Անսովոր-անհամեմատելի, իր անսպառ հնարավորությունների, յուրահատուկ ուժի ցուցադրության օր եղավ ուրբաթը։ Ես խոսում եմ, այո, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին. օրն ուսումնական առօրյայով-ժամանակացույցով-ընթացքով՝ կրթահամալիրի հաստատություններում, ինչպես շաբաթվա, տարվա բոլոր օրերին, ինչպես հանրապետության մյուս դպրոցներում։ Գումարած՝ ֆրանսիացի երգեհոնահար Ալեքսիս Փոլը «Համերգ» ուսումնական նախագծի շրջանակում վարպետության դաս է անցկացնում Գեղարվեստի թատերական-համերգային դահլիճում 5-12-րդ դասարանի սովորողների, ֆրանսախոս ակումբի անդամների, երաժշտասերների համար, հետո՝ երեկոյան 6-ին, Գեղարվեստի տանիքում Saudaá Group-ի հետ տպավորիչ համերգով հանդես գալիս, Լուսինե Մանուկյանի առաջնորդությամբ Ավագ դպրոցի ավարտական դասարանցիները Մայր դպրոցի համերգային լեցուն դահլիճը վաթսուն րոպե իրենցով են անում, իսկ Մարմարյա սրահում մեկնարկում է կրթահամալիրի գիտակների պատանեկան ակումբի և Գյումրու «Խորան Արդ» ինտելեկտուալ ակումբի համատեղ կազմակերպած «Անկախություն 25» ինտելեկտուալ բաց մրցաշարը, ժամը 19։00 էլ՝ հերթական առցանց ֆլեշմոբը… Ես շեշտում եմ թվարկածի կազմակերպման ինքնավարությունը, ոչ միջոցառումային-բնական ընթացքը, սովորականությունը, որ թույլ է տալիս, չի խանգարում յուրաքանչյուրիս, ինչպես ինձ, իր անհատական պլանով շարժվելու… Շնորհակալ եմ։ Ես իմ հեծանվով հասցնում եմ իմ անհատական պլանն իրականացնել. իմացա՞ք, որ Ագարակում սկսվեց բացօթյա լողավազանի շինարարությունը, որ Գեղարվեստում, Քոլեջում, Նոր դպրոցում դպրոցների ղեկավարների հետ նախապատրաստեցինք պարտեզների-բակերի հաջորդ շաբաթվա աշխատանքների համար անհրաժեշտ բուսահողի տեղափոխումը, որ Գեղարվեստում սկսվեց թվով վերջին նոր պատշգամբ-դիտարանի շինարարությունը, որ մեր դպրոցական շենքերի նախկին նկուղներում տեղադրվում են վերջին պատուհանները… Կրթահամալիրի տնօրենի հոգսեր են. նախանձում եք՝ համեցեք մրցույթի։
Արևմտյան դպրոցի հերթապահ խմբերը: Լուսանկարները ՝ Զարուհի Առաքելյանի:
Չգիտեմ՝ ձեր անհատական պլաններում տեղավորվո՞ւմ է կրթահամալիրի 2016-2017 ուստարվա ծնունդ՝ աշակերտական գիտական ընկերության ուրբաթօրյա հրապարակումը, Արևիկ Ներսիսյանի «Գրաշխարհի», Վանուհի Բաղմանյանի էլեկտրոնային ընթերցարան «Հեքիաթաշխարհի», Մարիետ Սիմոնյանի «Նախագծերի», … տեքստերը կարդալը, Արմինե Աբրահամյանի «Թիթեռների թանգարանում» տեսանյութի դիտումը. բոլորը՝ նույն ուրբաթ օրվա mskh.am-ի եթերում…
Այն ընթացքում, երբ իմ թիթեռ տղան իր մայրիկի հետ ճախրում էր թիթեռների աշխարհ դարձած թանգարան-ջերմոցում, ես իմ գունեղ թիթեռ Շուշան աղջկա հետ թևածում էի Վիեննայի ընդարձակ-սքանչացնող-խաղաղություն պարգևող թանգարանային պուրակում… Վիեննա-Պրահա-Վիեննա նախագծով իմ, Արմինեի, Շուշանի և Դավթի հրապարակումները՝ առաջիկայում. այնքան խիտ ապրում կա ու տեսանյութ, որ պատմիր ու մոնտաժի՜ր… մեր բլոգները չեն սպառի նոյեմբերին։
Դավիթ և Ալեն ընկերները: Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Բայց այդ ամենում կա մի հայացք, որ ինձ ամենաշատն է գամել, անշարժացրել, ինձ բաց չի թողնում… Դա քաղաքին հայացքն է վերևից… Պրահային՝ մեր բնակարանի պատշգամբից, Պրահյան դարպասների — Հին Պրահայի բարձունքից, Վիեննային՝ «Ջրերի աշխարհ» թանգարանի 11-րդ հարկից ու … Պրատա կոչվող այգու կարուսելի՝ Սուսոն ասաց նոր, «Սատանի չարխի» բարձր կետից, քաղաքային գրադարանի տանիքից… Ես չեմ կշտանում. չես հագեցնի հիացումդ բոլոր տանիքների, բնակելի թե ոչ բնակելի շինությունների-շենքերի, տաճարների տանիքները, աշտարակները թե գմբեթները՝ խնամված, հուսալի-գեղագիտական, հատ-հատ, թաղամաս առ թաղամաս, կողմ առ կողմ, նայիր՝ չես կշտանա. քաղաքը ոչ միայն ամաչելու ոչինչ չունի, քաղաքը հիացնում-զմայլեցնում է հենց վերևից հայացքով… Պրահան թե Վիեննան…
Աշնանային Վիեննան: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Այս շաբաթ ես երկար ընդմիջումից հետո նայեցի Երևանին՝ իմ ծննդավայրին, հայոց մայրաքաղաքին, Ազատության պողոտայի բարձունքից, Բանգլադեշի մեր հարթակներից, Երևանի կենտրոնի հյուրանոցի տանիք-հարթակից, Լիլիթ Բլեյանի 12-րդ հարկի բնակարանի պատուհանից… Ամոթի ու ցավի զգացում. սա Երևա՞նն է, սա՞ է Երևանը… Մի փրկություն կա՝ փախցնես հայացքդ առ Մասիս ու Արագած, քաղաքային ու քաղաքը շրջապատող բարձունքներ… Սա էլ՝ եթե չենք փակել մեր հայացքի, մեր բնական հարստության, Երևանի դիրքի ուղիները…
Թթվատոն-թթվածես: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդուն, և ես կբուժեմ նրան… Ինձ կարող ես շրջանցել, Կարլ Յունգ. Երևանն իր անլուծելի թվացող-խորացող խնդիրներով, ինձ պարբերաբար հիվանդացնում է… Ես հայտնի դատապարտված երևանցիս, սրացումներ եմ ունենում, հո չե՞մ ապրելու իմ կյանքը մշտական բժշկական հսկողության-խնամքի ներքո… Իսկ գուցե ընդամեը վերջապես պիտի սկսեմ իմ տան (բնակելի շենքի) տանիքի՞ց… Ասում եմ, էլի, կրթահամալիրի Բանգլադեշի Մայր դպրոցի, Գեղարվեստի, Հիմնականի, Ագարակի տանիքները կանգնած են Չայկովսկի 30 հասցեով շենքի ճանապարհին, չես շրջանցի, որքան էլ նոյեմբերը, խոստացել եմ, խելահեղ ընթացք ունենա… Գուցե ավելի հեշտ, իրագործելի զբաղմո՞ւնք գտնեմ` Վիեննա-Պրահա դիտարկումներով պատմեմ Երևանին իմ նոր հայացքի մասին։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#832