Ի՞նչը, ինչո՞ւ պիտի գիշերվա ժամը 3-ին արթնացներ խիտ-լեցուն աշխատանքային օրվա իրիկունը 11-ին հանգած տիարին՝ պատմելու համար իր 1605-րդ գիրը՝ որպես նոր աշխատանքային օրվա առաջին գործ… Գյուղական տնամերձերի խուլ-բարձր-երկար, գյուղական փողոցների երկու կողմերով ձգված ցանկապատը՝ հետևողական տհաճ-միջավայրի հետ կապ չունեցող ռոզվի գույնի, տգեղ շարվածքով, որ սպառնում է Ամբերդ գետի հունով փռված Արագածոտնի գյուղերին՝ Բյուրականով սկսած, Օրգովի անցումով, Աղձ, Ագարակի Ամբերդ գետի կամուրջով նշանավոր քարափներով, Ոսկեհատ ու Ոսկեվազ, Լեռնամերձով մինչ Ամբերդի ու Քասաղի գրկախառնման Ամբերդ գյուղ ու այդպես Էջմիածնի-Արարատյան դաշտի բոլոր գյուղերով… Լավ, էս ո՜նց են խոսքերը մեկ արել, որոշում դարձրել ու անկասելի վարակի ուժով տարածում… Ո՞նց դեմը առնես, ու ո՞վ առնի… Մամա ջան… Այսպես ես դիմում եմ իմ ճանաչած-տեսած ամենաուժեղ մարդուն, որ ինձ պաշտպանի…

Կրթահամալիրի դաստիարակ Վարդ Օսիպովայի օբյեկտիվից:

Հանեք-հավաքեք իմ ճամփեքի գյուղերի բոլոր տների հողամասերի դարպասներն ու ցանկապատերը մի հրաշքով, ու իրավիճակ փոխված կլինի, բռնադատված բնությունը՝  որպես աստվածատուր աշխարհ կհաստատվի ու մեզ կփոխի… Մեկ էլ՝ իմ թված-չթված գյուղերի ներքին ու արտաքին առուները… Ինչքա՜ն անշնորհակալ-անխնամ-տգեղ… համաճարակային վերաբերմունք Հրազդանի, Ամբերդի, Քասաղի ու նրանցից սկիզբ առնող ջրանցքների-առուների, կոյուղատար ու աղբատար դարձող Արագածոտնի տարբեր բարձունքներից սկիզբ առնող ու դեպի փեշեր-դաշտեր-այգիներ շտապող աղբյուրների նկատմամբ… Սրա դիագնոզը ո՞րն է, որ բուժում նշանակվի, եթե բուժում կա… Մամա ջան…

Կրթահամալիրի դաստիարակ Արմինե Խաչատրյանի օբյեկտիվից:

Շատերին դեռ Ձորափ անունով հայտնի, Աղձքի՝ աշխարհքով մեզ ճանաչում բերող դամբարանում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ու Աղձքի դպրոցի սովորողների և ուսուցիչների համատեղ պարապմունքը բացօթյա, դրանից առաջ  մեր կենդանի երգեցողություն-համերգը դպրոցի դասարաններից մեկում, որ համատեղ հարմարավետ սրահի վերածեցինք…

Մտա դպրոցի զուգարան ոչ միայն ու ոչ այնքան կարիքից. սա իմ մոնիտորինգի պարտադիր ցուցանիշն է. հանրային հաստատությունը սկսվում է սանհանգույցից: Չմտնեի՜, ամեն անգամ ասում եմ…  Զուգարանային տարածք էին մտնում սեբաստացի ուսուցչուհիներ… Մեղավորության զգացումը, տեսեք, չեմ հաղթահարում… Դամբարանի ճամփին տնօրինական, որքան հնարավոր է մեղմ զրույցի մեջ իրավիճակի փոփոխության երեք քայլ, հարցրի… Ինչո՞ւ չէր կարելի ցանկապատի փոխարեն ունենալ հիգիենիկ զուգարան, այնպես, որ չզզվես, մեղավոր չզգաս. ասֆալտի փոխարեն՝ խիճ-հող-ավազ շրջակա հանքերից, և մի քիչ խնամք, որպես ուսումնական, նախագծային աշխատանք ու Արագածոտնից իջնող մշտական-հասանելի առվով ջրվող, կանաչի-այգու մեջ կորած շինություններ կունենայինք… Իսկ շենքի մուտքից աչքի էր զարնում նոր ցանկապատը՝ պարսպած խորհրդային հնության ասֆալտով ծածկած ողջ բակը… Պատասխանը տեսեք՝ ցանկապատը երևացող է, ցանկապատը բարեկարգում է, գյուղացու հպարտությունն է… Իսկ ասֆալտը, բակը նոր ասֆալտե ծածկով պատելը իրենց գյուղի-դպրոցի զարգացման ծրագիր է… Մամա ջան…

Նոթբուքի իմ էկրանին՝ mskh.am-ի առաջին էջից բացվող կրթահամալիրի զարգացման ծրագրով որոշված 2019-ի աշխատանքներն են՝ որպես ուսումնական մի-մի նախագիծ, մեր ստեղծելիք յոթ հրաշալիները… ինձ մեր իրականությանը կապող, կյանք տվող ճիպոտներ…

Ջա՜ն, մամա ջան…

Աստղիկ-Դավիթը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Աշոտ Բլեյանի օբյեկտիվում երգում-խոսում է Աստղիկ Բլեյանը:

[youtube https://www.youtube.com/watch?v=E4UKiNYGXx8]

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1605

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

1988-ի երկրորդ շարժի մասին է իմ դժվար գիրը

Որոշումներ ինքնուրույն կայացնում է Դավիթ Բլեյանը. սրան զոռով չես փոխի, իր համառությունից, հակառակվելուց սևանում է… Հո չե՞ս ծեծի՝ փլուզես ողջ գիտակից կյանքում կառուցած մանկավարժությունդ… Իբր քիչ փլատակներ կան մեր երկրում. փլատակների

Ձևը խաղ է անցավոր․․․

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կա որ․․․ Ահա այսպես, տիեզերքի մեծ հոգու հետ, արդեն սովորույթի ուժով, ժամը ութին, երրորդ

Կոնկրետ ու փոքր քայլերով առաջ գնալու մեր ժամանակի մասին է իմ գիրը

Հիմա ես կարդում եմ Մարիա Մոնտեսորիի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում» աշխատությունը՝ մեր Գևորգ Հակոբյանի թարգմանությամբ մեր «Դպիր» ամսագրում, մեր mskh.am-ում։ Ահա ինչպիսի գործուն-սոցիալական-կրթական-մշակութային բաց համակարգ է մեր mskh.am-ը, հեղինակային կրթական