Սովորողների գիտելիքների գնահատման (ինչպես դպրոցի ավարտական ու բուհի ընդունելության, մասնագիտական որակավորման՝ բուհի ավարտական պետական, այնպես էլ ընթացիկ առաջադիմության) խնդիրը կրթության նպատակից, կրթության սուբյեկտի ու օբյեկտի որպիսությունից, կրթական ծրագրերից ու մեթոդից մեկուսի քննարկելն ու լուծելը հերթական շահարկում է, առանց այն էլ մսխված ժամանակի ու սուղ միջոցների աննպատակ վատնում։
Գիտելիքների գնահատման համակարգի որեւէ փոփոխություն կրթության բարեփոխման համապարփակ ծրագրից դուրս վարագույր է կրթական ոլորտում ընթացող «կլանային» շահերի «սրբազան ու հարատեւ» կռվի համար։ Մեզանում կրթության վիճակի մասին խոսակցությունն արագ պարզունակեցվում է ու իմաստազրկվում, բերվում հայտնի եզրահանգումների՝ ճիշտը թելադրությունն է, Բլեյանը քանդեց կրթական համակարգը, խորհրդային դպրոցից լավն աշխարհում չկա, բուհին կարելի է վստահել, իսկ դպրոցը դեռ պատրաստ չէ, կրթությունը պետք է լինի ազգային…
Ինչո՞ւ է այսպես։ Նախ, քանի որ անհնարին է շրջանցել հացի խնդիրը կրթության ոլորտում, կրթության էկոնոմիկան, դպրոցի ուսուցչի եւ բուհի դասախոսի պրոֆեսիոնալ գործունեության համար արդարացի վճարի եւ սովորողի համար մարդավայել պայմանների ապահովման հարցը։ Փողոցային առեւտրի է նման՝ մի տեղ մաքրեցիր, մյուս տեղում կշարունակվի։ Եվ երկրորդ, անելիքի նպատակը չորոշած՝ նրա կատարման ձեւով ենք զբաղվել ու զբաղված։
Նպատակը։ Մեր կրթական չափանիշների հնարավոր արագ ու էժան համապատասխանեցումը միջազգային պահանջներին, երեխայի ու քաղաքացու իրավունքների ու ազատությունների հարգման պայմաններում, կրթական ծրագրերի յուրացումն ապահովող գիտելիքների գնահատման միասնական ու հավաստի համակարգի ներդրման միջոցով։
Եթե այսպես հստակ ձեւակերպված լիներ նպատակը, եթե իրար հերթագայող կրթության նախարարներս անդավաճան ու հետեւողական իրար փոխանցող, ծրագրավորված գործունեություն որդեգրեինք, այսօր գոնե կունենայինք սովորողների գիտելիքների գնահատման պրոֆեսիոնալ կենտրոն։ Եվ հանրակրթական դպրոցի շրջանավարտն ու բուհի դիմորդը ուսումնական տարվա ընթացքում 2-3 անգամ կարող էր ստուգել իրենց գիտելիքները ցանկացած առարկայից։ Ընդ որում, իրեն հարմար տեղում եւ ժամանակին։ Ամեն մի բուհ ուսումնական տարվա սկզբում կհայտարարեր հաջորդ ուսումնական տարվա ընդունելության շեմը (քննական առարկաների գումարային անցողիկ բալը ): Իսկ սովորողը ողջ տարվա ընթացքում դպրոցական կրթության, ինքնակրթության թե ռեպետիտորական պարապմունքների ձեւով կձգտեր հաղթահարել այդ շեմը, այլ ոչ թե ամառային «կույր» մրցակցության, սթրեսի ու աժիոտաժի պայմաններում։ Երբ երաշխավորված կլինի ստուգումների գաղտնիությունը, հավաստիությունը, եւ գոնե մեկ տարի առաջ երեխան կիմանա ինչ են ստուգելու եւ ինչպես։ Նախապես հրապարակված հարցարանների ու գիտելիքների ստուգման չափանիշների առկայությամբ պատահականության գործոնը կհասնի նվազագույնի։ Իհարկե, այսպիսի ծառայության համար պիտի վճարել, բայց սա անլուծելի խնդիր չէ անգամ այսօր։ 1995-ին ՀՀ կառավարության որոշմամբ Լուսավորության նախարարության համակարգում ստեղծվեց Գիտելիքների գնահատման կենտրոն։ Անգամ սահմանափակ լիազորություններով եւ հնարավորություններով այդ կենտրոնը 95-96 ուս. տարում ծավալեց հետաքրքիր ու օգտակար գործունեություն։ Իսկ այս բնագավառում միջազգային (նաեւ ռուսական) այնպիսի փորձ կա, որ նրանցից մեկը՝ մեզ համար ավելի հասանելին ու հարազատը, կարելի է որպես մոդել վերցնել ու կիրառելով ազգայնացնել։ Համոզված եմ, որ կրթության եւ գիտության նախարար էդուարդ Ղազարյանը կզբաղվի սրանով՝շատ ենք ուշացրել։
Օրեր առաջ ընդունող հանձնաժողովի նախագահներից մեկը (Գ. Անանյան) բողոքում էր ապագա լրագրողների ստեղծագործական առաջադրանքների արդյունքներից՝ անազատ խոսքից, ստեղծագործական երեւակայության ու սեփական մոտեցման բացակայությունից… Բայց այս արդյունքները պարտադրված են դպրոցում այսօր գործող Գ. Անանյան, Է. Ջրբաշյան, Հ. Բարսեղյան, Ս.Աբրահամյան հեղինակային ծրագրերով, լեզվի ու գրականության ուսուցման մեթոդներով, գործող դասագրքերով։ Հիշում եք, չէ՞, որ բողոքող պրոֆեսորը բլեյանական ծրագրերի դեմ ծավալված խաչակրաց արշավանքի գլխավոր գործող անձերից էր։ Ուրիշի մտքերի քերականական գրանցման (թելադրություն) ստուգման ու երեխայի ազատ խոսքի (վերբալ կամ խոսքային մտածողություն) տիրապետման մակարդակի ստուգման վեճն իրականում ընտրություն է կամակատար, պասիվ ու անպատասխանատու հացակերի եւ ազատագրված, ընտրության իրավունքով, ակտիվ, իր գործողությունների պատասխանատվությունը կրող քաղաքացու միջեւ։
09.08.99թ.
Աղբյուրը՝ Ժամանակակից ու հանրամատչելի մանկավարժություն