Իմն անքնություն չէ, որ գիշերը ժամը 3-ի և 4-ի արանքում Կարինե Մամիկոնյանի ձայնագրած երեկվա մեր համերգի ծափերն եմ ունկնդրում: Իսկական արթնություն: Ես անքնությունը հաղթահարելու պարզ միջոցներ գիտեմ, սրանց նման, բայց իմը արթնություն է: Բարի օր, կրթահամալիր. շնորհակալ եմ ուժեղ, անանց ծափ-տպավորությունների համար այս օրերի… Օրագրում եթերային ծրագիրը հրապարակում եմ ամեն օր. իմ եթերին հետևողը տեսավ, որ եթերում այս շաբաթ Ռոդենն էր իր Կամիլայով, Գյուստավ Կլիմտը՝ իր «Ոսկի Ադելով», Մոդելյանին՝ իր Ժանով, հիմա Անին ու Մարին իրենց բլոգներով, Ակուտագավա Ռյունոսկեն՝ իր երազներով: Հա ուժեղ-անանց տպավորություններ, ինչպես երեկվա մեր համերգը, Անի Սարգսյանի կինո-ֆոտոգործի սաների ավազե նկարչությունը, Ագարակի հանկարծ վեր խոյացած ու Բանգլադեշի խավարը մեկեն ցրած արտաքին լուսավորությունը, Անկախ մայլեն բռնած հռնդյունը, մեր հարավային դպրոցում Շամիրամի պտղատու այգիների հողի պատրաստությունը, իմ և ութ տարեկան Ալբերտ Նալբանդյանի զրույցը խոհանոցի սեղանի շուրջ, վեց տարեկան տղաների թավալգլորը բեմի վրա… Մայր դպրոցում առավոտյան պարապմունքի լիքության-լիության-հարստության ուժը… թատրոն լաբորատորիայում իր ուսուցչի հետ այսօրվա «Հոգիս» մոնոներկայացմանը պատրաստվող Արփի Սահակյանը… Այս պահին mskh.am-ում հայտնված Դավիթ Հարությունյանի կարծիքը Բաբելոնի աշտարակի մասին… Սարալանջին Ավագ դպրոցի սովորողների պարտիզապուրակային գործունեության խմբի հետ իմ ու Լուսինե Սարգսյանի առավոտյան աշխատանքային շրջայցը… Մեր դպրոց-պարտեզների մաթեմատիկական օլիմպիադայի՝ իմ հորինած գրան-պրի մրցանակի համար ծավալված պայքարը… տո, հենց էս մեր Բաբկեն Փաշինյանը, առանձին վերցրած, Թումանյանի աշխարհից՝ և՛ ֆիզիկական, և՛ գրական, այսքան զուլալ-պարզ, լիքը ներաշխարհով մարդ է մնացել… Մեր երեկվա համերգը իր բոլոր դրվագներով-ելույթներով-ձայներով… Տեսարան…
4-5-րդ դասարանների մաթեմատիկական ստուգատես Արևելյան դպրոցում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
Շնորհակալ եմ այս օրերի արթնության համար: Յուրա Գանջալյանի նշած համբերել ենք՝ համբերությամբ ստեղծել ենք տարիներ, ու համը մեր ստեղծածի առնում ենք… Ուժեղ-ախորժ համեր, որ ծեսի ուղեցույց է դառնում Հարիսայի ծեսի… Լցվեք-ապրեք բերնեբերան Սեբաստացի օրերի ուրբաթ-շաբաթը… Տանտիրոջ իրավունքով ասում եմ՝ համեցեք ու հրապարակում եմ սեբաստացիական ուրբաթ ու շաբաթ օրերի ուղեցույցը։ Չնայած շփոթելու եք, մեկ է, շփոթեցնելու ենք ուժեղ-անանց տպավորություններով-ծափերով-համերով-տեսարաններով…
Ես դուրս եկա պատշգամբ՝ վստահ, որ անձրև է գալիս-գալու, և այս անձրևն առանց ինձ չեկավ… Վայելեք, հիմա ես լսում եմ նրա ձայնը, շարունակելով թերթել Մարի Վոլտերայի, Անի Խաչատրյանի բլոգները, մեր սեբաստացի շրջանավարտ աղջիկների, ում ընթացքին ես շարունակ հետևելու եմ, ինչպես Մերի Շարոյանին, Տիգրան Մանուկյանին, Սյունե Սևադային, Սոնա Արսենյանին… Կրթահամալիրը, սիրելիներս, միշտ ձերն է լինելու, ձեր ազատ իրավունքով պարբերաբար վերադառնալու տեղը… Երբ կհոգնեք, կգազազեք աշխարհից… երբ կհաջողեք… երբ կարիք կունենաք ուժեղ տպավորությունների՝ ձայների, ծափերի, գույների, տեսարանների, դեմքերի, երբ հարազատության-հանդիսատեսի պակաս կզգաք…
Դիմանկարների շարք։
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։
— Ամեն մարդ իր քիթը պիտի մաքրի, Դավիթ… Իսկ դու դրել ես քեզ փոքրի տեղ, երկու տարեկանից էլ փոքր:
— Ես չեմ դրել, պապ, դուք եք դրել, դու և մայրիկը…- ծիծաղում է նշանավոր՝ թողնելով, որ իրեն կուկուի պես գուրգուրենք։
Դավիթն Արմինե մայրիկի հետ այցելել է Գեղարվեստ, որտեղ մի քանի կարևոր օր ունի գրանցած սեբաստացու իր կենսագրականում…
— Դավիթ, ընկեր Կարինեի նկատմամբ, Սոնայի նկատմամբ ուշադիր եղա՞ր, Քնարիկի… քո դաստիարակներն են, գիտես, որքա՜ն կուրախանան քո ուշադրությունից… Ինչո՞ւ չուրախացնես…
— Բոլորն էլ իմ դաստիարակներն են, պապ, կրթահամալիրն էլ էնքան մեծ է, պա՜պ, գոնե փոքր լիներ, որ բոլորին կարողանայի ուրախացնել, պապ…
Դավիթ Բլեյանը Արմինե մայրիկի ծննդյան օրը նշեց յուրովի.
— Մամ, դու մինչև հիմա 38 տարեկան էիր, հիմա դարձար 39 տարեկան…
Ամեն ինչ թվերի լեզվով, թվերի անվերջ աշխարհում իրեն վստահ է զգում բիզնեսի առաջին քայլերն անող մեր տղան, ով տպավորված է կրթահամալիրի բիզնես լեդի Լիլիից… Պատմում է, պատմում…
Արևմտյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի սովորողների այցը Հյուսիսային դպրոց:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#844