2014թ. նոյեմբերի 11,12, 13-ի օրագրից
Վանոյին ճանաչում եմ 1983 թ.-ից, երբ լույս տեսավ պատմվածքների «Կիրակի» ժողովածուն: Ես՝ հայագիտական թեքումով դասարանների ղեկավար, դպրոցի փոխտնօրեն, ակտիվ շփվում-հանդիպում էի ժամանակի գրողների, նկարիչների, երաժիշտների, պատմաբան-արվեստագետների, հայագետների հետ: Ժողովածուն կլանված կարդացի՝ երախտահիշատակ Գեղամ Սևանի, ում պարտական եմ հայագիտական դասարաների կայացման, նրանց գործունեության կազմակերպման համար, երաշխավորությամբ և մեկնաբանությամբ… Չերկարացնեմ: Նույնիսկ 10 մարդու առաջ դժվար խոսող գրող Սիրադեղյանին ես դեմ առ դեմ հանդիպեցի 1988-ի փետրվարին՝ Ազատության (Օպերայի) հրապարակում: Անընդհատ մեծացող միտինգներին մեր դպրոցի բարձրախոս-ուժեղացուցիչներով դժվար էր լսել Համբարձում Գալստյանի, Սամսոն Ղազարյանի խոսքը… Մի անգամ այդպիսի հանրահավաքից հետո մենք հայտնվեցինք Աշոտ Դաբաղյանենց տանը. Աշոտը Մանուչարյանն էր, Վանոն, էլի ու էլի մարդիկ… Ո՞վ վարի վաղվա հանրահավաքը. բուռն բանավեճ էր: Այսօրվա պես հիշում եմ՝ ես տվեցի ինձ ոչ այդքան ծանոթ, հետաքրքիր մարդու անունը՝ Վանոն թող վարի: Դե, ես արդեն հայտնի դարձող-դարձած դպրոցի տնօրեն էի, երևի, իմ խոսքը նշանակություն ունեցավ… Մյուս օրը Վանոն մոտեցավ խոսափողին… Վատ չստացվեց: Լավ էր: Ոճն ինքը մարդն է. խելացի խոսքը միշտ հետաքրիր է, կարելի է ու պետք է լսել…
1990-92 թթ. Վանոն ԳԽ պատգամավոր էր, ՀՀՇ վարչության նախագահ… Խոստովանեք, որ «Ղարաբաղ» կոմիտեի ամենայուրայինն էր, վառ, գրավիչ-հետաքրքիր անցումներով, փոփոխական… Գրող, էլի՛… մեր բոլորի, մեր Շարժման Վանոն։
1992-1993 թթ Հայաստանի վիճակի մասին՝ հնարավոր համառոտ, ոչ լալկան… Ոտքով էինք գնում՝ ուր պետք էր, ցուրտ էր ամենուրեք՝ տանը, աշխատավայրում, ՀՀՇ-ում, Գերագույն խորհրդում, ՀՀ նախագահի նստավայրում… Սրան գումարեք զինված խմբավորումների սպառնալից դարձող ազատությունը հանրապետությունում։ Ոստիկանությունը, որ Աշոտ Մանուչարյանից հետո (1991 թ. դեկտեմբեր) ղեկավարում էր համակրելի փիլիսոփա-դասախոս Վալերի Պողոսյանը, վախենում էր կրիմինալից, չէր կրում ոստիկանական համազգեստ, զենք… Վտանգավոր էր փողոցը։ ՀՀՇ-ում լուրջ դժգոհություն բարձրացավ Ներքին զորքերում և հանրապետությունում ստեղծված իրավիճակի շուրջ. վարչությունը ՀՀ նախագահից, ՀՀ վարչապետ Գագիկ Հարությունյանից պահանջում էր անհետաձգելի գործողություններ… Խիզախ, ճանաչված դեմք էր պետք, ով կգլխավորեր ոստիկանության ցաքուցրիվ ուժերը, վստահություն կփոխանցեր նրան, կկարողանար կարճ ժամանակում ստանալ հնարավոր պետական աջակցություն… Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ափսոս է Վանոն»,- հիմնավորումը միակն էր ու անընդունելի, հատկապես, որ Վանոն պատրաստ էր խիզախելու, զոհվելու: Ես Վանոյին այլընտրանք չէի տեսնում: Տեր-Պետրոսյանն ընկրկեց, և 1992 թ. փետրվարից Վանոն ղեկավարեց Ներքին գործոց նախարարությունը: Չեմ կարող, չեմ ուզում մտնել այլ կարգի դատողությունների մանրամասների դաշտ. իրավիճակը հանրապետությունում Վանո Ներքին գործոց նախարարի պահանջն ուներ և ստացավ։ Մեկ նախադասությամբ՝ Վանոն 1992-1994 թթ. հաջողությամբ կատարեց իր առաքելությունը: Ինչո՞ւ և ինչպե՞ս ուրանալ ընկերոջը:
Շարունակեմ իմ պատմությունը Հայաստանի 1992-1996 թթ Ներքին գործոց նախարար Վանո Սիրադեղյանի մասին՝ առանց արխիվ փորփրելու, առանց փաստական տեղեկություններ բերելու… Վանոյի ղեկավարած ոստիկանությունը (ինչպե՞ս է սա որպես փաստ արձանագրված՝ չգիտեմ)՝ շարքային ոստիկանից սկսած մինչև ներքին զորքերի զինվոր-հրամանատար ու փոխնախարար, 1992-94-ի պատերազմի հաղթանակն ապահովողներից է: Ձեզ այս գրով ասում եմ՝ ազատագրված և պաշտպանված Լաչին-Քաշաթաղն ունի իրական հերոս՝ Վանո Սիրադեղյանն ու իր ղեկավարած ոստիկանությունը: Ի՜նչ կլիներ Լաչինի միջանցքի հարցը, ինչպե՞ս կարելի էր այն պահել՝ առանց Վանոյի և ներքին զորքերի անձնուրացության, տասնյակ ու տասնյակ ոստիկանության ծառայության մեջ գտնվող տղաների զոհողության… Դժվար թե իմանաք. մեզանում այդ մասին վաղուց չեն խոսում (եթե երբևէ խոսել են)՝ Վանոյի հետ է կապվում:
Արցախյան ինքնապաշտպանական կռիվներից սկսած՝ 1988-ից, Վանոն Երկրապահի ակունքում է, Արցախին թե Հայաստանում՝ հայրենյաց պաշտպան-սահմանապահ է, կռվող տղաներին զենք, զինամթերք, սնունդ, հանդերձանք, հույս ու ոգի փոխանցողներից, 92-94-ին՝ բանակի կազմավորմանը զուգահեռ, ամենադժվար մահաբեր ճակատներում Վանոն ու Ներքին գործոց ողջ համակարգը իր կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումներով, սահմանապահեն… Թե Վազգենը մեծ հաղթանակի զորավարն է ու Սպարապետը, ապա Վանոն… Ո՞վ է Վանոն… Ինչպե՞ս և ինչո՞ւ ուրանալ ընկերոջը… Այս ամենը՝ ոչ որպես Վանոյի ընկեր… հիմա էլ պաշտոնավարում են մարդիկ, ովքեր այս ամենի մասին շատ ավելին ու կոնկրետ գիտեն… Այ, ասենք, գեներալ Մանվել Գրիգորյանը, ում մասին, պատերազմում նրա ներդրման մասին երևի ամենաառաջինը, ամենաընդգրկունը, հրապարակայինը Վանո Սիրադեղյանն է ասել։ Գեներալը, իհարկե, շատ ավելի լավ գիտի պատերազմում Վանոյի և նրա ղեկավարած ոստիկանական համակարգի ներդրման մասին… Միասին են եղել ու գործել, չէ՞… Հիմա գեներալը հերոս է, առոք-փառոք ԱԺ-ում և իր Էջմիածնում, իսկ Վանոյի նկատմամբ միջազգային հետախուզո՞ւմ է հայտարարված… Հիմա կասեն՝ դե, գիտես, էլի… Չէ, չգիտեմ, ինչ գիտեմ, ասացի՝ սա էր…
Ինձնից ամոթխած մեկ էլ Վանո Սիրադեղյանն է: Վանո, ա՜խ Վանո: 1998 թիվն էր, երևի. խորհրդարանը քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը պատգամավոր Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին… Ի՜նչ մեղք ասես չվերագրեցին շարժման գլխավոր շարժիչներից մեկին, բոլորիս մեղքերը… Օրվա վերջում Խանջյան 27-ի (այժմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահության) ակումբային հատվածում էինք՝ Վանոյի շուրջ… Վանոն դուրս եկավ միջանցք, ես՝ նրա հետևից, միացրեց բջջայինը։ Համարյա բառացի կրկնում եմ՝ «Ռուզան, այնպես կանես, որ մայրիկն այսօրվա լուրերը չնայի, չլսի… Ռո՛ւզ ջան, ուշադիր եղիր…»։ Վանոն ինձ չտեսավ, իսկ ես արցունքոտվեցի… 1999-ին ես Նուբարաշենի «կլոր բերդում էի». հարկադիր, բայց սկզբունքային գործուղում արդարադատության համակարգում, չգիտեի, որ այդ աշխատանքը տևելու է, տևելու է… հանուն Հայաստանի Հանրապետության… Վանոյի նոր դուրս եկած գիրքը ստացա խցում Վանոյի ձեռագիր մակագրությամբ. «Բլե ջան, կներես, հիմա ես սրանով միայն կարող եմ օգնել քեզ»… Էլի հուզվեցի՝ ով ում օգներ, կարևոր չէր. այ, սրան ես ասում եմ ամոթի զգացում կամ ամոթխածություն։
Քաղաքական կյանք կոչվածում ես չուզեցի-չկարողացա լինել արքունիքում. անձնական-անհատական պատասխանատվության սուր զգացումն ինձ իմ Նոր ուղով բերեց «լուսանցք». ծափահարեն, ոռնան, սպառնան, կախեն, տանկով գան՝ ես իմ ասելիքով եմ, կամ: Իմը ասելն է, բլոգապատումը. իմ օրագրի ընթերցողի հետ ամենօրյա զրույցը և՛ իմ քաղաքական պատասխանատվության իրացումն է իմ «լուսանցքային» գործունեության այս շրջանում, և՛ իհարկե, թերապիան… Իմ տեսակի, իմ կենսափորձի, իմ դիրքի մարդը չի կարող չարտահայտվել. ահա, այս գրով ավարտում եմ իմ նոյեմբերի 11-ի, 12-ի իմ գրերում սկսածը 1992-1996 թթ ՀՀ Ներքին գործոց նախարար, այժմ (2000 թ.-ից) միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի գործով։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014-ի սեպտեմբերի 13-ի հրամանագրով, մեջ եմ բերում «Առավոտ» թերթի փոխանցմամբ. «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար ազատամարտիկ Վահան Սերգեյի Հարությունյանին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»։ Հիշեցնեմ, որ Վահան Հարությունյանը Վանո Սիրադեղյան նախարարի օրոք ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար է եղել, ով դատապարտվել էր «Վանոյի» գործով՝ համագործակցության համար արժանանալով մեղմ պատժաչափի, և 2002թ.-ից ազատության մեջ է:
Պարգևների նկատմամբ իմ վերաբերմունքը գիտեք, սրա մասին չէ խոսքը, ոչ էլ քննարկում եմ Վահան Հարությունյանի ներդրումը պետության սահմանների պաշտպանության գործում։ Այս հրամանագիրը հաստատում է Ներքին գործոց նախարարության մասնակցությունը պետության սահմանների պաշտպանությանը։ Հրամանագրով նաև Վանոյի քրեական գործն ապաքրեականցվել է՝ դադարել է քրեական լինելուց: Ինձ համար Վանոյի գործը երբեք քրեական չի եղել. քաղաքական դատավարություն-հաշվեհարդարները քաղաքական-պետական գործչի, գործած-չգործած մեղքերի հետ ի՞նչ կապ ունեն: 1998-2000 թ. հաշվեհարդարը, որ դատարան-դատախազության միջոցով իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը, պիտի այսօր իր լուծումը ստանա: Այն չի կարելի կապել «քաղաքական իրավիճակի» փոփոխության հետ. Վանոյի՝ Նիկոլ Փաշինյանին տված հարցազրույցը, համեցեք, կարդացեք: «Քաղաքական իրավիճակը» փոխվել է 2008-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը այլևս ՀՀ նախագահ չէ։ Քաղաքական իրավիճակի նոր փոփոխության մասին է խոսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. սեպտեմբերի 13-ի հրամանագիրը։ Ի՞նչ է, նույն «քրեական գործը» չէ՞, թե՞ «պետության սահմանների պաշտպանության» գործում Վանո Սիրադեղյանի ծառայություններն են ավելի պակաս։ Քաղաքական իրավիճակի փոփոխություն կարո՞ղ է համարվել մեր, հանրային կյանքում Վանո Սիրադեղյանի ներկայությունը, նրա՝ գրականությամբ զբաղվելը։ Ժամանակն է, որ ՀՀ նախագահը անդրադառնա Վանո Սիրադեղյանի արտաքսմանը։ Վանոն Հայաստան ազատ վերադառնալու մուտք պետք է ունենա: Մենք պիտի չկարողանանք այսպիսի անարդարությամբ ապրել՝ շարունակելով ուրանալ մեր Վանոյին: Ի՞նչ առիթ է պետք սրա համար՝ դիմել-խնդրել-պահանջե՞լը։ ՀՀ հարգելի նախագահ, դիմում-խնդրում-պահանջում եմ։ Այսօր գրող, հրապարակախոս, քաղաքական-հասարակական, պետական գործիչ Վանո Սիրադեղյանը դարձավ 68 տարեկան։
Ինձ կասեն՝ ինչո՞ւ չի նշում Վանոյի գրական վաստակի մասին։ Ես սա գիտակցված և հարգանքով թողնում եմ Վանոյի մյուս ընթերցողներին, իսկ Հրանտ Մաթևոսյանին հանճար, մեծություն, գրական ճաշակ համարողները թող վստահեն նրա գնահատականին…
«Վերջին շրջանում իմ մեջ գերակշռող զգացումը, վիրավորվածությունը չասեմ, գուցե հուսահատությունն է… Այս հոգնածությունը, սակայն, եթե ամեն ինչ հոգնածությանը վերագրենք, ես չեմ հասկանում: Ժողովուրդը ժամանակ առ ժամանակ պետք է սթափվի»: Վանո Սիրադեղյան