Արմաղան՝ ասել է թե, նայենք բառարանում՝ չնաշխարհիկ, հրաշալի, զարմանալի բան՝ որպես նվեր…
— Ես կարողա՞լավ տղա եմ,- հարցնում-հաստատում-բացականչում է Դավիթ Բլեյանը, ով առաջին անգամ մասնակցեց «Բարձունքի նվաճում» նախագծին. շնորհակալ եմ էկո-հայագետների խմբին, այնքա՜ն հմուտ-անաղմուկ-աղջկական Արմաղանի ու Մադինիայի նվաճումը ղեկավարած Մարթա Ասատրյանին ու Ալինա Թումասյանին: Մեր ընտանիքին հեշտ չէր երևի ներառել միկրոավտոբուսում, երկու օր ու գիշեր տնօրենի ներկայությամբ ինքնասահմանափակել ճամփորդական ազատությունն ու ճամփորդի անփութությունը: Եղավ, ու գոհություն, երախտագիտություն պարգևեց ինձ, Արմինեին, Դավթին…«Իմ ապերիկներն ու իմ քույրիկներն են»,- հարստացած ներկայացնում է Դավիթը։
Ես Մադինայում եղել էի երկու-երեք տարի առաջ՝ ուսուցիչների մեծ խմբի հետ։ Բայց ի՜նչ հաճույք էր Մադինայի 11-12-րդ դասարանցի՝ ինձ ուղեկցող յոթ-ութ տղաների և աղջիկների հետ այս վերելքը՝ առանց վարանելու, չնայած սաստկացող, կարկուտի հասնող անձրևին ու սառը քամուն, երկնքի գոռոց-գմբգմբոցին… Արմաղանը գրոհում էինք այսպիսի խառը խմբերով։ Որ շատ էինք՝ 50 և ավելի, դա երևաց Արմաղանի գագաթին կառուցված եկեղեցում արդեն։ Լավ էր, որ չտրվեցինք դպրոցի այնքան հոգատար տնօրեն Արտակ Կարապետյանի հորդորներին՝ հետաձգել նվաճումը կամ օգտվել շտապ օգնության դեր տանող վիլիսների ծառայությունից… Արմաղանը նվաճված է, ու ես իմ պատանի նոր ընկերների հետ հիացել եմ այս Հայաստանով, որ տարածվում է Արմաղան լեռան շուրջ, Մադինայով, Արգիճի գետի հովտով՝ մինչև Սևանա ավազան ու լիճ…
Սա Մադինան է, Դավի´թ:
Արմաղանը, Մադինան, Արգիճի գետը, Մադինայի մարդիկ, հատկապես սովորող պատանիները՝ Ներսես, Արեգնազ, Անի, Հասմիկ, Շուշան… Տնօրեն Արտակի ընտանիքը՝ իրենով, իր Խորեն հայրիկով, Սուսան տիկնոջով, Հասմիկով, որ բժշկական համալսարանի I կուրսի ուսանող է… Իսկական Հասմիկը ո՞նց է լինում. ես տեսա Մադինայում՝ նուրբ, սլացիկ, անձայն ու հմայիչ-հմայիչ. շատ Հասմիկների հանդիպեցինք Արմաղանում-Մադինայում, դրանց մեջ՝ նաև սեբաստացի Հասմիկ Ավետիքյանին։ «Անկախության տոն, հանրապետության օրերը» պարգև է դարձել մեզ համար «Բարձունքի նվաճում» ավանդական դարձած նախագիծը՝ ամեն տարի սեպտեմբերի 21-ին ու մայիսի 28-ին քանի՜ մեծ ու փոքր սեբաստացի քանի՜ բարձունք է նվաճում…
Կկարողանա՞ն կոնկրետ լինելու համար Նառա Նիկողոսյանը կամ Սուսան Մարկոսյանը, ովքեր, որպես համակարգողներ՝ նախագծի շտաբից՝ Մեդիակենտրոն-կրթահամալիրի կենտրոնից էին հետևում սեբաստացի խմբերի տեղաշարժին Հայաստանով մեկ, կազմել ու իմ այս պատումին կից ներկայացնել մի տեղեկանք՝ կազմված լոկ թվերից ու թվարկումից, մի շղթա դարձող նկարապատումից… Ա´յ, սեղմիր այս ու թարմ պատումը նայիր. լավ վերնագիր է ընտրել Նառան՝ «Սիրում ենք, քար առ քար ենք սիրում քեզ, Հայաստան»:
Սեպտեմբերի 21-ին պայծառ օր էր Մադինայում, և 84-ամյա Խորեն Կարապետյանը՝ բազմավաստակ լրագրողը, գրագետն ու երկրագործը մեզ հետ՝ Մադինայի բարձունքից նայում էր Լեռնահովիտ ու Մադինա գյուղերի սահմանը դարձած Արգիճի գետի օձապտույտին. շշմելու կիրճ, բազում գյոլերով և քարափներով մաքուր գետ, որ ձգվում է երկու կողմից՝ մինչև իր ակունքներ ու մինչև գետի ավարտը՝ Սևանա լիճը, որ հեռու-հեռվում, բայց կապույտ էր այնքան… Խորեն հայրիկի մաքրած-պատրաստած կիկլոպյան ամրոցում եղանք նրա ուղեկցությամբ. տեսեք՝ ո՜նց է քայլում ու դեռ Դավիթ Բլեյանին էլ գրկում։ Քարանձավներ, Արգիճի գետին նորանոր դիրքերից, բարձունքներից նայելու երկար ձգվող հնարավորություններ… Երկու նախագիծ, որ կուզենք՝ դառնա ավանդական ու մեզ կապի Մադինային ու մադինացիներին՝ գործընկերությամբ ու հայրենագիտությամբ.
