Հոբելյանական համերգը, որի խոստումը հնչել էր իմ ավագ եղբոր տանը 2015թ. հունվարի 10-ին, չեղյալ չի հայտարարվել, տեղափոխվել է սեպտեմբերի առաջին կես. այսպես է որոշել Շուշան Բլեյանը՝ խորհրդակցելով իր ավագ քրոջ՝ Լիլիթի հետ։ Քիչ մնաց։ Իսկ այսօր, հիմա, երբ օրագրի առաջին ընթերցողը կարդում է իմ տոնական օրվա՝ հուլիսի 13-ի գիրը, մենք Շուշանի մերձավորների մի խմբով Սևանա լճի ափին ենք, Կարմիրի կողմից, «Ժայռ» լողափին… Շնորհակալ եմ միշտ սեբաստացի Ալիկ Մինասյանին այսպիսի հնարավորության համար։ Սևանա լճի այս կիսագնդում մարդիկ քիչ են լինում, չնայած ով լինում է՝ հավանում է ավելի, քան Սևանի Մարտունու մասը, էլ չեմ ասում թերակղզու մասին… Ծննդյան օրը՝ համերգով, լողալով, հայրենագիտական թափառումով… Հայաստան աշխարհը մեծ է, և ծննդյան թափառումով ավելի է մեծանում…
Շուշանը չնայած քսան տարեկան է, երկար շրջան տեսել է Եվրոպան, ապրում է Վիեննայում, սովորում այնտեղի կոնսերվատորիայում և հաստատուն է օպերային երգչուհի դառնալու իր վճռում։ Նա անցնում է դեպի մեծ բեմ իր ճանապարհը ու դա անում է շուշանավարի՝ առավելագույն թեթև, ինքնուրույն, առանց ավելորդ «նեղություն» պատճառելու իր ծնողներին, քույրերին, չնայած դա կարող է և պարգև դիտվել։ Ինձ համար առաջնային եղել և մնում է, հատկապես հիմա՝ նրա հասունության առաջին հոբելյանականում, Շուշանի ինքնազգացողությունը։ Այն ինքնաբուխը՝ կարմիրը-խորոտը, որ տեսնում եմ Երևանում Շուշանի դեմքին, ինձ գոհացնում է։ Երեկ Դավիթ եղբոր և Ստեփան հորեղբոր հետ այցելեցինք Շուշանին, Վարդավառի օրով, որի հաջորդն էլ հոբելյանական է… Շուշանին տեսանք պայծառության մեջ… Բոլորիդ եմ մաղթում՝ այսպիսի քսան տարեկան աղջիկ ունենաք…
Իսկ Շուշանը բռնեց ու ընդամենը մեկ ժամով հետաձգեց երաժշտության իր անհատական պարապմունքը օրվա… Հետո մենք սիրով-կարևոր ուղեկցեցինք Շուշանին վոկալի հերթական պարապմունքին, որ ինքն է ընտրել. փնտրել-գտել է երևանցի այն մասնագետին, ում հետ Երևանում գտնվելու ողջ շրջանում պարապմունքներ է անցնելու, սկսել է անցնել…Ես, իհարկե, պատահական զանգերով, շեղող առաջարկներով փորձում եմ աղջկաս հաստատակամությունը։ Ավելորդ է. իր ընտրությունն է, իր ամառային ուսումնական աշխատանքը։ Կեցցես, Շուշո աղջիկ։ Երգիչ այսպես են դառնում՝ ամենօրյա-անընդհատ ջանքերով-պարապմունքներով՝ Վիեննայում, թե արձակուրդային քաղաք դարձած Երևանում։ Ստեղծական-նվիրումով աշխատանքի շնորհը և կյանքում խիղճը կողմնացույց ունենալը ես ժառանգել եմ Շամխալ հորիցս… ու փոխանցել-փոխանցում եմ ամենաթանկ մարդկանց. իմ Լիլիթ, Տաթև, Շուշան աղջիկները, որքան էլ տարբեր, նույն ժառանգության տերն են։ Եվ սա իմ կյանքի հաջորդ 60-ամյակի գոհության աղբյուրն է։ Հալա՜լ է։
Քսանամյա Շուշանի հատուկ նկարաշարը Սևանի ափից:
