Երեկ ես մասնակցել եմ երկու հեռուստահաղորդման, մեկ հարցազրույց եմ տվել, երկու պաշտոնական ընդունելություն եմ պատվել իմ համեստ ներկայությամբ, վայելել եմ մեկ հանդիսության՝ սեբաստացիկ-սեպտեմբերիկ հինգ տարեկանների ամենամսյա հավաք-ստուգատես-խաղը: Ազգային կրթություն կոչվածը, այո՛, այսպես է կենդանի-աշխույժ, ծիսական-ակամա-ինքնաբուխ (սպոնտան) իրականություն դառնում, այսպիսի խաղերի միջոցով… Ղազարոս Աղայանն իր մանկավարժությունը զարմանալիորեն, ոչ միայն հայոց մեջ առաջինը, այլև 19-րդ դարում առաջինը (ես գոնե չեմ ճանաչում, ցույց տվեք) կարևորեց խաղերգերի, խաղ-պարերի, խաղ-խոսքերի, խաղ-ներկայացումների նշանակությունը և թողեց ինչպիսի՜ անգերազանցելի մշակում-օրինակներ… Ուրախացնում են տիկին Աիդան ու ընկեր դաստիարակ-օգնականները, ո՜ւխ, ոնց են առաջադիմում` խաղալով- հավեսով զարգացման ծրագրում… Եվ նրանց հավաքանի-մեծ խաղը,  նրա նախապատրաստության շրջանը,  նախակրթարանում 2-5 տարեկանների գործունեությունն ավելի ու ավելի լավ է ներկայանում մեդիայում, ավելի բաց ու մատչելի:

Բա ի՜նչ համով էին հավաքի վերջում վերևից ընկած խնձորները, բոլոր լսող-տեսնողներին էլ հասավ, մեկը ես՝ ինչ խրթխրթալով կերա (այսպիսի խնձորի համար ուշքս գնում է), ա՜յ, մի ավելացած խնձոր էլ թաքուն դրել էի գրպանս, Դավթի համար. նա էլ խրթխրթան, սպիտակ խնձոր շատ է ուտում, ամեն օր:

Տուն՝ ուշ մտա, 21-ին մոտ, իսկ Դավիթը խո՜ր-խո՜ր քնել էր բազմոցին… Այսօր Դպրոց-պարտեզ չի գնացել, մնացել է մայրիկի խնամքին, չի քնել: «Ես ուշադիր կլինեմ մայրիկի նկատմամբ, պա՜պ, ցերեկը…», և ահա, հանգել է բազմոցին… Չդիմացա, առավոտ-գիշերով իմ 106-րդ գիրը սկսում եմ խնձորն ուտելով: Զվարթանում եմ այդպես, առույգանում եմ և գազար, կաղամբ, բազուկ ուտելիս: Ինձ որ թողնես (մաքրես, սեղանիս դնես), ես ողջ հոկտեմբեր, նոյեմբերը միայն (կամ բոլ-բոլ) մաքրած-լվացած գազար, կաղամբ, բազուկ, դդում, սպիտակ խնձոր կուտեմ, արանքում էլ՝ խաղող. ահա, թե ինչ է ինձ համար աշունը: Եվ հասկանալի է իմ ուրախությունը, որ Մայր դպրոցի ակումբ-խոհանոցներում հայտնվեցին այս արմաղան ուտեստները՝ մատչելի յուրաքանչյուր սեբաստացու… Խնդրում եմ, այնպես արեք, որ «անուշ եղավ»-ը օր առաջ հասնի մեզ, մեր բոլոր ութ դպրոցներում և քոլեջներում:

Ափսո՜ս, հազար ափսոս, որ չկարողացա մասնակցել «Երևան» էքսպոյում երեկ, ուսուցչի օրվան նվիրված, Դիջիթեք-էքսպոյի մեկնարկի օրվան մեր նախաձեռնած համերգ-ֆլեշմոբի-նվերին: Նառայի հետ մշտական կապի մեջ եմ եղել: Այս բեմելը տեղ է գտնում մեր տոնացույցում, և տեսեք՝ ինչպիսի՜ արձագանք: Երեկոյան, էքսպոյի ղեկավարները ի՜նչ գոհունակություն էին ինձ փոխանցում պաշտոնական հանդիպման ժամանակ, իսկ «Երևան» էքսպոյի տնօրենն ինձ խոստացավ, որ մեր բոլոր ուսումնական նախաձեռնությունների համար ամենամատչելի պայմաններով կտրամադրի կրթահամալիրին «Երևան» էքսպոյի ողջ հնարավորությունները: Սրանից էլ լավ հարթա՞կ ու միջավա՞յր` ցուցադրելու բանգլադեշից դուրս…

Որոշել եմ, շատ արագ ինձ հարմար-համապատասխան հեծանիվ եմ ձեռք-բերելու մինչև կրթահամալիրի Տոները… Դադար կառնեմ, մեկ էլ տեսար մեր բարեկամ կամ շրջանավարտ սեբաստացիներից մեկը վերցրեց ու Տոնի առիթով Տիար-տնօրենին նվիրեց-պարգևատրեց… Ահա այսպիսին պիտի լինեն պարգևատրումները` շոշափելի, սպասված, որ կյանքդ փոխեն, նշանավորեն, խթանեն ինքնադրսևորումը… Թե չէ՝ մի գլուխ պատվոգրեր թղթե ու մեդալներ… Ծերացող-ծերացած մարդու զարդ ու զարդարանքներ են սրանք… «Սրանք զարդ չեն ու զարդարանք, այլ՝ մեր գլխին պատիժ, փորձանք…»

