հարցնել… Տաթևին բռնե՞լ կլինի… Վերջին անգամ նրան տեսել են mskh.am-ում այս նյութում Հայրիվանքի բակում՝ տրնդեզի կրակի վրա թռչելիս…
Սեբաստացի սուսերամարտիկներ, մարզիչ Միքայել Ղազարյանի սաներ Մարտին Մկրտչյանի ու Աննա Ստեփանյանի` ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի առաջնությունում վերջին հաջողությունները շնորհավորելու լավագույն ձևը-նվերը սուսերամարտի սրահի հնարավորությունների էական բարելավումն է: «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» նախագծի շրջանակում երեկ Մայր դպրոցում հանդիպեցինք Գրիգոր Խաչատրյանը, Միքայելը, Խորենը և ես: Արդյունքները շա՜տ շուտով սեբաստացիներին տեսանելի կլինեն. գիտե՞ք, որ մեր Գրիգոր Խաչատրյանը հին սուսերամարտիկ է…
Մարմնամարզական ստուգատեսը Տաթև Թամազյանի 1-ին դասարանում:
Լուսանկարները՝ Նառա Նիկողոսյանի:
Կարողացե՞լ էին Հասմիկ Ղազարյանն ու «Էթիկետ» ռադիոն «Սեբաստացի» ռադիոն ստեղծող սովորողներին-ուսուցիչներին՝ ռադիոյի խմբագրակազմին հավաքել մի հարկի տակ՝ Ավագ դպրոցի ընթերցարանում… Խոհուն մի միջավայրում փոխանցել իրար սեփական ջանքերով կենսափորձ դարձած ձեռքբերումներ՝ խթանելով նոր զարգացումներ… Այսպիսի քանի՜ հանդիպումներ են կայացել-կայանում կրթահամալիրում ստուգատեսյան փետրվարին… Երկու ժամ հետո այս նույն ընթերցարանում Մարինե Մկրտչյանը նույն խոհուն միջավայրն է կարողանում ստեղծել լուսանկարիչ Վահան Ստեփանյանի հետ՝ արդեն լուսանկարչությամբ զբաղվող երկու-երեք տասնյակ սեբաստացիների մասնակցությամբ…
Ուսումնական պարապմունքի նոր տեսակի մասին եմ խոսում՝ հեղինակային կրթական ծրագրով ստեղծված, շուրջ տասը տարի գործածվող: Սրանք միջոցառումներ չեն, մեր հեղինակային կրթական ծրագրի իրագործման ձևեր են… Եվ շեշտում են բաց դռներով, անպահակ դպրոցի մեր ֆենոմենը՝ և՛ ֆիզիկական միջավայրում, և՛ մեդիամիջավայրում, որ հասարակությունը՝ իր ուսուցանող անդամներով անարգել ու ժամանակին անընդհատ գա և ուսուցանի մեզ, սեբաստացի սովորող-ուսուցիչն էլ իր ձեռքբերումները՝ որպես ուսումնական աշխատանք, տարածի… Ամենաարդյունավետն ու խիզախն այս մանկավարժական-հաղորդակցության տուրևառությունն է, որ հայտնի անուն ունի՝ բաց դպրոց… Տպավորված եմ, կեցցե՛ք:
5 տարեկանների «Մոբիլ ու ստեղծական» նոր գործիքը:
Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի:
Անի Մաթևոսյանը՝ մեր այս տարվա շրջանավարտ Դավիթ Մաթևոսյանի քույրիկը՝ մեր ռուսերենի հարգելի ուսուցիչ Ռաիսա Պողոսյանի թոռնուհին, ով ժամանակին սովորեց-ավարտեց կրթահամալիրի Հիմնական դպրոցը, հետո ընտանիքի հետ Բեյրութում ուսումը շարունակեց, հիմա արդեն, որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող, մեդիակրթության ուսումնասիրություն է իրականացնում՝ որպես ուսումնական աշխատանք… Մեր սքանչելի Անին հաճելիորեն շփոթված էր՝ Մայր դպրոցում այսքա՜ն փոփոխություն տեսնելով… Իսկական արտասահման… Եվ դեռ չի եղել Հիմնական դպրոցում, որը, վստահ կարելի է ասել, չի ճանաչելու… որքան էլ՝ սպասելի…
