Ուղիղ և խորն են ազդում, խոցում են ինձ չօդափոխված ուսումնական տարածքները՝ թե՛ նախակրթարանների խմբասենյակները, թե՛ տարատարիք սովորողների տարատեսակ կաբինետները… Ինչպե՞ս են դա թույլ տալիս, չի՞ նկատում-հանդուրժո՞ւմ է ներս ու դուրս անող դպրոցի ղեկավարը, կազմակերպիչը… ծնողը, ինչպե՞ս են դրան՝ հեղձուցիչ-խեղդող միջավայրին հարմարվում սեբաստացի սովորողն ու ուսուցիչը… Իմ արձագանքը կտրուկ է և անմիջական, ինչպես ծխախոտի ծխին՝ բացառեք, օդափոխե՛ք, հիմա՛, բացե՛ք, բացե՜ք պատուհանները, գարո՜ւն, ապրիլ՝ պայծառ, ա՛յ մրսկաններ, ո՞վ է ձեզ թույլ տվել խեղդել իմ սաներին ու… Ես մոտենում եմ պատուհաններին… չբացվի՞, փական-բռնակ չունենա՝ կկոտրվի… Խնդրում եմ ձեզ, բարի՛ մարդիկ, մեծե՛ր բոլոր կարգի, սեբաստացինե՛ր, որտեղ էլ որ լինեք, որպես առաջին գործ՝ բացեք պատուհանները… Իսկ ինչո՞ւ եք փակում, հարցնում եմ… ողջ օրն ինչո՞ւ բաց չմնան… Մեր տան պատմությունն է. ես բացում եմ դուռ ու լուսամուտ, Արմինե մայրիկն ու Դավիթն իմ ետևից փակում են…
— Մրսում ենք, հայրի՛կ…
Աստված իմ, էսքա՜ն մրսկան ժողովուրդ… իմ տա՞նը, իմ կրթահամալիրո՞ւմ…
Դպրոց-պարտեզի հինգ տարեկանները կավով քանդակում են իրենց:
Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի:
Նախօրեին տված խոստումս Դավթին կատարում եմ իհարկե ու տասներկուսի-մեկի արանքում մտնում Դավիթ Բլեյանի խմբասենյակ՝ կրթահամալիրի Դպրոց-պարտեզում… Աշխույժ, խնամված, հետաքրքիր, բոլորը՝ մեկը մյուսից առավել, աննման. վրա տվեցին, ի՞նձ էին սպասում… Հետո Դավթի մայրիկ Արմինեն պատմեց, որ իրեն էլ այդպես են դիմավորում… Մայրս կասեր՝ շվարած մնացել էի… Այս կենդանության-հախուռնության-անմիջականությանն ինչքա՞ն դիմանան իմ սիրելի Շողիկն ու Ռուզանը… Եվ այսպես, կրթահամալիրով մե՞կ՝ բոլոր տասնվեց խմբերո՞ւմ… Իրիկունն իմ զարմանքը թարմացավ-ավելացավ, երբ Արմինեն ցույց տվեց ընկեր Շողիկ-Ռուզանի՝ խմբում պատրաստած այս ֆիլմը… Արմանք-զարմանք… Կամ հարևան Գոհար Զարգարյանի այս ստեղծագործությունը: Ռոդարիական-աղայանական ստուգատեսը, որ ողջ ապրիլ կձգվի, ավելի ու ավելի գունեղ, օդանցքային է դառնում՝ «Ստեղծագործական երևակայության քերականության» բուժիչ թերապիան թևածում է սեբաստացիական աշխարհով: Շնորհակալ եմ:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Կողքից ով ինչ կմտածի, թող շուտ մտածի. նյութի պակաս չկա, տեսարաններն արագ փոխվում են… Արմինե Թոփչյանի ձեռամբ ես սեբաստացի մի խումբ աղջիկների՝ Իվետա Ջանազյանի, Գայանե Սարգսյանի ու Գրիգորյանի, Տաթև Համբարյանի ու Սոնա Փափազյանի հետ թողնում եմ մեր նժույգները Դպրոց-պարտեզի կայանատեղում, ու քարափն ի վեր սկսում ենք սեբաստացիական յուրացված-խնամված-հարազատ, անխնամ-անծանոթ՝ դրանով գրավիչ շրջակա աշխարհի ներառումը… Ոտքով, երկաթուղով, գծերի-շպալների վրայով՝ արևելքում-հեռանկարում ժպտալով մեր Բաբաջանյան պողոտային ու Բ-1 թաղամասին, Մայր դպրոցին, հարավում՝ որպես փարոս կանչող Հիմնական դպրոցի, Անկախ մայլի բարձրահարկերին… Արմինե Թոփչյանի այս ֆոտոշարքն առավել խոսուն է… տեղին… Թարմ-թեթև է մեր ճամփորդի հոգին. կեցցե՛ն մեր աղջիկները… Մեր սովորողներին կարելի է միշտ նախանձել. նրանց շրջապատում են բազում մանկավարժներ, ում հետ գրավիչ է ճամփորդելը, ճամփորդելով ճանաչելը, ապրելը…
Դպրոց-պարտեզից Հիմնական դպրոց տրիաթլոնի՝ վազքին թե հեծանվին հարմար հայրենագիտական, անվտանգ ուղին բաց է այլևս… Չեմ կասկածում, այսօր արդեն Գայանե Գրիգորյանն ու Սոնա Փափազյանը հեծանիվներով-վազքով իրար ընդառաջ կգան… Տրիաթլոնի մրցումների ի՜նչ հարմար տարածք՝ երրորդից հինգերորդ դասարանցիների համար… Երկուսից երեք կիլոմետր վազք-հեծանվաարշավ, վերջում-արանքում լող՝ կրթահամալիրի ծածկած լողավազանում… Այսպես, որպես մարզումներ ապրիլ-մայիսի համար, իսկ հունիսին տրիաթլոնի մրցումները կտեղափոխվեն Սևանա լճի ավազան՝ «Ժայռ» ուսումնական ճամբար… Ես ձեզ խոստացա հեծանիվ + վազք + լող Սևանա լճում, Սևանի ավազանով…
Մանկավարժական աշխատողների դպրոց:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի, Լուսինե Աբրահամյանի:
Ես ծնվել-մեծացել եմ, մինչև 1978 թվականն ապրել եմ երկաթուղային կայարանին կպած բնակելի փակուղիներից՝ թաղերից մեկում, և երկաթուղին հատելը, շպալ-ռելսերով քայլել-վազելն իմ առօրյան էր օրվա բոլոր ժամերին… Իսկ մեր նոր հայտնագործած բանգլադեշյան երկաթուղու եզրով աջուձախ ձգվող շրջակա աշխարհն ուսումնասիրման թեմա է՝ իր բնապահպանական աղետներով-խնդիրներով մի քանի բնապահպանական ստուգատեսներում և տասներկուամյակում չսպառվող ծավալներով… Սա Երևանն է, իմ ու կրթահամալիրի ճնշող մեծամասնության բնակավայր-ծննդավայրը, մեր պետությունը՝ հայրենին էլ, մայրենին էլ, ու սրանից ո՞ւր փախչես… Սրա ճանաչումը, սրա խնամքը պիտի դառնան իմ-ձեր առօրյա ուսումնական աշխատանք…
Հիմնական դպրոցում դադարից հետո մենք վերադարձին անցնում ենք աղուտներով՝ անմշակ-որակը կորցրած, լքված, աջուձախ աղբանոցներով-մեքենաների գերեզմանոցներով, անկանոն ծավալվող քոլիկներով, դաշտերով… 1985-ին, երբ ես նոր մտա Բանգլադեշ, սրանք գյուղատնտեսական հողեր էին՝ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության քսանհինգերորդ համագումարի անունը կրող խորհրդային տնտեսության՝ աչք շոյող կանաչ, մշակած դաշտ-արտ-ցանքեր… Ուրիշ ի՞նչ է մնում մեզ անել, քան Վիլյամ Սարոյանի պատգամը. «Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է»: Մահվանն ընդդիմանալու բանաձևը չէ՞ սա։
# 641