Ինչպե՞ս ենք իմանում մեր ուխտի օրագրությունը․ քանի՞ օր ենք հայոց Երուսաղեմում․․․ Ախր ուխտի օրերը, որքան էլ մեկը մյուսից տարբեր, նման են այնքա˜ն, որ ստեղծել են մի երանելի վիճակ՝ ազատ մեր իրականությունից՝ իր միլիոն կապերով-լարումներով-բարկություններո՞վ․․․

Հոկտեմբերի 8-ն է, մեր ուխտի 9-րդ օրը․ իմ օրը ես դիմավորում եմ արդեն երևանյան սովորությամբ-ժամին-աշխատանքային վիճակով։ Երուսաղեմի հյուրանոցի ճաշարանում ժամը 5-ն է, այնքա՜ն հարմար mskh-ում երկար լինելու, իմ օրագիրը 811-րդ անգամ հրապարակելու համար․․․ Ամեն անգամ ես ավելորդ եմ համարում (ինչո՞ւ) ու իմ շնորհակալությունը չեմ հայտնում Արմինե Աբրահամյանին՝ երուսաղեմյան, և Արմինե Թոփչյանին՝ երևանյան անփոխարինելի գործակցության համար։ Հայտնում եմ և ողջ սիրով։

Դավիթ Բլեյանը ութ ձու-ձու կակայից բաղկացած տուփի վերջինը կերավ․․․
— Պա՜պ, Շուշոն թող ուրիշ տուփ պատրաստի ինձ համար․․․ Հիշո՞ւմ ես, պա՜պ․․․,- ու երկա՜ր պատմում է մի հուզիչ պատմություն ձու-ձու կակայի առատ շրջանի մասին, որ Շուշանի հետ է կապվում․․․ Հավաքել է իր խաղադարանը` ութ ձու-ձու կակայի միջից դուրս եկած անակնկալ խաղալիքներից կազմված, որոնք անբաժան են իրենից։ Իր աշխատած տուփը․․․

Վրաստանի օդանավակայանում, մինչ մենք սպասում էինք, Դավիթը մոտենում է սպասասրահի բաց խանութներից մեկի ցուցասրահին, վերցնում դարակներից մեկին դրված ձու-ձու կակաների տուփերից մեկն ու անձայն տեղավորում ձեռքի պայուսակում․․․
Հետո, ինքնաթիռում, երբ իմացանք, ծիծաղեցինք, իհարկե․ ձևակերպեցինք իբրև վրաց մաքսավորների հետ փոխանակում մեր վեցաստղանի կոնյակի դիմաց, որ Արմինեն անփութորեն թողել էր ձեռքի պայուսակում․․․ Ոգելից խմիչք ինքնաթիռ բերել չի կարելի. ընդունեցինք, բայց Դավթի լուծումով․․․

Դավիթ թագավորի ամրոց-թանգարան:

Թշնամին գալիս է նախ և առաջ երաժշտությամբ․ վերջին անգամ՝ Հակոբ Մովսեսի ձևակերպմամբ… Լավ է, որ ուխտագնացների մեր խումբը  շարականներ է երգում․․․ Այս օրերի մեր ձայնադարանը սարկավագ Վոլոդյան է ու եկեղեցական երգեցողությունը տասնյակ ու տասնյակ տաճարներում․․․ Որքա՜ն բազմազան, արդիական և ավանդական լուծումներով տաճարներով անցանք․․․ Երեկ և՛ հունական կաթոլիկ տաճարում եղանք Թել Ավիվի ճանապարհին, և՛ հայկականում՝ Միջերկրականի ափին․․․ Եկեղեցու բաց գավթից ի՜նչ տեսարան էր բացվում դեպի ծով․․․ Ծովն ի՜նչ զորություն էր հաղորդում եկեղեցուն, որ իր օժանդակ շինություններով այնքա՜ն հարմար էր ուխտագնացության համար․․․ Թել Ավիվին կպած՝ Եաֆֆա (եբրայերեն՝ գեղեցիկ) նշանավոր հին քաղաքում․․․ Արժե վերադառնալ։

Կարճատև-տպավորիչ զրույց ունեցանք Տիրան հայր սուրբի հետ, որ սովորում է Երուսաղեմի հրեական համալսարանում, ազատ, որպես ուսուցման լեզու, տիրապետում է եբրայերենին, արաբերենին, անգլերենին, ականջդ շոյող հայերենն ավելացրեք ու բարեկրթությունը․ ժպտացող-եռանդուն․․․ Ճանաչում-հարգանք հրեա ժողովրդի ու նրա պետության, նրա կրոնի-լեզվի, նրա հասարակության նկատմամբ․ առանց սրա ի՞նչ ներառում, ի՞նչ ապագա հայկական Երուսաղեմ․․․ ժողովուրդների հայր Աբրահամի հետ, նրան ուղեկի՞ց, քանի՜ դար, մինչև Հոր որդու՝ Մարդու որդու՝ Քրիստոսի գալուստը-ծնունդը-հայտնությունը, միաստվածության որոնումի, թե՞ հեթանոսության հաղթահարման ճանապարհը չե՞նք անցել․․․

Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, այլ՝ լրացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ․ մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ,- որ մի նշանախեց է,- Օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։

Քրիստոսի Հարության տաճարը:

Հին Աստվածաշունչն ու մենք․․․ թեմա է։ Թողնենք Արաքս Պողոսյանի հետ կլոր սեղանից հետո սրան անդրադարձը։ Օգնե՛ք ինձ կլոր սեղանին պատրաստվելու։

Թել Ավիվ այդպես էլ չմտանք․․․ Երկար լողացինք Միջերկրականում․․․ Դավիթ Բլեյանի ու իմ ծովի համատեղ վայելքը ունեցանք․ ի՜նչ եղանակ էր։

— Պա՜պ, գիտե՞ս, ես վախենում էի, որ մեդուզաները մեզ ծովում կխանգարեն․․․
— Չէ, պա՜պ, ոչինչ չխանգարեց Միջերկրականում․․․ Սա Հայաստանի ծո՞վն է, պա՜պ․․․
— Հրեաների ծովը՝ Մեռյալը, շատ աղի էր, պա՜պ․․․ Մեր Միջերկրականի ալիքների հետ ես խաղացի։ Թվերի նման անհամար են ալիքները․․․ Ես կարո՞ղ եմ հաշվել․ այդքան ժամանակ ունե՞նք մենք, պա՜պ։
— Պա՜պ, բա Երուսաղեմը ծով չունի՞։
— Ինչո՞ւ հայերը միշտ Միջերկրականի ափին չեն ապրում․․․
— Սևանա լճի ալիքները ավելի քիչ են, պա՜պ․․․ մեր այս ծովը մեծ է․․․
— Բա ե՞րբ ենք գնալու եկեղեցում աղոթելու․․․ պա՜պ, հայր սուրբը չնեղանա․․․

#811

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Ծերունի ավազակները» պատրաստվում են հոբելյանական արկածների…

Անեկդոտներն էլ, որպես իրենց ժամանակի պատմություններ, հայտնի են լինում, պատմվում-փոխանցվում, հետո չեն փոխանցվում, մոռացվում են… Ի՞նչ են լինում մոռացված անեկդոտները, ի՞նչ անես, եթե չես մոռացել, բայց չես փոխանցում-պատմում… Իմ օրագրում

Դդումով կուտվի՞․․․ համեցե՛ք

Ուզում էի-որոշել էի-հավատարիմ ընկեր-խմբագիր Սուսանին հայտնել էի, միասին «Մերը կյանք է նշանառուի թիրախում» վերնագիրն ընտրել էինք կիրակնօրյա իմ գրի համար… Այնպես, որ իմ այս վերնագրով, լրագրող Սիրանույշ Պապյանի աննահանջ որոշումով

Համբարձման խաղեր․ օր մաքրումի

Այսպիսի նախաձեռնություն. երեկ կարևոր երկուշաբթի էր, իմ օգնական Զառա Առաքելյանի հետ «Դար» հիմնադրամում, հիմնադրամի խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանի, տնօրեն Մարգարիտ Գևորգյանի, Գագարին պրոյեկտի ղեկավարներ Սարհատ Պետրոսյանի, Ալվարդ Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի մասնակցությամբ ներկայացնում էի Բլեյան կրթական ցանցով-Գագարին պրոյեկտով մեր մինչև այս՝ ապրիլին կատարած աշխատանքները, Գագարին պրոյեկտի հանրակրթության օրացույցով  մայիսյան նախատեսումները, Բլեյան դպրոց-Գագարին պրոյեկտով հունիսյան ճամբարի զարգացումները, ուսումնական հուլիս-օգոստոսի մեր պատկերացումները․․․