Այդպես էլ հնգօրյա աշխատանքային այցի ողջ ընթացքում նավ չբարձրացանք, ծովում չեղանք, գոնե չթրջվեցինք…
Մակլենբուրգի շքեղ-գրավիչ Բաստհորստ ամրոցը հեշտ չէր թողնելը, բայց… ծրագիր էր՝ րոպեներով հաշվարկած. թողեցինք… Այսպիսի կարմիր-գունեղ-խորոտ-հավես ավտոբուսով, ինչպիսին մերն էր՝ կարելի էր… Ողջ Գերմանիան, ողջ Եվրոպան՝ իր ճանապարհներով ստեղծված է հենց այսպիսի ավտոբուսներով ճամփորդելու համար… Ամենուր կարելի է հանդիպել տարեց զույգերից կազմված տարազգի տուրիստական խմբերի. կենսաթոշակի անցած մարդիկ, իրենց խնայողություններով, ողջ Եվրոպայով ճամփորդում են… Հիմա ուրիշ տուրիստի՝ երիտասարդի, միջին տարիքի մարդու չես հանդիպի, աշխատում են…
Ես զարմանում-զայրանում եմ, որ այսպիսի ճամփորդական ավտոբուսում ուրիշ բանով են զբաղվում՝ քնում, տարվում կենցաղային խոսակցություններով-գործերով, բաց են թողնում տեսարանները՝ չեն ճամփորդում… Ես համակ աչք ու ականջ եմ… Ուզում եք՝ հեծանվով ճամփորդելիս, ուզում եք՝ ոտքով… ավտոբուսով… գնացքով… Միայն ոչ ինքնաթիռով…
— Պա՜պ, բա ե՞րբ ենք նավով միասին Բալթիկ ծովով Համբուրգ գնալու….
— Պա՛պ, այսպիսի նավերը ճամփորդակա՞ն են։ Ոնց որ քաղա՜ք լինի… սիթի-նավե՞ր են սրանք…
— Ի՞նչ է Համբուրգի գետի անունը, պա՛պ…
— Ես ուզում եմ՝ շուտ Էլբա գետով մենք ճամփորդենք, ապրենք նավի վրա…
— Ես կարդացել եմ սառցահատ նավերի մասին, պա՛պ…
— Իմ ծնունդին քանի՞ օր մնաց, պա՛պ,- հաշվում է օր առ օր…
— Ինչո՞ւ մայրիկը նոյեմբերի 17-ին չդարձավ երեսունինը տարեկան, իսկ ես դեկտեմբերի 12-ին կդառնամ վեց տարեկան…
— Ինչո՞ւ մեծերն իրենց ծննդյան օրը չեն ուրախանում իրենց ծնունդով… Դու քո ծննդյան օրը սար փախա՞ր, պա՛պ…
— Էս ձուձու-կակայի կեսը պահելու եմ Արամին (իրենց խմբի Արամ Խաչատրյանին՝ մեր Արտեմի որդուն, նկատի ունի)… Ինքն ինձ բերեց իր ձու-ձու-կական՝ միասին կերանք…
Պետք էր տեսնել՝ որքա՜ն խնամքով, մեծ, շա՜տ մեծ ձուձու-կակայի մի կտոր փաթաթեց ֆոլգայի մեջ, բռնեց՝ ափով, մյուս ափի մեջ՝ մեծ չուպա-չուփս, ու ընտանեկան եռյակով առավոտը Արմինեի մեքենայով բռնեցինք մեր Բանգլադեշի ճամփան…
— Իմ մահճակալը բերեք ձեր ննջասենյակ, ես ուզում եմ ընտանիքով միասին լինենք, պապ…
Կրթահամալիրի տնօրենի հեծանվային հանդերձանքի ցուցադրությունը Հարավային դպրոցի 1-ին դասարանում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։
Չգիտեմ՝ երեկվա իմ գրում Schloss Basthorst կայքով ճամփորդությունը կառքի զգացում առաջացրե՞ց, ի՞նչ տվեց, բայց երկու օր մենք անցկացրինք Բալթիկ ծովի ծովախորշում, Ռոստոկ քաղաքի հանրահայտ Radisson Blue հյուրանոցում, եղանք աշխարհահռչակ նավաշինարարական կոմբինատներում. դիտեք Meyer werft և Neptun werft կայքերն էլ… Մենք այստեղ մասնակցեցինք հզոր բեռնատար-մարդատար նավ-քաղաքների ստեղծմանը, տեսանք, թե աչքով-ականջով անընդգրկելի այս տարածքում ինչպես են ուսուցանում պատանի նավաշինարարներին, ինչպես են արդեն հարյուրով չափվող տարիներով սերնդից սերունդ փոխանցում՝ նավաշինարար էլեկտրիկից մինչև եռակցողի, փականագործի մասնագիտություններ… Գերմանական համագործակցության VET (արհեստագործական ուսուցում) ծրագրով մեզ՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի գործատուների միությունների ներկայացուցիչներին, բերել են գործող արդիական արտադրությունում միջին մասնագիտական ուսուցումը ցուցադրելու… Մենք էլ, ենթադրվում էր ծրագրով, բարեխիղճ ունկնդիր՝ ոչ միայն հետո պիտի տեսածի մասին պատմենք-փոխանցենք, այլև մտածենք՝ ինչպես կարելի է այն տրանսֆորմացնել մեր իրականության մեջ… Դուք կարծում էիք՝ մեզ մեր գործից կտրել, այսքան բերել են որպես տուրիստ ման տալո՞ւ, ես էլ չտես-չտես պատմեմ, նկարեմ, իմ նոր պլանշետով քաշեմ-ներկայացնե՞մ Համբուրգը, Բալթիկը… Էլբան… Չէ մի չէ, սա, ինչպես Գևորգ Հակոբյան տնօրենն է հիշեցնում՝ մեր արձակուրդի հաշվին, մեր անձնական խնայողություններով (տեսնես՝ քանի կյանք պիտի ապրենք, որ…), մեր կենսաթոշակով ճամփորդենք…
