Մեր ավագ դպրոցի Նանե Սարգսյանը վարպետության դաս էր անցկացնում Արևելյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների հետ VR (վիրտուալ իրականություն) խաղեր… Նշանավոր Նարեկը Ավետիսյան վիրտուալ իրականությունից իր արձագանքներով աջակցում էր Նանեին՝ վիրտուալ իրականությունից դուրս չմնալո՞ւ համար… Վերնագիրն ինձ այցելեց հենց այդ պահին.

Երազ, թե իրոք. այդ միթե մի՞ն չէ...
Երազն էլ երբ որ կարող է կանչել,
Կարող է հուզել, խնդացնել, տանջել…

Հովհաննես Թումանյանի «Դեպի անհունը» ոչ հանրահայտ, ոչ ծրագրային պոեմից է… Ու ես սկսեցի մեր իրականությանը նայել մեր հայրենակից-համաքաղաքացի ոչ սեբաստացիների աչքերով՝ ծանոթ-անծանոթ… Ախր, նրանց համար մենք ապրում ենք վիրտուալ, ասել է թե՝ ոչ իրական աշխարհում, ոչ նյութական, այո, իրենք այն շոշափել-տեսնել, իրենց հասկանալի դարձնել  չեն կարող… Չնայած խանգարող ոչինչ չկա. ֆիզիկական միջավայրը՝ մեր բոլոր շենքերը դրսից-ներսից մատչելի, հունվարի մեր ուսումնական ճամբարային կյանքը, տեսեք, իր բազում հրավերներովկազմակերպումներով ինչպիսի՜ հնարավորություններ է ընձեռնում… ոչ մեկին «չոռ» ասող չկա… Խնդրեմ Վանաձորից, Գավառից, Արմավիրի Այգեկից, … Երևանից, … Չինաստանից, Կորեայից ու Թուրքիայից, կես հարյուրյակ մասնակիցներ ունենք այս օրերին մեր աշխարհում, պահում-պատվում-ճամփում ենք… Մեկ է, այլոց-մյուսների-ոչ օտար մարդկանց համար՝ վիրտուալ իրականություն…

Կասկածեցի-անցա նախագծային ուսուցմամբ-ճամբարային կազմակերպմամբ Նոր դպրոցով վերից վար, աջից ձախ, 2-ից 5, 6-11 տարեկանների ուսումնական անցուդարձով… Հաստատեցի… Հետո՝ հունվարի 9-ից, արդեն երեք շաբաթ,  մեր կրթահամալիրի ճամբար դարձած դպրոցների շարքային ճամբարականի կյանքով եմ ապրում… Վիրտուալ իրականությունում ենք հայտնվել, փաստ է… Այդպիսին ենք, երևի, նաև ինչ-որ թվով մեր սովորողների ծնողների համար. և մեր վեցերորդցի Արամների Պետրոսյան ու Բարսեղյան, Նարեկ Արշակյանի… կուսակցական պայքարը պայքար է նաև եթե ոչ իրենց ծնողների, ապա իրենց ընկերների ծնողների դեմ…

Բնագիտա-տեխնիկական ստուգատեսի ցուցադրություն Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

Չեմ չափազանցում, թե տեսեք-տեսեք՝ մենք այլ ենք, ոչ իրական-ոչ նյութական, փաստում եմ… Ագարակից մեր ձյունոտ արահետով Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքով քայլում էի դեպի խառանարան Մայր դպրոց, ծածկած լողավազանի ապակիների հետևում լողազգեստով աղջիկներ էին 8-10 տարեկան. ոնց որ պոդիում։ Ահա, նստոտեցինք ջոկատներով-նախագծային խմբերով, միացան ներկայացման լուսարձակները լողավազանում, ու… մենք ականատեսը դարձանք լողազգեստով տարատարիք սեբաստացիների ցուցադրությունների… Օրեր առաջ մեր զինղեկ Բորիս Վարդանյանն էր Ավագ դպրոցի մեծ թվով պատանիների հետ այս լողավազանում… Իրենք ինձ չտեսան, տարված իրենց ջրախաղով, իսկ ես մի անկյունից-դրսից զննում էի-ներխուժել էի այս, ինձ համար հանկարծ վիրտուալ դարձած, իրականություն… Դուք ճանաչո՞ւմ եք, ուրիշ այսպիսի զինղեկ, հրահանգիչ, արցախյան ապրիլյան պատերազմի մասնակից, որ պատանեկան կյանքով է ապրում։ Պատանիների հետ է Ջրվեժի արգելոցում, դահուկ-սահակների վրա, երեկ ռազմամարզական խաղեր էր կազմակերպել ձմեռային, ողջ ամառ՝ հունիս-հուլիս-օգոստոսով, սեպտեմբեր-հոկտեմբերով պատանիների տարբեր խմբերով Սևանի ափին ժայռում էր, նրանց կողքին՝ վրանում, լիճը մաքրելիս, Արեգունի գրոհելիս, ռազմամարզական խաղերի ու զինվորական դաշտային գործողությունների ժամանակ…

Արևելյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա ձմեռային ճամբար:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ողջ հունվարը հո մի գրում չե՞մ վերապատմի. լավ էլ լուսաբանված է մեր mskh.am-ում, ֆեյսբուքում… Ոչինչ չի ջնջվում, պահվում է. փնտրտուք տվեք՝ կգտնե՞ք սահնակով-դահուկով այլ երեխաներ իրենց դպրոցում, պարտեզում, 2017-ի հունվարին ձյունառատ Երևանում… իրենց ուսուցիչ-դաստիարակների հետ, այլ ուսումնական ճամփորդություններ, վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկումներ, հեծանվամրցումներ, ջրախաղեր, բատուտով թռիչքներ… ստուգատեսային իրարանցում՝ ուսումնահետազոտական նախագծերի հայտեր ու հայտեր, ինքնաբուխ նախաձեռնություններ սովորողի և ուսուցչի, ինքնուրույն պլանավորում-կազմակերպում՝ իր օրվա, ժամանակի… ինքնորոշված մարդ… Հանձնարարեք Google-ին ու ցավով–ուրախությամբ նույն հասցեից կթափվեն-կգան սեբաստացիների լուսանկարներ-դեմքեր-անուններ՝ ինքնավստահ-կենսախինդ-միասին-համերաշխ իրենց դպրոցական բազմաբնույթ գործերով, իրենց կյանքը ազատ ընտրությամբ որոշած ուսումով…

Դավիթ Բլեյանը մասնակցել է իրենց ճամբարի 4-րդ դասարանցի Ասատրյան Ալինի ծննդյան ներկայացմանը, ջոկատային ուսումնական գրավիչ հավաքի է վերածել այն, դարձրել նշանավոր-անջնջելի իր, աղջկա, ընկերների-դպրոցի համար… «Փոքրիկ Էյնշտեյն» կազմակերպությունը բնագիտական փորձերի հանդես է ներկայացրել դպրոցի լաբորատորիա-սրահում… Առաջացել է այսպիսի մի հարց.
— Ո՞րն է աշխարհի ամենանեղ փողոցը… Դե, պատասխանեք։
Ու Դավիթը, որ 2016-ի հոկտեմբերին մեկ շաբաթով քույրիկ Շուշանի ուղեկցությամբ, մեզ հետ Պրահա-Վիեննայում էր, հիշում է (ես մոռացել էի) այդ փողոցը՝ երկկողմանի լուսակիրներով, որ մի մարդ կարող էր անցնել. անցել է Դավիթը… Ու պատմել է… Տեսեք՝ ոնց է տպավորվել-գիտելիք դարձել այս ժամանց-ճամփորդությունը։
Երեկոյան Դավթի հարցերը լսեք…
— Ո՞վ է Էյնշտեյնը… Ո՞ր դարում է ապրել…
— Բա ո՞նց է հայտնի դարձել, որ իրեն չեն մոռանում մարդիկ… Ցույց տուր տեսնեմ՝ ի՛նչ հայտնագործություններ է արել, ի՛նչ փորձեր, ես ուզում եմ իմանալ…

Ձմեռային սիմֆոնիա…
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի, Հասմիկ  Թոփչյանի:

Ճամբարը-նախագծային ուսուցումը՝ որպես ուսումնական շրջան ինքնուրույն, ծնվել-առաջացել-կազմակերպում է ստացել սովորող-ուսուցչի ուսումնատենչությունից, այդ տենչի, որպես համատեղ կյանք, կազմակերպման պարտադրանքից… Այս, ոչ իրական վիրտուալ աշխարհին մենք հասել ենք երկար մի ընթացքով… 28 տարի, եթե մեկնարկը համարենք 1989 թվականը՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման՝ հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձարարական, լրացուցիչ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորման ստեղծումը…

Ուսումնական նախագծային ճամբարները՝ իրենց գիտագործնական ու ստուգատեսային միջոցներով, տեսանելի ամբողջական… շոշափելի դարձրին ձյունոտ-փակված իրականության մեջ մեր այլընտրանքը… Համեցեք մեր՝ ձեր երեխայի ընտրած աշխարհը, թող որ առայժմ վիրտուալ իրականություն համարվող։ Միասին ավելի հեշտ կլինի հենց ձեր երեխայի համար:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#918

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բուն Բարեկենդանը Գյումրիում

Այսպես հազվադեպ, բայց լինում է, երբ օրագրիդ ժամանակը չի տեղավորվում օրվա տևողության մեջ, ինչպես այսօր… Որքան էլ ճանապարհդ կիրակնօրյա Երևան-Գյումրի-Երևան ինքնառաջադրմամբ, թեթև կազմով՝ Միքայել վարորդով, Տաթև Համբարյան, Հասմիկ Սիմոնյան, Մարիետ

Արի, այսպիսի օրից, շաբաթից հետո դեռ գրի, էլի գրի ու պատմի…

Էլ ի՜նչ պատմեմ, էլ ե՜րբ պատմեմ, ախր, ի՞նչը չեմ պատմել, բա՞ն է մնացել, որ չեմ պատմել, անուն-դեպք-միջադեպ-մտածում… Լավ, ինձ իմ գրում արձակուրդ չի հասնո՞ւմ, պիտի ասվածի նման վեց հարյուրիննսունինն օրվա

Ուզում եմ ապրել անչար ու բարի…

Գմբեթի ճեղքում բուսնած տուղտի պես․․․