«Կրթություն» 6.12.2006թ.
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հեղինակն ընդգրկված է ավագ դպրոցի գործունեության հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի կազմում: Ներկայացվող հոդվածները նրա մշակումներն են, առաջարկները: Հաջորդ հոդվածը նվիրված կլինի ինքնուրույն ավագ դպրոցին:
Ես պնդում եմ, որ մեկ միասնական (10-ամյա թե 12-ամյա) ընդհանուր դպրոցի գոյությունն անարդյունավետ է. կրթության փոփոխություններին թափ, ուղղվածություն և խորություն կարելի է հաղորդել, եթե կրթական համակարգում իրականացվեն ամբողջական կառուցվածքային փոփոխություններ: Մենք առաջարկում ենք 6-ամյա ուսուցմամբ ինքնուրույն կրտսեր դպրոցի (4+2 կամ 3+3 կրթական աստիճանններով) և 6-ամյա ուսուցմամբ ինքնուրույն ավագ դպրոցի (4+2 կամ 3+3 կրթական աստիճանններով) մոդելներ՝ մեկ ու միասնական 12-ամյա միջնակարգ դպրոցի փոխարեն: Ժամանակն է միջնակարգ կրթության միասնական ծրագիրը փոխարինել 6-ամյա բազային կրթության և 6-ամյա ավագ դպրոցի (3+3) կամ եռամյա ավագ դպրոցի (10, 11, 12-րդ դասարաններ), տարատեսակ մասնագիտացված ուսուցման ինքնուրույն ծրագրերով: 7, 8, 9-րդ դասարաններից կազմված եռամյա ուսուցման ինքնուրույն ծրագիրը և 6-ամյա բազային կրթության ծրագիրը կկազմեն 9-ամյա պարտադիր դպրոցը:
Մենք պնդում ենք, որ 6-ից 12 տարեկանների զարգացման ինքնուրույն կրտսեր դպրոցը, ինքնուրույն՝ իր նյութական, տեխնիկական ու մանկավարժական կազմակերպմամբ, անհրաժեշտ է երեխայի կրթությունը մարդկայնացնելու և կենդանացնելու ճանապարհին՝ որպես պատնեշ երեխայի ստեղծագործական աշխարհը ռեպետիտորական կարճատև հիշողության վարժանք միջնակարգ դպրոցից պաշտպանելու համար: Ինքնուրույն կրտսեր դպրոց՝ կազմակերպված՝ հարազատ ու անվտանգ, որպես ընտանիք, խնամված ու հիգիենիկ, ինչպես պարտեզ, իմացական ու գրավիչ, ինչպես արհեստանոց-արվեստանոց-գրադարան (լաբորատորիա): Մեծերը ցանկացած կարգավիճակով (ծնողի, պաշտոնյայի թե մանկավարժի, հասարակության որևէ այլ անդամի) դպրոցը դիտում են սոսկ որպես կյանքին մարդու նախապատրաստման շրջան: Մեր կրտսեր դպրոցը երեխայի իրական կյանքի դպրոցն է, ինչպես երեխայի ընտանիքը, ինչպես երեխայի բակը: Կրտսեր դպրոցականներն ախր այնքա՜ն տարբեր են և հետաքրքիր, անկրկնելի՝ որպես անհատականություններ, իսկ ավանդական 10-ամյա թե 12-ամյա մրցակցային (առարկայական գիտելիքների գնահատանիշային համակարգով) դպրոցը երեխային իր անհատականությունը դրսևորելու և իր բնույթին համապատասխան ընդունակությունները զարգացնելու տեղ չի թողնում: Մեր ինքնուրույն կրտսեր դպրոցում՝ երեխայի դպրոցում, երեխան ապրում է իր լիարժեք կյանքով, զբաղվում է իր բնույթին ու օրգանիզմին համապատասխան իրական գործունեությամբ (կենդանի կյանքով), զարգանում: Այո´, երեխային համապատասխան իրական-զարգացնող կենդանի գործունեություն, որտեղ չկա բաժանում, ինչպես Ռոդարին է ասել՝ «մեծերի և փոքրերի, որտեղ ուսուցչի դերը չի հանգեցվում փաթեթավորված վիճակում օրն այսքան գիտելիքների հաղորդմանը. ուսուցիչը ո՛չ անվարժ ձիեր սանձահարող, ո՛չ էլ ծովառյուծներ վարժեցնող է»: Մեր կրտսեր դպրոցում ուսուցիչը նախ և առաջ կենսափորձով մարդ է, ով երեխաների հետ է, որպեսզի նրանց իր մեջ եղած լավը փոխանցի, որպեսզի իրենց