Ուրախանանք միասին, որ տնօրենի բլոգի ֆոտոստուգատեսն արդեն 2-րդ հրապարակումն ունի, կեցցեն առաջին համարձակները՝ Գեղարվեստի դպրոց-պարտեզից. տոն փոխանցելը էլ ո՞նց է լինում։

Հիմա  խաղանք վերնագրով. շա՞տ չէ պաթետիկ-եթերային… Սա քո հայրենի հո՞ղն է՝ հարցնում եմ: Ինչի՞ ես ապրում, հարցնում եմ, եթե այն չպիտի ծաղկեցնես… Մեր բոլորի Սուսոն՝ «Դպիրի» խմբագիր ու Մարիետ Սիմոնյանի հետ հայոց լեզվի հանրակրթական նոր ծրագիր ու կազմակերպում ստեղծած Սուսան Մարկոսյանը, նեղանում է, երբ գործածում եմ «իմ կյանքի ժամերը հաշված են» արտահայտությունը: Արտահայտություն է, էլի, քո՛ւյր իմ, թող քար նետի ինձ վրա նա, ում կյանքի ժամերը հաշված չեն (սրա հոմանիշը`ավարտունն է): Ես հիմա ապրում եմ այն նպտակադրմամբ, որ ծաղկեցնեմ, իմ սեբաստացի բարեկամներ, որտեղ էլ որ լինեք, ահա այս արդեն հոբելյանական տարիք ու պատմություն ունեցող կրթահամալիրը՝ իր ներսով ու դրսով, նրա շենքերը տանող ու դրանք միացնող, մեր ոտի տակի անցումներով, նրա վեց հեկտար կազմող հողատարածքով… միով բանիվ՝ մեր կրթահամալիրի Բանգլադեշով… Կարդանք Թումանյան.

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

Սեպտեմբերի 21-ը, գիտեք, հայոց պետական տոնացույցում հատուկ օր է՝ Անկախության տոն, ոչ աշխատանքային օր: Եվ սեպտեմբերի 21-ը ենթադրում է կյանքի ժամերի հաշվարկի ու կյանքի իմաստի քննում, արածի հաշվետվություն. ինձ համար այսպես է, պարտադրում է: Ո՞ւր փախչես, ինչո՞ւ փախչես:

1989թ. նոյեմբերի 4-ին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) քաղաքական կազմակերպության (կուսակցության) հիմնադիր համագումարում ես դարձա վարչության անդամ… Արցախյան շարժումը հանգել էր անկախ պետականության հիմանդրման անհրաժեշտության (այս շրջանի համար՝ երևի թե անխուսափելիության)։ Իսկ ինձ անդիմադիր կլանում էր Հայաստանի ինքնիշխան, իրավական ժողովրդավարական  ու սոցիալական պետության գաղափարը. «Գաղափարն ու իշխանությունը պատմության մեջ բաժանել չի կարելի. գաղափարն առանց պատմության  պղպջակ է, իշխանությունն առանց գաղափարի հանցավոր է» (Բիսմարկ)։ Չէր կարող չլինել այս գաղափարով համակված-միավորված գործիչների խումբ-կազմ, որը կազմակերպվեր։ Պղպջակներով խաղալու շրջանը ետևում էր մնացել. մենք գալիս էինք իշխանության`մեր հայտարարած գաղափարներն իրագործելու…

Վարչությունը նիստեր էր անում օրերով, քննարկում ու քննարկում ժամեր ու ժամեր… Խոսում-խոսում,  ծխում… սարսափելի ծուխ էր բռնում։ Պատկերացրեք մի վարչություն, որտեղ և՛ երիտասարդ Արշակ Սադոյանն է, և՛ Խաչիկ Ստամբոլցյանը… և երեք տասնյակ գաղափարական տարբեր, բայց հանրային ճանաչում ունեցող ու իշխանության եկող  գործիչներ…

Ես եղել եմ, գործել եմ, ես կամ Նոր ուղի

1990թ. մարտին Ռիգայում նաև իմ մասնակցությամբ կայացավ ՀՀՇ-ի ու Ադրբեջանի ժողովրդական ճակատի (նրանց համազգային շարժումը) առաջին ուղղակի շփումը: Համատեղ հայտարարության  մշակումը և դրա չհրապարակումը, վարչության կողմից մեր լիազորությունների դադարեցումը նշան էր ինձ համար, որ Նոր ուղուն հարող վարչության անդամները՝ Ռաֆայել Իշխանյան, Կտրիճ Սարդարյան, Աշոտ Բլեյան… (կարո՞ղ եք շարունակել, ընթերցող) վարչության կազմում փոքրամասնություն են:

Ինձ հիմա էլ վերագրում են քաղաքական մտքեր, արտահայտություններ, որոնք իմը չեն, դրանց խմբագրումից անկախ, չեն կարող իմը լինել: Որպես ՀՀ նախագահի թեկնածու՝ 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններին,  գրավոր ծրագիր, հեռուստաելույթներ ու հանդիպումների շարքի ձևով ես կարծում եմ տարընթերցումների տեղ չեմ թողել: Ընդառաջ գնամ հարգելի ընթերցողի խնդրանքին ու որպես սեպտեմբերի 21-ի «Նոր ուղու» թռուցիկ-նվեր վերահրապարակեմ իմ` 1989թ. ՀՀՇ վարչության, 1990թ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի քաղաքական-գաղափարական գործունեության բանաձևը, որ հրապարակված է «Նոր ուղի. նամակներ կալանատնից» գրքի 110-111-րդ էջերում, 1999թ. հոկտեմբերի 16-ի «Միություն գլխավորում, Ազատություն մնացյալում, սեր՝ ամենուր» գրի մեջ՝ ուղիղ 15 տարի առաջ:

