Դավիթ Բլեյանն էլ  մշտահասուն է… Մեկ էլ.
— Էլ վայրի կատու, առյուծ արքա չեմ, ես Դավիթն եմ… Պա՛պ, ինձ համար «Սասունցի Դավիթ»-ը  կարդա,- բերում է իր մանկության ամենագիրքը՝ Թումանյանի նկարազարդ էպոսը, դնում ձեռքերիս մեջ, ինքը բարձրանում-մեկնվում բազմոցին, գլուխը՝ ծնկներիս…
— Մազերիս հետ խաղա ու կարդա, պա՛պ…
Մեր տղայի քունը տանում է, բայց ուշադիր լսում է, ոչինչ բաց չի թողնում, արձագանքում է, մինչև Դավիթը նախրապանի իր երկաթե կոռը փոխարինում է նետ ու աղեղով…
Սա՝  շաբաթ իրիկունը…

Նկարում  ենք սպիտակաձավարով:
Լուսանկարները` Գոհար Սմբատյանի:

— Պա՛պ, ավտոբուսը, տես, կոտրել եմ,- ծիծաղում է,- բոլոր մեքենաները ջարդուփշուր եմ անելու… Տե՛ս:
— Ինչո՞ւ, Դավիթ,- խաղա՜ղ, շա՜տ խաղաղ հարցնում եմ ես։ Արմինե մայրիկը վաստակել է իր հանգստյան միակ կիրակին. չի զիջի՝ արդա՜ր քնած է. չի երևում՝ երբ կարթնանա… Մեզ ոչինչ չի խանգարում…
— Ի՞նչ պատահեց հանկարծ, որ սկսեցիր կոտրել…
— Մեծանում եմ, պա՛պ…
— Որ մեծանում են, սիրելի ավտոները կոտրո՞ւմ են, Դավիթ:
— Հա՛, պապ, բոլորն էլ որ մեծանում են, կոտրում են իրենց խաղալիքները… Դու էլ, մայրիկն էլ, որ հիմա քնած է, կոտրել եք…. դե ցույց տվեք ձեր ավտոները…
— Իսկ ինչո՞ւ կոտրես, գուցե քանդես, որ հավաքել լինի:
— Չէ՛, պապ, ջարդուփշուր եմ անելու, որ հավաքել չլինի… Դու քո գործերով զբաղվի… Դպրոցը սարքի, որ կոտրել չլինի… Դու մեծ ես, չէ՞, պա՛պ… Դե, արի հիմա գնանք՝ ես իմ մեքենաների հետ լողանամ…
— Դավի՜թ,- նետում եմ ես, — քանի սաղ են… լողացնե՞ս…
Խնդում ենք բլեյանավարի, աշոտավարի, դավթավարի, սրանո՞վ էլ նման ենք:
Ու Տաթև քույրիկի նվիրած հեծանիվը՝ ետևի ու առջևի պահոցները լեցուն մեքենաներով, քշում է լողարան… Չի լողում, ապրում է… Ես նայեցի ժամացույցին՝ մեկուկես ժամ։

Նախակրթարանի սաները կրթահամալիրի երթուղայինում:
 Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:

Կիրակին, ճիշտ է, չասեմ՝ նաև օգտակար, որ ես, որպես կանոն, անցկացնում եմ ընտանիքում. ողջ օրը ես ու Արմինեն Դավիթ Բլեյանի հետ ենք… Բոլորս էլ վերականգնում ենք մեր ուժերը, ու ինչպես Դավիթն ասաց, կարող ենք գործի անցնել…

Երբ ես ասում եմ՝ կրթական միջավայր, նկատի ունեմ և՛ նյութականը, և՛ ոչ նյութական՝ մշակութային-մանկավարժական-հոգևոր (ավելացրեք՝ որպես հոմանիշներ)՝ մարդկային հարաբերություններով ստեղծվողը, կյանքը, ընտանիքը կրթահամալիրում… Ոչինչ նյութականի (անունի, իշխանության) առումով ինձ համար ավելի կարևոր չէ, որ որևէ չափով զանց առնենք մարդկայինը… Պատահական չէ, որ մեր հասունության այս շրջանում ենք մենք վճռական կպել կրթական պարտեզին, ինչպես ես եմ անհոգնել կրկնում` ամբողջական, ներսով-դրսով…

Գեղարվեստի Դիանա Գևորգյանը, գիտե՞ք, երկրորդ բալիկն է բերում՝ աշխարհին պարգև, ու իր ստեղծած աշխարհը խառնվել է իրար՝ պատրաստվում է Դիանայի ֆիզարձակուրդին… Մեր Դիանան ինքը՝ իր սիրով-շնորհքով-ամենօրյա ջանքով հավաքեց հինգ տարեկան անհատականություններ, սովորեց ու սովորեցրեց իրեն-մեզ, ու հիմա իր կյանքն է դասարանը՝ քսաներկու երկրորդ դասարանցիներով, ինչպես իր սեբաստացի բալիկ Ալեքսը, ինչպես երկրորդը, որ կրում է… Գեղարվեստի նախկին ու ներկա ղեկավարները՝ Արմինե Թոփչյանն ու Քնարիկ Ներսիսյանը, Դպրոց-պարտեզ ուսկենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանը, կողքից, հասկանալի է, բոլորս, տիկին Աիդան ու ես էլ՝ մեջները, մասնակից եղանք առանց Դիանա շրջանի նախագծմանն ու պատրաստությանը՝ փոփոխությունների մի շարք. ընթերցող սեբաստացի-ոչ սեբաստացիի գլուխը որ չտանեմ, ո՛չ էլ պատումը խճճեմ, ո՛չ էլ զրկեմ ձեզ այս՝ Թումանյանի գրչին վայել եղելությունից… Դիանան պիտի թողնի դասարանը. բայց ախր ո՜նց թողնի, դասարան չէ, աշխա՜րհ է, կյանք, բա որ փո՜ւլ գա հանկարծ… Ո՞վ փոխարինի էս շրջանում Դիանային իր դասարանում, որ Դիանան այնքան չի ուզում թողնել… ակամա… Պարզ է, մի տերև պիտի ընկներ, որպես նշան՝ աշխարհի փուլ գալու, ու բոլորս գնայի՞նք, ինչպես Թումանյանի «Երկինքը փուլ է գալիս» հայտնի հեքիաթում, որ բոլորիս տանի աղվեսն իր ո՞րջը… Լավ է, որ սրանց՝ էս կնկտիքի մեջ մեկը (էդ ես եմ) ասում է.
— Դադա՜ր, բարեկամնե՛ր, սիրելինե՛ր…