Այ, հոկտեմբերի 6-ին մեկնարկող հինգ խաղահրապարակներն ու 2-5 տարեկանների խմբերն են նվերը: Արդեն սկսեցի ոգևորվել ձեր, սեբաստացիներ, ոգևորված, նախաձեռնող մասնակցությունից` Գեղարվեստից սկսված, Հիմնականով ավարտված: Իհարկե՛: Խաղահրապարակների հայտարարված մեկնարկը ընդամենը սկիզբ համարեք. դրանց գործիքավորումը, հանդերձավորումը և՛ միտք է պահանջում, և՛ կենդանի մարդու մանկավարժության յուրահատուկ-էժան նյութականացում… Բացօթյա մարզանք-խաղերը պիտի օր առաջ դառնան մեր առօրյան: Լսե՛ք, անպայման անվտանգ, զգուշությունը խելքի հատկանիշ է, ինչպես խիզախությունը: Խիզախ և զգույշ՝ միասին:

Ինձ հարցնում են, թե ես իմ 104-րդ գրում ինչի՞ հանկարծ հիշեցի Մանուչարյանին ու տոլմայի պատմությունը… Տեղի՞ն էր: Տեղին է. իմ օրագիրն է, ու ես եմ պատմողը: Շնորհակալ եմ, ընթերցող, և քո ամեն մի արձագանք-կարծիք-զանգին ես կպատասխանեմ հեշտությամբ:

Նստակոնքին նստած, բաց դռնով զուգարանից Դավիթը կանչում է բա՜րձր-զի՜լ…
— Մայրի՜կ, շուտ տոլման տաքացրու, դիր սեղանին, քաքիկս վերջացնում եմ, շուտ գալիս եմ հեծանվովս, տոլմա ուտեմ…
Հետո էլ` ինձ նայելով.
— Ուզո՞ւմ ես հաշվելով ուտեմ…
Իսկ մայրիկը.
— Էսքան էլ հորը նմա՞ն…

Ես ինձ այնքան լավ զգացի, ու հիշեցի Մանուչարյանի մոր խոսքերը. «Բլեյանի երեխաները իրեն կքաշեն, իր նման անմիջական…», այո, տիկին Լենա, անմիջական:

Բոլորիս սպանել-սպանում է արհեստականությունը: Մի կյանք է, ափսոս չէ՞ ապրել՝ ձևացնելով… Ինչի՞ համար…Անմիջական, կենդանի, սպոնտան (ինքնաբուխ), ոգեղեն. ազատ՝ խոսքի, գործողության մեջ, ի՞նչ է, այս ամենը խանգարում են կիրթ հանդես գալուն, խո՞րթ ոճ են… Ոճը՝ ինքը մարդն է, արհեստականությունը վարագուրում է անհատականությունը, մարդուն դարձնում անհոգի, դատարկում ոգեղենությունից:

Արթուր Բախտամյանի հետ զրուցքում ենք «Չակերտներ» հաղորդման մեջ: Ոչ մի դադար, ի՞նչ կրկնություն, եղբայր, զրուցում ենք, ահա, հանդիպել ենք տաղավարում (սրճարանում, փողոցում… ո՜ւր ասես), հարցեր ունես, ունես, չէ՞, քեզ հետաքրքրում են դրանց՝ իմ պատասխանները… Դե, ես էլ պատմում եմ… Էլ ի՜նչ փակագիծ կամ չակերտ, ի՞նչ ունենք կմկմալու, չասելու, փակագծում կամ չակերտում պահելու…

Ինչո՞ւ հանկարծ մեր Նունեի Հեգելին հիշեցի. «Աշխարհում ոչ մի մեծ բան առանց կրքի չի լինում…բարոյականությունը կամքի բանականությունն է»: Սրանով էլ ավարտենք մեր այսօրվա գիրը: Շաբաթ է դիմացս, իսկ ինձ (մեր խմբին), ապասում են Բջնի-Հրազդանում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձմեռ պապի նվերն ենք ձեր՝ մենք ու մեր ճամբարային նախագծերը…

Վերնագիր-հիշեցումն ինձ արեցին վեցերորդցիներ Ստելա Սարգսյանն և Նանե Այնթաբյանը, երբ ես իրենց ջոկատին իբր բողոքեցի, որ Ձմեռ պապն ինձ այս տարի աննվեր թողեց… Ցույց տվեցի՝ հագիս ոչ մի նոր շոր… Նույն

Եվ ինչ լսում եք ականջի մեջ փսփսուքով, հրապարակեցե՛ք տանիքների վրայից․․․

— Ինչո՞ւ ես էլի գնում ընկերոջդ տուն,- Դավիթ Բլեյանն է հարցնում… -Իմ ընկերը մահացել է, ու մենք ճանապարհում ենք կարգով․․․ Ուշ եմ քնում՝ կեսգիշերն անց, ֆիլմ եմ նայում։ Նորից Դավիթն ինձանից

Փինաչիությունն արմատախիլ անելու մասին է 274-րդ գիրը

Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի