Մի փոքր ուշացումով, բայց միացա Գեղարվեստի դպրոցի Վահե Էբրահիմին, միասին նշեցինք Կոմիտասի ծննդյան օրը: Հուզվեցի-ուրախացա.
Ինչ է կրթության, դպրոցին նպատակը: Մանուկը բարոյական կյանքի փիլիսոփայությունը, կյանքի հասկացողությունը չունի: Պետք է անոր հոգեկան զգացումներուն հավասարակշիռ դաստիարակություն մը տալ: Մեր մեջ փոքրիկ մանուկներու կսկսեն սովորեցնել բարոյախոսական, խրատական, փիլիսոփայական երգեր, որոնց իմաստն ան չի հասկնար ու չազդվիր այնպես, ինչպես պետք էր: Մենք մանուկներու հոգեկան պահանջներուն հարմարցված դասագրքերը չունինք. մեր դասագրքերը լեցուն են փիլիսոփայական, բայց ոչ ճիշտ մանկական նյութերով: Իսկական վարժապետներ չկան: Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Կոմիտաս՝ «Պարն ու մանուկը»
Գիշեր է՝ 3-ի և 4-ի արանքում, քիչ առաջ ճանապարհեցի-ծնողների ննջարան ուղեկցեցի վատ երազից արթնացած Դավիթ Բլեյանին. քնի մեջ, բայց առյուծ է… Հիմա mskh.am-ում եմ, երկա՜ր կմնամ, ընթերցանության ծավալ կա կուտակված… հետո կսկսեմ պատմել իմ օրը, իմ երեկը։
Կրթահամալիրի գրական բաց ակումբի հերթական հանդիպում-քննարկումը Գեղարվեստի դպրոցում:
Սուսան Մարկոսյանի հետ խնամքով պատրաստվում եմ այսօրվա մանկավարժական ամենամսյա սեպտեմբերյան հավաքին… Ոչինչ բաց չեմ թողնում-չեմ թողնելու. ակումբ առ ակումբ անցա: Ինչո՞ւ չկա Լևոն Աբրահամյանի անիմացիայի ակումբը: Թաղո՞ւմ եք, թաղե՞լ եք «Խաղարկային դատարանը», երբ չեմ իմացել-մասնակցել հոգեհանգստին, Վանիկ Գաբրիելյան ու ընկերներ, կամ տարատարիք գիտակներինը, Վահրամ Թոքմաջյան ու ընկերներ… Չեն լինելու՝ հանե՛ք, չի կարող անունը լինել, ամանում չլինել… Ինչո՞ւ չկան պատանեկան մարզական ակումբները… Ոգին փոխանցվում է ոգու հետ. որտեղ ոգի կա, այնտեղ և այն փոխանցելու լծակը՝ պատանեկան ակումբը՝ ֆիզիկական-վիրտուալ, թե վիրտուալ-ֆիզիկական… Կամ Սուսանի վերնագրած «խմբագրություն-ակումբները»… Կենդանի-օրգանական հավաքներ չե՞ն՝ իրենց ուրույն ինքնավար կյանքով… Ոգի ու պարզ մարդկային կյանք՝ իրար հետ լինելու, միասին լինելուց-գործելուց՝ ապրումակցության հաճույք, շիտակ մարդկային հարաբերություններ՝ տարատարիք ավագներով ու կրտսերներով, առանց ժամի-պատարագի (ձևականության)… Ակումբները մեր որպիսության ցուցանիշներն են… Ես բաց չեմ թողնելու, հանգիստ չեք ունենալու…
Ականջիս սկսված անձրևի ձայն է. գաս-չգաս՝ Թոփչիկի հետ առավոտյան հեծանվապտույտ ունենք: Նաև քայլարշավ ունեմ, հետաքննական, Բաբաջանյանի վերգետնյայով-Բախշյան այգով-Սեբաստացի ագարակով-Հարավային դպրոց՝ Անկախ մայլա. ի՞նչ զարգացում են ապրել Շամիրամ Պողոսյանի-Հասմիկ Պողոսյանի պարտիզապուրակային նախագծերը…
Պարտիզապուրակային աշխատանքները կրթահամալիրի Հյուսիսային, Արևմտյան դպրոցներում:
Մի-մի ցուցանիշներ են և ընդհանուր պարապմունք-համերգները… Մարմարյա սրահի առավոտյան կանչը, Սյուզի Մարգարյան, Մարգարիտ-Մարթա, ներսումս կա, բայց, ահա, Մայր դպրոցից ձայներ ինձ չեն հասնում՝ միասին օրը սկսելու, միասին հրապարակավ լինելու, միասին ուրախության, ծափահարելու, միասին երգելու-շարժվելու, հրաշք անակնկալ-լուսաբաց դիմավորելու… Ամեն ինչ բերենք ներկա-բացակայի՞, սոսկ ֆիզիկական ներկայությա՞ն, բա սրտա՞նցը, բա ձեռքից բռնել-մեյդան հրելը-բերե՞լը, բա հանրայի՞նը, բա օգնե՞լը… Սա՝ Մայր դպրոցի ընդհանուր պարապմունքը, համերգ-ներկայացման, տոնախմբության, սեբաստացիական ոգեղենության-որպիսության ձայնը, գույնը, պարը, որ պիտի պարտակվեն մեր ոգու շարժման ձևով Մարմարյա սրահում՝ խնամված-մշակված որպես մեր համերաշխ լինելիության ցույց-տեսարան…
Ո՛չ աշունը՝ իր անձրևով, ո՛չ ձմեռը՝ իր ցրտով, իմ հեծանվա-արշավային առօրյան-աշխատանքը չեն փոխի՝ մարզական-ոտքի վրա, անխոնջ-անընդհատ շուրջ տարի… Ցուրտ-անձրև, ինչպես շոգ-արև, սիրում եմ:
Կրթահամալիրի տնօրենի՝ շիլա ուտելու վարպետության դասը Հիմնական դպրոցի հինգ տարեկանների հետ:
Շնորհակալ եմ Սուսան Հովհաննիսյան քույրիկիս՝ օգնականին իմ օրագրի, երեկվա գրիս հղումների համար… Այո՛, ես վերադառնում-կարդում եմ իմ գիրը վերջում հենց հղումների համար… Չգիտեմ՝ կարդացի՞ք, անցա՞ք, ո՞ւր. վերադարձե՛ք, Սրվանձտյանց Գարեգինի հայուն այս աղոթքին ու Կոմիտաս Վարդապետի՝ հայ մանուկին դաստիարակի այս պատգամ-ուղեցույցին. առանց կարդալու ձեզ չեմ թողնի, տեղս չեմ գտնում, ահա ձեզ իմ իդեալ-գործիչները, ովքեր իմ հերոսի՝ Խաչատուր Աբովյանի կանչով վեր կացան, տրեխները հանեցին, անցան գործի… Քաջության նորություն, հաղթության նորություն. պառկել ու սպասելը մեծ հիմարություն է… Թվում է՝ «Խաչատուր Աբովյան» նախագծի հրապարակում-շրջանա՞կ տվեցի, Սոֆյա Այվազյան, Քնարիկ Ներսիսյան և ընկերներ։ Կկարդա՞ն-կարդո՞ւմ են մեր պատանիները Բակունցի վեպը…
Պատիվ ունեմ, քաջություն՝ մեծ ուխտից առաջ, սեպտեմբերի սեբաստացի մեծ մանկավարաժական ժողովին հրապարակել-ներկայացնելու նորությունները մեր գործի: Առաջիկայում, 2017-ին, մենք մայրաքաղաքում, մարզերում կբացենք սեբաստացիական (հեղինակային կրթական ծրագրով) նախակրթարաններ (պարտեզներ) կրտսեր դպրոց (դպրոց-պարտեզներ), միջին դպրոց, հանրակրթական համալիր… Ի՞նչ հերթականությամբ ու որտե՞ղ, որքա՞ն… ինչպե՞ս կստացվի-կառաջանա. սկսում ենք, ահա սկսեցինք:
Տաթև Բլեյանի Վահանի հետ, Վահանի շուրջ:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Կատյա Գրիգորյանն այսպես խոսեց «Այսպիսին է իմ մասնագիտությունը, զբաղումը. մանկավարժությունն ու դրա հետ երաժշտական մանկավարժությունը: Մի Բան , որ առանց մենք-ի չի հնչում: Միայն ես- ով չի հնչում, ինձ ու քեզ- ով չի սահմանափակվում: Տարածություն է սիրում. կերպարվեստի պես»։ Հասկացա: Իսկ վերջը՝ Կատյա ջան, ոչ: Ես որ չեմ հասկանում, ասում եմ:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 804