Եթե ուզում եք դրուստն իմանալ, այո, սկսվել է իմ 60-ի ճգնաժամը… Եղել է, չէ՞, 40-ի ճգնաժամ 1995-96-ին, 50-ի՝ 2005-2006-ին, հաղթահարվել են, չէ՞… Սա էլ միասի՞ն պիտի հաղթահարենք… Ավելի ուշ շրջանի գրերին թողնենք ճգնաժամի հաղթահարման ռազմավարական մոտեցումների ու տակտիկական լուծումների մասին մեր խոսակցությունը. թեմա է, է՜…
Իմ Ստեփան եղբոր՝ ձեր սիրելի Առնոլդ Բլեյանի հայրիկի ու իմ եղբայրությունը նուրբ դրսևորումներ է ունենում, հուզվելու աստիճան: Երեկ ես պահանջեցի, որ Արմինեն գնա դասի, Դավիթը՝ պարտեզ, ու ինձ, որպես հիվանդապահ, առավոտվանից այցելեց Ստեփան եղբայրը… Վաղուց, շա՜տ վաղուց մենք այդքա՜ն երկար միասին-միայնակ չէինք եղել: Չշփոթվեցինք: Որքա՜ն կարևոր թերապևտիկ ազդեցությամբ ժամեր անցկացրի ես իմ ավագ եղբոր հետ: Խաղաղվեցի-ապաքինվեցի:
1992-ին Բաքվում, 1992-ից սկսած՝ Երևանում, Ստեփանակերտում, Լաչինում… փախչելու աստիճանի խուսափել եմ հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության զոհերի հուշարձան-գերեզմաններից… Ինձ թողնես՝ մեկական մատուռ կանեի, ինչպես Եռաբլուրում, մեր՝ մեղավորներիս մեղքերի թողության համար… Իսկ կոնկրետ զոհվածի շիրիմին թող մոտենա մերձավոր-ընկերը, ինձ՝ մեղավորիս, անծանոթիս կարող են մոտ չթողնել: Կերպափոխելով-կրկնելով Դոստոևսկու ասածը՝ մոտենում եմ այսպիսի շիրիմներին անհատական անհաղթահարելի մեղքի զգացումով…
Ստեփանակերտում էի, գիտեք։ Կանգնեցրի մեքենան հայտնի հուշահամալիր-գերեզմանոցին հարող փողոցում… Մենակ էի, գուցե հիմա, միայնակ, կկարողանամ… Ոչ… գնացի դեպի հարթակ հիշեցնող բլուր ու սկսեցի զննել Արցախի մայրաքաղաքի շուրջը ամենայն մանրամասնությամբ… Ստեփանակերտին միշտ նայել ենք Շուշվա բարձունքից, բայց քաղաքի շուրջ ինչպիսի՜ վատ օգտագործվող բլրաշարքեր կան, որոնք ծածկված են մեզնից «անքաղաքաշինությամբ»… Ամեն անգամ, երբ Աղավնո գետի կամրջի վրա՝ Արցախի անցակետ չհասած, կանգնել է մեքենան, ոտքերս ուղղել եմ դեպի մոտակա բլուր՝ Աղավնո նորակառույց վանք ու… չեմ հասել… Եկեղեցի հասնելու համար պիտի անցնես 1992-ի Լաչինի ողբերգության տասնյակ զոհերի շիրմատախտակների մոտով… Այս անգամ Դավթի հետ ուժ առա և ահա իմ տղայի հետ, իմ մեղքի գիտակցմամբ, կանգնած եմ այդ տախտակներից մեկի մոտ: Ես այս դեպքերի մասին, որպես ԳԽ պատգամավոր 1992-ին լսելի (լսվել է՞) արտահայտվել եմ։ Ահա։
Դավիթ Բլեյանը, խաղալով մազերի հետ, շոյելով դրանք, սիրելով մայրիկին.
— Փրփուր, մամա…
Էդիտա քույրիկն աստիճանների վրա, մեզ հրաժեշտ տալիս, իր նման խանդավառ-ոգևորված Դավթին հարցնում է.
— Ախպեր ջան, ի՞նչ նվեր եմ քեզ բերում դեկտեմբերին…
— Տոնածառ,- կարճ դադարով հստակ պատվիրում է Դավիթը: Հետո էլ թե՝
— Զգույշ կիջնես աստիճաններով, ախպերս…
Ես տանը ղեկավար լինել չեմ սիրում, քիչ դիտողություն անողներից եմ թե՛ Արմինեին, թե՛ Դավթին: Մեր տղան օգտվում է դրանից ու դրության տերը դառնում հաճախ: Ահա.
— Թող մայրիկը նոթբուքով դասեր անի, հայրիկը համակարգիչով թող դպրոցի հետ խոսի, ես էլ իմով մուլտեր մի քիչ նայեմ. ուզում ե՞ք…
Ինքն արդեն հարմար տեղավորվել է…
Դավիթը գլուխը դրել է հեծանվի ղեկին.
— Քնել ե՞ս, Դավիթ…
— Հա, կերել-խմել քնել եմ:
Որտե՞ղ է տեսել, լսել այս արտահայտությունը:
— Է՞լ ինչ ես արել…
— Արթնացել եմ, կերել-խմել եմ, սիրել եմ… Խաղալով եմ կերել-խմել քնել:
Հայտնվում է պատի մեծ հայելու առաջ.
