Օրացույցով մեր պատվիրած, մեր կառուցած հունվարյան ուսումնական ճամփորդական-ճամբարային հեղինակային ընթացքի համար, իսկապես, ինչպիսի՜ սպասված-հաշվարկված կիրակի՝ իր շաբաթով, մեր գիտագործնական կլոր սեղան-ներկայացումներով հինգ անընդհատ օրերի, ուռա՜, անցավ, և ուսումնահետազոտական առավել ստուգատեսային, կեցցե՛, գալիս է, օրերի արանքում, իրենց կցված շաբաթ օրով․․․ Սուսան Մարկոսյանը՝ իր մանկավարժական լաբորատորիայով, ուսումնական օրացույցների (տարվա, ուսումնական շրջանների, ամսվա, օրվա․․․, սովորողի, թե աշխատողի արձակուրդի) կազմման վարպետ է․․․ Ահա հունվարի վերջին ենք հասնում, վերջը կտեսնենք` թե չէ, Մարիետ Սիմոնյանի ծիծաղը լսեցի, բայց… մեր Սուսոն պարտադրում է քննարկումով-ուղղումով-լրացումով (այսքա՜ն դեմոկրատ) ընդունել ի գիտություն փետրվարյան սեբաստացիական նախագիծը․․․
Ես մի լրացում այնուամենայնիվ ունեմ․ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կամ փետրվարյան մայրենիի ստուգատեսի շրջանում անցկացնենք «Դպիր»-ի օր՝ իր բովանդակային ֆլեշմոբով ու ինտելեկտուալ խաղերով, ֆիզիկական ու մեդիա միջավայրում «Դպիր»-ի ներկայացումներով․․․ Այդքա՜ն դեմոկրատ եք, կրթահամալիր, քննարկեք առաջարկս․․․ դարձրեք ձերը ու մերժեք․․․
Ախր շա՜տ է հագեցած մեր օրը․ մի շունչ քաշելու օր էր մնացել ինձ՝ բարեխիղճ ճամբարականիս, գիտագործնականի ակտիվ մասնակից տիարին, երեկվա շաբաթ օրը, էն էլ սկսվեց առավոտվա 9-ին, մանկավարժության լաբորատորիայում Սուսանի և Գևորգի հետ, մեր հեղինակային կրթական ծրագրի 2017-ի գործողությունների լրացմամբ․ այն հրապարակված է, որպես կիրակի ընթերցման համար հույժ կարևոր․․․ Հետո լաբորատորիայում, թեյի սեղանի շուրջ, իր «Ռաֆայելո» կոնֆետների տուփով մեզ միացավ Քնարիկ Ներսիսյանն ու մանկավարժական ակումբայինի համ ու հոտ ունեցող զրույցը մեր քառյակի ընթացավ ներառական-հանրակրթական հեղինակայինի ուղղությամբ, մինչև «Հարթակ Գեղարվեստում» ակումբի փետրվարի սկզբին նախատեսված (Քնարիկի նպատակադրումը կասկածի տեղ չի թողնում) տպավորիչ մեկնարկով․․․ Հյուսիսային դպրոց-պարտեզի մայրիկների խումբը՝ Հայկուշ Հովհաննիսյան սեն-սեյը մեր, Քնարիկը Ներսիսյան ծրագրի ղեկավարը՝ իրենց մանկավարժական հարցադրումներով, թարմ-իրական-հեղինակային, այնպիսի ընթացք հաղորդեցին հունվարի 19-ի կլոր սեղանին, որ այս խմորը, տեսե՜ք, նոր-նոր է ջուր վերցրել․․․
Բաբկեն Փաշինյանի ճամբարային ջոկատն է լողավազանում:
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:
Հետո սկսվեց ակումբային քննարկումների շաբաթ՝ իմ բարեկամ-հարազատների՝ Հովհաննիսյան-Բլեյանների շրջանում, Սուսան Հովհաննիսյանենց տանը․․․ Մեզ միացավ իմ սքանչելի քույրիկ Աննա Բլեյանը, ու ակումբի պարապմունքը տեղափոխվեց Աննա- Առնոլդի բնակարան․․․ Թեմայի բարդը ո՞րն է, հացակեր չենք, որ հավաքվենք ծամելու համար, մեզ հերիք է մի թասը, գինու-թեյի, բայց կարևոր է, որ մտերմիկ միջավայրը, զրույցը մինչև վերջ անկեղծ-բաց-լսելի լինի կողմերին, որ այն համաձայնեցված-պատասխանատու գործողությունների մղի․․․
Այսպիսի հագեցած-ինտելեկտուալ-հուզական շաբաթը արժանի ավարտ-ամփոփում ունեցավ մեր տանը․․․ Մելինե Մարտիրոսյան քույրիկն իր եղբայր Դավթի հետ շարունակում է «Սովորող-սովորեցնող» ընտանեկան նախագիծը ու տեսե՜ք, ինչպիսի՜ զարգացում․․․ Դավիթն ու Մելինեն որոշել են, սկսել են ստուգատեսյան ճամբարային շաբաթ՝ ընտանեկան բաղադրիչով, Դավթի քույրիկ- եղբայրների՝ հատկապես Արմենի, Սոնայի, Նազենի կրտսերի ու Արևիկի, Մարիամի հերթափոխային մասնակցությամբ, Դավթի սենյակում առկա բոլոր լեգոներից, մեքենաներից, մեխանիզմներից․․․ մոդելներից իսկական քաղաք են հավաքում-կառուցում-ցուցադրում, բացումն էլ ուզում են ընտանեկան ղափամայով անել, Վահան հերոսին վստահել․․․ Ինչ դետալ-գործիք էլ պակասի` Դավթի քույր-եղբայրը իրենց տներում կփնտրեն․․․ Իսկական ինժեներական-տեխնիկական նախագիծ՝ իր բնապահպանական-տեխնոլոգիական լուծումներով․․․Իսկ սեբաստացի Արամը` մեր հարևանն ու Դավթի ընկերը, որ երկար ժամանակ աշխատել է Երևան քաղաքի կառավարման կենտրոնում, կարող ստանձնել այս մեծ նախագծի գիտական ղեկավարումը։
Դավթի կառուցապատման լուսանկարերը՝ Մելինե Մարտիրոսյանի:
Իսկ Մելինեն՝ իր Մարգարիտ ընկերուհու և Անի ուսուցչի հետ պատրաստվում է այս շաբաթվա «Սևանը ձմեռային մեր լուսանկարներում» նախագծի իրականացմանը։ Նախագծի աջակիցն էլ այսպես, Արմինե մորաքրոջ նման է լինում․ Արմինեն հանդիսավոր, ընտանեկան միջավայրում, ընտանեկան ծափերի ներքո, Մելինեին նվիրեց իր պրոֆեսիոնալ ֆոտոապարատը․․․ Ինձ իհարկե ոգևորում է ընտանեկան բաղադրիչի ավելի գործուն ներխուժումը հեղինակային կրթական ծրագիր։ Բռավո՜․․․
# 913