Հոբելյանները, ծննդյան օրերը, հիշատակի և այլ օրերը առիթ են ինձ համար, առիթ ընդամենը… Դավիթ Բլեյանը շատ է գործածում՝ «հանկարծ»-ը. «Հանկարծ լվացքի մեքենայի վրա չիշիկ չանեմ… Հանկարծ ճաշի ամանը շուռ չտամ մայրիկի շորի վրա… Հանկարծ Շուշանի սենյակում չդնեմ իմ կեղտոտ շորերը… Հանկարծ բազմոցին վրձինով չնկարեմ…»: Հետևելով Դավթին ասեմ՝ հանկարծ հոբելյանին շատ լուրջ չմոտենամ, նրա հետ բեմ բարձրանամ՝ թողնելով բազում գործեր անկատար: Հիմա, իմ այս գիրը նվեր է ինձ, ով ուզում է ընթերցող, թող իրենը վերցնի անցած 50 օրվա գրերի համար: Միևնույն ժամանակ, մարդը, որ շարունակ հետաձգել է գրի ընթերցումը, թող էլ չհետաձգի, որ սրանով դառնա բնական օրագրապատման ակումբի անդամ: Հանկարծ իմ բլոգը պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի մասնաճյուղ չդառնա:
Գիտե՞ք, ինչքան եմ շփոթվում, ինքս ինձ կորցնելու չափ, երբ իմ գործընկերներից մեկը ինձ ուսուցիչ է անվանում… Ես՞՝ հարցնում եմ: Ես կրթության գործի կազմակերպիչ եմ. հանկարծ ինձ Արման Գրիգորյանի հետ չշփոթե՞ն, այ, ուսուցիչը Արմանն է, Սոֆյա Այվազյանը, Աիդա Պետրոսյանը, Հասմիկ Նալբանդյանը… Այ, Հասմիկը սովորողների մի խմբի հետ վերադարձավ Վրաստանից, հաշվետվությունն էլ՝ ինչպես գործունեությունը ողջ, բաց է, ծանոթացե՛ք, հիմա էլ օգոստոսի 13-ին, տարատարիք սովորողների և մեծահասակների հետ կմեկնի «Հնեվանք»-ի արշավախմբային ճամբար… Ես ուսուցիչ չդառա. շշմելու մասնագիտություն է, ակնածում եմ: Լավ ուսուցիչը, որքան էլ բոլորինն է, աշխարհինը, ազգինը, կոնկրետ սովորող է ենթադրում, սովորողի, խմբի հետ կոնկրետ գործունեություն է իրականացնում, կոնկրետ ճանաչում, պատասխանատվություն կրում, սովորողի հաջողությունը կիսում… Այնպես, ինչպես ես Դավիթ Բլեյանի դաստիարակն եմ՝ իր ծնունդից սկսած՝ 2 տարի 7 ամիս… օգոստոսի 12-ին՝ ութ ամիս…
— Դավիթ, հարցնում եմ, քույրիկներին (Մելինե-Մարիամ Մարտիրոսյաններ հմայիչ երկվորյակն այս ե՞րբ մեծացավ, մայրիկ-հայրիկի համար վտանգավոր դարձավ. փախցնելու աղջիկներ են), լսել եմ, նեղացրել ե՞ս…
Պատասխանում է.
— Քույրիկնե՜ր, մի՛ նեղացեք, Դավիթը ներողություն է խնդրում (մեր բնակարանից իջնող աստիճանների վրա), վաղը էլի կգաք։
«Սրանք երաժշտական գործիք են, ա՜յ (այս կապույտ բահը, կանաչ փոցխը նոր են, մայրիկի նվերը, ու Դավիթը ձեռքից չի դնում), հողով-քարով նվագում են… Դավթի նման լողացել են», «Հանկարծ չմոռանամ, կեղտոտ շպրտեմ… Հայրի՜կ, այս փոցխը ատամներ ունի, սանրում է (իրեն փոցխով նորից սանրում է), բերան ունի՞ փոցխը… Հայրի՜կ, փոցխը իմ սանրն է, հանկարծ կեղտոտ չպահեմ… Հայրի՜կ, սրա անունը բահ է, բահ կասեն, лопатка-ն ռուսերեն է, հանկարծ չմոռանամ…»։
Արմինեն բարձր ասում է.
— Հայրի՜կ, գիտե՞ս, ես Դավթից նեղացել եմ… »:
Դավիթը կարծես չի լսում, թե ուզում է՝ ես էլ լսած չլինեմ։
— Դավի՜թ, այս ի՞նչ եմ լսում,- վշտացած տոնով հարցնում եմ: Պատասխանում է.
