Հայոց մեջ կան արտահայտություններ, որոնք անհիշելի ժամանակներից են, ու տեղից ելնողը գործածում է, բայց ես շարունակում եմ չհասկանալ… «Մի ձեռքում՝ սուր, մի ձեռքում՝ խաչ»: «Երկու ձեռքով խաչը կրելը», «հավատարիմ իր խաչին»-ը կարելի է կտակարանային պատվիրաններից մեկի հոմանիշ դիտել՝ «Սիրեսցես զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ եւ յամենայն զօրութենէ քումմէ եւ յամենայն մտաց քոց…»։ Ես սա հասկանում եմ, Տիրոջ կրած խաչին այսպիսի հավատարմությունն այսօր էլ շատ բան կփոխի մեր կյանքում… «Գաղափարի մարդը գաղափարին ծառայի»… Պիտի իրագործես այն, ինչի մասին հանդգնել ես բարձրաձայնել… Ես, օրինակ, քաղաքականության մեջ եմ 1989-ից, հավատարիմ քաղաքական մեթոդներին, ինչպես մանկավարժության մեջ… Զինվորը պիտի իր պարտքին հավատարիմ՝ իր ծառայությունը կատարի երկու ձեռքով, ոտքով, գլխով… Խաչ բռնող հոգևորականը իր ծառայությունը բերի էլի այդպես… Կամ՝ «քարից հաց քամող ժողովուրդ»… Լավ չէ: Քարից պատ ու սալարկ արա, հողից հաց ստացիր, թե չէ ի՜նչ սիզիփոսյան աշխատանք է՝ քարից հաց քամելը, դրա համար էլ այս օրին ենք՝ ո՛չ ճանապարհներ ունենք ներհամայնքային-միջհամայնքային, ո՛չ էլ հաց կարգին: Ապապետական, գոյապահպանական, յոլա գնալու գործելակերպը 1991-ից տեղափոխվեց անկախ պետականության շրջան՝ զրկելով պետությանը իր գաղափարի մարդուց, հոգևորականից ու զինվորից, ի վերջո՝ զարգացում-առաջադիմությունից։
1991-ի սեպտեմբեր-հոկտեմբերից հետո, երբ տպավորիչ, միասնական, օրինական հռչակված էր Հայաստանի Հանրապետությունը, ընտրված՝ ՀՀ նախագահը (սրանով հաղթահարված Լևոն Տեր-Պետրոսյան-Վազգեն Մանուկյան հակասությունը), թվում էր՝ հավատարիմ ազատության, ինքնիշխանության, իրավականության գաղափարներին, պետք էր սկսել հավաքական արժանապատիվ կյանքի հաստատումը, և դա պետք էր անել՝ բացառելով պատերազմը պետական անկախությունը հռչակած ռազմավարական հարևանի՝ Ադրբեջանի հետ, հաստատելով նոր համակեցություն Վրաստանի հետ, միջպետական բնականոն հարաբերություններ Թուրքիայի… հետ… Իմ՝ «Մուտքը ներսի կողմից» գրում ես հիմնավորել և խորհուրդ էի տվել՝ բլոգի ընթերցարանում կարդալ Հովհաննես Քաջազնունու փոքրիկ գրքույկ հաշվետվություն-նամակը… Ափսո՜ս, եթե ժամանակ չեք գտել. հիմա արեք, իսկ ես տեղին եմ համարում երկու մեջբերում:
- «Կարո՞ղ էինք արդյոք, խուսափել այդ պատերազմից: Հավանականորեն՝ ոչ… Այս ենթադրություններով հանդերձ, մի փաստ մնում է աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ: Սա է, որ չենք արել… Կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ»:
- «Այսօր մենք հասկանում ենք, թե որքա´ն շահած կլինեինք, եթե 1920 թ.-ի աշնանը, «Սևրի դաշնագրի» գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում: Իսկ փաստը՝ պատերազմն էր: Փաստն այն էր՝ աններելի փաստ, որ ոչինչ չարինք՝ պատերազմից խուսափելու համար: Հակառակը՝ ինքներս անմիջական առիթ տվինք պատերազմի»:
Ես պատմական զուգահեռների սիրահար չեմ, որքան էլ դրանք, իրենց նմանությամբ, պարտադրվում են. յուրաքանչյուր դժբախտ դժբախտ է յուրովի: Ես, որպես Գերագույն խորհրդի պատգամավոր, որպես ՀՀՇ վարչության անդամ, փաստում եմ, որ 1991-1992 թթ պետական անկախություն հռչակած ժողովրդի, պետության, քաղաքական մտքի, հասարակության համար ինչպիսի՜ պարտադրանք-հնարավորություն էր՝ գնալ ոչ թե պատերազմի, այլ հարևանների հետ քաղաքական համաձայնության, հաշտության ու նոր համակեցության հաստատման ճանապարհով: Հատկապես, որ Թուրքիան առաջիններից մեկը ճանաչեց մեր պետական անկախությունը: Ո՞ւր է ՀՀ Գերագույն խորհրդի կամ ՀՀ նախագահի հատուկ հայտարարությունը, այն ուղերձը, որը որպես առաջին մտադրություններից մեկը քննարկվել, ընդունվել է նորաստեղծ հանրապետության պետական իշխանության կողմից. չէ՞ որ այդպիսի առաջարկ-նախաձեռնություններ մեր կողմից Գերագույն խորհրդում, ՀՀՇ վարչությունում եղան… Ո՞ւր է անկախ պետականության նոր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը՝ երկու ժողովրդի անկախ պետականության գոյության, ռազմավարական գործընկերության հաստատման պայմաններում: Այդպիսի ուղերձ հնչեց միայն 1992 թ. հոկտեմբերին ու, ցավոք, մնաց որպես մասնավոր նախաձեռնություն, ավելին, ինձ մենակ թողեցին «թշնամու բանակում» և՛ ՀՀՇ վարչությունը, և՛ քաղաքական վերնախավը, և՛ ուղերձի տակ ազատ իրենց ստորագրությունը դրած մարդիկ… Շարունակություն չունեցավ իմ նախաձեռնությունը, չնայած մեր խմբի հետևողական, երկու ձեռքով Նոր ուղու խաչին հավատարմության… Ավելին, ընդամենը 3 շաբաթ հետո, 1992 թ. դետեմբերին, Հայաստանի պաշտպանության նախարարության զորքերը մտան Ադրբեջանի Զանգելան… Փաստացի պատերազմ երկու անկախ պետությունների միջև, բանակ բանակի դեմ, որ տևեց մինչև հրադադարի հաստատումը՝ 1994թ. մայիսի 12-ը։ Ինչերի՜ միջով անցանք Արցախում և Հայաստանում։ Սրա մասին՝ առանձին… Մինչ այդ կռվում էին ինքնապաշտպանության ջոկատները. դրանք տեղային մարտեր էին։ Ես ուզում եմ իմ բլոգի ընթերցարանում Զանգելանի գործողության առիթով բերել «Հասարակական ողբերգությունից ցնցվելու համար «ծայրահեղ պացիֆիստ» կամ Թումանյան լինել պետք չէ» հոդվածը, գրված հենց այդ օրերին՝ իմ որպես ականատես-մասնակիցի կողմից։ Ես հետին թվով խոսող, հետևանքները որպես հիմնավորում բերողներից չեմ։ Ուզում եմ՝ կարդաք այս դոկումենտը՝ երկու բան տեսնելու համար՝
- ինչ ասել է երկու ձեռքով խաչ բռնել ԳԽ պատգամավորի, քաղաքական գործչի համար,
- և ինչ է լինում, երբ քաղաքական անկախությունը սկսում են ծառայեցնել «քարից հաց քամելու» համար…
Գոյապահպանությո՞ւն, թե՞ խաչին հավատարիմ՝ զարգացում-առաջադիմություն։ Եվ 1991-1992-ին, 1992-ի պատերազմով, 1995-1996-ի ընտրություններով, 1998-1999-ի քաղաքական համակարգի ոչնչացմամբ… շարունակեք… մենք ընտրություն ենք կատարում փաստացի, գիտակցում ենք, թե ոչ, գոյապահպանությո՞ն, թե՞ առաջադիմություն-զարգացում, հավատարիմ խաչին…