Մենք օրվա վերջում Գալիլեայի Տիբերական լճի ափին ենք, ինչպես պայմանավորվել էինք երեկ՝ Տիբերիա քաղաքի հարմարավետ հյուրանոցներից մեկում․․․ Հիմա ժամը 21.00-ն է: Հասցրել ենք տեղավորվել, լողալ լճում, որի ջրերի վրայով Հիսուսն է քայլել․․․ Ընթրել ենք իսկական ծովափի այս իդիլիայում, երբ Դավիթը ջրում է, նորից խաղերի-գամակների վրա։ Վատ ինտերնետը Արմինե Թոփչյանին կխանգարի․ գիշերը ո՞ր ժամին օրագրի նյութերը տեղ կհասնեն։ Այսպիսի օգնականին տնօրեն պետք չէ։
Գևորգ անունով հայր սուրբը, 27 տարեկան, Երուսաղեմի Պատրիարքարանից, որ օգոստոսի 4-ի ուխտի ծրագրի հոգևոր սպասարկուն է, առավոտ 7։00-ից մեզ ուղեկցում է Քրիստոսի հետքերով Թաբոր-Գալիլեա․․․ Ահա ծրագիրը, ու չպատմեմ ոչինչ իմ տեսածի մասին․․․ Ժամը 8-ին՝ մեկնում Թաբոր լեռան Պայծառակերպության եկեղեցի։ Նազարեթի Սուրբ Աստվածածնի Ավետման և Սուրբ Հովսեփի եկեղեցիներ, Կանայի Հրաշքի եկեղեցի։ Երեկոյան տեղավորում Տիբերիայի Ron Beach հյուրանոցում։
Նունե Մովսիսյանն ու իր «Կանթեղ» բլոգ-ակումբ-խմբագրության նախագիծը, ունենալով 10-օրյա ուխտի մանրամասն ծրագիրը, կարո՞ղ է ստեղծել ուխտադարան-փաթեթ, որ օգտակար կլինի մեր ուխտին հետևողին, մեր ուխտով իրենց ուխտին նախապատրաստվելու համար։ Կարող է։ Հետո Արմինե Աբրահամյանից կվերցնեն ֆոտոդարանը, մեծ ֆոտոդարան կհավաքվի մեր ուխտի մյուս անդամներից՝ սկսած հայր Զենոնով, ավարտած սարկավագ Վոլոդյայով, որ ոչ միայն շնորհով ու սիրով երգում է, այլև լուսանկարում․․․ Ու կստեղծվի ուսանելի ուսումնական ժողովածու։ Ինձ էլ կազատագրի, ու ես կգրեմ իմ հերոսի՝ Օրագրի ընթերցողի համար․․․ Շիտակ լինենք, ընթերցողը ինձնից հենց այդ ուրիշ բանն է սպասում, ոչ այս վերապատմելը-հավաքելը-գրադարան ստեղծելը, ինչը ինձանից շատ ավելի լավ կանեն, ասենք՝ Նունեն ու ընկերները։ Կտեսնե՛ք։
Ահա Գևորգ սուրբ հայրը ամոթխած հայտարարեց, հրավիրեց երեկոյան 8-ին, 9-ին հոգևոր զրույցի․․․Կհավաքվե՞ն, քանի՞սը, կստացվի՞ այդ զրույցը։ Ստացվե՛ց։ Ժամից ավելի մեկ ու կես տասնյակ ուխտավոր այնքա՜ն կարևոր զրուցում են․․․ Ուխտագնացությունների կարևորության մասին դեռ կլսեք ինձ, կկարդաք իմ գրում․․․ Ես, Անդրանիկ ու Վոլոդյա սարկավագները հիմա տարված ենք Տիբերական լճի խոշոր ձկներով, որոնց, չեք հավատա, գիշերով քշում են հյուրանոցի տեսանելի ափ, որ թվում է մերկ ձեռքերով կվերցնես 3-4 կիլոգրամանոց տեսիլներին․․․ Խաչը վկա։
Երուսաղեմից ավտոբուսով Գալիլեա ուղևորությունը ինքնին հետաքրքիր է, իմ առաջին շփումը Իսրայել պետության շրջանների հետ․․․ Այնքա՜ն բան կուտակեցի պատմելու, որ հիմա տեսնում եմ՝ օրվա գրի համար քիչ տեղ մնաց․․․
Ի՜նչ ճանապարհներ են «красавец», անցումներ-կամուրջներով, անցումներ-թունելներով․․․ Ե՜րբ են հասցրել այսպիսի ճանապարհային բարձրակարգ ցանց ստեղծել, համոզված եմ, ողջ Իսրայելով մեկ ընդգրկելով բոլոր մեծ ու փոքր բնակավայրերը․․․ Բնակավայրերը՝ նորաշեն, բլուրներ գրաված ճերմակ քաղաքների տեսքով, առած սպիտակ պարիսպների մեջ, արդիական գործարան-հանգույցներով․․․ Չէ, Իսրայելը Եվրոպա չէ, լիքը անմշակ-փնթի հողակտորներ կան, լիքը տգեղացրած շենքերով բլրակներ, ողջը շինարարական հրապարակ է, հարավ-արևելք, թե հյուսիս-արևմուտք ուղղություններով, վերամբարձ կռունկների անվերջանալի սլաքներով, մշակվող գյուղատնտեսական գոտիներով, ջերմոցներով, ձիթենու այգիներով․․․ Ի՜նչ թափով է Իսրայելը բնակեցվում-խնամվում-յուրացվում․․․ Պետական ծրագիր է, իհարկե, բայց ավտոբուսում, մենք Նարեկացի ենք լսում, Գևորգ հայր սուրբի արժեքավոր եկեղեցական մեկնաբանությունները, ինչպես երեկվա իմ գրում էի շեշտել՝ ուղղությամբ դեպի պատմություն, ո՛չ ներկա ու ապագա, ո՛չ այսօրվա փաստացի Իսրայել․․․ Անկեղծ, աստվածաբանության համար պատրաստված հայր սուրբը խոստովանեց, որ ճանապարհներից-շուրջը կատարվողից ինքը քիչ է գլուխ հանում․․․ չգիտի՞, չկա՞․․․ ափսո՜ս։ Այսպես մենք անհաղորդ ենք մնում մեր ժամանակին, ինձնից ու իրենից, մեր ուխտագնացության խմբից աջ ու ձախ փռվող-բարձրացող իրականությանը․․․ Իսկ ավտոբուսում, ողջ ճանապարհին Սոս Սարգսյանի ընթերցմամբ Նարեկացին է ու Տաթևացու աստվածաբանությունը․․․
— Իմ անձը երկրի պես ծարավ է քեզ, լսի՛ր ինձ․․․
— Ճշմարիտ եմ ասում, չեմ ճանաչում ձեզ․․․
— Խիստ է խոսքդ, ո՞վ կարող է լսել․․․
Սրանցից ո՞ր մեկը դառնա իմ օրվա գրի գլխագիրը կամ վերին գիրը․․․
#809