Օրը, Խաչվերաց տոնը, կիրակին անցկացրինք Դավիթ Բլեյանի հետ, ու գիրն էլ Դավթի մասին է․․․ Սրանից հեշտ-սիրելի գո՞րծ․․․ Էս խաբլան-անհոգնել-միշտ մազալուի մեծախոսությունները-անցումները, զվարթացումները հազիվ հասցնում ենք ես ու Արմինե մայրիկը մեր հիշողությանը հանձնել՝ որպես օրագրի պահեստանյութեր․․․ Դրանք գիր են տեղափոխվում առանց հեղինակային-բովանդակային լեզվական-ոճական միջամտությունների․․․ Լեզվական-ոճականը ամենադժվարն է։ Ես խնդրում եմ Արմինեին նորից համեմատել իմ փոխանցածը իր լսածի հետ․․․

Դե, Դավթին այս գործում չես ներգրավի, ո՛չ օրագրի ընթերցող է, ո՛չ էլ լուրջ է վերաբերում իր չարչարանքին՝ մտքերին․․․ Ինքը շարունակ նոր է, այսօր է, հիմա․․․ Խաբլան եմ ասում մեր հերոսին, որովհետև արդեն քանի՜ օր պիտի մազերը կտրելու տանենք․․․ Ամեն հյուր գնալուց, տեղ գնալուց առաջ ոգևորում է մեզ ու․․․ Մնաց երկուշաբթի, այսօր․․․

— Պապ, ո՞նց է, որ ամեն ինչ ունեմ, բայց տատիկ-պապիկ չունեմ․․․ Իմ ընկերներն ունեն, բայց ես չունեմ ․․․ Պա՜պ, ընենց արա՝ ունենամ․․․

Ուսումնական հմտությունների ցուցադրում հարազատների միջավայրում։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։ 

Խաչվերաց տոնի մեր բլեյանական հավաքին, որ սիրով-շնորհքով կազմակերպել էր իր պապական գերդաստանում Արամ Թաթոսի Բլեյանը, Դավիթը Բլեյան, համառորեն պապ-տատ էր փնտրում․․․ ու գտավ․․․ Իմ հորեղբոր աղջիկ Հասմիկը, Բալաբեկ Բլեյան հորեղբոր աղջիկներից մեծը, սիրով, իրեն բնորոշ ջանով-ջիգյարով ստանձնեց տատությունը Դավթի․․․ Պիտի առաջիկա օրերին գա Արևմուտքի դպրոց-պարտեզ, ինչպես Դավթի ընկերներից շատերին են ընդառաջ գնում, դիմավորի Դավթին, որ Դավիթը իր ընկերներից ետ չմնա, տատի ձեռքը բռնի, ու միասին ուր ուզում են՝ գնան․․․
— Պա՜պ, որ ընկերներս հարցում են՝ էսօր ուր եմ գնալու, խաբում եմ, ասում եմ՝ գնալու տատուս-պապուս տուն։ Գիտե՞ս ինչքան լավ տեղեր են գնում իրանց տատիկ-պապիկների հետ իմ ընկերները․․․ Լավ կլինի, չէ՞, որ ես էլ նոր տեղեր գնամ․․․

Վերադարձի ճանապարհին, մեքենայում դիմում է մորը․․․
— Մա՜մ, արի Հասմիկ տատիկին մի օր հրավիրենք մեր տուն։ Համ էլ ինքը մեր տանը չի եղել։ Հետո անդրադառնում է թեմայի շարունակությանը․
— Պա՜պ, բա իմ պապիկը ո՞վ կլինի․․․
— Արտաշ պապիկի նման պապիկ ա․․․
— Արտաշ պապիկը քանի՞ տարեկան է։
— Վաղը կդառնա ուղիղ իննսուն։
— Ընկերներիս ասի, չհավատացին։ Ասին, էդ պապիկի հետ ո՞ւր պիտի գնաս․․․ (փչում է)։
— Ստեփան Բլեյանը, Դավի՛թ։
— Չէ, Ստեփան Բլեյանը իմ հորեղբայրն է, համ էլ ինքը Դանիելի պապիկն է, թող Դանիելին մնա, չհոգնի․․․
Հիմա հեշտ է, թող Հասմիկ տատիկը Դավթի համար մի պապիկ գտնի․ ո՞վ ուրախ չէ․․․

Իր Արևմտյան դպրոց-պարտեզում։
Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի։

Երեկոյան, խոհանոցում հարցնում է մորը․
— Մա՜մ, տեր հայրն ո՞վ է, բա իրեն ո՞վ է ստեղծել․․․
— Աստված է ստեղծել․․․
— Իսկ Աստծուն ո՞վ է ստեղծել․․․ Իրան-իրան ստեղծվե՞լ է․․․ Ո՞նց, մարդիկ չեն կարո՞ղ իրանց-իրանց առաջանալ․․․ պիտի Աստված ստեղծեր․․․

— Մա՜մ, ինչո՞ւ երկրներ կան, որ միշտ ցերեկ է․․․ Իսկ կա՞ն երկրներ, որ միշտ մութ է․․․ինչո՞ւ․․․

— Շուտ մեր նոր խմբասենյակը կարգի բերեք, որ բոլոր գործիքներն ունենանք, ու ընկերներիս հետ ամեն ինչ սովորենք-իմանանք․․․ թե չէ ասում եք՝ չգիտենք, ու պըրծ․․․Ինքնուրույն կարո՞ղ եմ ձեր չիմացած հարցերի պատասխանը իմանամ․․․

Դավիթը քնելուն երկա՜ր պատրաստվել է, տվել աշխարհի բոլոր հարցերը, մոր հետ կարդացել քանի՜ հեռախոսային ու գրքային էջ․․․ մի քանի անգամ ընդմիջել է․․․ Ու հետո՝
— Մենակ Ադրիանային եմ սիրում։ Ինքը բոլորից համով է, ինձնից էլ է համով․ մենակ իրեն կբռնեք կուտեք․․․

— Պա՜պ, ես չեմ կարո՞ղ թռչունի նման թռչել, թև առնել ու թռչե՜լ․․․ Պա՜պ, հատուկ թևե՞ր պիտի հագնեմ․․․ Մարդը ինչ ուզի՝ կստեղծի՞ իր համար, հա՛մ ցամաքում, հա՛մ օդում, հա՛մ էլ ջրում։ Ինչ ուզի՝ կստեղծի՞ իր համար․․․

— Պա՜պ, հիմա պատմի երկրաշարժերի մասին․․․ էդ ո՞նց է լինում, որ․․․
Սա ուրիշ պատում է․․․ ո՛չ այս կիրակիի․․․ Այս հարցերի երկրաշարժը մեզ կենդանի պահեց…

Դավթի 5 տարեկան ընկերներն են լողավազանում:

#788

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ապրելու մեր ժամանակի նոր մեկնարկ

Դավիթ Բլեյանի հետ նորից կռվել էինք, չէինք խոսում-հանդիպում… Երեկ առավոտյան Մարմարյա սրահում, ընդհանուր պարապմունքին հանդիպեցինք. մենք ընտանիքով երգում էինք Կոմիտաս, Դավիթը՝ պառկած աստիճաններին, ոտքը՝ ոտքին… Զանգվածից կարողանում է առանձնանալ, զանգվածային

Աստծո տված անգին պատիժ կամ պարգև. մեկ է…

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի

Այսպես՝ ճամփորդական

Շշմելու է այն, ինչ միասին իրագործել-պատմել-ներկայացրել են Արմինե Թոփչյանն իր՝ «Հեծանիվ+վազք+լող» բլոգում, Մարինե Մկրտչյանն՝ իր, տարբեր անուններով, շա՜տ էլ իրենց նման Արմինեինը՝ պոդիում, ֆոտոսեսիա, վազք, հեծանիվ, համերգ… ես կավելացնեի՝ ջանսաղություն,