Իմ օրագիրն էլ, Անտուանի «Գրապտույտ»-ի նման, այս տարի էլ, անցած տարի էլ, գալիքում էլ ձեռքբերում է… Գրելու ընթացքում «աստիճանաբար դուրս եմ հանում իմ միջի զայրույթը»… Պատկերացնո՞ւմ եք՝ օրվա ընթացքում այնքա՜ն զայրույթ է լցվում… ու եթե դուրս չգա՜… աստիճանաբար, գոնե… Ինձ համար, ինչպես մեր իններորդցի Անտուանի, իմ ամեն մի էջը հինգ հարյուր երեսուներեք օր շարունակ «փոքրիկ, բայց կարևոր ու հարուստ աշխարհ է». ուրիշ ի՞նչն ու ինչպե՞ս ինձ կմղեր մտնել ու դուրս չգալ-մնալ գրի այս պտույտի մեջ…
Վերցրինք բահերն ու, առա՜ջ… մեր գրադարանի գրքաբեր-հեծանվորդ Նոնայի պես, ով (ինձ եք ասում, ես պտույտ էի տալիս երեկ կրթական պարտեզի երկա՜ր-երկա՜ր հեծանվաուղով, բացում նոր արահետներ) ամենակարճ-գործող ուղով սլանում էր Մայր դպրոցից Նոր դպրոց… Ու… անհամբեր սպասում է իր ընկերների հետ՝ երբ կգաք գրադարան՝ հյուր։ Այս անհամբերին ճանաչեցի՞ք՝ գրադարանի նոր փոստատարն է՝ հեծանվով գրքեր բաժանող մեր հմայիչ Նոնան։ Իսկը կրթական պարտեզի փերի՝ իր կլոն Գայանե աղջկանով, սրա կլոն՝ վեցերորդ դասարանցի Լիլիթով, իր անբաժանելի ընկերուհի տիկին Մարիով ու գրադարանով, հիմա, նաև, հեծանվով… Այսպիսի՜ սպասարկում՝ անհամբեր, ուրիշ էլ որտե՞ղ. միայն կարդացե՛ք ու կարդացեք, բազմալեզու… ինչպես մեր ուսումնական դեկտեմբերյան նախածննդյան ճամբարը…
Ճամբարական առօրյայից։
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի, Սոֆյա Այվազյանի։
Կամ Մարգարիտ Հարությունյանի նման, որ թողել է, որ մյուսները գան, ուսումնասիրեն ամանորը բնակելի թաղամասի կրթական պարտեզում ու իր հայրենագետ սաների հետ սլացել… Աշտարակ։ Նոր դպրոցի չորրորդ-հինգերորդ դասարանցիների խմբի «Ամանորն Աշտարակում» նախագիծն իր ուսումնական փաթեթով՝ կազմված, ես հաշվեցի, տասներեք մեդիանյութից անհատական, տպավորիչ է… Այսպիսի թեթև-ուսանելի պատում… խոսքի մեդիամշակույթ, կարողություն՝ Աշտարակի ու աշտարակցիների մասին պատմելու:
Ռոքսիի այցելությունը Դպրոց-պարտեզի տոնածառին։
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի։
Արցախի թե Հայաստանի սահմանին զինվորական ծառայությունը՝ քաղաքացիական պարտականությունը, կատարող ժամկետանց թե պայմանագրային զինծառայողի, իր բնակավայրում խաղաղ ապրող մարդու մահը շարունակ ստանո՞ւմ է հնչեղություն… Օրեր առաջ մեր տանը հարգելի-հայտնի կոմպոզիտորները, որպես հանրային թիվ մեկ մտահոգություն, քննարկում էին օրվա սահմանային բախումները… Այսպես սկսվեց 2015-ը, այսպես է ավարտվո՞ւմ… Կավարտվի՞, 2016-ը խաղաղությա՞ն մեկնարկ կլինի… Իսկ Իջևանում քսանհինգամյա աղջիկ է ինքնասպան եղել… «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետն ավարտած այս աղջիկն ուներ երեք քույր ու եղբայր»… Այստեղ հաղորդագրությունն ընդհատվում է… Հետո էլ մենք ոչինչ չենք իմանա… Այսպես, տարին բոլոր, ինքնասպանության ձևով ընդհատվում են կյանքեր, որոնք ամենասոսկալի պատումն են մեր իրականության, ու մենք ընկալում ենք դա սոսկ որպես հաղորդագրությո՞ւն. իմացա՞ք, կարդացի՞ք, ու… վե՞րջ: Ինչպես ինքնասպանվածի կյանքը: Կարո՞ղ են դրանք լինել ուսումնասիրման պարտադիր նախագծեր… Դժբախտ պատահար չես ասի, որևէ արտակարգ պատահարի չես հավասարեցնի, ոչ էլ փողոցային երթևեկության զոհերին կհավասարեցնես…
Խմորաթաթիկներ՝ ամանորյա խաղալիքներ։
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի։
Օրագրի քաղաքականը
- Եվրոպական միությունը (իսկ սա քսանինը երկիր է) երկարացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
- Իսլամիստները Ռուսաստանից վրեժխնդիր լինելու համար կարող են թիրախ դարձնել նաև Հասաստանը։
- Եկել է բազմակողմ խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը սկսելու ժամանակը. Մամեդյարով։
Սրանք արդեն քննարկումներ են Ազգային ժողովում՝ մարդուն, այսօր ապրող մարդուն, իր կյանքին, իր խնդիրներին վերաբերող… Մեկը՝ որ մասնագիտական նպատակային կրթություն ստացած մարդուն է վերաբերում. Սուսան Մարկոսյանն առանձնացրեց Վահե Հովհաննիսյանի ելույթը։ Մյուսում, ահա, մեր փողոցն է՝ վարորդի թե հետիոտնի, փողոցային երթևեկության կարգավորումը… Տեսեˊք՝ ի՜նչ հետաքրքիր ելույթներ, որոնցից առանձնացնում եմ երկուսը՝ Գուրգեն Արսենյանի և իջևանցի մեր հերոսի՝ Նիկոլ Փաշինյանի հարցադրումները… Երբ երթևեկության կարգավորման հարցերը կարող են ու պիտի դառնան քաղաքական ծրագրհի բաղկացուցիչը… Իշխանությունը մենք վաղո՜ւց, երևի 1996-ից սկսած, հաստատ, սկսել ենք ավելի շատ որպես թշնամի ընկալել՝ անիծել-պայքարել նրա դեմ, երազել ազատվելու մասին… Մեր իշխանությունը, որ կոչված է մեր առօրյա կյանքի խնդիրները լուծելու… Կփոխվի-կփոխե՞նք մեր իշխանության բնույթը մինչընտրական 2016-ին. տեսնենք-տեսնենք…
Կրթահամալիրի դպրոցների 2016թ. տոնածառերը։
Շարքը՝ Զարուհի Առաքելյանի։
# 533