— Մազերս երկարել են, կտրելու եմ, որ դու չտխրես… պապիկ…
Երբ Դավիթը մի բան չի ուզում անել, ես… շփոթվում եմ… Սկսում եմ կողքը ման գալ, մի ուղի, մի անցք գտնել մոտենալու համար…
Կերած-խմած-քնած և այդ ամենը խաղալով (հավեսով) պարտեզում անցկացրած և զրնգուն-իշխող տուն մտած Դավիթ… Ու այսպես՝ շաբաթը 5 օր… Աներևակայելի է ու փաստ:
Օրագրի հարգելի ընթերցողը հարցնում է՝ Սամվել Ալեքսանյանը երկար ժամանակ չի մասնակցել կրթահամալիրային ստուգատես-հավաքներին, Հանրակրթական դիջիթեքին իր հիմնադրամի խոստացած ամենամյա մրցանակներն արդեն երրորդ տարին չեն հանձնվում: Ինչո՞ւ… Ես Գրիգոր Խաչատրյանը չեմ, ով չունի ընկերներ, ունի ժամանակակիցներ: Ես ունեմ գործընկերներ՝ մարդիկ, այդ թվում՝ բարեգործական հիմնադրամների նախագահներ, մեծահարուստներ, ձեռնարկատերեր, մշակույթի գործիչներ, մասնագետներ, ովքեր կարող են ներդրումներ կատարել, օգնել՝ կրթահամալիրում իրականացվող ծրագրերն իրականացնելու… Որևէ խոչընդոտ, առավել ևս անձի, կազմակերպության նկատմամբ իմ համակրանքի հետ կապված, գործնականում չի եղել և չկա. մենք բաց ենք ներդրումների, բարեգործության համար, ինչպես Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռուբեն Հայրապետյանի դեպքում, եթե հայտնի մեծահարուստ գործիչների մասին խոսենք… Այ, մինչև նոյեմբերի 10-ը մենք կավարտենք «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ «Սեբաստիա» մարզահամալիրում նոր մարզահրապարակի կառուցումը… Բազմիցս դիմել եմ, դիմում եմ պարոն Ռուբեն Հայրապետյանին՝ մեր սովորողներին կրթահամալիրում հրապարակային տված խոստումը՝ մինի ֆուտբոլի դաշտի որակյալ ծածկի աշխատանքները կատարելու… Ոչինչ չի խանգարում՝ մեր մարզահամալիրն ամբողջացնելու ֆուտբոլի դաշտով… Ես անհոգնել կրկնում եմ՝ հանրակրթությունը հասարակության խմբերի, կազմակերպությունների, անհատների համար ամենահարմար-սպասված հարթակն է:
Գիտեք, ես հետևողական եմ իմ ջանքերում և պարտավորություններում. քանիցս զանգով, տպագիր-էլեկտրոնային նամակով դիմել եմ Սամվել Ալեքսանյանին ու «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին… անարձագանք: Իմ բլոգը ԶԼՄ է, չէ՞, իմ այս օրագրային անդրադարձը պատշաճ դիմելաձև չէ՞: Համեցեք: Հատկապես կրթահամալիրի ստեղծման 25-ամյա առիթով տոնի այս շրջանը, այս հոբելյանական տարին լրացուցիչ խթան է մեծ ու փոքր նվիրատվությունների, ներդրումային ծրագրերի, ձեռնարկների մեկնարկի համար… Մենք անմիջապես արձագանքում ենք ամեն մի այսպիսի կանչի՝ ընտրության համար առաջարկելով ծրագրերի, աշխատանքների, կարիքների փաթեթ… Մենք եղել ենք ու կանք հայաստանյան բաց հասարակության բաց դպրոցը: Որ ավելի թեթև տանենք այս՝ ընթերցողին ծանր թվացող զրույցը, բլոգապատումի այսօրվա վերնագիրը հենց Սամվել Ալեքսանյանինն է՝ հեղինակայինը: Անձնական հանդիպման ժամանակ արագ-արագ ներկայացնում էի իր աջակցության հանրակրթական ծրագրեր… Ես՝ ոգևորված, գործարար-պատգամավորը՝ իր տնտեսական ու այլ խնդիրներից չկտրվելով. «Տո, Բլեյան ջան, սպասի է՜, կրիզիս ա, կրիզիս, ախպեր ջան»… Աշխատել ուղիղ ճանապարհի վրա և գոհանալ ունեցվածքով, որ շատ է այնքան. ահա կրիզիս, ցանկացած կրիզիս շրջանցելու Թումանյանի բանաձևը: Հիշեցնում եմ իմ ու իմ գործընկերների համար…
Այս օրերին կրթահամալիրում նկարահանում-ուսումնասիրություններ էին իրականացնում «Շանթ» TV-ն՝ մանկավարժության մեջ մեր գունաթերապիայով, Հանրային հեռուստաընկերությունը՝ 4-7-րդ դասարանցիների տեխնիկական ստեղծագործությամբ՝ ռոբոտաշինության մեր առօրյայով, 1in.am-ի TV-ն՝ 5-10-րդ դասարանցիների հանրային խնդիրների արձագանքումներով… Այս օրերին երկու նշանավոր ու հաջողված համերգ կայացավ. Մեդիա կենտրոնում ելույթ ունեցավ նշանավոր, Հայաստանի լավագույն ջազ խումբ ճանաչված «Con Alma» խումբը, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում՝ «Սեբաստացիներ» երգչախումբը… Խնդրեմ, մեկնարկում է մեր կրտսեր դպրոցների 1-3-րդ դասարանների դասվարների շախմատի մրցաշարը, կրտսեր դպրոցները նոր աշխույժով ու կյանքով լցված թթուդրեքը, սկսվել ու իր իրավունքների մեջ է… Համեցեք. համտեսը՝ հարիսայի հետ, նոյեմբերի 15-ին։
Եվ որ կարևորն է, բոլորն էլ իմ բացակայությամբ…