Նավաշինարարները գրառելու-նկարելու հնարավորություն չտվեցին, բայց ահա Ռոստոկ քաղաքի նավաշինության-նավագնացության պատանեկան դպրոցը այդպիսի հնարավորություն տվեց… Գետին-ծովախորշին անընդհատ նայող, առանց որևէ վարագույրի, ուսումնական նավաշինական կենտրոնի՝ մեծ նավասենյակներ հիշեցնող լաբորատորիաներում ես ինձ հոյակապ եմ զգում… ինչպես, երևի, մորս փորում…
— Այստեղ իրականացվող մասնագիտական կրթությունը անհատական պատվերով է, երբ պատվիրատուն է, որպես մասնագիտություն սովորող, թելադրում…
— Ի՞նչ,- հարցնում եմ մեզ հետ կես օր ժպիտով-շնորհքով անցկացրած փորձառու ուսուցման մենեջեր նախկին նավաշինարարին,- գնորդը միշտ ճի՞շտ է…
— Մենք ասում ենք, որ պատվիարատու-սովորողը մեզանում միշտ մեր ուշադրության կենտրոնում է…
— Պատմե՛ք ձեր մասին,- պնդում եմ, ինչպես երեկ ամրոցում, ֆրաու Ավերբախի չափ մարդկային հմայքով վասթսունամյա մենեջերին։ Իսկ ուսուցման կենտրոնի կայքը սիրով տրամադրում եմ:
— Ծնվել եմ Ռոստոկում, հայրս ու մայրս աշխատել են նավի վրա։ Ես այլ բանի մասին չեմ մտածել, ստացել եմ նավաշինության միջին մասնագիտական կրթություն: Ծառայել եմ: Անցել եմ նավաշինության կուրսեր։ Եղել եմ մեխանիկ-նավաշինարար:
1989-ին նավաշինությունը կանգնեց (սա Բեռլինի պատի փլուզման արդյունքում Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միավորման շրջանն է՝ իր բերած բազում խնդիրներով, որոնց լուծումը դուրս էր մեր գործուղման ծրագրից, բայց պակաս հետաքրքիր չէր, ու իմ տեսած-արձանագրածի չափով դեռ կպատմեմ): Ես և նավաշինարանի տնօրենը նախաձեռնեցինք «Միություն տեխնիկական և ուսումնական կրթության» կազմակերպությունը, ստացանք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության դրամական աջակցությունը:
1992-ին դիմեցի Ռոստոկի կենտրոնում նոր ուսումնական կենտրոնի կառուցման համար:
2005-ից աշխատում եմ այս կենտրոնում՝ S.T.A.R ֆիրմային անունով…
Գերմանիա գործուղումից լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:
Խնդրում եմ նրա խորհուրդը մեզ, նմանատիպ ուսումնական կենտրոնների հնարավոր նախաձեռնությունների դեպքում։
— Եթե կստեղծեք ուսումնական կենտրոններ, թող նրանք լինեն բազմապրոֆիլ, ճկուն, կյանքի-արտադրության փոփոխություններին արագ արձագանքող…
Այս երկար, բայց հետաքրքիր ներկայացման ընթացքում ես մի քանի անգամ միացա-անջատվեցի կրթահամալիր, հասցրի անգամ մի քանի գրառում անել մեր իրականության տրանսֆորմացիային ուղղված՝ դիմացս ծովախորշը, ծովախորշում՝ տարբեր նավեր, որոնք վաղուց ուսումնական են, գործող… Ահա մեկը՝ Կրթահամալիրը որպես մանկավարժության ուսուցման բազմապրոֆիլ կենտրոն, մանկավարժությունը, որպես հեղինակային կրթական ծրագրի ստեղծում՝ մշակում-կազմակերպում-տարածում, մեր արտադրությունն է. ինչպե՞ս ենք ուսուցման ծառայությունների, ապրանքների, աշխատանքների ձևով այն իրացնում՝ որպես մեր արտադրության արդյունքներ…
Ռոստոկի նավերի վրա դուք ճանաչեցի՞ք դեկտեմբերի 12-ին համառորեն վեց տարեկան դարձող Դավիթ Բլեյանին, ում հետ մենք Հայաստանի չգիտեմ որ նավահանգստից, 2017-ին, թե 2018-ին, չգիտեմ՝ երբ, չգիտեմ՝ ինչ նավով, ջրային ինչ երթուղով հասել ենք Բալթիկ ծով, մտել Ռոստոկի ծովախորշը, Էլբա գետով հասել ենք Համբուրգ…
— Պա՜պ, դուք չգիտեք. ես մի տարի արդեն հինգ տարեկան եղել եմ…
#858