Մեր թաղի մասին (Երևանի Սևանի փողոցի փակուղի), որտեղ ծնվել ու մեծացել եմ, ապրել մինչև 1978թ., ես պատմել եմ։ Գետառը, որ հիմա քաղաքի ողջ տարածքով թողեցին բետոնի ծածկի տակ, փակեցին, անցնում էր մեր թաղի միջով, կիսում էր մեր թաղը, այնպես, որ ամեն անգամ ոտքով թե մեքենայով դպրոց գնալիս, խանութ անելիս պիտի իջնեինք դեպի Գետառ, անցնեինք կամրջի վրայով… Բաց էր Գետառը. ավելին, բախչաները՝ Թաթոս բիձու, սևանցիների, Կտուցենց, ջրվում էին Գետառի ջրով, Գետառի մեջ օրը մի քանի անգամ ընկնում էին ֆուտբոլի՝ մեր անզգույշ տշած գնդակները, երբ մենք օրվա մի ժամի փակում էինք թաղ տանող ավտոճանապարհը, որ ֆուտբոլ խաղանք։ Մեր դաշտն աջից փակում էին սևանցիների ցածր տների պատերը, ձախից՝ Թաթոս բիձու բախչի հողաշեն պարիսպը՝ վերևից փշալարերով։ Մի «դարպասը» Գետառը ծածկող մետաղյա ավտոտնակն էր, մյուսն ստանում էինք դեպի թաղի խորքը մտնող ճանապարհի վրա դրվող քարերով… Ես այստեղ եմ ֆուտբոլ խաղացել, սովորել խաղալ ու լավ եմ խաղացել:
Վատ խաղացողին, տեխնիկա չունեցողին, զռռին՝ տեղ չկար, գնդակի կորուստ էր. իսկ լավ գնդակը ֆուտբոլի, հիմնականում ռեզինից, տեղով մեկ ոսկու գին ուներ… Մի քիչ ձախ ու բարձր գնար գնդակը՝ թե չմնար Թաթոս բիձու մետաղե փշերի վրա, ընկնում էր բախչեն։ Թե հասցնեինք, փախցնեինք բոստանն ընկած գնդակը… Թե չէ՝ Թաթոս բիձեն, որ հսկում էր բախչում՝ ցանկապատի երկայնքով, իր այգեգործական կեռով պատռում էր գնդակն ու շպրտում մեր դաշտի (փողոցի) ուղիղ մեջտեղը. ես երբեք չեմ մոռանա փսկած գնդակը, մեր ձայնն ու մեր տեսքը՝ իրար այնքան նման։ Մի քիչ աջ ու բարձր գնար՝ սևանցիների հայաթ էր ընկնում գնդակը։ Չէին պատռում, բայց պահում էին, ու սկսվում էին բանակցությունները… Բանագնացը մեր կողմից հաճախ ես էի. լավ սովորողի համբավ ունեի, օգնում էի սևանցիների ճտերին հաճախ, թաղամասում մեծ հարգանք ունեցող հայր ու ավագ եղբայր ունեի… «Մեր Շամխալի փոքր տղեն է»,- ասում էին կամ մի երկու իրենց իմացած նորություններից գիտատեխնիկական հարցեր էին տալիս. թե պատասխանեցիր՝ լավ, թե չէ՝ գնդակը շպրտում էին ուղիղ Գետառը… Գնացեք բռնեք… Արագընթաց էր Գետառը, լայն, ու պիտի վազեինք երկար, մինչև Գետառի նեղանալը, որ մի ափից ձեռքերով գնդակը հանեինք… Թե չէ, կամ վռազ ուզում ես գնդակը բերել, մտնում էինք կոյուղի-Գետառը… Հո չէինք թողնի մեր գնդակը տաներ, կամ ֆուտբոլային ընդմիջումը ձգվեր, կամ ֆուտբոլն ընդհատվեր… Անհնար էր:
Գետառ թափվում էին թաղի կոյուղին, աղբը, տնտեսական գործունեության արդյունքները… Բաց ու երկար Գետառ… Ի դեպ, նույն կերպ վարվում են Բջնիի, Քաղսիի (գյուղ-գյուղ անցնելու ենք, խոստացել ենք) բնակիչները՝ գյուղերը կիսող Հրազդան-Զանգուի հետ… Չնայած որ իրենցը արմաղան բնությունն ու Զանգվի կիրճն է, հունի միջով հոսողը Սևանի ջուրն է, և իրենց սարերի աղբրաջրերը, հանքային ջրերը…
