Քանի՜ հոգու կնքահայր եմ ես, սա ասվիլ չի… Եթե անգամ մատյան պահելու, սանիկներիս արձանագրելու որոշում կայացրած լինեի, մկրտությունների իմ պատմությամբ-ձևով-պայմաններով, հնարավոր չէր լինի իրագործել… Ինքս ուշ եմ մկրտվել, երբ ամուսնացած արդեն, պատրաստվում էի հարսանիքի քավոր կանգնել, սանիկներս` չմկրտված. այս դեպքի համար են ասել` բոլորը մեկում ու վռա՜զ․․․ Զավեշտը շատ է այս պատմության մեջ այնքա՜ն ու այնպե՜ս, որ պատմելս չի գալիս, բաց եմ թողնում։ Բոլոր ժամանակի սանիկներս հաստատ իմանան՝ ես եղել եմ, կամ Քրիստոսի խոնարհ աշակերտը, հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդը․․․ 1988-ին, երբ Արցախյան շարժումն իր տարերքի մեջ էր, Ստեփանակերտից զանգ՝ կոմերիտմիության կազմակերպության ղեկավարներից-իմ ծանոթներից. առաջարկում էր ընդունել մեծ խումբ երեխաների, փախստական դարձած հայ ընտանիքների, Ստեփականերտում պատսպարված, որոնց համար ստեղծել էին նոր դպրոց, այն ժամանակ կարծեմ՝ թիվ 11-ը։ Ես` այն ժամանակ, դեռ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր չդարձած, բայց հանրահայտ թիվ 183 դպրոցի տնօրենս, պետք է Երևանում ընդունեի,  մայրաքաղաքում պտտեի, հոգ տանեի, Էջմիածնին ծանոթացնեի․․․ Ինչպե՞ս առաջացավ բոլորին Էջմիածնում  մկրտելու որոշումը, ինձ ճանաչողները այս հարցը չեն տա. սիրով ու հեշտությամբ․․․ Երախտահիշատակ Վազգեն Ա վեհափառն ինձ հիշում էր հայագիտական դասարաններից, հայրաբար ժպտաց-ընդունեց, Տրդատ թագավոր-Գրիգոր Լուսավորիչ շրջանից մի պատմություն բերեց, որից իր լուսավոր դեմքն ու խաղաղ ժպիտն եմ հիշում․․․ Բոլորին խաչեր նվիրեց-լուսանկարվեց (որ փնտրենք, կգտնենք) ու արտոնեց այս արարողությունն անցկացնել Սուրբ Գայանե վանքում․․․ Այսօրվա պես է աչքիս առաջ` տեսարա՜ն․ տարատարիք 50-ից ավելի, 100-ին մոտ մեր հայրենակիցներ` տարատարիք  սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ՝ իմ սանիկները, Գայանե եկեղեցում, ծնկած, ընդամենը 33 տարեկան կարմրաթուշ-հուզված կնքահոր և շփոթված քահանայի առաջ, սրբիչներ, խաչեր, զարմացած հավատավորներ ու համրացած մկրտվողներ։ Սփյուռքահայ մի միջահասակ զույգ, որ տարված տեսարանով, մոտեցավ ինձ․ ի՞նչ կարող են անել իրենք այս արարողության մասնակիցների համար․․․Դժվար չէր որոշում կայացնելը՝ հացի սեղան, հյուրասիրություն․․․ Եվ «Էջմիածին» անունով ապակեպատ օբյեկտում մկրտված մեր հայրենակիցները հացի սեղանի նստեցին․․․ Տեսարան, տեսարանի հետևից․․․

30 հուլիս. Արա գյուղի եկեղեցուն հարակից հյուրընկալ տան բակում:

Հետո, Երևանի փոխքաղաքապետի, կրթահամալիրի տնօրենի, կրթության նախարարի, Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանի պաշտոնում, ես մասսայական- խմբային-անհատական մկրտությունների կնքահայր եղա․․․ Հիմա էլ, Հայաստանում, Արցախում, Վրաստանում ինձ հանդիպում են մարդիկ մոտենալով խոնարհ՝ Դուք իմ կնքահայրն եք․․․ ու պատմություն հուզիչ․․․ Նախավերջին սանիկս Դանիել Բլեյանն է, հետո Նազենի կրտսեր Հովհաննիսյանը․․․ Երկար ընդմիջումից հետո հաճույքով ներկայացնում եմ իմ հերթական, ամենանոր սանիկին՝ Օլյա, ավազանի անունով՝ Մարիամ Մանդալյանին, մեր սովորող ուսանողին ՝ Վարժարանի, Քոլեջի, մեր Գեղարվեստի դաստիարակին, իմ հարյուր տարվա մտերիմ  Կարո Մանդալյանի դստերը, ում որոշումը օրեր առաջ ես ընդունեցի խոնարհությամբ՝ ի կատար։ Հասուն տարիքում, մարդը գիտակցում է իր կապը եկեղեցու հետ․ ուրիշ ի՞նչ կերպ, այդ գիտակցումը հաստատելու-հրապարակայնացնելու, մկրտության ծեսով․․․ Ես լեզուն, անունը և կրոնը ընդունում եմ որպես երեխայի ինքնությունը որոշողներ, որոնց փոխանցողը ընտանիքն է։ Ահա ինչու` Դավիթ Բլեյանի կնունքը եղավ քառասունքի հետ։

Ես շեշտում եմ ամեն առիթ, իսկ ծեսերը այդպիսի մեծ դաշտ են ստեղծում, թափառումով-հավեսով-հիշարժան, առանց ավելորդ կենցաղայնության․ Էժան-մատչելի-բաց, ոտքի վրա․․․ Ով ուզում է՝ համեցեք, հայրենագիտությունը-արշավը, միասին քայլելը, միասին լինելը․․․ Եղվարդի Սուրբ Աստվածածինը լավ էր ընտրված, կեցցե՛ն Գեղարվեստի համերաշխ աղջիկները՝ Օլյա-Մարիամի ընկերները, քահանայի աղջիկ, սիրելի Հասմիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, Օլյայի այս որոշումով ոգևորված ու միշտ նրա կողքին Արմինե Թոփչյանը․․․ Հացի սեղանն էլ  քահանայի աղոթքով, խնամված-ծաղկաշատ եկեղեցու տաղավարում․․․ Բա՜ թափառումը մկրտությամբ, որ տիար Գևորգը իրեն սազող վարպետությամբ էր արել՝ Արագածոտնի մի քանի փեշ, մի քանի ձորակ, առվակ, բլուր, մի քանի գյուղ, յոթ եկեղեցի՝ Արայի լեռան ու Քասախ գետի դաջվածքով չջնջվող․․․ Այնպես, որ տեսե՜ք` կիրակիի գիր դառավ, մարդու պատմելը գալիս է․․․ Ուրիշ ի՞նչ ավելի կարևոր, Նունե Մովսիսյան ջան․․․ Ահա ինչու, ես չեմ կարոտում, ես մշտական իրացման մեջ եմ․․․ Իսկ Դավիթ Բլեյանը, որ իրեն արժանի դրսևորեց ողջ ընթացքում, մի նոր Սոնա քույրիկ ունեցավ, Քնարիկ Ներսիսյանի աղջիկը, որ Դավթին հիշեցնում է Նազենի կրտսեր քույրիկին․․․

Խոստացել ենք, չէ՞, Դավթի հետ Հայաստանի բոլոր ջրերում լինելու, լողալու, հիմա նաև բոլոր բարձունքները հաղթահարելու ու եկեղեցիներում մկրտություններ իրականացնելու։

Արագածոտնի մարզ. Քասաղի հովիտ:

Վերադառնալով իմ ամենանոր սանիկին Օլյա-Մարիամ Մանդալյանին, ում ես կնքահոր խողովակով փոխանցեցի հավատք, հույս, սեր և մկրտություն, կկարողանա՞ իմ ընդունակ գործընկերուհին սա դարձնել ուժանյութ ինքնավստահությանոչ միայն ստեղծական աշխատանքի, այլ նաև իր անձնական կյանքի, իր ընտրության, իր ընտանիքի համար։ Տեսա՞ք որքան ոգևորված ես սպասում եմ հարսանյաց ծեսի, որի մասին կարդացեք իմ վաղվա գրում։

Օրվա ընթերցարանը մեկ եզակի նյութով`

Բժիշկը ցանկանում է մտնել ՊՊԾ գունդ. բաց նամակ նախարար Արմեն Մուրադյանին 

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

#747

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սարերի կեսը ձյուն է, գարուն է… 

Թեթև, օգտակար, աշխատանքային էր մեր այցը Գագարին պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն գյուղեր, դպրոցներում մանկավարժական հավաքանիների հետ հանդիպումները՝ կարևոր—ճանաչողական․․․Պրոյեկտով գործընկերության մեր կենդանի աշխատանքների սկիզբը հաջողությամբ դրվեց, և սա, իհարկե, խմբով՝ մեր նոր

Վատ արարքներից Աստծուն ապավինելու համար․․․ կիրակի

Ինձ համառ չանվանեք իմ օրը Իմամ Սաջջադի մատյանով՝ աղոթքով, 8-րդ անգամ սկսելու համար․․․ Եթե համառն ու հաստատակամը հոմանիշներ են, գովենք իմ հաստատակամությունը՝ մեր աշխարհից պարսից կողմ հանրակրթական բոլոր դարպասներով մտնելու

Մենք բոլորս պարտիզպա՞ն ենք… Հարցնում եմ։

Կրթահամալիրի հոմանիշն է կրթական պարտեզը՝ իր ներս ու դրսով, իր ընտանիքներով, իրենում իրականացվող հեղինակային կրթության ծրագրերով՝ 2-4 տարեկանների զարգացման, հինգ տարեկանների ուսուցման, 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ դասարանների, ավագ դպրոցի, մասնագիտական,