Բարի կիրակի ձեզ: Ձե՛զ էլ, ձեր որդկերանց էլ, իմ օրագրի մշտական ու ոչ մշտական ընթերցողներ, առաջին անգամ օրագիրը թերթողներ, սեբաստացի ու ոչ սեբաստացի…
Դավիթը ինչպիսի՜ երանություն ունեցավ, ինչպես փրփուր ծովո՞ւմ, գետո՞ւմ, ավազանում…
Ոչ սովորական շաբաթ եղավ՝ նույնպիսի շաբաթ օրով… Կիրակիի մասին էլ Դավիթն արտահայտվեց, երբ ներկա-բացակա արեց.
— Ես տանն եմ, պարտեզ չեմ գնում. կիրակի ժամանակ փակ է պարտեզը, չէ՞ հայրիկ: Հայրիկը տանն է, գործի չի գնում. գործի չես գնում, չէ՞, հայրիկ. ես էլ պարտեզ չեմ գնում (չի թողնում պատասխանես, որ հանակարծ…)…
— Չեմ գնում, տանն եմ, Դավիթ (հասցնում եմ ներկա ստանալ ես):
— Մայրիկն էլ դասի չի գնում:
— Ջա՜ն, ես դասի չեմ գնում, կիրակի է,- լսվում է Արմինեի գոչյունը…
Լսե՛ք Դավթի ամփոփիչ խոսքը.
— Ի՜նչ լավ է, որ բոլորս տանն ենք: Կիրակին բարի է: Ծառից երեք խնձոր է ընկնում. մեկն՝ ինձ (առաջինը), մեկը՝ հայրիկին, մեկը՝ մայրիկին…
Դավիթը հաճույքով, կլանված նայում է մայրիկի սարքած ֆիլմ-տեսանյութը՝ իր «գիժ կուկուների» թափառումի մասին՝ Գառնի-Գեղարդով…
Ես առայժմ երաժշտությունն եմ լսում. Մոցարտն ինձ վեր է տանում աշխարհիկ կյանքից… Երբ Մոցարտ է հնչում, կիրակի է. հոգվույս տոն… Ես տեսանյութը առանց երաժշտության փորձեմ նայել…
Իմ բլոգի շաբաթ օրվա գիրը, հիմարություն ունեցա երեկ կարդալու, չհավանեցի: Ուժեղ ցանկություն ունեցա, մեղա-մեղա՜, հանելու գիրը շարքից: Անիրավությունը սաստվեց. հիմա նորից կարդացի, խաղաղվեցի. մոլուցքը տեղ չպիտի ունենա այլևս, «թթու պապիկ» (Դավթի մի դիմելաձև ևս…) , որ կիրակին վայելք լինի գործընկերներիդ համար՝ քո շաբաթում…
Արմենն ու Դավիթը խնկոյանական հերոսներին շարել, հավաքել են. Արմինեն ուզեցել է, որ գետնին ընկած պանիրը գետնին չմնա.
— Պանիրն էլ շարեք…
Դավիթը թե.
