Միջին դպրոցի Թագուհի Միրզոյանի ու Քրիստինե Զախարյանի՝ թարգմանչական ստուգատեսին ներկայացված «Ինչուիկ» շարքի նյութերը իսկը Դավիթ Բլեյանի համար են: Իրոք, շնորհակալ եմ: Դավթին այսպիսի՝ գիտահանրամատչելի տեսանյութերից չես կտրի. երեկ տուն մտա. մի աչքով ինձ է նայում, մի աչքով (գումարած միտքը)՝ իր գտած հայերեն հետաքրքրասեր մի ֆիլմաշար է դիտում: Մեկ ժամից ավելի… չես կտրի… Բա՜ հարցերը… Արմինե մայրիկի վիճակը պատկերացրեք՝ ասում է.
— Գնանք քնենք, որ հարցերս տամ, պատասխանես…
Դավթից գլուխդ չես պրծացնի… Միջին դպրոցի սովորողների ջանքերը՝ ուղղված կրտսեր դպրոցին, թե՛ մեդիա միջավայրում, թե՛ ֆիզիկական, հեծանվային պարապմունքների, խաղերի կազմակերպման, պարուսուցման, այլ պատրաստման, ինչպիսի՞ զարգացում կունենան. սա նաև կենդանի հետադարձ կապ է սովորողի և իր առաջին ուսուցչի-դաստիարակի միջև… Հետաքրքրությամբ կկարդամ դասվար-դաստիարակի անդրադարձները այսպիսի նախագծով կոնկրետ սանի-իր շրջանավարտի մասին…
իններորդցիները քննություն են հանձնում բնագիտությունից:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:
Սկսվող մանկավարժության ամառային ճամբարում այսպիսի նախագծերը, կարծեմ, տեղ կգտնեն… Արձակո՞ւրդ առնեմ, որ այսպիսի ճամբարներին կարողանամ մասնակցել. թե չէ այսպես` ոտի վրա (թեկուզ հեծանվով՝ ոտի վրա է ստացվում), կտրվում ես կրթահամալիրային խորքից, իրականությունից… Իսկ մեր իրականությունն ավելի հարուստ է, բազմաշերտ, խորը, հետաքրքիր… Ես գիտեմ: Դեպի Սևանա լճի խորքերը ու շուրջբոլորը… իմ օրագրային պատմության համար հարթակ դարձավ Միջին դպրոցի Վաչեի ու իր ընկերների ֆոտոցուցադրությունը՝ Սևանի «Ժայռ» ճամբարում ստեղծված…
Այս ցուցադրությամբ, որ կտեղափոխվի «Ժայռ»-ի ակումբ, սկսվե՞ց Սևանի ամառային նախագծերի, մեր ամառային արկածներով-սերերով-ճամփորդություններով-հայտնագործություններով լեցուն ֆոտո-խոսք-կինո-գույն-ձայն պատումը… Արեք այնպես, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներ, որ «Ժայռ»-ում ձեզ լսեն-տեսնեն, ձեր նախաձեռնություններով համակվեն ձեր հասակակիցները ամառային Սևանի շուրջ, որ Սևանը հունիս-սեպտեմբերին այլ դառնա՝ մաքուր` ներսից-դրսից, լազուր, անհատական-հարազատ, ինչպես սիրած կին, ընկեր, հայրենի… Բաժանեք Սևանը գոտիների, այո՛, մաքրության, անձնական պատասխանատվության… ու սկսեք մաքրել-մաքրվելով՝ ներսից-դրսից… Ֆոտոցուցահանդեսում Հեմինգուեյին հիշեցինք տեղին՝ չենք շփոթում, լսեք, մերը գործողությունն է, ոչ երբեք շարժումը…գործողությունն էր, որը, որպես Վաչեի ավագ և կրտսեր ընկերների երկրագործություն, Մայր դպրոցի խոպան տարածքը պլեներային-պուրակային դարձրեց…
Ռազմամարզական խաղեր մարզադաշտում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Երկու անգամ հագուստ եմ փոխում, որ հանգստանամ-խաղաղվեմ: Ստացվում է մասամբ… Ու ես օրվա վերջում, անձրև գա-չգա, մոտենում եմ իմ հեծանվին… Փակուղում է հայտնվել ձեր Տիարը, զայրույթն-անուժությունը այդպիսի տեղ է հասցնում… ու թառլան նժույգն իմ, ինչպես հեքիաթներում, կտանի վեր, ճախրանքով անդունդներ կանցնեմ… Շնորհակալ եմ, ընկեր-հեծանիվ… Իրիկուն է, կարող է անձրևել՝ ասում են կրթահամալիրի օդերևութաբանները՝ Սուսոն, Գևորգը… Ես ոչ միայն չեմ շտապում. հեծանվով խաղալով-հիացումով ճանապարհին մտնում եմ ճամփաներ, որ թողել էի այսպիսի օրերի համար… Իմ ճամփի ո՛չ մի հարթակ բաց չեմ թողնում… պլեներային տարածքներ են սրանք դառնում՝ Փարոսի բարձունքը, դրանից ներքև, հետո վերև, Եռաբլուրներից հատածը, հետո Զանգու-Երևանյան լճի երեք հայտնիները… Ուր մինչ այսօր ոտքով-աստիճաններով էի մոտենում, հիմա՝ հեծանվով-թռիչքով: Ստացվում է… Մի քիչ, ու ես կմտնեմ Զանգու՝ Երևանի ծովը… Իսկ ինչո՞ւ ոչ…
Ծովը ծնկից. սա չէ՞ Բանգլադեշյան 2016թ. պլեների, երևանյան ճամբարականի, սեբաստացու նշանաբանը՝ թռիչքը, ճախրումը դեպի բարձունքը, հայացք հարթակից-վերևից, ստեղծողի դիրքից դեպի արևը, Արևելք-Արևմուտքով, դեպի Արագած ու Արարատ՝ հայացք հյուսիսից հարավ, դեպի անհունը ջրերի՝ Հրազդանի կիրճի թե՞ նրա ստեղծած Երևանի լճի, դեպի դաշտն Արարատյան… Ես տեսա Միջին դպրոցի չորրորդից ութերորդ դասարանցիների, ավագ դպրոցի 9-12-րդ դասարանցիների ջոկատ-ճամբար կազմող պլեներային խմբերը` ստեղծողի գործիքով, հեծանիվներով-սլացքով՝ մտքի, անուրջի: Կհոգնեն-կկարոտեն, կդառնան Բանգլադեշի աշխարհ, կլողան ծովերում մեր, կնստեն Կլոր սեղանի, կմոտենան բահին, պարտեզը կջրեն-կխնամեն… կմաքրեն ներսից-դրսից: Ու կգնան ուղերձներ իրենց հասակակիցներին՝ լսեցեք, ոչ մի դեպքում չշփոթեք բովանդակազուրկ շարժումը (գնալ-գալը) գործողության հետ, որ ջանք-աշխատանք է` դրսից-ներսից մաքրող…
Հիմնական դպրոցի սովորողները Գեղհովիտի բարձունքներին:
Լուսանկարները` Հասմիկ Պողոսյանի:
Ամառ 2016 Բանգլադեշյան պլեները՝ իր բոլոր հարթակներով-ձևերով՝ ճամբարներով-արշավախմբերով-ջոկատներով գործողության ուժ ունի: Գործենք: Փոխե՛ք Երկիրը: Հիմա: Լսեցի՞ք:
Խմբագիր՝ Կարինե Պետրոսյան։
#697