Այս օրերին ավելի ու ավելի հեշտանում է ինձ համար գրելը, որ ուղեկցվում է իմ սիրելի ու այսպիսի՜ մածնի վայելումով. Մեղրաձորի մեր բարեկամ դարձած Հովհաննիսյաններն ուշադիր են հուզելու աստիճան՝ ինձ ուղարկել են նվեր-ճաշակելիքներ. Մարալիկի հյութեղ կանաչով սնված կովի տիկին Կարինեի կթած-մերած մածուն. ամեն օր մի բաժակ, ու շնորհակալ եմ, ինքն իրեն գրվում է… Դավիթ ճաշակում է հաղարջը սև՝ դժվար է այլ ձևով նրա ուշադրությունը շեղել շոկոլադից սպիտակ, Արմինեն ստացել է դալար լոբի, ու բոլորս՝ կրկին հյուրընկալվելու հրավեր… հատկապես, որ կարտոֆիլն էլ արագորեն աճում է… Հետաքրքիր է՝ ի՞նչ բերք է տալու կրթահամալիրի Գյուղացիական տնտեսության կարտոֆիլը: Մեր տնտեսության լոլիկը, դդմիկը, վարունգը, պղպեղը, սեխն ու եգիպտացորենը աշխատավորներով ու ամառային պարտեզ-ճամբարով չենք կարողանում սպառել: 2015-ի շրջանավարտ Էդվարդ Հովհաննիսյանն ավելի ու ավելի վարպետությամբ է կատարում Գյուղացիական տնտեսության աշխատողի՝ իր համար նոր, ուզում եմ հավատալ՝ հետաքրքիր պարտականությունները… Ի՜նչ ընտանիք են Բ-4-ի Հովհաննիսյանները, մեկը մյուսից հետաքրքիր 3 սեբաստացիներով՝ Էդվարդով, Արփինեով, 2-րդ դասարանցի դարձած Ալիկով: Արփինեն դարձավ կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ուսանող՝ իր ընտրությունն է: Էդվարդը, ով իր ուսուցիչներ տիար Գևորգ Հակոբյանի, գիտակների ակումբի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի կարծիքով, մեր 2015-ի շրջանավարտների թոփում է, հաստատ, իր ինքնուրույնությամբ, ինքնակրթության հետևողական ծրագրով, հասունությամբ, քաղաքացիական անհատական դիրքորոշումով ՝ չի շտապում: Ապագա աշխարհագրագետը չի կարող ընտանիքի հոր կողքին չլինել՝ որպես ավագ եղբայր, չօգնել՝ հոգալու ընտանիքի կենցաղային ծախսերը… Հուզվեցի՝ ես կամ նաև այդպիսի ավագ եղբոր՝ Էդվարդ Շամխալի Բլեյանի նմանատիպ հոգատարության շնորհիվ: Ես ավելի ու ավելի կապվում եմ, գործընկեր դառնում Էդվարդին. հնարավոր բաժանումը հեշտ չեմ տանի: Կեցցե´ք, Էդվարդ ու Հովհաննիսյաններ, որ միասնական-համերաշխ եք:
Շաբաթ օրը՝ տանը: Լուսանկարերը՝ Արմինե Աբրահամյանի:
Հնարավոր չէ, ու լավ էլ չէ, եթե կրթահամալիրի դպրոցներում շինարարական բարելավման աշխատանքներով տարված, ես մոռանում եմ Հեղինակային մանկավարժությունը՝ իր ամառային ընթացքով, ուսումնական՝ արդեն օգոստոսյան ամառային նախագծերով, որ շարունակվում են, ինչպես երեխայի կյանքը, իրար հաջորդող խմբերը, որ ծնվում են…
Նոր դպրոցի 2-4 տարեկանները՝ լողից հետո: Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի:
Կրթահամալիրի Հիմնական դպրոցն այս տարվա շինարարական բարելավման գործերով ամբողջանում է՝ որպես մի նորոգ կուկլա դպրոց… Եկեք տեսեք, թե մի խորհրդային լքված տիպային շենքից ինչպիսի ասելիք-հանրակրթական միջավայր դարձավ՝ գրավիչ-կանչող աշխարհ: Դպրոցի լողափում 2-ից 4 տարեկաններն են՝ տկլոր, պատրաստ աչքի պես զուլալ-ջինջ ջուրը մտնել խաղով… Արևն ու պաղ ջուրը, մեր փորձով ապացուցված է, այնքան ու այնպես կփոխեն մեր մանչուկներին, որ մոռանանք մրսելու-հիվանդանալու մասին… Ամենօրյա բացօթյա լողը կշարունակվի և սեպտեմբերին, հետո՝ կխոսենք… Սպասում եմ մանուկների տրիաթլոնի (լող, հեծանիվ, էստաֆետ) կրթահամալիրային բաց ստուգատեսին, որի մեկնարկը, Աիդա Պետրոսյան, ինձ հնարավորություն տվեք տալու օգոստոսի 19-ին`մեր մանկավարժական հավաքով…
Նոր դպրոցի ամառային չլռող աշխույժն իմ սրտով է. Նառա Նիկողոսյանը լավ վերամեկնարկեց իր դպրոցում ու հիմա, հալալ է, մի ուրիշ հալալ կաթնակեր սեբաստացու հետ ո՜ր ծովում են, ո՜ր ափերում… Կենսաբան-դաստիարակ Շուշան Ալեքսանյանն արձակուրդում է, բայց որպես կամավորական աշխատանք, անցկացնում է հերթապահության իր օրը, ու տեսեք՝ տարածման արժանի ի՜նչ նախագիծ. նորացնում, թարմացնում, գրավչություն են հաղորդում բոլոր թաղարներին… Անահիտ Գևորգյանը, Տաթև Թամազյանը իրենց Ճամբարականներով Նոր դպրոցի Գյուղացիական տնտեսության բարիքներն են հավաքում-մշակում, ծածկած լողավազանում մարզչին ցուցադրում լողի ամառը իրենց ձեռք բերած կարողությունները:
Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների ձմերուկուտոցի: Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Լրագրողները հիմա էլ ամենաշատն ինձ սկսում են հարցնել Սահմանադրական փոփոխությունների մասին… Մեկը չեղավ՝ լուրջ պատրաստված գար ու խոսեինք «Ամառային դպրոց» 2015-ի մեր նախագծերի, ամառային պարտեզների, անընդհատ բաց ու յուրաքանչյուրին ողջ ամառ մատչելի մեր ֆիզիկական կրթական աշխարհի մասին…
Սահմանադրության տեքստի մասին ես չխոսեմ, խոսեմ հիմնական օրենքի ընդունման, նրանում փոփոխություններ կատարելու եղանակի մասին՝ եղանակ, որ ինչպես երեքի դեպքում էլ (1995, 2005թ փոփոխություններ, ներկայումս առաջարկվող փոփոխություններ) առաջաբանում է անփոփոխ գրված. «ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին…» Եթե, իհարկե, սրանք խոսքեր չեն, այլ մեր ազատ կամքով 1991թ. հանրաքվեով ընդունված հահանրապետական սահմանադրական կարգ:
Հետևեք իմ օրագրին. սա խոսակցություն է մյուս գրերում շարունակվող…
«Ամառային հանգստի հրճվանք» նախագիծ. Կարինե Բաբուջյանին հենց այս պայմանով էինք ուղարկել ծով: