«Ինչ մեր մասին մտածում ենք՝ մենք այն չենք, այլ այն ենք, ինչի մասին մտածում ենք: Մեր զգացումները փոխելու ձևերից մեկը մեր մտքերը փոխելն է»… Ամերիկացի երեք մեծահամբավ գիտնական-բժիշկներ Ֆրենկ Մինիրթի, Փոլ Մեյերի և Ստեյթս Սկիփերի «Ինչպես հաղթահարել դեպրեսիան» գրքույկը միանգամից աչքի զարնեց Սրբազան հոր՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աշխատասենյակում, երբ Սուրբ Սարգիս եկեղեցում Զատկի տոնի պատարագին մասնակցելուց հետո իմ քույրիկ Նազենի աստղ Հովհաննիսյանի հետ ավանդույթի ուժով մտանք՝ մեր ընտանիքի ու մեր կրթահամալիրի լավ բարեկամին շնորհավորելու… Սրբազան հոր սենյակն այնքան հետաքրքիր է. բազմաթիվ գրքային և հուշանվերային նոր հրատարակությունների ցուցադրություն. կարելի է ժամե՜ր անցկացնել… Սրբազանը շուրջ երկուսուկես ժամ տևած արարողության պատարագիչն էր, պիտի որ հոգնած լիներ, բայց…
— Ես երբեք չեմ հոգնում պատարագից, որքան էլ այն երկար տևի. ես լիցքավորվում եմ…

Ընդունեք այս՝ երջանիկ և հաջողակ կյանքի հարյուր ուղի խոստացող գրքույկը՝ որպես զատկական նվեր: Գրքույկի նախաբանը մեջբերեմ.

Այս փոքրիկ գրքույկում դուք կգտնեք որոշակի գործնական և հուսադրող ճշմարտություններ Աստծո Գրքից, որոնք պետք  է յուրացվեն ձեր համառ ու հարատև ջանքերով: Իմաստուն է այն մարդը, ով կյանքի խավար օրերին գիշեր ու զօր կխորհրդածի սրանց շուրջ,- խոստանում է Դալլասի Աստվածաբանական ճեմարանի պրոֆեսոր Ռոբինսոնը:

Մնացածը թող որոշի մեր հմայիչ Զառա Առաքելյանը…

«Ցտեսություն» նախագծի պարապմունքը Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Աշխեն Գրիգորյանն իր նախաձեռնությամբ լուծում է աշխատանքային պայմանագիրը 2016-ի ապրիլի 1-ից… Տասնյակ ու տասնյակ երեխաների սկզբնական ուսուցիչը՝ վստահելի ու սիրելի, բարեխիղճ-անընդհատ առաջադիմող հեղինակային մանկավարժության մեջ, սրանով հայտնի դարձող, սեբաստացի Սևակի ու Հայկի մայրիկը, նշանավոր մանկավարժ-գրիչ Ռոբերտ Էջանացու աղջիկը, թույլ կտա հրապարակել հունվարի 30-ի իր նամակը, որպես, արդեն, հրաժեշտի խոսք…

Հարգելի տիար Բլեյան, հնարավոր է,   որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստիպված լինեմ թողնել աշխատանքս, քանի որ ամուսինս աշխատանքն արտերկրում շարունակելու առաջարկ է ստացել և մենք ընտանիքով ժամանակավորապես պետք է մեկնենք  Հայաստանից:
Տիար, ինձ համար շատ դժվար էր նման որոշում կայացնելը, քանի որ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում աշխատանքիս  և  սիրում ու գնահատում եմ այն:  Ինձ համար կարևորագույն մի շարք որակներ ես ձեռք եմ բերել հենց կրթահամալիրում՝ մասնագիտական ինքնավստահություն, նոր գաղափարներ իրագործելու խիզախություն, անընդհատ սովորելու, հետազոտելու, ուսումնասիրելու եռանդ: Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռեցիք նման միջավայրում ապրելու, աշխատելու և արարելու:  

Շնորհակալ եմ, Աշխեն, համատեղ աշխատանքի, կյանքի համար, որ, մեզնից է կախված, կարող է շարունակվել… Աշխենի երրորդ դասարանում, ինչպես Հիմնականի Մարիմյան Թամարիկի, ով առաջնեկ ունենալու է գործուղվում, Գեղարվեստի Կարինե Բաբուջյանի դասարանում, ով կշարունակի հերթական բալիկին բերելու մեկնած Դիանա Գևորգյանին, անցնում ենք առարկայական ուսուցման. բոլորին բարի բախտ՝ եկողներին-գնացողներին-մնացողներին…

Հանդիպում-քննարկում Գեղարվեստում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ապրիլի 9-ի համաքաղաքային շաբաթօրյակի պատրաստությունը մենք հայտարարեցինք երեկ՝ մեր հերթական մասնաժողովում։ Շաբաթօրյակը՝ որպես շրջակա միջավայրի բարելավման 2016-2017-ի մեծ ու ամբողջական նախագծի հարթակ-մեկնարկ, հարյուրավոր սեբաստացիներ՝ տարատարիք սովորողներ 2016-ի շրջանավարտների առաջնորդությամբ, բոլոր կարգի մանկավարժական աշխատողներ-ծնողներ, քաղաքապետարանի ու Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի գործուն աջակցությամբ, մենք կանցկացնենք «Կրթական պարտեզի»՝ Հարավարևմտյան թագավորության բարեկարգվող տարածքներում… Ես պաշտպանում եմ Գեղարվեստի դպրոցի առաջարկը՝ այս նախագծի շրջանակում մեր գործընկերներ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի հետ համատեղ բարեկարգման աշխատանքների արվեստանոց ստեղծելու մասին…

Բակի բարեկարգման աշխատանքներ Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Շողիկ Պողոսյանի:

Ուսումնական բազմօրյա ճամփորդություններից, որքան էլ՝ այդ աշխատանքը բարդ է, պատասխանատու (կրում ես անձնական պատասխանատվություն ընտանիքն օրերով թողած տասնյակ տարատարիք սովորողի համար), վերադառնում են լիցքավորված, աշխատելու հավեսը բազմապատկած, ինչպես՝ Թբիլիսիից, տեսնում եմ, Մարթան Ասատրյան, Ռինան Շագինյան, Ստեփանը Թորոյան, Լոռիից՝ Անահիտը Եղյան, Իվետան Ջանազյան, Հասմիկը Պողոսյան, Վարդաձորից՝ Սոնան Փափազյան և Լուսինեն Աբրահամյան, Խաչիկից՝ Անահիտը Մելքոնյան: Այս համատեքստում խելամիտ որոշում է 2016-ի շրջանավարտների ներկա-բացակա անվանված մեր այսօրվա ընդհանուր պարապմունքը՝ հարթակ՝ «Ցտեսություն» նախագծի մարտի շրջանն ամփոփելու և ապրիլյան շրջանը որոշելու համար…

Պլանշետով լուսանկարում են Դպրոց-պարտեզի 5 տարեկանները:
Լուսանկարների հեղինակ՝ 5 տարեկաններ:

Անի Հովհաննիսյանը սկսում է տասներկուերորդցիների հետ իր նմանը չունեցող, չտեսնված-չլսված ձևավորման նախագիծ՝ Մայր դպրոցի տոնական միջավայրը դրսով-ներսով…

Մարինե Մկրտչյանի նոր լուսանկարչատունը Գեղարվեստում այնքա՜ն խնամքով ինձ ներկայացրին Տիգրանը, Էրիկը, Վահեն… Ինչո՞ւ քաղաքի դպրոցների շրջանավարտներն իրար գլուխ չջարդեն այս լուսանկարչատնով անցնելու համար..․

Նոր դպրոցի նախակրթարանի նորեկները:
Լուսանկարները՝ Աննա Հայրոյանի:

Իսկ նորաբաց մեր հեծանվային արհեստանոցում նորոգում անցած՝ արգելակները փոխած-անվտանգ դարձած հեծանվիս կարոտել էի… Իմ տունդարձը հեծանվով վայելումի նախագիծ էր, ճամփորդություն իմ ավետյաց երկրով, հակադեպրեսիվ, բոլոր կարգի հիվանդությունները կանխարգելող, սառը շնչով, նոր ձյունած Արարատով, Արագածով, Արայի լեռով, սարսռած դաշտով Արարատյան, զրնգությունը չկորցրած Զանգու գետով…

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 628

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շուտ արթնանալը՝ մանկության երազանք…

«Ի՞նչ ենք մենք անում, որ մեր ամրոց-կացարան-հյուրատուն նախագիծը դառնա գրավիչ հենց աշխատողների համար՝ խոհարար-մատուցող-սպասարկող մեծ անձնակազմի համար»,— երկու հարյուր տարվա պատմություն ունեցող ամրոցի՝ երկար ժամանակ լքված հսկա տարածքով-արտերով-շինություններով, ներկայիս ժամանակակից

Բարի լույսի… ի՞նչն երևաց…

Պատկերացրի՞ք հիմա զանգերով հնչած ուրախությունը Տաթևենց-Սամվելենց-Արևիկենց տանը, Վահանի կլոր մեկ տարեկան դառնալը, կնունք-մկրտությունը Ջրվեժի եկեղեցում… Ինչպիսի՜ օյին է թափվելու բոլորիս հերոսը դարձած Սերոբյանի գլխին… Տոն-օր եմ ասել… Տարոսը բոլորիս… Բարի

Ուղիղ ճանապարհ ու գոհության կյանքի…

Ռուսաստանցի ուսուցչուհիները մերկացել են՝ ի աջակցություն աշխատանքից հեռացված իրենց գործընկերուհու… Այսպիսի հրապարակումները բաց չեմ թողնում. իրավունքի պաշտպանությունը մասնագիտական համերաշխությունը դաշտ են ազատում երևակայության փայլատակումների, թարմ հետաքրքիր-ազդեցիկ լուծումների համար: Իսկապես, ինչպես