«Երրորդ Հանրապետության պատասխանատուների, լիբերալ- դեմոկրատների միավորման «Նոր ուղու» բանաձևը թարմացնեմ։

  • Հայ Դատը հայաստանցիների համար այսօր Հայաստանի անկախ պետության կայացումն է, որպես գրավիչ մշտական բնակավայր։
  • Լիբերալ-դեմոկրատիան Հայաստանում այլընտրանք չունի, իրավական ու ժողովրդավարական պետությունը չի կարելի զոհաբերել ազգային կամ համազգային նպատակահարմարությանը։
  • Հայաստանասիրությունը այսօր գործող Սահմանադրության հարգումն է ու առաջիկայում նրա անձեռնմխելիության պահպանումը, մարդու, քաղաքացու, պաշտոնյայի օրինապահ գործունեությունը։
  • Հայաստանի գլխավոր ռեսուրսի՝ արտադրող մարդու ստեղծական պոտենցիալի լիարժեք դրսևորումն անհնար է առանց միջազգային ընկերակցությանը Հայաստանի լիիրավ ու ամբողջական ինտեգրաց­ման։ Սրա բացակայությունը դատարկում է Հայաստանը ազգային անվտանգությանը սպառնացող չափերով ու արագությամբ։
  • Միջազգային այսպիսի ինտեգրացիան հնարավոր է միայն Հայաստանի տարածաշրջանային լիարժեք ու համակողմանի ինտեգրացիայի միջոցով։
  • Տարածաշրջանային այսպիսի ինտեգրացիան անհնար է առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիության ու «թափանցիկ» սահմանների, բոլոր ճանապարհների հատկապես Ատրպատականի ու Ղազախի երկաթգծերի բանուկության, անշրջելի խաղաղության հաստատման։
  • Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության հաստա­տումը հնարավոր է միայն Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով։
  • Ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի ու Ղարաբաղի։ Ղարաբաղի խաղաղ կարգավորման ձգձգումը ցանկացած հիմնավորումներով ռեալ քաղաքականության սկզբունքի (պահանջներիդ սահմանը սեփական ուժիդ չափն է) ոտնահարում է։ Իսկ սա, ի վերջո, անդառնալի կորուստներ է բերել ու բերում է այսօր։ Վկան՝ մեր աչքի առաջ ցամաքող Սևանը։

Ես քաղաքակություն եմ մտել տասը տարի առաջ այս հայացքով։ Դարձել եմ ՀՀՇ անդամ, որովհետև այս հայացքը ամփոփված եմ տեսել նրա գաղափարախոսության մեջ։ Դուրս եմ եկել ՀՀՇ-ից, քանզի կազմակերպության գործելակերպը ի վերջո հակադիր է եղել նրա գաղափարախոսությանը։ Որպեսզի լիբերալ-դեմոկրատների նոր միավորումը նեոՀՀՇ չծնի, ճշտենք գլխավորը ու որդեգրենք դրան անդավաճան գործելակերպ»։ 

«Նոր ուղու» բանաձևը, 16.10.1999թ., Երևանի թիվ 1 կալանատուն

Ես, իմացեք, երբ դուք կկարդաք սեպտեմբերի 20-ի այս գիրը, Դավիթ Բլեյանի, Արմինեի ու Մարթա Ասատրյանի Էկոհայրենագիտական ակումբի հետ կլինեմ Մադինայում, Աստծո պարգև «Արմաղանի բարձունքի նվաճում» ուսումնական նախագիծը տեսեք քանի՜ սեբաստացու է այս ազիզ (այո՛, ազիզ) օրերին միավորում։ Քանի՜ բարձունքից քանի՜ սովորող, սկսած 1-ին դասարանից, քանի՜ սեբաստացի ուսուցիչ, ծնող, շրջանավարտ ու բարեկամ, ինչպես Մադինա սքանչելի գյուղի դպրոցը՝ իր տնօրենով, պիտի նայեն Հայաստանի Հանրապետությանը, քանի՜ բարձունքից… Ուզում եմ նույնը լինի հիացումը, գործը, Սեբաստացիների կոչնակը.

— Սա իմ հայրենի հողն է, ապրում եմ, սովորում եմ, գործում եմ, որ այն ծաղկեցնեմ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրագիր — օրվա իմ գիրը

Ժամը 4-ից 5-ը ես անցկացրի մեդիայի բանգլադեշյան տիրույթում՝ mskh.am-ում: Բանգլադեշյան պլեներն է՝ իր ստուգատեսյան խմբերի գործունեությամբ, և մեր հայտնի mskh-ը մի ուրիշ թարմություն է շնչում: Զվարթ, ինչպես ամառը. ես լսեցի մեր

2015-ի քո ճանապարհը. գնանք այն ուղով, որը հենց մենք ենք կերտել

Առաջ ես շաբաթ-կիրակի, արձակուրդ-թաղում-հարսանիք ես չունեի, ողջը, գիտեք, աշխատանք էր, հասարակական-քաղաքական գործ էր իմ կյանքը: Հիմա այդպես չէ. տարիքն է, երևի: Կիրակին հաճույքով անցկացնում եմ տանը: Շաբաթ օրը ծեսի մեջ,

Դեպի սեպտեմբերի 4՝ Արայի հետքերով…

Այսպիսի սեպտեմբերի 4, որ և Շուշան Բլեյանի ստեղծագործական, իր խոստացած «Դեպի բեմ» ամենամյա երևանյան համերգի, Լիլիթ Թադևոսյանի ստանձնած՝ Բլեենց ստեղծած-կառուցած Լանջաղբյուր գյուղի մասին ֆիլմի և բոլոր կարգի Բլեենց «Նոր Լանջաղբյուր» նախագծի