Միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, իսկ հումորի զգացում ունեցող կանայք ամենից երկար են ապրում․ նորվեգացի գիտնականների պնդումներն են, չնայած սրանք բաներ են, որ մարդ պիտի իմանար ապրիորի* (գործածում են, չէ՞, այսպես. վաղուց չեմ օգտվել), կյանքով, կենսաձևով, ինչպես այն, որ հեծանիվը փոխադրամիջոց է և ուղղակի միանգամից դրական է ազդում իմ զգացողության-ինքնավստահության-վճռականության վրա․․․ Երեկ ես սկյուռի պես էի։ Շաբաթ օրը երկա՜ր՝ վախկոտ, հետո զգույշ, շրջանի մեջ փակված, ոչինչ չփրկեց, ո՛չ բուլդուզերի հռնդյունը ագարակում, ո՛չ Քոլեջի տղաների աշխատանքային վճռականությունը․․․, ո՛չ Սոնա Փափազյանի հետ աշխատանքային շրջայցը․․․ Սանձեցի իմ նժույգը երկանիվ, ճախրեցի դրախտի իմ արևմուտք-արևելք միջանցքով, վերագտա Սեյրան բարձունքն իմ, գետը-կիրճը Զանգվի։ Թափառեցի․․․ այս անգամ էլ փրկվեցի․․․ Արարատը չէր երևում, թե չէ իմ Ուսուցիչ ախպոր հետքը կարող էի բռնել․․․ Դե, արի ու գտի․․․
Հեծանիվն իհարկե, աշնանային փոխադրամիջոց է։ Չե՛մ իջնի, դրա համար ինձ Վիեննայից հարմար ֆեյշն եմ բերել․զարդարվում եմ, Դավթի պես ուրախանում։
4-5-րդ դասարանի սովորողների հեծանվաերթ դեպի Զվարթնոց:
Լոսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Ողջ Վիեննան, առանց խտրության-տարիքի-սեռի սահմանափակման, հեծանվի վրա է, կարող է լինել․․․ ամենուր են հեծանիվները։ Ինչ էլ խելացի-հետևողական –բարեխիղճ են. կա քաղաքային ավտոուղի, կա երկաթուղի՝ մետրո, տրամվայ, գնացք, կա հետիոտն ճանապարհ, ու կա հեծանվաուղի՝ նշագծված ողջ քաղաքով մեկ։ Չփորձե՛ս հետիոտն, թե ավտո, կանգնել հեծանվաուղու վրա․ կանցնի վրայով․․․ Որքա՜ն համերաշխ-ներառական ապրում–վայելում են քաղաքացիական միջավայրը`
ողջ տարածքով, մարդիկ՝ բնակիչ-եկվոր, ազատ ընտրությամբ հարմար անցում կատարելով մի փոխադրամիջոցից մյուսին։ Շշմելու փոխադրումային համակարգ է գործում՝ ամբողջական ներառական․․․ Ո´չ մի խցանում մեքենաների, ո´չ մի նյարդային տեսարան․․․
Ստիպված էի Լուսինե Ալեքսանյանի հետ, ամուսին Արթուրի սիրալիր-վարպետ ուղեկցությամբ Բանգլադեշ-Մայր դպրոցից մեքենայով հասնել Եվրասիական համագործակցության հիմնադրամ, «Առագաստ»-ի հիմնադիր, սեբաստացի պատմությամբ, Մարտիրոսյան եղբայրների հեռավար ուսուցման նոր ցանցի (ագրեգատ համակարգի) շնորհանդեսին․․․ Մեկ ժամ տևեց մեր մաքառումը Բաբաջանյան պողոտայից Ազատության պողոտա․․․ Մեքենաների, վայրենացած կամ անտարբեր վարորդների դժոխքով անցա․․․ Միլիոնանոց քաղաք, առանց հանրային տրանսպորտի խելամիտ-հետևողական ցանցի՞․ մենք ստեղծեցինք, թույլատրեցինք, անկախության-ազատության համար պայքարի 25 տարում․․․ Մամա ջան․․․ Որքա՜ն ենք հանդուրժելու այս ամոթը։
Ետդարձի ճանապարհին մեքենա չէի նստի․ որոշեցի ոտքով, վերևից Կասկադով, նախկին վարչապետի ու նախկին-ներկա գեներալների դղյակների ստվերից մարդկային վախը հաղթահարելով, Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված ապուշության հուշարձանի մոտով, յախկով-քխով-զզվանքով, մահաբեր աստիճաններով, Շարլի անհասկանալի տա՞ն, թանգարանի՞, թե՞ դամբարանի մոտով․․․ Կասկադով գլորվեցի մինչև Երևանի Դրամատիկական թատրոնի մի հարկում տեղավորված «Լրատվական ռադիո», ուր ինձ սպասում էր եռանդուն-ընդունակ սեբաստացի Լիանա Խաչատրյան լրագրողը․․․
Մամա ջան, ի՞նչ եղել է, եղել է, բայց կարելի է, չէ՞, մարդու արժանապատվությունը հարգող անվտանգ մի հետիոտն անցում ապահովել՝ ողջ ընթացքն էլ Արարատի վայելքով․․․
Լանջային տեխնոլոգիական էքսպո. Արևելյան դպրոց-պարտեզ:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Վերադառնամ իմ Բանգլադեշ, հատկապես որ կիրակին, պատվիրան եմ խախտում, աշխատանքային դարձնում, ինձ, իմ sos-ը ՝ օգնության կանչը լսող տասնյակի չափ մարդկանց՝ Միքայելի, Գևորգ ու Խորեն Հազարումյանի, Վահրամ Մարտիրոսյանի ու վարպետ Պետոյի համար․․․ Կկարողանա՞նք, չէ՞, Բ-1, Բ-4, մեր դպրոցներով անվտանգ, մարդկային մի ուղի բացել՝ բոլոր տարիքի սեբաստացիների համար, ոտավոր, թե անվավոր․․․ Տեսնե՜նք․․․
Եվ գրի վերջում, հրապարակում եմ, որպես ընթերցարան ուղեցույց Ավագ շաբաթվա «SOS, օգնեք ինձ, ես ձեր օգնության կարիքն ունեմ» կանչի հավելված գործողությունների համառոտ թվարկումը․․․
Հետո կասեք, որ լսեցինք, բայց չիմացա՞նք` ինչը ոնց անել․․․ Իմ գիրն անընդհատ է՝ ինչպես ես՝ հեծանվով․․․
«Թթուդրիկ» դպրոցական-ընտանեկան ծես Արևելյան դպրոց-պարտեզի Մերի Գրիգորյանի 2-րդ դասարանում:
Լուսանկարները՝ ծնող Սերժ Սարգսյանի:
#833
*Ապրիորի — փորձի վրա չհիմնված, չհիմնավորված (աղբյուրը` Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան)