«Անկեղծ ասած»-ը… երանգավորող արտահայտություն է. ես գիտեք, չեմ սիրում, չեմ գործածում, հաճախ դիմացինի խոսքի մեջ ուղղում եմ: Պետք էր ինչ-որ կերպ գիրս սկսել-սկսեցի. ընթերցողի ուշադրությունը հրավիրեցի՞: Առանց պաթոսի՝ լավ է. սովորաբար ասում են՝ առանց կեղծ պաթոսի, ես ասում եմ՝ առանց պաթոսի, բնական-սովորական, տրամադրությունդ բարձրացնող, թե տեղը պահող…. Արփի Սահակյանի «Տիեզերքն ու թիթեռը», մեր միջին դպրոցի 6-րդցիների մուտքի, 7-րդ դասարանցիների ամառային պատումները, Սևանի «Ժայռի» արձագանքները, Վանուհի Բաղմանյանի՝ մասնաժողովին ներկայացրած հայերենի ֆլեշմոբի ծրագիրը, Աստղիկ Մամիկոնյանի «Լուսաստղ»-ի հրապարակումը այդպիսին են, առանց կեղծության ու պաթոսի… Այդպիսին է և Քնարիկ Ներսիսյանի, իմ, Գևորգ Գրիգորյանի էլեկտրոնային այս գրագրությունը…
Հարգելի տիար Բլեյան, առաջարկում եմ Գեղարվեստի դպրոցում որպես մաթեմատիկայի դասվանդող աշխատանքի անցնի Գևորգ Գրիգորյանը:
Գևորգը երկու օր եղել է Գեղարվեստում պարապել մաթեմատիկա 4-րդ և 5-րդ դասարաններում: Նրա շփումը սովորողների հետ ստացվեց, միանգամից համախմբվեցին վերջինիս շուրջ: Ուրբաթ օրը վերջինս նաև միացավ բակի բարեկարգման աշխատանքներին, մասնակցեց մեդիաուրբաթին: Գևորգը խաղաղ է, համեստ:
Քնարիկ Ներսիսյան, Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար
Հարգելի գործընկերներ, մենք ունենք կրտսեր դպրոցում լրիվ ծանրաբեռնվածությամբ մաթեմատիկոսի պահանջ։ Լավ է, որ Գևորգ Գրիգորյանի ինժեներ-մեխանիկ-ծրագրավորողի աշխատանքային կենսափորձով, զինվորական ծառայությամբ անցած երիտասարդի հետ գործ ունենք։ Բարի գալուստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր….
Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
Շնորհակալ եմ պարոն Բլեյան։
Գևորգ Գրիգորյան
Մեդիահմտությունների ուսուցում, 1-ին դասարան։
Ֆոտոշարքը՝ Կարինե Բաբուջյանի։
Առանց կեղծի ու պաթոսի, բայց իմ օրը լեցուն է այն մտքից, որ կրթահամալիրի Բանգլադեշի մեր Հյուսիսում կրտսեր դպրոցականների հետ սկսում է շփվել-ընկերություն անել այսպիսի նկարագրով-կենսագրականով երիտասարդ…. Այսպիսի՞ն է մեր սեպտեմբերյան ստեղծագործական հավաքը՝ ընթացքը, բովանդակությունը, նախագծերը հավաքներին ներկայացվող…. Ահա այսպիսի՝ առանց կեղծ պաթոսի հավաքով ավարտվեց իմ օրը մեռելոցի… երկուշաբթին, որ աշխատանքային էր ոչ միայն ինձ համար, Կենտրոնում-Գեղարվեստում-Դպրոց-պարտեզում առանց պաթոսի աշխատանքներ էին ընթանում…. Նոր դպրոցում էլ, իհարկե, բայց առանց սովորող-ուսուցիչների՝ չնայած ճիմապատման-կանաչապատման աշխատանքների ծավալումը կարելի էր պատկերացնել այնպիսին, որ մեռելոցը-շաբաթ-կիրակին ոչ միայն չկտրեին ընթացքը անկեղծ-առանց պաթոսի, այլև խթանեին՝ դառնար եռօրյա բնապահպանական ճամբար՝ իր լողափով, ֆլեշմոբով, կանաչապատումով-բարեկարգումով…..
Բակային աշխատանքներ։
Հիմնական դպրոց, 5 տարեկաններ։
Իմ մեծ քրոջ ամուսինը, մեր Արտաշես փեսան 90 տարեկան դարձավ. ու մենք մի հարազատ խմբով այնքա՜ն ազնվական հավաքի էինք նրանց ստեղծած համեստ բնակարանում, ինքն էլ Նեկտար քույրիկիս հետ՝ սեղանի գլխին։ Արտաշն այն մարդկանցից է, որ երկարատև ազդել է իմ նկարագրի վրա, մասնակցել իմ ձևավորմանը… Ու ես դա գիտեմ. Արմինեի ու Դավթի հետ եկել էի շնորհակալությունս հայտնելու… Եվ հայտնեցինք՝ անկեղծ, առանց պաթոսի, ես, Արմինեն, Դավիթը, Լիլիթ ու Զոյա աղջիկներն ու նրանց Աշոտ, Միշա ամուսինները՝ զավակներներով-հարսներով-թոռներով, Մանուկ տղան՝ իր ընտանիքով, Նեկտար քույրիկով… 66 տարի՝ միասին, ու բոլորս շնորհակալ ենք, Արտաշես Բազեյան, իմ քույրիկի հետ՝ այսպիսի տարիներ, մինչև քրոջս 90-ամյակն ու… Մնացածը՝ իմ գրի …. համարում (հաշվեք՝ ո՞րերորդը կլինի. Արտաշեսի ծննդյան օրվա հատուկ մրցանակ հաշվողին)։
Այսպիսի՞ն են դառնում մեր հարաբերությունները աշխատանքային… Ես երբեք այսքան պատրաստ չեմ եղել, որպես գործատու, կեղծիքից ազատվելու, պաթոսազրկելու-կրթելու կրթահամալիրը վերից վար՝ հյուսիսից հարա՞վ, ձախից աջ՝ արևելքից արևմուտք, ինչպես հիմա… պարզեցնելու, եթե մեր որոշած մանկավարժությամբ ենք զբաղվելու՝ անկեղծ, առանց պաթոսի…. Իմ ճակատագիրն այլ կերպ դասավորվեց. ինձ լրիվ կբավարարեր այսօրվա մեր կրտսեր դպրոց-պարտեզներից յուրաքանչյուրը, մի ակումբ, մի ծառայություն… ու անկեղծ-առանց պաթոսի կխորանայի… Մանկավարժությունն առանց անանձնական նվիրումի չի լինում….
Կձևավորվե՞ն այս օրերին պարտիզպանների ջոկատներ, այդ թվում՝ աշխատանքային (թե՞ դա ամառային-սեզոնային է), «Ընկերություն» (թե՞ դա Սոնա Փափազյանի մենաշնորհն է ու քմահաճույքը). գործը՝ ծով, օրինակ՝ Ագարակը իր բարձունքով-ձիանոցով նախագծային տեսքի բերելը, Նոր դպրոցի հարավարևելյան բարձունքը՝ Բաբաջանյանի 43, 47 շենքերի անհասկանալի տարածքը Վահան Ասատրյանի պուրակում ներառելը, Գեղարվեստի-հարավ-արևելյան ճակատը հանրային հարթակ դարձնելը, կրթական պարտեզն ամեն օր խնամելը… Սեպտեմբերյան հավաքը մեր այսպիսի հնարավորություն տալի՞ս է։
Պարտիզպանների ջոկատ։
Հիմնական դպրոց, 4-5-րդ դասարանցիներ։
Երեկ, օրվա վերջում, մինչև Նոր Նորք՝ քույրիկիս, փեսայիս այցելելը, հանդիսավոր մոտեցավ մեր ընկեր Արմենը՝ հայտնի պահապանն ու կոշկակարը, Բաբաջանյանի թիվ 39 շենքի բնակիչների անունից ունենալով լիազորություն՝ փոխանցելու, որ իրենք պատրաստ են միանալու «Կրթական պարտեզ» նախագծին ու իրենց բակն ազատելու-մաքրելու, դարձնելու հանրային տտարածք։ Անկեղծ հարցնում եմ, առանց պաթոսի՝ ներսի՞ց, մեզ համա՞ր եք անում, քառասուն տարի Բանգլադեշի շենքում ապրող մարդու-խմբի հայա՞ցք է փոխվել իր բնակավայրի, բակի, … դպրոցի նկատմամբ։ Ի՜նչ նոր, չնվաճված հարթակ է բացվում ոգևորության, մեր մասնագիտական, մարդկային լավագույն որակներով ներկայանալու համար։ Մի պայմանով՝ անկեղծ ու առանց պաթոսի… Այսպե՞ս սկսվեց մեր հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա հավաքը՝ թվով 11-րդը…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#789