- Մադինան գործուն կմասնակցի մեր էկոտուր 2015-ին, մենք կօգնենք մեր կարողություններով թիմին պատրաստվելու, Արգիճի գետն իր ակունքից (առաջացումից) մինչև Սևան թափվելը նկարագրելը, անցնելը… Մենք կլինենք միասին:
- Մենք Մադինա-Արգիճի-Արմաղանում կանցկացնենք հունիսյան պլեներ՝ մասնակցությամբ հնգյակ-խումբ կազմող հարևան գյուղերի՝ Վերին ու Ներքին Գետաշեններ, Գեղահովիտ, Լեռնահովիտ, Մադինա նկարիչ-ֆոտոնկարիչների, նվիրված Մադինայի ու Հայաստանի ամենատաղանդավոր, իր գործնեության շրջանում Հայաստանում ու Խորհրդային Միությունում հայտնի վաղամեռիկ նկարիչ-մանկավարժին՝ Ներսես Կարապետյանին…
Ահա, Արգիճի երկայնքով, քայլելով, որոր-մոլոր մենք հասնում ենք Ներսեսի անկյունին՝ նկարչի արած գործ… Ահա և նրա՝ այնքա՜ն խնամքով Ներսեսի եղբայրների ու մյուս հարազատների կողմից փայփայվող տունը, արվեստանոցը, Մադինայի անկյունը… Խոստովանեմ, որ երեք-չորս տարի ես հետապնդում եմ այս պլեները, բայց այս օրերի ընթացքում ես նվաճեցի նաև այդ արգելքը. իմ նոր ոգևորվող գործընկեր ու զարգացման ծրագրերի հարգն իմացող տնօրեն Արտակի հետ ձեռքսեղմում ենք իրականացնում բոլորի մասնակցությամբ, անգամ բացակա եռանդուն գյուղապետի… Ի՜նչ «լավ ենք մտածել» «բարձունքի նվաճումը»…
Մի գրում՝ երկու օր կուտակածը չես պատմի. ինչո՞ւ արագ անցնենք Մադինայի՝ որպես մարդկային յուրահատուկ համակեցություն, իրիկնային խարույկի շուրջը մեր հայրենագիտական ակումբի և մադինացիների քաղաքական զրույցի, համերաշխ գյուղական դպրոցի խնդիրների, Սելիմով մեր վերադարձի մասին, հատկապես, որ այդ նույն ժամանակ Շուշան Բլեյանը նվաճում էր «Դեպի բեմ» նախագծով մի այլ բարձունք։ Այս ամենի մասին՝ իմ վաղվա գրում։ Հետևեք տնօրենի բլոգապատմանը, եթե չեք ուզում բաց թողնել հայրենիքի մասին ականատեսի ամենաթարմ վկայությունները։
Եվ քանի որ այսօր մեկնարկում է մեր հեղինակային կրթական ծրագրերի աշնանային 9-րդ հավաքը, հավաքի ծրագրով Սուսան Մարկոսյանի հետ ներկայացնում եմ 2015թ. հունիսյան ուսումնական ճամբարի մեր նախագիծը՝ որպես իմ օրապատումի՝ հավաքի հավելված, Մադինայում ծնված, Մադինայից բերված։
Հունիսյան դաշտային-վրանային ճամբար
Զարգացնելով ՀՀ ՊՆ հետ ամառային դաշտային ճամբարի մեր փորձը՝ նախատեսում ենք 12-օրյա 2015թ. դաշտային-վրանային հունիսյան ճամբարը։ Նախագիծը երեք հանգրվան կունենա, յուրաքանչյուրը՝ իր դաշտային-վրանային ճամբարով.
- Եղեգիս-Արատես-Հերհերի հարթակ՝ 4 օր,
- Մադինա-Արգիճի-Արմաղանի հարթակ՝ 4 օր,
- Սևանա լճի հայելի՝ 4 օր։
Այս ճանապարհը ես տեսել եմ 1989-1990-ին. ու խոստացել եմ Ձեզ, չեմ կարող իմ 60-ամյակի տարում չկատարել իմ խոստումը։ Ճամբարը կաշխատի ողջ ամառ և հայրենագիտական- էկոլոգիական, ուսումնա-հետազոտական աշխատանքի հնարավորություն կտա բազմաթիվ սովորողների և ուսուցիչների։
Ճամբարը կմիավորի կրթահամալիրի 2014-2015 ուստարվա բաց ստուգատեսների հաղթողներին՝ Հանրակրթական Դիջիթեքի, Հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության, մարզական, տեխնոլոգիական, «Ընթերցում ենք…», «Տիգրան Հայրապետյան», թարգմանական, երաժշտական, թատերական, կինո-ֆոտոյի, և Սևանի ավազանի, Մարտունու շրջանի, Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի կիրճի սովորողներին։
Հրապարակում եմ նաև ճամբարի, ստուգատեսների միավորող խորագիրը.
Սա իմ հայրենի հողն է, ապրում եմ, սովորում եմ, գործում եմ, որ այն ծաղկեցնեմ։