Երեկ, հոկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին մոտ «Մեդիո»-ից (Օնիկ Դավթյանն է ասում) իջա «Մայր» (Առնոլդ Բլեյանն է ասում). իմ ուշադրության կենտրոնում «Ուսուցողական նոր միջավայր վարժարանում» նախագծի աշխատանքների ավարտումն է։ Գիտեք, շենքի 3-րդ հարկում օր առաջ պիտի ավարտենք շինարարական բարելավման աշխատանքները: Ի՞նչ կփոխի այն կրթահամալիրում: Կփոխի՞: Կրտսեր միջին դպրոցն ինչպե՞ս կզգա սրա ազդեցությունը: Այս հարցերն ինձ հետ են ոչ հիմա, սրանք երեկվանից են. երբ ձգձգվում են աշխատանքները, մեծանում են կասկածները… Բոլոր դեպքերում հոկտեմբերի 27-ին նորամուտ է, լսեցի՞ր, վարժարան, քո ղեկավարով, 10-12-րդ դասարանների սովորողներով և ուսուցիչներով։

Այսպես մտքերով, աննկատ դուրս եկա մարզադաշտ: Մի խումբ մարզչի հետ ֆուտբոլ է խաղում, մի այլ խումբ՝ վարժասարքերի վրա է… Ես մոտեցա, իհարկե, աղջիկների մի փոքր խմբի, որ լողափնյա վոլեյբոլի դաշտի ավազներին էր՝ ոտաբոբիկ։ Հայտնի բակունցասերս ուզում եմ գտնել այն զգացողությունը, որ ունեցա՝ միանալով այս խմբին։ Այնքա՜ն հաճելի էր դաշտում… իսկական դաշտեր… Այնպիսի խաղաղություն էր, որ տղաներն իրենց ֆուտբոլային ճղճղոցով կամ ռազմատեխնիկական թխկադմդմբոցով ազդեցություն չէին ունենում:

— Հավանու՞մ եք մարզադաշտը…
— Շա՜տ: Այսպիսի զգացողություն, տիար Բլեյան, չեմ ունեցել, ոնց որ բնության մեջ լինեմ. չեմ ուզում տուն գնալ…
— Ջուրը պակաս չէ՞… Ավազան լիներ, գետ…
— Պակաս է: Դուք կարող եք, չէ՞… ի՞նչ եք մտածել…
— Գնանք, հրեն՝ Զանգուն մի փողոց այն կողմ է, «Ադմիրալ Իսակովին» զուգահեռ գնում է… թեքենք, թող մեր Զանգուն մեր դաշտերի բնական սահմանը գա դառնա, մի պտույտ անի… էլի գնա՝ Արաքսը թափվի…

— Գուցե լողավազա՞ն բերենք հավաքենք, այ, էն լողափով ու պրծնենք, Զանգվի հունին ձեռք չտանք…
Աղջիկները՝ 7-րդ դասարանցի Դոննան Թովմասյան և 8-րդ դասարանցի Անի Ջանոյանը, նայում են իմ ցույց տված կողմը, որտեղ հարթ, խիճով ընդարձակ դաշտն է…
— Լավ լողափ է… Կլինի, լավ կլինի…

Ե՛վ Դոննան, և՛ Անին, մեծացել են, լավ է, որ ընկերներ են. մեկը՝ Գեղարվեստից, մյուսը՝ Միջինից, որպես առուներ եկել-լցվել են «Մայր»-ի ավազանն ահա… Էլ չխանգարեմ աղջկական մեկուսացմանը, ես իմ չափով համն առա՝ անուշ էր:

Ես տեսա նետաձգության նոր դաշտը… Ի՞նձ եք սպասում, ինչո՞ւ: Մարզամշակութային կենտրոնը, որի կազմում են նաև մարզադաշտերը, նոր Բլեյան պատասխանատու ունի… Կպեք գործի, տեղից շարժեք. ի՜նչ կա այստեղ անելու, արված է: Սևակը, ում ես շատ եմ քննադատում, երբ սովորող-ուսուցիչ նրան բերում, Չարենց է դարձնում, կասեր՝