— Մայրի՜կ, պանիրը կենդանի չի…
Կիրակիի գիրն, այսպես՝ լեգո-լեգո կհավաքվի… Գնել Հարությունյանը մեր պայծառանում է, հենց լեգո-ռոբոտներից ես խոսում: Մե՜ծ ուրախություն բոլոր սեբաստացիներիս տներում. բաժակ բարձրացրեք, ասեք՝ բարով եկար, մեր երկրորդ լեգո-ռոբոտին, որ երեկ ժամանեց ինքնաթիռով, հատուկ չվերթով, արդուզարդով, տուփով, հանդերձանքով…
Գործ է անում Գնելը` իսկական ստեղծականություն դարձնելով ուսուցումը տասնյակ 4-8-րդ դասարանցիների համար… Փնտրվում է ծրագրավորող-մասնագետ, ով կթափանցի այս աշխարհը, կկանգնի Գնելի կողքին, ու կրթահամալիրում կսկսեն իրական կյանքով ապրել տասնյակ լեգո-ռոբոտիկներ` նկարել, տեսագրել, ահազանգել, ծիծաղեցնել…
Շնորհակալ ենք «Սեբաստացիներ» արհմիութենական կազմակերպությանը և կրթական հիմնադրամին: Մի կողմից՝ այսպիսի նվերներ, մյուս կողմից՝ իրենց վերջին դրամներն են ծախսում… Է՜հ, հարստացե՛ք, փող աշխատեք, Հասմիկ Նալբանդյան, Առնոլդ Բլեյան ու ընկերներ: Աղքատ սեբաստացի չի լինում, և աղքատը հոգեպես` ի՞նչ սեբաստացի: Երբեք ձևական չէ, էական է սեբաստացին… Ու ես Նոր դպրոցի ռադիոյի հարցախեղդը լսեցի. «Ո՞վ է սեբաստացին… Ես եմ սեբաստացին… Իսկ ո՞վ է Մխիթար Սեբաստացին ու մյուս մխիթարյանները…»: Հեշտ չէ, երևի, 5-6 տարեկաններին ներկայացնել, իսկ 4-5-րդ դասարանցո՞ւն, 6-8-րդ միջին դասարանցո՞ւն… Ավելի հե՞շտ է դա անել ավագ դպրոցում… Իսկ ես ու դուք այդքան գիտե՞նք, ճանաչում, անհատապես արժևորո՞ւմ ենք մխիթարյանների գործը, նրանց ներդրումը հայագիտության, հայոց կրթության, լուսավորության և գիտության մեջ… Այնքա՜ն ու այնպես գիտե՞նք, որ համակել է մեզ պատմելու-փոխանցելու աշխատանքը…
Մեր տոնը, սիրելիներս, եթե ստուգատես չի դառնում, այսպիսի անընդհատ մի աշխատանք, պիտի մեկնարկը դառնա ամենատարբեր նախագծերի… մեզ կօգնեն, մեզ մենակ չեն թողնի այսօր գործող հայագետները…
Մի այլ աշխարհ էլ՝ Գեղարվեստի գունաթերապիայի կամ արտթերապիա-աշխարհ՝ Արմինե Թոփչյանը, Արա Թարզյանը, իրենց ընկերներով՝ Գեղարվեստի դպրոց-պարտեզի ուսուցիչներով, դաստիարակներով, 2-ից 10-11 տարեկան սաներով են ստեղծել, ստեղծում… Տեսե՛ք… Սա մանկավարժություն է…
— Ո՞ւմ համար է աշխարհը,- ճիշտ տեղում ու ժամանակին հայտնվում է Դավիթը՝ իր հարցով…
Իրենք՝ իրենց համար, յուրաքանչյուրի, ով խելք ու շնորհք ունի` այդ աշխարհում լինի, ապրի, այդ աշխարհով ուրախանա, մասնակցի այդ աշխարհի ընդարձակմանն ու ամբողջացմանը… Աշխարհն աշխարհ է սրանով. փակ չէ, անկողպեք է, ընդարձակվող ու սահմաններով-անսահման… մեծ ու փոքր աշխարհ չկա:
Թթուդրեքն էլ դարձավ աշխարհ, ես հետևում եմ մեդիայում` ինչպես հայտնվեց-ստեղծեցին, ինչպես են թթուդրեքում թթուդրեքով ապրում Դպրոց-պարտեզով՝ մեծ ու պստիկով… Դավիթը, Դավթի քույրիկ Տաթևիկը, 3¹-ի Հռիփսիմեն, 5 տարեկանների Աշխենը… Արմինեն՝ իր ռադիո-սաներով-խմբագրությամբ… պատմում են.. Ի՜նչ ոգևորությամբ է համակված ու դա փոխանցում է Յուրա Գանջալյան պապիկը… Կյանքը այսպիսի բան է, աշխարհներից կազմված, որ հայտնաբերում, ստեղծում ես ու ապրում… Կյանք է, է՜, մե՜ծ, լե՜ն, բո՜լ, ու պիտի ապրվի պատշաճ:
Շաբաթ երեկոյան, Դիլիջան-ֆորումի ավարտին, ֆորումի կազմակերպիչներն առաջարկեցին լինել Դիլիջանի միջազգային դպրոցում… Լավ առիթ է, որքան էլ չեմ սիրում, երբ զարմացնում են: Զարմանալու ի՞նչ կա, կամ Բանգլադեշի կրթահամալիրի կամ կրթահամալիրի Բանգլադեշ աշխարհի տեր մարդուն ինչո՞վ կամ ինչպե՞ս կզարմացնես… բայց ծանոթանալ, իմանալ, իհարկե, սրանից էլ լավ առի՞թ… Մենք կարող էինք ու եղանք Դիլիջանի միջազգային դպրոցի շենքային-գույքային-նյութական միջավայրում… Շատ հետաքրքիր, գրավիչ նյութեր, հատկապես հատակի հիգիենիկ ծածկեր, սեղան-աթոռներ դարակներ… Ինձ զգում էի օդանավակայանում, երկաթուղային կայարանում՝ սպասասրահում, էքսպո մեծ տաղավարում, լա՜վ, հա՜, ժամանակակից տեխնոպարկում… Ես այն սիրով առաջարկեցի Վանաձորի կառուցվող տեխնոպարկի ընկերներին, ինչը ընդունվեց մեծ գոհունակությամբ: Սրտանց հաջողություն եմ ցանկանում այս մեծ բիզնես նախագծին: Սա ավարտուն-պատրաստի, ծավալուն մի կառույց է. ես, գոնե, այստեղ անելիք չունեմ…
Մեզ կանչում է, մենք կարոտում ենք (սիրտս ճմլվեց) մեր կրթական աշխարհին, որը մենք ենք ստեղծում, որպես կյանքի գործ, ու ապրում այնտեղ լիարժեք` որպես կյանք: Գնելը, Առնոլդը, ես, Նարեն, Հերմինեն, ով գնաց իր ծննդավայր Իջևան, որ այստեղից ուղիղ 35 կմ-ի վրա է: Կիրակին՝ ծննդավայր Իջևանում, ծնողների հետ՝ ա՜յ քեզ հաջողություն, լսեցի տիար Գևորգի ձայնը…
Իրիկուն է, մշուշ. Առնոլդը հաճույքով է վարում մեքենան: Մենք զրուցում ենք որպես ամենահարազատներ՝ խաղա՜ղ-անշտապ: Այսպիսի հնարավորթյուն էլ ե՞րբ կունենանք…
Երևանը մեզ դիմավորեց բուռն, անձրևոտ: Բարի էր գործը, օրը Դիլիջանում: Բարի իրիկուն, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ գտնվեք…
Ի՞նչ է տալիս դպրոցը բիզնեսին. հարցադրում, որ հնչեց դիլիջանյան ֆորումի ժամանակ: Այստեղից էլ՝ դպրոցը պետք է, դպրոցը պիտի կարողանա… «միայն մենք (իրենք) կարող ենք ստեղծել» այդ դպրոցը… Այստեղից էլ՝ ոչ թե «դպրոցականի ժամանակը» կամ «դպրոցական տարիք», այլ «սովորողը դպրոցում»: Մենք՝ ցավոք, տարբեր ճամբարներում ենք, և դա իմ ելույթով երևաց…
Դպրոցին հանգիստ, ազատ թողեք և՛ կառավարական (իշխանական), և՛ ամբիցիոզ ծրագրային միջամտությունից: Հանգիստ, ընկերներ: Դպրոցը՝ կյանքն է, ու կյանքը՝ դպրոց. փոխենք մեր կյանքը հնարավոր արագությամբ ու ամբողջականությամբ: Կենդանի, կենսունակ, բազմաշխարհ դարձրեք կյանքը, ու դպրոցը կզգա, կարձագանքի փոփոխություններին
Պատվիրատուն կենդանացնող, փոփոխվող, զարգացող, աշխարհաստեղծ կյանքն է՝ իր նոր դպրոցի ինքնավստահ ու ինքնիշխան մարդով. նորին մեծություն պատվիրատուն, ով բարով գա…
Այսօր իմ քրոջ աղջիկ-քույրիկի` Սուսան Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Հուզվեցի` կայքում կարդալով իմ գործընկերների շնորհավորանքները: Եվ սա, և այն փաստը, որ իմ, իմ եղբայրների, քույրերի զավակները` սեբաստացիներ Տաթևը, Աննան, Էդիտան, Լիլիթը, Առնոլդը, Նազենին, … իրենց քույր Սուսանի և կրտսեր քույրիկ Նազենիի հետ են նշում ծնունդը` կիրակի իմ օրվան տոնականություն են հաղորդում: