Եղիշե Չարենց

Ահավասիկ հագած ուղևորի զգեստ,
Եվ ձեռքիդ ցուպ առած, և ուսիդ մախաղ —
Դու գնում ես դեպի հեռուները վսեմ,
Եվ կորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և հայացքդ՝ կապույտ ու խաղաղ: —

Թե ի՛նչ մաքառումի, կամ ի՛նչ չտեսնըված
Հեքիաթային ու բարձր մեծագործության
Ճանապարհ ես ընտրել,- մեզ կպատմես միայն
Վերադարձիդ, եթե վերադառնաս և ոտքդ չդիպչի փորձության: —

Եթե վերադառնաս — հայացքներում քո լուրթ
Դու կբերես անհո՛ւն հորիզոններ,
Անհայտ հեռուների օվկիաններ կապույտ,
Եվ գետերի ընթացք, և լեռների շղթա, և հողմերի պտույտ՝ բեղմնավոր ու զորեղ…

Քո ոտքերի վրա դու կբերես հետքեր
Ո՜վ գիտե, ինչպիսի՛ արահետների,
Ուր չի կոխել երբեք ուղևորի ոտքը,
Ուր թերևս դու տեսել ես արևը՝ գիշերի մեջ՝ շռայլ ու անհատնելի…

Եվ քո լեզվի վրա, ճաշակելիքի,
Դու կբերես, ո՛վ գիտե, ինչպիսի՛ քաղցրություններ…
Ի՛նչ հյութերով արդյոք դու կլինես լիքը,
Եվ որպիսի՛ թույներ կընդունես…

Քո ռունգներում անմահ բույրե՛ր դու կբերես,
Որ թերևս և ո՜չ մի մահկանացու
Դեռ չի շնչել կյանքում, որ թերևս
Կենսատու են, կամ, գուցե, մահացու: —

Եվ քո ուղևորի արթուն ականջներում
Դու կբերես ձայնե՛ր գերերկրային,
Անապատի ձայներ ու անտառների, ձայներ, որ թաքնվում են ու կանչում են հեռուն,
Ե՜վ սողունի ձայներ, և կրիայի…

Այս երգս քե՜զ եմ ձոնում, ո՛վ ճանապարհորդ,
Ո՛վ անհայտ հորիզոնների զննիչ,-
Ընթացի՜ր, գնա՛ քո ուղին, և լինի թող այն քարքարոտ,
Անվհատ թո՜ղ լինի ոգիդ և կարոտդ թո՜ղ լինի աննինջ: —

Հազար քարավանի բեռներից ավելի
Հարուստ կլինի ոգիդ վերադառնալիս,
Իբրև բարիք՝ կբերես բաղձանք անբավելի,
Կպարգևես նրանց, որ ցանկացան քեզ մահ և կորուստ դառնագին…

Իսկ եթե ընկնես ճանապարհիդ և չվերադառնաս,-
Օ՛, մեռնելուց առաջ, վերջի՜ն ժամին,
Քո ռունգների՜ց, քո սրտի՜ց, քո հետքերի՛ց հառնած՝
Քեզ կողջունեն օրերդ — և՜ անցյալդ, և՜ ներկադ, և՜ գալիքդ միանգամից…

Եվ կոպերիդ ներքո շռայլությամբ վերջին
Արևը իր բույրը կվառե,
Իսկ ժամանակը, որպես հավերժական երգիչ —
Կշշնջա անմահական բառեր…

27.II.1933թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գնահատման բաց համակարգ. հավելված #2

Հունիսի 15-ի օրագրի հավելվածը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական համակազմն արդեն երեսուն տարի մշակում, իրականացնում է հանրակրթության իր հեղինակած ծրագիրը՝ ամբողջական ներառական իր սկզբնավորման պահից:  Այլընտրանքային կրթական ծրագրերը, այդ թվում՝ նաև

Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Աշոտ Բլեյանը — Պարո՛ն Բլեյան, վերջին երկու ամիսների ընթացքում ԿԳՆ-ն անց է կացնում դպրոցների տնօրենների հավաստագրեր ստանալու մրցույթ երկու փուլով: Ինչպե՞ս կգնահատեք, ո՞րն է դրա արդյունավետությունը: Եթե

ՄԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԼԵԶՈՒ, ՄԻ ԴՊՐՈՑ…

«Ավանգարդ», 1989թ. հուլիսի 9-ը ՈՒՆԵՆԱՆՔ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ  Ժողովրդական կրթության տարողունակ հասկացությունը ես կշրջանակեմ դպրոցական կրթության խնդրով: Իմ ասելիքը նաև նախադպրոցական կրթությանն է վերաբերվում, մասամբ՝ մանկավարժական մասնագիտական կրթությանը: Դպրոցական կրթության