Դեռ որքա՜ն կա մինչև Շուշան Բլեյանին հանդիպելը… Մեր արանքում մի ամբողջ Երուսաղեմ կա, իսկ ես այսօր երեկվանից շատ ավելի կարոտել եմ։ Այս «վայբրը» միայն բորբոքեց աղջկաս կարոտը. միայն տեսնեի՜ք Շուշոյին… զմայլանք… Դավիթ Բլեյանը չդիմացավ քրոջ տեսքին-հմայքին… Խոսեց-խոսեց շուռ եկավ ու քնեց բազմոցին… Հիմա ես արթուն եմ, երկար, ներս ու դուրս եմ անում գիշերը 2-3-ի արանքում. կյանք է…

Ճանապարհի չեմ պատրաստվում-չեմ սիրում-չեմ կարողանում… Իմ օրը երեկ էլ այսօրվա պես աշխատանքային է, հագեցած… մինչև ավտոբուս նստելը, գիշերը՝ ավտոբուսով մինչև Թբիլիսի, հետո՝  առավոտյան այնտեղից ինքնաթիռով Թել Ավիվ… այսպե՞ս է գրվում… Առաջին անգամ եմ հաստատ գրում այս անունը… Երուսաղեմ` շատ ավելի հեշտ է… Որքա՜ն քիչ բան գիտեմ ես անընդհատ գործածվող Իսրայելի մասին… Ինչպես երևանցիները, հայաստանցիները մեր ու մեր կրթահամալիրի մասին… Որքան մոտ ու կպած, այնքան այդ անդունդը-չիմացումը-թյուրիմացումը՝ մեծ-անհաղթահարելի: Չի էլ ուզում իմանալ… Երեկ այդպիսի մի շփում եղավ Հյուսիսային (Գեղարվեստի) դպրոցի հարևանների հետ… կոկորդումս է, կուլ չի գնում… Ավելի հեշտ է խոսել ֆիննական դպրոցի, նրա յոթ սկզբունքների մասին, քան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, նրա յոթ դպրոցների, յոթ որակների ու յոթ՝ կառուցվող հրաշալիքների մասին… Բայց, ընկեր սեբաստացինե՛ր, որպես առաջնահերթ գործ, կղզի դարձած աշխարհը մեր պիտի կապենք մեծ ցամաքի հետ՝ որպես թերակղզի:

Լանջերն ու մենք… Արևելյան դպրոցի երկարացված օրվա խումբ:  
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի: 

Մեր պարտիզպան Կարապետը ճիշտ է զգուշացնում՝ ուշացնում ենք աշնանացանը: Լսո՞ւմ եք ինձ հյուսիսում-հարավում, արևելքում-արևմուտքում, սկսեք աշնանացանը այսօր-վաղը, շաբաթ օրով ավարտեք, կիրակի հանգստացեք…

Հանգիստ չունի մեր Ելենա Սարգսյանը. առաջարկում է-պատրաստվում ուխտագնացության հոկտեմբերի ուսումնական արձակուրդներին Պարսկահայք… Գրավիչ է՝ ավտոբուսով, 4 օր, 3 գիշեր, Երևանից Մեղրի-Մակու-Ջուլֆա-Սալմաստ-Փայաջուկ-Ուրմիա-Թավրիզ… Մեղրիով՝ Երևան: Դարձրեք հեքիաթի ճամփա:

Ուսումնասիրում ենք սեպտեմբերյան աշունը: Արևելյան դպրոցի սովորողներ:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