մեջ էլ ստեղծագործելու, երևակայելու, հետազոտելու հմտություններ զարգացնի, որպեսզի երեխայի գործունեության հավասարապես գնահատվող տարբեր ձևերին կառուցողաբար մասնակցի, իսկ գնահատումը գործածի միայն որպես երեխայի ուսումնառության խրախուսման և ինքնաստուգման միջոց: Երեխան երեխա է հենց նրանով, որ ապրում է ներկայով, տվյալ պահով, որ կամային չէ. նա ոչ մեծերին, ոչ էլ պետությանը ոչինչ պարտական չէ: Բաց, ժողովրդավարական, մատչելի և իհարկե գրավիչ կրթական միջավայր բոլորի համար՝ և՛ ակնհայտ ընդունակություններով երեխայի, և՛ հատուկ կարիքով երեխայի (առանձնահատուկի), և՛ անզեն աչքով սովորական թվացող երեխայի համար՝ որպես մանկության, երեխաների անհատական իրավունքների արդյունավետ պաշտպանության հասարակական-պետական հաստատություն: Հիգիենիկ, անվտանգ, անկաշկանդ ուսուցողական (իմացումի) նոր միջավայր՝ դպրոցական առարկաների և ոչ մի ստորակարգում: Ըստ էության՝ մեր կրտսեր դպրոցում մեկ առարկա կա՝ կյանքը, իրականությունը, որը բոլոր տեսանկյուններից է դիտարկվում՝ իր ողջ բազմազանությամբ՝ սկսած դպրոցական կոլեկտիվից, միասին լինելու հմտությունից, այն բանի ըմբռնումից, թե միասին ինչպես է պետք ապրել ու աշխատել: Ահա այս կյանքն են կազմում և՛ մաթեմատիկան, և՛ մայրենի ու օտար լեզուները, և՛ նկարչությունը, և՛ պլաստիկան, և՛ թատրոնը, և՛ երաժշտությունը, ֆոտոն ու կինոն, զգացմունքները, բարոյական արժեքները, կենսական նորմերը, տնային ու դպրոցական տնտեսվարությունը, բնագիտությունը, համակարգիչն ու ինտերնետը, հայրենագիտությունը, տեխնիկան, խաղը: Ու գործունեության բոլոր ձևերից և ոչ մեկը, ի տարբերություն ավելի պատվավոր համարվող մյուսների, պարզապես ժամանց կամ զվարճություն չպիտի դիտել: Գլխավորը, որ երեխան մշակույթի և ուրիշ արժեքների «սպառողը» չլինի, այլ դրանց «արարողը», որ դպրոցը իր միջավայրն անընդհատ ստեղծելու հնարավորություն ընձեռի: Ուսուցիչները համագործակցային մեթոդն այդպես էլ վերապատրաստման կարճատև դասընթացներից չեն բերի իրական դպրոց, եթե դպրոցական կյանքը կազմակերպված չլինի որպես երեխաների, նրանց ուսուցիչների ու ծնողների համագործակցություն:
Սրանք դատարկ խոսքեր չեն, այլ դպրոցական կյանքի՝ տարիների հետազոտական գործունեությունից, քաղաքական թե մշակութային ասպարեզում մեր պայքարից ու համառ աշխատանքից, այլոց բազմամյա փորձի ուսումնասիրությունից ծնված մտորումների արգասիք: Այո´, ուսուցչի և երեխայի տաղանդի դրսևորման և զարգացման դպրոց, որտեղ ուսուցիչը մոռանում է ուրիշների ստեղծած վատ ծրագրերից, հրահանգներից, դասագրքերից դժգոհելը: Մեր նոր դպրոցի ուսուցիչը, որպես գիտական մանկավարժության մասնակից, իր ստեղծած մանկավարժությամբ (ծրագրեր, ուսումնական նյութեր, երեխայի գործունեության խրախուսման ձևեր) իրականացնում է իր ազատությունն ու տաղանդը և ծնողական համայնքի, կրթահամալիրի իր հետազոտող գործընկերների, կրթահամալիրի խորհրդի առաջ կրում փաստացի պատասխանատվություն՝ իր ստեղծած մանկավարժության հետևանքների համար: Այո´, իմ իդեալը եղել և մնում է երեխային ինքնուրույն կյանքի մղող, ոգեշնչող և ստեղծագործելը խթանող ուսուցիչը: Իսկ ինքնուրույն ավագ դպրոցի մասին ըստ էության խոսելու հնարավորություն, կարծում եմ, մենք կունենանք:
Աշոտ Բլեյան