— Արի գնանք, սուրբ եղիցի անուն քո,- այսպես է դիմում Դավիթ Բլեյանը ինձ ու պարտադրում իր կամքը։
Ասել է թե՝ մենք Սուրբ քաղաքում ենք՝ Երուսաղեմում, ամբողջական ներառված, և ժամանակն է ուղիղ կամուրջ հաստատելու կրթական կենտրոն Բանգլադեշի, նրա ուխտի-շրջագայության մեջ գտնվող տնօրենի, նրա օրագրի ընթերցողների հետ։ Հատկապես, որ այսօրվանից սկսած ամեն օր լինում եմ mskh.am-ում, հետևում եմ էլեկտրոնային փոստին՝ որևէ ձևով չմիջամտելով կրթահամալիրի տնօրենի պարտականությունները կատարող Գևորգ Հակոբյանի գործողություններին։

Կրթահամալիրը կշահի, բոլորս կշահենք, եթե ես ուխտի այս հագեցած ծրագրում կարողանամ շարունակելի պայմանավորվածությունների բերել կրթահամալիրի գործընկերությունը հայոց Երուսաղեմի հետ։ Սուրբ Երրորդություն եկեղեցու հովվի և հավատացյալների մասնակցությամբ մեր Վարագա Սուրբ խաչի ուխտագնացությունը Երուսաղեմում, որը սկսվել է սեպտեմբերի 30-ից ու կտևի մինչև հոկտեմբերի 11-ը, շատ հագեցած ծրագիր ունի ու ժամանակ չի թողնում նրա ընթացքի կանոնավոր, այնպիսի մեկնաբանման համար, ինչպիսին կուզեր Յուրա Գանջալյանը։ Արմինեի հնարավոր աջակցությունը «հաջողությամբ» չեզոքացվում է  յուրօրինակ ուխտավոր Դավիթ Բլեյանի կողմից։

Սեպտեմբերի 30․ ժամանում Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայան, ապա մեկնում Երուսաղեմ։ Տեղավորում  Jerusalim Tower hotel հյուրանոցում, իսկ 18։00-ից մինչև ուշ գիշեր ապրում ենք Ս․Հարության տաճարում․․․ Ապրում բառիս բուն իմաստով, մինչև կեսգիշերին մոտ առյուծ Դավթի հոգնատանջ մարմինը ուխտավորի համբերատարությամբ, Անդրանիկ սարկավագի աջակցությամբ հասցնում եմ հյուրանոց։ Այդ ընթացքում Դավիթը հասցնում է քնել Սուրբ տաճարի, հայկական Երուսաղեմի բոլոր գավիթներում, անկյուններում, հրապարակներում․․․ խորաններում, գահակալական աթոռակներին․ պատմելու բան չէ։ Պիտի ապրել` ապրում ենք, և լուսանկարները ընդունեք որպես սոսկ փաստեր, մեր ուխտի վկայություններ։

Կորզեցինք մեկ ժամ`  Երուսաղեմի մարդկային դեմքը Դավթին ներկայացնելու համար։ Հատկապես որ Դավիթը շարունակ պնդում է, որ ինքը որևէ մեղք չի գործել, և զարմանում-բողոքում է, թե ինչու ենք իրեն Սրբազան քաղաք բերել մեղքերից իր համար այսպիսի չարչարանաց եղանակով ազատելու համար։ Արդեն ուխտավորների հետ քննարկում է օր առաջ Երևան՝ իր դպրոց վերադառնալու հնարավորությունը։ Ես էլ առաջարկում եմ, որպես այլընտրանք, մեր այստեղի Ժառանգավորացի «բողբոջ» կամ «կոկոն» կրթական հաստատությունները, հատկապես որ Հայր Սուրբը, ով այնքան սիրալիր, բանիմաց, հոգատար է Հայաստանից ժամանած բոլոր ուխտավորներիս նկատմամբ, և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կրթական տեսուչն է։

Իսկ այն լանջաշատ այգին, որ դուք տեսնում եք, հիշեցնում է մեզ կառուցվող կրթական պարտեզը Բանգլադեշում` հուշելով մեզ առվակի ստեղծման հրաշքի անհրաժեշտությունը։

Հոկտեմբերի 1

08։00` այց  Սրբոց Հակոբյանց Մայրավանք․ ուխտի աղոթք և խոնարհություն Ս․Հակոբոս Գլխադիր առաքյալի  և Սուրբ Հակոբոս Տեառնեղբոր շիրիմներին և մասունքներին, Սուրբ Պատարագ Սուրբ Հակոբյանց տաճարում։ Ս․Հրեշտակապետաց վանք, Քրիստոսի առաջին բանտ։

04։00` գիշերային պատարագ Քրիստոսի Սուրբ գերեզմանի վրա։

Ինչպե՞ս է, որ երկու աշխարհակալ՝ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների հետ, մենք՝ ոչ աշխարհակալ Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցով ունեցանք Սուրբ հողում հավասար ներկայություն․․․ հասկանալ է պետք։ Ես նկարներով, տեքստերով գիտեի, կարդացել էի սոսկ այս մասին, իսկ հասկանալ ուզում եմ. և շարքային ուխտավորի իմ կարգավիճակը ամենահարմարն է սրա համար։ Ես եմ ընտրել այն և ճիշտ եմ արել։ Օգնե՛ք ինձ, սեբաստացիներ բոլոր կարգի, այս ուխտը մինչև վերջ իր առաքելությանը ծառայեցնելու։

#806

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քոմենթը՝ խմբագիր ուսուցչի գործիք

Կարդալու խնդիրը միշտ կա, տեքստը հրաման լինի, այլ իրավական ակտ… թե, անգամ, մարդու հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, էլ չեմ խոսում՝ սովորողի ուսումնառության պայմանագրի, ուսումնական պլանի, դասընթացի ծրագրի, «Դպիր»-ի հրապարակման թե կրթահամալիրի

Ձմեռ պապին սրտով դիմելու ժամանակը

Ձմեռային-ամանորի լուրերի մեջ սա ի՛նչ է՝ պարգև՞… Հաստատվել են Առնո Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները. սա էլ մեր՝ անմիջական Հյուսիս-հարավը… 2018-ի գարնանը շինարարական մեծ աշխույժ՝ մեքենաների-շինտեխնիկայի, նաև կրթահամալիրի Բանգլադեշի

Ինչպե՛ս հայտնենք շնորհակալությունը…

Միշտ եղել է ու կա՝ մեզանում-ձեզանում… Նախ՝ «ողջույն» ու հետո՝ «շնորհակալ եմ»: Մեզանում բարյացակամության մեծ պակաս՝ ընտանիք, հավաքանի, հասարակություն ստեղծող այս ատաղձի… Առանց առիթների, որպես առօրյա ծանոթի-անծանոթի նկատմամբ բարյացակամ լինելու