Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր,
Մոռանալով աշխարհային չարը, բարին,
Տրտում կօրնհնենք մի իրիկուն օրերը մեր
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին․․․

Երևանի գերեզմանոցներին ի՞նչ անուն տաս, ի՞նչ վայրեր են Կարմիր բլուր կոչվողը, Թոխմախի, … թե Նորքի, ուր երեկ մեր բոլորի ընկեր Սեյրանին հողին հանձնեցինք… Կարգ է, ու կարգով արեցինք․ինչպես մեզնից առաջ են արել հազարները․ այսպես հավաքվել-ի՞նչ է դառել… Գևորգ Հակոբյանի հետ քայլեցինք վեր-վար․ դե, անհնար է, տանջանք-տառապանք ու վտանգավոր անգամ մեզ պես ճարպիկի համար… Փոշի, փոշի, փոշի ու տգեղ-անկազմակերպ-վանող տանջարաններ՝ սկսած հողը փորելուց, ծեսին մասնակցելու ողջ ընթացքը. ո՞նց գտնես, ո՞նց մոտենաս, ո՞ւր կանգնես… բա հետո՜ն… գերեզմանատեղին կարգի բերելու համար շինարարությունը… Մազոխիզմը հե՛նց էսպես է ցուցադրվում՝ մեր գերեզմանները, որպես միջավայր. խոսելու տեղ ունե՞նք… Դե, խոսե՛ք…

Օձունի ճամբարի առավոտը:
Լուսանկարները` Սոնա Փափազյանի:

Հոգեհացին, որպես կարգուկանոն, ես մասնակցում եմ․ ծես է, որ խաղաղվելու-հանգիստ-դադար առնելու, իրար տեսնելու, լսելու հնարավորություն է տալիս․ կյանքն էս է՝ նաև իր մահով-հրաժեշտի կարգով… Կուզեի, որ հոգեհացի սեղանը-ուտեստը, որպես ծիսական կերակուր, մինչև վերջ պարզ-խիստ լիներ… Մեր ոգևորող ընկերոջ հոգեհացին բոլորը հարազատ-ծանոթներն են՝ Սեյրանի ընկերները ոչ կամերային երգչախմբից, Սեյրանի բարեկամները, մաեստրո Թոփիկյանի կամերայինի մարդիկ… Սեյրանը լիներ, կերգեր, մեզ առանց երգի բաց չէր թողնի… Ե՛վ թաղման սրահից-ճանապարհից, և՛ հողին հանձնելիս, հնչեցին արդարացի ծափեր․ ինչո՞ւ հիմա, այս ծիսական-խորին հարգանքով վաստակած սեղանի շուրջ, չհնչեցին ծիսական երգեր… թաղման, հրաժեշտի... Թե՞ թաղում-հրաժեշտը, որպես ծես, իր երգը չի ստեղծել։ Հիմա  ես ասում եմ՝ ափսո՜ս…

Հրաշալի է, որ հուլիսի 23-ին Կամերային երաժշտության տանը Երևանի Կամերայինը ելույթ կունենա։ Այն կլինի հուզիչ-հիշարժան, Սեյրանը կփառավորվի… Սեյրան երգիչը, ես դրանում համոզվեցի երեք տարի, Հայաստանի-Արցախի-Վրաստանի մեր «Սեբաստացիներ» երգչախմբի ծնունդի-կայացման թափառումներում, մեր անվերջանալի-ամենաուրախ-շրջիկ «բրոյի-բրոյիներում»՝ ամենուր, երգում էր, խնդրել չէր տալիս, անպատրվակ-անմահանա ու միշտ… Դե՛, հուզվում եմ, ընկե՛ր… Ի՜նչ անփույթ ենք կյանքում՝ միշտ լինելու ենք, իբր, դե, կհասցնենք էլի… ու այնքա՜ն գործեր կրթահամալիրային, որ Սեյրանով պիտի արվեր, հիմա ո՞նց են արվելու… Ու մեր կյանքն էլ հախուռն, այս կիսատությունից-անավարտ գործերից սկսում է նմանվել մեր գերեզմանոցներին… Ահա ինչու, նպատակասլաց-ամբողջականությունը սկսում է իմ վարքի, պահանջի որոշիչը դառնալ։ Հոգեհացի հավաքատեղում ինչո՞ւ ես չպատմեմ մեր-իմ Սեյրանի մասին…