Կրթական պարտեզ`«Փոքրիկ Իշխանի մոլորակը»:
Լուսանկարները`Կարինե Մամիկոնյանի:


Նախ, Դիանան դեռ չի գնացել, առողջ պատրաստություն ծնունդին: Ելման դիրքեր՝ Դիանան՝ իր դասարանով, Բաբուջյան Կարինեն՝ իր երրորդ դասարանցիներով, Կարինե Խառատյանը՝ իր հինգ տարեկաններով… որ Գեղարվեստի նոր ծնունդն է, ինչպես ժամանակին Դիանայի հինգ տարեկանները, բոլորիս հոգսն ու անելիքը։ Ժամանակ ունենք, ցույց տանք մեր անանձնական սեբաստացիական որակները, ինչպես Սուրբ Հարության տոնին՝ 2016-ի մարտի 26-ին, երբ Ուսուցչի լույսը Գեղարվեստում ողողել էր մեզ, թեև շենքի կեսը հոսանքազրկված էր, ինչպես շաբաթ օրվա աշխատանքում, որ ներկայացրել է իր այս ֆիլմով՝ Քնարիկը, կամ Մացակյան Կարինեի՝ մեր սիրով ստեղծած նյութական աշխարհի մասին պատմող այս ֆիլմում… Բաբուջն ու Դիանան մեր, յուրաքանչյուրս Գեղարվեստում տարիներ ստեղծել են այս լույսը, որը չի կարող պակասել…

Ահա, խնդրեմ, Տիգրանյան Աշոտը գիտականորեն ապացուցված է համարում, որ կարճատեսության պատճառը պլանշետները չեն, այլ… քիչ ճամփորդելը: Կարդացե՛ք մինչև վերջ ու հաստատեք մեր հեղինակային մանկավարժության մայիսյան հավաքի, ապրիլյան ճամփորդությունների ձեր շարժուն-գործուն ներգրավմամբ… Վազե՜ք-քշե՜ք հասեք…. Տիգրանյան Աշոտին, որ այդքան ուշադիր է իմ խոսքի նկատմամբ, թվացել է, որ օրեր առաջ Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունքին իմ հուզական-տեղին խոսքի մեջ մեղանչել եմ մեր Սասնա էպոսի դեմ… Շնորհակալ եմ ուշադրության ու հնարավորության համար. սայթաքել կարող եմ, ներողություն, սխալ հասկացվել՝ հնարավոր է, դուք հո գիտե՞ք, որ էպոսի Թումանյանի մշակումն օրորել ու, տեսե՛ք, շարունակում է օրորել իմ Դավթին, բոլո՞ր սեբաստացիներին: Ես խոսել եմ էպոսի ուժով փոխանցվող, այսօր էլ, թվում է, անհաղթահարելի հայոց դիրքորոշման մասին, որը, ավա՜ղ, եղել է մեր պատմության մեջ: Բացառում եմ: Ինչո՞ւ… Կյանքն ավելին է… Մենք ժամանակ ունենք, համեցե՛ք, վարպետնե՛ր լույսի, վերացրե՛ք բոլոր խափանումները՝ սկսելով, իհարկե, ձեզնից…

Մեդիակենտրոնի ծաղկած թաղարները:
Լուսանկարները`Կարինե Պետրոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 639

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լսեք, լսեք, լսեք…

Երբ այսքան ցավոտ պարտությունը բոլորինս է, չի կարող ներհայաստանյան հաշտությունը բուժիչ չլինել՝ որպես հաղթանակ… 

Գո՜ւնդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ…

Ծեսն այսպես, իրական-իսկական կյանքով է լինում․․․ իմ այս սեբաստացի կինոյի պես․․․ Աստղիկի արթնացումը, աչքերը բացելուց մինչև ծնողական անկողնուց սահել-իջնելը, մոր տաքուկ ծոցը բաց թողնելը, որպես վավերագրություն,  հակառակ Արմինեի սպառնալիքների (մարդու

Ջրափոսում չլմփացող մանուկ-մարդուկների տրամադրությամբ

Նիկոլին մեր, իր սիրուն ընտանիքին, թավշյա-հակաբռնի հեղափոխության բոլոր մասնակիցներին ասենք՝ շնորհավոր մեր՝ դուով-դուխով վարչապետի ծննդյան առիթով: Գնա, գալիս ենք: Գերմանիայից, գերմանացի մեր գործընկեր-պարտիզպան Գերդ Քյոհլերին երեկ օրվա վերջին ճանապարհեցի կրթահամալիրի