Մենք հանդգնում էինք նաև ռետինե խողովակներով նավարկել Գետառով… պատկերացրեք մեր քաքոտ տեսքն ու այն «ընդունելությունը», որ սպասում էր մեզ տներում, եթե չէինք հասցնում մինչև տուն մտնելը լողանալ… Ասենք՝ լողացար, բայց շորերդ ի՞նչ կանեիր… Ինձ շատ հաճախ մորս հաշվեհարդարից փրկել են ավագ հարս Ռոզալիան, իմ տան քույր Էմման… Ո՜նց մոռանաս…
Մեզ մի շրջան այս ամենից փրկեց, մեր կյանքում նոր ուղի մտցրեց իմ հորեղբոր տղա Մարսելը՝ լրագրող, սեբաստացի Արաքս Թադևոսյանի հայրիկը, միջին դպրոցի Ռոբերտի և Մարկի պապիկը, ում անժամանակ հեռանալը ես, որպես իմ անձնական կյանքի թանկ կորուստ, սգացի… չեմ մոռանա իմ եղբայր Մարսելին երբեք… Մարսելը մի քանի հասակակից թաղեցիների հետ ճամբար նախաձեռնեց՝ իր աշխույժ առօրյայով, հատկապես, Զանգվի ձորում լողալու օրերով և «Կաշվի գնդակ» քաղաքային մրցումներին թաղի մասնակցությամբ: Ա´յ բեկում, ա´յ աշխույժ համաթաղային իրադարձություն. փոքր ու մեծ խառնվեցինք իրար… Մարզահագուստներ, ֆուտբոլի ինքնաշեն, բայց Գետառից, Թաթոս բիձու դանակից ու սևանցիների աչքից հեռու դաշտ… Ֆուտբոլի դաշտի կառուցմանը զրոյից բոլորս մասնակցել ենք, քանի օր բանել ու բանել… Հետո ցանցով դարպասներ, գծեր, սուլիչ, մարզակոշիկներ… Առաջին անգամ էինք տեսնում, ու բերաններս զարմանքից երկա՜ր չէին փակվում… Հետո գնում էինք մրցումների… Մարսել ջան, ա´յ, հուզեցիր ինձ նորից, եղբայր իմ, դու իմ կյանքում կարևոր անձ ես եղել, ու տես, կաս:
Լավ է, որ «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից» նախագծին միացել են Փափազյան Սոնան ու Դպրոց-պարտեզի իր ընկերները։
Ես շատ ջանքեր գործադրեցի, սեբաստացիներ բոլոր տարիքի, որ կրթահամալիրի բրենդը, նրա կենտրոնը, դառնա ոչ թե Մարմարյա սրահը (լա՜վ՝ ոչ միայն), այլ նախ և առաջ՝ «Սեբաստիա» մարզադաշտը… հիմա նաև՝ դպրոցական բակերն առանց բացառության… Տնօրեն-կազմակերպիչ-ուսուցիչներ մեր, սեբաստացիները բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք, կա՛մ միացել եք, կա՛մ կմիանաք մեր այս ջանքերին, որ մեր բակերն իրենց ներթաղային պատշաճ անցումներովլինեն ամենահետաքրքիր, մատչելի, գրավիչ անկյունները՝ ոչ միայն կրթահամալիրի մեր Բանգլադեշի, այլև քաղաքի, մեր կյանքի՝ որպես կրթական միջավայր ու բակային դպրոց… Մեր միասնական տոնին հարկ է, Առնոլդ Բլեյան, գալ այսպիսի նվերով, ու դրա համար փողոցից տուն չգնալ… Հոկտեմբերը, նոյեմբերը, ո՜ւխ, ի՜նչ շրջան են այս ծրագրված գործն առաջ տանելու համար… Իսկ այսօր «Սեբաստիա» մարզադաշտերում միասնական մարզական պարապմունքի են սեբաստացի ուսուցիչները, բոլորը… Սրան, իհարկե, կանդրադառնանք։