Շաբաթն եկավ. ես նրան սպասում էի։ Ներքևում՝ շենքի անկյունում ինձ սպասում է հեծանիվը. երեք ժամից կվարեմ Հաղթանակի կամրջով-Զանգվի ափով, դիմացս՝ լյառն վեհանիստ ու մոգական, առաջին կանգառը, այս անգամ, Հիմնական դպրոց. Շամիրամին ու իր դպրոցին օր ու արև չեմ տալու։ Մի ապրիլ ամիս է՝ 30 օր։

Մինչ այդ ես պիտի կարդամ այն, ինչ թողել եմ, առավոտ-գիշերախառն պատմեմ թվով 624-րդ անընդհատ, իմ կյանքի մասը դարձած օրագիրը։ Էմանուել Ագջոյանն ինձ հուզեց երեկ. «Դուք ննջէք, և սիրտ իմ արթուն կայ» վերնագրով իմ գիրը կարդացել է երկու անգամ… «Մենք չենք թողնի քեզ, Տիար, չենք թողնի՝ պարտվես կրթական պարտեզի սարալանջում»…Եվ առաջարկում է նոր լուծումներ բնապահպանական ուսումնական նախագծերի ամենամյա, թվով 6-րդ, հայտնի որպես «Հանրակրթական էկոտուր 2016», բաց ստուգատեսի կազմակերպման մեջ՝ կամուրջ կենդանի ապրիլի 19-ին (թե՞ 24-ին, Էմանուել, Սարգիս, Միքայել, Լիդիա և ընկերներ) մեկնարկող մեր ստուգատեսի, մայիսի 26-ին մեկնարկող բանգլադեշյան ուսումնա-հետազոտական ճամբարների և հունիսի 5-ի՝ Շրջակա միջավայրի միջազգային օրվա միջև… Շարունակությունը-հիմնավորումը՝ ըստ Էմանուելի։ Ինձ մենակ չթողնելու, համերաշխության դրսևորման դրվագները երեկ ամենուր էին, թե՞ իմ աչքին էին երևում, իմ անկեղծության մեջ խեղճություն-անզորությո՞ւն կար … Լավ է, որ իմ սեբաստացի ընկերները կոչն էին լսել՝ ի գո՜րծ։

Լուսանկարները՝ Նառա Նիկողոսյանի:

Նոր դպրոցի միջավայրային զարգացումներին ես աննկատ հետևում եմ կրթական պարտեզի արևելյան ճառագայթի Կասկադ-պտղատու այգու հարթակներից. այստեղից այնքան լավ են երևում միջավայրի փոփոխությունները։ Նառա Նիկողոսյան, Իվետա Ջանազյանի, մեծ թվով պարտիզապուրակային նախագծերով զբաղված մանկավարժական աշխատողների հետ նաև Մայր դպրոցում պայմանավորվեցինք վճռական անցում կատարել մեծ խմբերով աշխատանքից դեպի անհատական կամ փոքր, 1-5 հոգիանոց խմբերով գործունեություն։ Ինչպես երեկ, տեսա, շրջանավարտներ Սուրեն Պողոսյանին ու Հայկ Դարբինյանին Գեղարվեստում. երկուսով, տեսեք, ինչ մեծ ախորժակով կանգնել են իրենց Գեղարվեստի իշխանուհու կողքին։ Եկեք իմ այս հավանած ապրիլը արդյունավետ դարձնենք անհատական, զույգով, երեքով պարտիզապուրակային գործունեությամբ։ Մեր ծո՜վ անելիքը գյալաջիով, որ անխուսափելի ուղեկիցն է մեծ խմբերի, դրանց բնորոշ գնալ-գալով, սովետից ծանոթ աշխատանքի պատրանքով, չես հաղթահարի։ Կոնկրետ, անհատի ողջ ուժով գործեք։ Մեր Ուսուցիչ Քրիստոսն էլ իր ողջ գործունեությամբ մարդու մեջ դրած Աստծուն էր դիմում-տեսնում, անգամ՝ երբ բազմահազար էր նրա խումբը՝ որպես բազմություն։

Եվրոպայից դուրս եկած ու դեպի Բանգլադեշ ճանապարհ բռնած հեծանիվների նոր խմբաքանակին հո չե՞նք սպասելու. նրանց ընդառաջ կգնանք… Մեր կրտսեր դպրոցների տրիաթլոնի (հեծանիվ-լող-վազք) կազմակերպիչներ Տաթև Համբարյանին, Գայանե Գրիգորյանին, Գայանե Սարգսյանին և Քրիստինե Հարությունյանին, Միջին դպրոցի կազմակերպիչներ Վարդուհի Հայրյանին, Նելի Փիլոյանին, Գոհար Եղոյանին, հեծանվի ակումբի ղեկավար Սամսոն Բուլղադարյանին, հնգամարտի ղեկավար Խորեն Հազարումյանին մենակ չենք թողնի. սկսեցինք ավելի թափով սխեմայով հեծանվուղի-վազքուղիների կառուցում-բարեկարգումը, լողափերի որոշում-կարգավորումը։ Երեկ տեսա մեր հեծանվային ակումբում վեց, հետո յոթ տարեկաններին. թող փորձեն, թող տներից բերեն իրենց ունեցած հեծանիվները, թող «խեղդեն ծնողներին» նոր, հարմար, իրենց չափին հեծանիվ ունենան, բերեն դպրոց հինգ օրով, շաբաթ-կիրակի տուն տանեն. հո տանը թթու չե՞ն դնելու… Իսկ մենք մեր հեծանվային ակումբներում հարմար-ապահով տեղեր կհատկացնենք յուրաքանչյուրին։ Լսվե՞ց՝ չենք սպասում, սկսում ենք…

Նախագծերով ուսուցումը Թբիլիսիում:

«Եվ բաց էին ոչ միայն տան դռները, այլև նրանց մաքուր ու մարդասեր սրտերի… Փոխարենը՝ պետք չէ տատանվել ու երկմտել, որոշեք, վեր կացեք ու գնացեք ճամփորդելու»։ Ավագ դպրոցի Սոնա Բեզիրգանյանի պատումը Թալին-Կոշ 12-ժամյա ճամփորդության մասին, իր բլոգում, կարդացվողներից է՝ վերնագրից սկսած՝ «Մոռացումի հրճվանք»։ Սպասում եմ, գիտեմ՝ Կարինե Պետրոսյանը կհրապարակի նախագծերով ուսուցման շաբաթի բոլոր տեսակի ճամփորդությունների ցանկը՝ և՛ ուսումնական, և՛ հայրենագիտական, և՛ ուսումնա-հայրենագիտական, և՛ պարզապես թափառումների, մեկօրյա, բազմօրյա, Երևանում, Հայաստանում, Հայաստանից դուրս… Ուսումնական պարապմունքի այս ձևը, որի վրա Սոնան մեխեց «Մոռացումի հրճվանք» անունը, սնկի պես աճում է ճամբարային, նախագծային ուսուցման շաբաթում… «Իմացումի հրճվանքի» կրթահամալիրային օրացույցն անգամ իր մարդասիրությամբ-ազատությամբ ներկրթահամալիրային աշխարհագրություն է պարտադրում… Ես բաց չեմ թողել-թողնում որևէ պատում-տեսանյութ «մոռացումի հրճվանքի». ուրիշ ինչպե՞ս իմանաս-պարզես՝ ինչ ստացավ-իմացավ սովորող-ուսուցիչը այս պարապմունքներից… Եկանք մեր կրթական ծրագրի անվան այն բաղադրիչին, որ կոչվում է «մոբիլ»։ Ահա՝ հասանք, որտեղից…

#624

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես եմ, դու ես․․․

Ես ու դու, որ յուրահատուկ այս աշխարհը՝ Բլեյանի դպրոցն ենք հեղինակում ամեն օր․․․ «Ես եմ․․․» այս նախագծով ուսումնական մեր Ավագ դպրոցի, Քոլեջի շրջանավարտների տեքստերն անհատական ամենակարդացվողն են. կնեղանամ, թե բաց

Կրկնելով Գյոթեին՝ գնահատել նշանակում է ստեղծել

Զայրույթը չի զարդարում. տանում է: Զայրույթը մսխում է: Ոչ մի արդարացում: Երեկ ես զայրացա և չմասնակցեցի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում սպասված ցուցադրության բացմանը: Հետո մտա Գեղարվեստ. այնքա՜ն լուռ էր,

Օրագրի 33-րդ գիրը՝ ժամանակագիր. որտե՞ղ է Նազենի Հովհաննիսյանը

Որոշումն այս երեկ եմ կայացրել Մեդիակենտրոնում, Վայքի ավագ դպրոցի վերապատրաստվող ուսուցիչների հետ զրույցի ժամանակ։ Հուլիսի 18-ին, երբ նրանցից մեկը կանչեց. «Ձեզ մոտ էս ի՜նչ հուլիս ա, հուլիս չէ. հուլիսին դպրոց չի