Սեպտեմբերյան համերգին պետք է մանրակրկիտ պատրաստվել, Շուշան և Լիլիթ Բլեյաններ։ Լիլիթի Սոնուլիկ աղջիկն էլ, պարզվում է՝ ոչ միայն բեմական տեսք ունի, այլ նաև ձայնային լավ տվյալներ… Դավթի բեմական տեսքն ու աստղը ճակատին քիչ հայտ չեն ամենամյա սեպտեմբերյան համերգ-հանդիպման տպավորիչ մեկնարկի համար։ Արևիկի դիզայներական շնորհն ու Տաթևիկի մենեջերական տաղանդը մատչելի-իրական են դարձնում այսպիսի նախագիծը… Քանի՞ մարդ անոգևորվել-անմասն մնաց այսպիսի նախագծից… Արաքս և Նազենի աստղ Հովհաննիսյաններ, ո՞ւր եք, կարդո՞ւմ եք պապիկի-քեռու այս նախասեպտեմբերյան ցանկությունը։ Ուշադիր, անխնա շարունակում եմ… Աննա Ստեփանի Բլեյանը Բլեյանների մեջ առաջինն է երաժշտական բարձրագույն կրթություն ստացել. ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալի բաժինը… Հիմա պատկերացրեք, թե համերգ նախագիծը Առնոլդ ու Աննա Բլեյաններով ինչ դուետ ստացավ…
Ես, իմ եղբայրն ու Դավիթը Վարդավառի Երևանում մեքենայով շրջեցինք, հասանք մինչև Հովհաննիսյան-Բլեյանների հարազատ Օհանավան…
— Սա էն գյուղն է, որ շինել է վարպետ Օհա՞նը…- հարցնում է Դավիթը։
— Որ ճանաչելի հայրենիք է դարձնում իմ հյուրընկալ-մշակ փեսա Գարիկ Հովհաննիսյանը՝ իր աղջիկների-թոռների հետ՝ Նազենի աստղով սկսած ու Նազենի կրտսերով վերջացրած, խանդավառ Էդիտով, Գոռով ու Սերժով… Դավիթն ու Նազուկը փառահեղ լողում են, Գոռն ու Սերժը անվերջ ջրում իրար… Իմ Վարդավառն այս անգամ երկար եղավ՝ Մարմարիկ գետով, Օհանավանով ու Սևանով, երեք օր…
Մի՛ ցեխեք Վարդավառի խորհուրդը, եղեք ջրի ափին՝ գետի, լճի, աղբյուրի, մաքրեք ջրի շուրջ բոլորն ու ջուրը, անպայման լողացեք փառաբանելով… Ջրի ու ջրաստեղծ բարիքի փառաբանում ունեցեք… Ցնծացեք և ուրախացեք… Բարձրացեք ջրի մոտակա անտառը, սուրբը, խոնարհված եկեղեցին… Ուզում եք խորոված անել՝ արեք, ինչպես Սեյրան Ավագյանը, մաեստրո Թոփիկյանն ու Լուսինե Նազարյանն արին Մարմարիկի ափին, կարևոր, ինչպես ծես, սիրով, ու միայն խորոված… Լողացեք անպայման, մտեք ջուրը ձեր մաքրած։ Անպայման մաքուր թողեք տարածքը, ջուրը, ջրի ափը… եկեղեցին՝ շուրջբոլորով, ինչպես արեցին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ուխտավորները։ Ախր, այսպիսի խորոտ պարգև-հայրենիքը կեղտոտելն անհնար է թվում, մաքրելն էլ՝ որքա՜ն հեշտ… Չկեղտոտելու մի բանաձև է ինձ հայտնի՝ անընդհատ մաքուր պահելը։
Դավիթ Բլեյան ճամփորդը։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։
Այսպիսի ջուր, ու այսքան առատ Հայաստան…
Շուշան աղջիկը այս օրերին իմ երկրի խորհրդանիշի տեսք ունի. այսպես է ծնվել-առաջացել այս ասքը, որ հենց հիմա եմ ես կրկին գրում հատուկ իմ օրագրին ընթերցողի համար, իմ ու Կարինե Ջանոյանի Շուշան աղջկա ծննդյան խորհրդով.
Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց,
Նաիրուհին տխուրաչյա և համեստ,
Այնպես վառ էր լեռնադստեր դեմքը բաց,
Նայվածքն այնպես հրեղեն ու անարվեստ։
…. Այդպես արևն է դուրս նայում մութ ամպից
Իմ նաիրյան բարձր, բարձր աշխարհում…
Վ. Տերյան
Օրվա լուսանկարները՝ Տաթև Բլեյանի
#388