Իսկ «Հալեպում երեխաներն ապրում են մղձավանջի մեջ: Այլևս խոսքեր չկան նրանց տառապանքը նկարագրելու համար… Ուրբաթ օրվանից զոհվել են նվազագույնը (լսեցի՞ք` նվազագույնը)` 96 երեխա և 223-ը վիրավորվել են»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: Այսպես, մեր օրերում, բոլորիս աչքի առաջ Սիրիան` իր պատմական Հալեպով վերածվեց իսկական դժոխքի… Սրա կողքին ինչպե՞ս է կարդացվում Կարսի նահանգապետի հայտարարությունը, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու փորձարկումը (կառուցումն ավարտվա՞ծ է) ակնկալվում է մինչև տարեվերջ: Փա՞ստ է, որ նախկին պատմական Մետաքսի ճանապարհն անցնում է այստեղով, որ Չինաստանից Եվրոպա գնացող բոլոր ապրանքները կանցնեն այս երկաթուղով… Ես մտքերով հոկտեմբերի տասն օրերին կլինեմ կրթահամալիրի Բանգլադեշում՝ մեր մետաքսի ճանապարհներին, նրա բարեկարգվող-կանաչապատվող հանգրվան-կացարաններում… Հոկտեմբերի օրացույցում նախատեսած շրջագայությունը՝ որպես մեր հետիոտն-հեծանվային ուղու փորձարկում, իմացումի հրճվանք կրթահամալիրի մետաքսի ճանապարհին, չի կարող չկայանալ… մեր հարևաններին ասելու բան չենք ունենա…

Արարատն այսօր Բանգլադեշի հյուսիս-արևմուտքից:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Իսկ Վրաստանում պատրաստվում են հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքներով Միխեիլ Սահակաշվիլին խոստանում է խաղաղ հեղափոխություն: Վրաստանում պատրաստվում են նաև Հռոմի պապի ընդունելությանը…

Սեբաստացիները պատրաստվո՞ւմ են իրենց ընտրություններին… 2017թ. հունվարի 31-ին լրանում է կրթահամալիրի տնօրենի մրցութային ժամկետը և սահմանված կարգով կրթահամալիրի խորհուրդը պիտի հայտարարի-կազմակերպի կրթահամալիրի տնօրենի ընտրությունը…

Մինչ այդ, իհարկե, հինգ տարեկան սեբաստացիկների «Ծուղրուղու» հավաքն է Բախշյան մանկական այգում, որին, տեսեք, ոչ միայն որպես տոնախմբության ենք պատրաստվում, այլև փորձում ենք ընդարձակել Բախշյան մանկական այգին՝ ջնջելով անխնամ տարածությունը այգու և դպրոց-պարտեզի միջև… Կանաչապատման-բարեկարգման աշխատանքների այսպիսի ծավալ բակ-թաղամասն իր պատմության մեջ չի տեսել… Համարեք իմ նվերը սեբաստացիներին բոլոր…

Կրթահամալիրի 5 տարեկան սեպտեմբերիկների խաղողուտոցին Յուրի Բախշյանի այգում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Առաջիկա տասը օրերի իմ գրի մասին եկեք ոչինչ չասեմ… Կիմացվի: Ես ի՞նչ գիտեմ՝ ինչ ընթացք կունենա ուխտավորի ճամփեն, պատումը…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#805

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր…

Կարդացի երջանիկ մարդկանց 13 սովորությունները, որպես թեսթ լրացրի. ես երջանիկ մարդ եմ: Թող ընթերցողն էլ լրացնի, տեսնենք նույն ուղղությա՞մբ ենք նայում… Դժբախտ դեպքերի տեսականին ավելացավ ևս մեկով՝ հոսանքահարություն. 2015թ.-ի հունիսին

Հայլե՜, էս ծաղկող, մամռոտ քարեր…

Ինձ որ լսեք, Հրազդան քաղաքի կողմից Զովաբեր գյուղ մտնելով՝  Գագարին պրոյեկտով մեր լավ ուղեկից-գործընկերը դարձած Արմեն Սահակյանի գոմի մոտ մեքենայից կիջնեք, աջ կանեք, ծաղկած-մամռոտ քարերով կքայլեք, կանաչ-սիրուն արահետ է, ու կհայտնվեք  նույնպիսի՝ բնության հուշարձան անհամար քարերի խոռոչ-ձոր կազմած խլխլի աշխարհում․․․ 

Անսովոր կազմակերպում սովորական երեխաների համար…

«Ձմերուկն ու Դավիթ Բլեյանը». այս նկարաշարը ծնվեց-բեմադրվեց իրական սցենարով, երբ իրիկունը 7-8-ի արանքում Բանգլադեշի մի մեծ ձմերուկով տուն մտա… Դավիթը չթողեց, որ շորերս թամամ փոխեմ, սոված էի՝ հաց ուտեմ. ինձ