— Ես ուզում եմ տատիկին լսեմ…- դադար, դավիթավարի՝ սրիկա-հմայիչ-հումորով, գնահատում է իմ վրա ազդեցությունն իր խոսքի…
«Պապա չեն ասում, հայրիկ են ասում, ես մեծ եմ, ես ուժեղ եմ, տատիկին ման եմ տալիս…»: Ու որպես Դավթի դաստիարակ՝ երեք մանկավարժական սկզբունքի համահեղինակ դարձա, բացահայտեցի-հիացա-փախանցում եմ:
- Ինքնուրույնությունն է ազատության առաջին աստիճանը. ինքնուրույն գործունեությամբ հասունանալու, այլոց կենսափորձը յուրացնելու մեթոդը: Ես բաց եմ թողնում Դավթի ձեռքը, թող ինքնուրույն բարձրանա-իջնի վերգետնյա ու ստորգետնյա, նշագծած անցումներով, գործում եմ երկրորդ պլանից, որ նա իր կյանքով հայտնվի կենտրոնում՝ առաջին պլանում, իսկ իմ՝ մեծի, դաստիարակի, ուսուցանողի գործը, հսկելն ու դիտարկելն է: Երբ իմ կարիքն ունենա, թող դիմի, ինչպես Դավիթը շարունակ՝ «Օգնի՛ր ինձ, խնդրում եմ…»։
- Չեմ շտապում, երբ երեխայի հետ եմ, ո՞ւր եմ շտապում: Հենց նյարդայնանում ես, ուրեմն շտապում ես, հայտնվել ես առաջին պլանում, երեխայի փոխարեն ու իբր՝ երեխայի համար ես անում. տես՝ առաջին սկզբունքը:
- Զարմանքը, հիացմունքը, հայտնագործությունը, ծիծաղը (հումորը) միասին են, երբ երեխայի հետ համերաշխ ես գործում:
Ինձ փոխանցել են, ես փոխանցում եմ հիմա Դավիթ Բլեյանին՝ լեզու, հավատք, հայրենիք… Կենդանի լեզու, լեզվագործունեության, խոսքի բոլոր ձևերով, հավեսով (խաղալով). իմ խոսքը՝ բանավոր ու գրավոր, Թումանյանը ինձ ու Դավթին ինքնաբավ են դարձնում. ես շա՜տ եմ խոսում՝ ամեն ինչի մասին խոսում ենք (մտավոր կրթության գործիք է խոսքը), ես Թումանյան եմ կարդում, պատմում, Թումանյան եմ լսում՝ Դավթի Թումանյանը: Մենք շատ ենք լսում կենդանի, առույգ, աշխույժ, մայրական կաթի նման անաղարտ երաժշտություն. սրա անունը Կոմիտաս է: Ես Դավթի հետ խնամում եմ, հավաքում, մաքրում, ճամփորդում եմ, հիանում. սրա անունը՝ Դավթին հիացնող այս աշխարհի՝ իր արևով, լուսնով, մայրամուտով, արևամուտով, բլուրով, գետով քչքչան, ձիանքով… Կուրթանում և Իջևանում, Ծաղկունքում և Բջնիում… (մենք շատ հյուրեր ենք ընդունում և այցելում ենք հնարավոր շատ) Հայաստան է: Սրա անունը Հայաստան է, Դավիթ: Մենք «Հայր մեր» ենք լսում, «Առավոտ լուսո», էլի շարականներ, մանկական-ժողովրդական երգեր (Կոմիտաս), որ իմ ու Դավթի հոգուն են հասնում… Մենք ակնածանքով, անաղմուկ մտնում ենք եկեղեցի, Պատարագ ենք լսում, ժամերգություններ (պատառիկներ, իհարկե)…: Սա Հիսուս Քրիստոսի հաստատությունն է, իսկ Քրիստոսն իմ Ուսուցիչն է: Ահա ինչու՝ ես շփոթվում եմ, երբ ինձ ուսուցիչ են անվանում. ահա իմ Ուսուցիչը՝ Հիսուս Քրիստոս, իմ հերոսը, իր ուղղորդող աջով…
Ուրբաթ, օրվա վերջում, ժամը 18:00, ես հավաքել եմ իմ շինարար ընկերներին՝ Էդիկին, Օնիկին, Կորյունին, Քաջիկին, Համլետին։ Շաբաթ օրը, Վահրամ Թոքմաջյանի ու Ռուդիկ Սահակյանցի հետ մեկ օրով մեկնում եմ Կապան՝ Կարմրաքար… Կպատմեմ, իհարկե, երբ վերադառնամ. ճամփորդի գնալն է իրենը, գալը Աստծունն է: Հիմա, ես խնդրում եմ իմ ընկերներին շաբաթ օրը ոռոգման նոր ցանցը փորձարկել ամբողջությամբ, այնպես, որ Մայր դպրոցի կանաչ տարածքը ճպճպա ջրի մեջ: Ես չեմ դիմանում, երբ ծառերը խեղճանում են, ինչպես հիմա… Դադարեցրե՛ք բոլոր գործերը, ջո՛ւր տվեք ծառերին, ծարավ են…
Հետո ես նստում եմ նորակառույց մարզավանի նստարանին:
Միայնակ` 19:00-ին. ի՞նչ է անում Բլեյանը, ինչպես «Քրիստոսն անապատում»…
Աչքի առաջև անց էին կենում
Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր…
Եվ անապատում, մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա…
Չէ մի չէ… Ես մտածում եմ իմ աշխատանքի, այն չկորցնելու մասին, մինչև սեպտեմբերի 1-ը, նոր ուսումնական տարվա պաշտոնական մեկնարկը, կուզեք՝ մեր կրթական մեկնարկը՝ սեպտեմբերի 4-ը , մեր կրթական շքերթի օրը, պիտի ունենանք ամբողջական գործող «Սեբաստիա» մարզահամալիր, որպես պարտադիր պայման 2014-15 ուստարում կրթության գործի կազմակերպչի իմ բնական գործունեությունը շարունակելու համար (իմ առաջադրած պայմանն է, ու ես սրան լուրջ եմ մոտենում)…
Գիր գրոցը այսպիսի ավարտ պիտի ունենար՝ լուրջ, ծանրակշիռ, պատասխանատու: