Էլ ի՜նչ պատմեմ, էլ ե՜րբ պատմեմ, ախր, ի՞նչը չեմ պատմել, բա՞ն է մնացել, որ չեմ պատմել, անուն-դեպք-միջադեպ-մտածում… Լավ, ինձ իմ գրում արձակուրդ չի հասնո՞ւմ, պիտի ասվածի նման վեց հարյուրիննսունինն օրվա գիր ու անընդհա՞տ… Հոբելյանական յոթհարյուրերորդից հետո՞… Էլի՞ այս բետոնացված ակնածանքը-կարևորումը, հոբելյանական «կլոր» թվերի նկատմամբ չի անցնում. դիմացն էլ դեռ հազարերորդ գի՞րն է։ Լավ, գրից, ձեզնից արձակումը թող մնա հազարից հետո։
— Իրո՞ք արձակուրդ չկա,- հարցրին մի խումբ սեբաստացի երեքից հինգերորդ դասարանցիներ երեկ Գեղարվեստի լողափին։
Գեղարվեստի լողափին:
Լուսանկարները` Իրինա Ապոյանի:
Երեկ Հիմնական դպրոցից ոտքով-չոլերով-տնտեսությամբ մեր գյուղացիական-Դպրոց-պարտեզով-վերգետնյայով-Մայր դպրոցի հյուսիսային ճակատով, մարզադաշտերի կողքով, ոռոգում-խնամքի շեշտադրմամբ ամենո՜ւր, կրթական պարտեզի սարալանջով-Գեղարվեստով հասա վերջապես Կենտրոն. մեկուկես ժամ քայլեցի՝ ճամփորդությամբ ուսուցում, ինձ համար՝ ուսապարկով, հանդերձանքով, թեթև ու արագ… Որքա՜ն բան իմացա, մոբիլ ու ստեղծական հեղինակային կրթական ծրագրի հիմնադիր ղեկավար Տիարի ողջ ուժով միջամտեցի, քննարկեցի, զայրացա, հուզվեցի, ծափահարեցի, մտքեր ու գործեր հավաքեցի։ Ո՛չ մի դադրում. ջանք-ճիգ-հուզում՝ բայց ես զվարթ էի, գործերով լեցուն, ոչ մի «օֆ» ֆիզիկական, այսպես առավոտվա 4-ից մինչև իրիկունը 10-ը, երբ հեծանվով Արմինեից ու Դավթից շուտ մտա տուն։ Ա՛յ, մնացածը չեմ հիշում… Հիմա ես չեմ քնում, հանգչում եմ։
Արթնացա պայծառ օրվա առավոտ կանուխի պահանջով։ Շուշոյի սենյակում է ինձ այսպես հանդիպում օրը, ինչպես երրորդ-հինգերորդ դասարանցիներին՝ Գեղարվեստի ծովում։
— Իրո՞ք արձակուրդ չկա,- կրկնում են հարցը,- վաղն է՞լ կարող ենք գալ…
— Ամեն օր, ամառ է, ամառային ուսումնական նախագծերով, լողով-հեծանվով… Իսկ հունիսի 13-ից՝ նաև Բանգլադեշյան պլեների նախագծերով…
— Ջա՜ն,- լսվեց-թռավ սովորողների ու ծնողների սրտից։
— Իսկ ծնողների համա՞ր…
— Եկել է ձեր ժամանակը… Համեցեք։
Կասկադում Կրթահամալիրն է՝ «Անտիվիրուս Կոմիտաս»-ով:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:
Իսկ Կասկադում «Անտիվիրուս Կոմիտաս» հավաքի վերջում, երբ նախագծի ամենափոքր խմբերով՝ միացող-անջատվող-խմբվող-բաժանվող, ամեն մեկը՝ մի նախագիծ ու գնահատական օրվա-պահի, մարդիկ այնքան բարյացակամ-հարազատ են, որ ծանոթ-անծանոթի սահմանը չկա, մի տեղ պարում են, երգում, մի տեղ խաղում են, հազարը՝ վայելում… ահա ինձ են մոտենում Դպրոց-պարտեզի Դավթի խմբի Անուլիկն ու Նարեն, փարվում.
— Մեզ ձեռքերի վրա ման տուր…
Սա կատվազգիների նշանավոր դիրքն է, որից, պատմել եմ, այս ամառ լողափում մրցումներ եմ կազմակերպելու. մարզում-մարզվո՞ւմ եք։ Ի՜նչ լավ է՝ այս Կասկադը, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի այս հարթակը ևս մաքուր է, հարմար։ Ես բռնում եմ նախ՝ Նարեի, հետո՝ Անուլիկի զույգ ոտքերից, իրենք՝ ձեռքերի վրա, ինչպես վայրի կատու։ Հետո, իհարկե, հայտնվում է աղջիկներին հովազի նման հսկող Դավիթ Բլեյանը.
— Հիմա էլ ես, պա՜պ…
Գյոնջյան Արմինեի վեց տարեկանների խումբն ինձ բռնացնում է Դպրոց-պարտեզի ցանցապատ տարածքից դուրս գալիս ու, անակնկա՜լ, իրենց 2015-2016 ուսումնական տարվա պատմությունների մի ժողովածուն ինձ նվեր տալիս։ Դադա՜ր. մի՛ շտապիր, տնօրե՛ն, դու հասել ես… Մենք նստում ենք մուտքին հարակից պուրակում ու ես բարձր (լսվե՞ց) կարդում եմ Ռազմիկ Մանուկյանի, Դավիթ Նիկողոսյանի, Մանե Կարապետյանի, առանց ուսուցչի միջամտության պատմությունները։ Այսպիսի պուրակները, որոնց խնամք-բարեկարգումը մշտական է՝ մի-մի ուսումնական նախագիծ հենց ամառային խնամքի ու Բանգլադեշյան անվերջ պլեների վայրեր են։ Սկսեք միջավայրը փոխել հենց մոտիկից, Տաթև Բլեյան ու Զառաներ՝ Առաքելյան, Ոսկանյան, սեբաստացիներ, կրթահամալիրի Բանգլադեշով, մուտքին հարակից պուրակից, նստարաններից. հենց այստեղ կազմակերպեք ձեր կարևոր քննարկումները… Կասկադը, թե մյուս ֆիզիկական կենտրոնները տարին մի քանի անգամ կհայտնվեն մեզ. մեր շրջակա աշխարհ-երկրից սկսեք, ձեր առօրյա պուրակից, որ կանաչը-պարտեզը չնահանջի…
[youtube https://www.youtube.com/watch?v=NYfZAjApRFY?rel=0&showinfo=0]
Իսկ Գեղարվեստի արևելյան խուլ պարիսպը՝ մեզ մեր Բանգլադեշից կտրող, փլվեց, սկսեց փլվել հենց մեր քոլեջի տղաների՝ աշխատանքի ջոկատի տղաների հարվածներից… Բաց է Գեղարվեստով-Բանգլադեշով-Քոլեջ, մինչև…..Կասկադում այս պատմական ակտը իրականացնողները փոխանցեցին, որ այսօր՝ շաբաթ օրն էլ սկսելու են Գեղարվեստից՝ մեր Պլեների կասկադից…. Կիսատն ավարտել են ուզում… Ահա, հրավեր է ինձ. աշխատանքի ջոկատի օրը, ինչպես երեկ, կարգ է, սկսվում է տողանից առավոտյան… Ես ձիու վրա եմ թռչում… Ուշանալ չկա. աշխատանք է։
Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
#698