Կրթահամալիրի ծովափ-լողափերը:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Անընդհատ-ամենուր, ոչ միայն իմ մտածումներում, ոչ միայն երկուսով-երեքով, այլև հենց բարձրաձայն, երբ առիթը լինի, ու մարդիկ հավաքված լինեն, մենք կպատմենք մեր ընկերոջ՝ Սեյրանի մասին։ Այս տաղանդավոր երգիչ-երաժիշտ-փիլիսոփա ընկերոջ մեջ առանձնացնեմ մեզ համար եզակին՝ իր հոգատարությունը մեր ուսուցչական երգչախմբի, մեզնից յուրաքանչյուրի և կրթահամալիրի գործի նկատմամբ։ Սեյրանը տեսնում-կարևորում-առաջ էր մղում իր անընդհատ, գուրգուրանքի հասնող խնամքով մեր այս մանկավարժական-լուսավորչական առաքելությունը, որ փոխանցել էր հոգեհացի մասնակիցներին։ Դե, ընկերը, գործի-կյանքի, էսպես է լինում, Սեյրան Ավագյան։ Բռա՜վո , ընկեր, մեր սրտից եկող ձայների ողջ մաքրությամբ ու զրնգոցով՝ շնորհակալ ենք։ Հսկի՛ր մեզ, որ չշեղվենք մեր ընթացքից․․․

Երևանյան լճի ափին մենք չենք կարող չստեղծել-չունենալ մեր սեբաստացիական անկյունը։ Ահա ինչու, իմ արկածախնդիր-հեծանվային որոնումները մեզ՝ ուսուցչական մի խմբի, ի վերջո բերեցին բայդարկա-կանոե-ակադեմիական թիավարության միակ մարզադպրոցի երևանյան հանգրվանը։ Մենք զբոսնելու չենք եկել․ աշխատանքային այց է, ճանաչողական։ Հուլիսի մեջ արագ ու խելամիտ անցնենք գործընկերության ճանաչողության, ծրագրման փուլը, որ օգոստոսին մեր սովորողները կարողանան ընտրություն կատարել։ Այո՛, մենք պիտի ունենանք մարզական թիավարողների խմբեր՝ տարատարիք սովորողների, իսկ ուսուցիչները թող Երևանյան լճով զբոսնելու և լողալու այս հնարավորությունը օգտագործեն…

Իսկ գետի-լճի մյուս ափին ամերիկյան դեսպանատան բարեկարգ մարզահրապարակներն են, նրանց մեջ գրավողը՝ մեծ թենիսի կորտերը։ Փորձենք օգտվել մեր աշխարհագրական դիրքից ու սկսենք մեծ թենիսի պարապմունքներ նաև։

Այո՛, Սեյրան ընկեր, մենք այս մասին խոսել ենք։ Մենք երգով-նպատակասլաց՝ որպես ուսումնական տարածք, մտնում ենք Հրազդանի ձոր ու Հրազդանի ստեղծած լճափ…

Կրթահամալիրցիները Սևանի «Ժայռի» լողափին:
Լուսանկարները` Անուշ Սողոմոնյանի:

#731

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ լցոնում չդառնա իմ գիրը, ծնծղաներ հնչեցրեք…

Երեկ 3։15-ից կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում  գտնվող յուրաքանչյուրի պարել-երգել-նվագել-կարդալը գալիս էր, ու ստացվեց համերգ-ուսուցում-տոնախմբումը, այո, տոնով խմբումը տարատարիք սովորողների, մեծահասակների՝ ծանոթ-անծանոթ, այդ թվում՝ …. իմ, Նվարդ Սարգսյանի ու Ստեփան

Իմ բախտը հրեշների հարցում էլ է բերել…

Ապագան գուշակելու լավագույն միջոցը… այն կերտելն է… Գտնված սկիզբ է օրվա իմ պատումի համար, և՛ ընթերցելու նյութ, որ առաջարկում են Ավագ դպրոցի սովորող Տիգրան Աբրահամյանն ու խորհրդատու ուսուցիչ Իրինա Ապոյանը mskh.am-ի

Ես Դավիթն եմ: Էքսկուրս…

Բլեյանի դպրոց կամ Բլեյանի անվան դպրոց կամ անգամ Բլեյանի անվան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ ու կամ, անգամ ու անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ասելով՝ հաճախ նույն՝ Երևանի թիվ 183 դպրոցը նկատի