Ինչպես Նիկոլ Փաշինյանենց տանը մեր՝ իմ, Արմինեի, Շուշան ու Դավիթ Բլեյանների երեկոյան հանդիպումն էր երկու օրից կես տարին բոլորող Արփինե Փաշինյանի հետ սպասված-անսպասելի։ Տեսնելու բան էր՝ փոխեփոխ, լացի-ծիծաղի ձայնով, աչք ունքով, շարժումով ո՜նց մնաց բոլորիս ուշադրության կենտրոնում, պատմե՜ց ու պատմե՜ց… իր ավագ քրոջ, կրթահամալիրի ավագ դպրոցի շրջանավարտ, Տարտուի համալսարանի ուսանող Մարիամի, մեր Ավագ դպրոցի այս տարվա շրջանավարտ Աշոտի, Նոր դպրոցի չորրորդ դասարանցի Շուշան քույրիկի մասին, ում, կարծես, ամենաշատն է լսում-արձագանքում, իր բազմազբաղ-հանրաճանաչ հայրիկ Նիկոլի, իրեն անընդհատ անմահական կաթիկ հասցնող ու գործող լրագրող Աննա մայրիկի (ո՜նց է հասցնում) մասին, ութ տարեկան դարձած Էբբի խելացի շան, Ամերիկյան համալսարանի ուսանող դարձած իր հորեղբոր տղա Դավթի մասին, որ Կրասնոդարից է եկել Երևան՝ իր տան համալսարանում ուսման համար… Ի՜նչ ուրախություն, բոլորի գործերն են հաջողակ… Ու այս խանդաղատանքի մեջ Արփին այսքա՜ն պայծառ պիտի լիներ… Իսկական թալիսման՝ Նիկոլի ընտանիքում… ի՜նչ զորություն ունի նորածինը, ի՜նչ պարզ է Աստված մտածել կյանքի անընդհատության-նորոգման եղանակն այս՝ ծնունդը: Դավիթ Բլեյանը կարողացավ այս արանքում Շուշան Փաշինյանի հետ խաղողով-խաղալով-Էբբիով իր երեկոն դավիթավարի կազմակերպել… Արփին էլ ինձ հետ լուծեց մեր նախակրթարանում իր տեղի հարցը… Արփինե Փաշինյանին կրթահամալիրում սպասում են: Իսկ Արփին Նիկոլի գրկում տեսնելո՜ւ բան է՝ լացելիս թե ծիծաղելիս, մայրս կասեր՝ պնչեթռուկ…
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի, Շուշան Բլեյանի:
Արմինեն վարորդ է նաև ու սրանով շատ հեշտացնում է բոլորիս կյանքը… Բանգլադեշից մեզ բերեց Նիկոլենց տուն՝ քիչ է, հիմա էլ առոք-փառոք տանում է մեր տուն…
Շուշան Բլեյանը շտապում է Վիեննա՝ ուսումը շարունակելու, բան չմնաց երևանյան արձակուրդին…
Երբ ես չքնել չեմ կարողանում, քնում եմ, ու քնի մեջ լսում եմ Արմինեի ու Դավթի վեճը… Դավիթը ոչ մի կերպ չի ուզում քնել՝ տասնմեկի և տասներկուսի արանքում, դեռ ծրագրեր ունի, օրվա կիսատ գործեր…
— Դավի՛թ,- փորձում է սաստել-ազդել Արմինե մայրիկը,- դու պետք է ծնողներին լսես, քնես…
— Ես լսում եմ ծնողներիս,- բարձրաձայն նեղսրտում է Դավիթը…
— Ո՞նց ես լսում, քա՜նի անգամ ասում եմ՝ պառկի-քնի… չես լսում…
— Դու իմ ծնողը չես… իմ ծնողը հայրիկն է: Դու կուկուների մայրենիի ուսուցիչն ես…
Մարմնամարզական ստուգատեսը մարզադաշտում։
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:
Ընթերցարան՝ առանց մեկնաբանությունների
- Գիշերը ցերեկվա սակագնով. ՀԷՑ-ը ուռճացնում է հաշվիչների թվերը
- Քըրքորյանի կտակի շուրջ գործընթացը կապ չունի ո՛չ Հայաստանի հետ, ո՛չ հայերի հետ.
- «Սիրելի Ֆրանցիսկոս պապ» գրքում…
- Թուրքիան այսօրվանից վիզային ռեժիմ է սահմանել ՌԴ լրագրողների համար
- Եվրոպական քաղաքացիական հասարակությունը վերածվում է «բնակելի փակ համալիրի»
- Գիտնականները ցրել են առողջության համար ձվի վնասակարության միֆերը
- Հայ բժիշկը վկայում է, որ…
- 3D տպիչ մարդկային ոսկրեր և մկաններ տպելու համար
Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Աբրահամյան
# 585