Թող որ ամեն բան բաց պատկերված չէ, 
Սակայն ամե՜ն բան պատկերացված է: 

Սիրեք, կարդացե՛ք Սևակից կարևորը, բայց, դե մեկ-երկու, այն էլ՝ ոչ բանաստեղծություն, խրատաբանություն, խոսքակոտրուկներով։ Ինչո՞ւ եք այդքան հեշտ «հանճար» բնորոշմանը դիմում: Կարդացեք պարզապես. ես դեռ չեմ հանդիպել մարդու, ով Սևակ ինձնից լավ է կարդացել, ամբողջական գիտի Սևակի գործը՝ «Մարդը ափի մեջ»-ից մինչև «Ականջդ բեր, ասեմ», հոդվածներով, նամակներով… Բանագետ Հովիկ Չարխչյանին հանած…

Ու ես շարժվում եմ մեր դաշտի Բաբաջանյան պողոտայի երկայնքով, վերգետնյա անցումով դեպի Բ-4-ի դաշտեր… Հոկտեմբերի 14-ի հեծանվուղու նորամուտը չի փոխվելու…

Ինձ անակնկալ է սպասվում։ Ես, գիտեք, բրինձ, բրնձով փլավ, շիլա, ապուր շատ եմ սիրում… Բ-4-ում էլ համով են պատրաստում, ինչպես անցած անգամ՝ Հիմնականում, դրանից առաջ՝ Գեղարվեստում… Այստեղ ինձ էլ, ձեզ էլ անակնկալ է պատրաստվում… Իմ հինգ տարեկան կրտսեր թոռնուհի Սոնուլը կտրվում է ընկերներից, իր բրնձի ափսեով գալիս, նստում իմ կողքին… Ա՜յ քեզ պայծառ օր, այ քեզ դպրո՜ց, այստեղ, Գրիգոր Խաչատրյան, ապրում են փառահեղ կյանքով… Ու պապիկ-թոռնիկ,  զրուցելով, ծիծաղով ուտում ենք… Տեսարան է… Լիլիթ Բլեյան, այ թե ումից ես քաղում քո երգերը, քո ժպիտը, քո կենսուրախությունը: Իհարկե: Մոտենում է Սոնուլիկի խմբի Անահիտը, ում մասին քիչ առաջ պատմում էր…
— Սոնուլ, հերիք չի՞, ինչքա՞ն սպասեմ…

Հա, չափն անցել եմ, աղջիկներ։ Ես թոռնուհուս՝ Սոնուլի հետ ապուր ուտելու չեմ եկել այստեղ, այլ, վարպետներ Սերժի և Վանիկի հետ բանելու դաշտերի վրա… Հետո այստեղից կշարժվեմ դեպի Հիմնականի դաշտ… Մինչև մեր տոներն ի՞նչ մնաց՝ մեկ ամիս. ես ուզում եմ ավելի խանդավառ, նախաձեռնող վիճակ տեսնել, անհատականացնել՝ որպես «մեր-իմ» տոն… Նառայի հետ նորից քննարկում ենք պայմանավորվածությունների կատարման վիճակը… Հետ ենք ընկել կիլոմետրով… Թափ է պետք հավաքել, լսու՞մ եք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք: Շատ կարևոր է, որ դպրոցական դաշտերն ավարտենք. հոկտեմբերը դաշտային աշխատանքի լավագույն ամիսն է: Դրսում հաճելի է, ավազը՝ թույլ, դեռ տաք, կարելի է և պետք է բոբիկանալ… Աշնան թաց արևի ջերմությունն այնքա՜ն հաճելի է… մեզ չեն օգնի կամ վատ կօգնեն և´ քաղաքապետարանը, և´ Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչակազմը, չէ՞, չենք մեկուսանալու, չենք նեղանալու…

Ահա ձեզ մի քստմնելի պատմություն, որ ուզում եմ պատմել. միջիցս դուրս գցեմ… պըրծ: Գիտեք՝ շաբաթներ առաջ խփել էր Մայր դպրոցի ենթակայանից արտաքին սնուցող ուժային կաբելը… Մոտ 100 մետրանոց կաբելն սկսվում է ենթակայանից, անցնում թաղի ավտոտնակների տակով, վարժարանի թևով մտնում մեր բակ… 30 տարվա կաբել… Լաբորատորիան, որ պիտի գա հետազոտի, վնասը վերականգնի, պարզվում է՝ առանձին ծառայություն է, մասնավոր. «ՀՀ բաշխիչ էլ. ցանցեր» ռուսական կազմակերպությունը չէ, իբր, ում հետ մենք ունենք պարտադրված պայմանագիր: Ումի՞ց գնես կրթահամալիրի էլ. հոսանքը, եթե ոչ այս ցանցերից… Մերը դաշտերն են, մենք փողաբեր ցանց-ենթակայաններ, էլեկտրակայաններ, լաբորատորիաներ, «Սիթի»-ներ չունենք… Ո՛չ կրթահամալիրը, ո՛չ էլ նրա հայտնի օլիգարխ տնօրենը…

— Սաղ Բանգլադեշը քոնն է,- մի անգամ իմ օգնելու առաջարկին այսպես արձագանքեց «աշխարհի տեր» Սամվել Ալեքսանյանը…

Պարզվում է՝ այս 30 տարվա, հարյուր տեղից կցոնով կաբելը կրթահամալիրի բալանսում է, մեր սեփականը… Հողի տակ ի՜նչ ժանգոտվող հարստություն ունենք… Հաշվեցին, որ այս «հարստություն»-ից ազատվելը, նոր կաբել գցելը կնստի 800 հազարից 900 հազար դրամ… Փող, բնական է, չկա: Մենք պիտի դիմենք ՀՀ կառավարություն, ՀՀ վարչապետի որոշումով՝ կառավարության պահուստային ֆոնդ… քունս տարավ… Փորձեցի փողատեր իմ շրջապատից մի բան պոկել (կասեր Ռ. Սահակյանցը), հիշեցի անգամ Հ. Հակոբյանին… Չեղավ: Հիմա փող չեն տալիս… չեն օգնում… Սամվել Ալեքսանյանը կասեր. «Բլեյան ջան, կրիզիս է»… Համ էլ, ինչի՞ տաս…

Մի խելոք, որ մերժեց, հուշեց՝ դիմեք քաղաքապետարան. «Քեզ ո՞նց կմերժեն, հարգված մարդ ես. կրթահամալիրի համար ես ուզում, չէ՞: Քաղաքի դպրոցներին քաղաքապետարանը տալիս է»: Ոչ միայն դիմեցինք, հետևողական եղանք. խոսեցինք ամեն բարձրերի հետ… ընկեր-ախպեր ենք, չէ՞… Ահա, այսպիսի պատասխան ստացանք, գրավոր, ծրարի մեջ, պաշտոնական՝ փաթեթավորված մերժում: Մենք քաղաքում չենք, Բանգլադեշում ենք: Երևանի քաղաքապետարանը մերը չէ՝ դիմացի դպրոց-պարտեզներինն է: Հալալ լինի: Դիմեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Բիբինին, նրա «Արևմուտք» մասնաճյուղին… Երկար խոսեցինք ռուսերեն, հայերեն, ջանով-ղուրբանով… Էլեկտրական կաբելը վաղուց փոխել էինք, էլեկտրական սնուցումը, ինչպես նաև բնական ինքնազգացողությունը, վերականգնել… Ստացանք հերթական՝ թվով 4-րդ փաթեթավորված մերժումը

Սուսան Մարկոսյանի հետ մանկավարժության կենտրոնում աշխատում ենք, քննարկում կրթահամալիրի միջին մասնագիտական ուսուցման կամ մասնագիտական ուսուցման ծրագրերը… Սուսանը ե՞րբ չի աշխատում, կհարցնեք, ի՞նչ նոր օյին է մտածել մեր փորձանքաշատ գլխին մեր «мировой» (մորս իմացած-գործածած ռուսերեն միակ բառն է) տնօրենը… Խոստացել եմ՝ մինչև հոկտեմբերի 25-ը կշարադրեմ, հանդես կգամ մասնագետի պատրաստության իմ կրթական «դոկտրինով»…

Հերմինե Անտոնյանը, ով կողքիս, «Կլոր սեղանի» սենյակում պատրաստվում է վերապատրաստվող, աշխատանքի դիմող խմբի հերթական սեմինար-պարապմունքին, լուռ, անէ հայտնվում է իմ կողքին: Ժպտում է. նվեր է…
— Տիար, օգնեք, չեմ կողմնորոշվում՝ մասնակցեմ վաղվա միտինգին Ազատության հրապարակում, թե ոչ…

Անակնկալի եմ գալիս: Հերմինեն՝ հայտնի ընդդիմությունը, սիրելի, լևոնասեր, նիկոլասեր, իջևանցի… շվարել է Լևոնի, Նիկոլի, Բարգավաճի ու իր՝ ընդդիմության արանքում…

Ես մասնակցելու եմ։ Շատերն են հարցնում հիմա, երբ հանրահավաքին մնացել են ժամեր: Չեմ սիրում այսպիսի հարցեր, բայց որ հնչել է՝ խնդրեմ: Ով կուսակցական չէ, իսկ ես և Հերմինեն կուսակցական չենք, ո՞րն է խնդիրը: Ազատության հրապարակի այսօրվա հարթակը քաղաքացիական է անպայման։ Փոփոխությունների օրակարգ կարող է լինել և կա Հայաստանում: Թող կուսակցական ՀՅԴ անդամը, «Օրինացը» մտածի։ Քաղաքացին, ով կրում է անձնային  պատասխանատվություն Հայաստանը պատած անհեռանկարայնության ու անհուսության մեգ-մշուշը ցրելու հարցում, ի՞նչ ունի մտածելու: Այսօր կարծեմ  նախագահ չենք ընտրում, ոչ էլ ԱԺ պատգամավորներ, այսօր յուրաքանչյուրն իր քաղաքացիական դիրքորոշումն է ճշտում: Հերմինեն նշանավոր ժպտաց…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր գինին նոր տիկերի մեջ

Ուրբաթ առավոտյան մեծ խցանում առաջացավ մեր աչքի առաջ, մեր տանը, առավոտյան ժամը 8-ից սկսած, երբ թվում էր, մենք ընտանեկան սեբաստացիական եռյակով պատրաստ էինք տանից դուրս գալու… Արմինեն ոգևորված էր. —

Երբ բաժանող պատերը բուսնում են Հայաստանում, ինչպես խոտը՝ հորդառատ անձրևից հետո…

Եթե մինչ այս չեք կարդացել իմ օրվա 433 գրերից ոչ մեկը՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից, դժվար կլինի հիմա անգամ թերթել օրագիրը… Ինչպե՞ս ընտրեք՝ ինչ կարդալ, ինչ հերթականությամբ. հո չե՞ք դնելու

Վերապրածները

Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորող Մարինե Մնացականյանի պատումով սկսված «Վերապրածները» խորագիրը կարո՞ղ է չընդհատվել, հարցնում եմ։ Իրեն ծանոթ մարդու, իր գերդաստանի պատմությունը՝ հայոց ողբերգությունն անհատականացնելու-մարդկայնացնելու-ճանաչելու և ճանաչել տալու՝ ապրելու ճանապարհ է՝ շարունակական