Բուն Բարեկենդանը ես անցկացրի տանը՝ մի խումբ հարազատների հետ… Ստեփան եղբոր՝ Դավթի հորեղբոր, ով երկարատև բուժումից հետո իսկական նվեր էր մեզ, այնպես, որ արժանացավ խորովածի կրակը վառելու պատվին… Իմ հարգելի ճարտարապետ-ուսուցիչ երեսունվեց տարվա ընկերոջ՝ Համլետ Խաչատրյանի՝ իր բուլղարուհի տիկնոջ Մարիի ու կրակի կտոր թոռնուհի Սոնայի… իմ հրեղեն Շուշոյի… Ի՜նչ լավ  է, որ մեզ միացավ իմ կրտսեր եղբայր Յուրա Բլեյանը՝ ապահովելով Դավթի մարդկային շփման վայելքը… Արմինե ուսուցչի համար հեշտ չէ, իհարկե, սեղան գցել-հավաքելը, երբ սմարթֆոնից անընդհատ լսվում էին հարյուրի չափ սաների ուսումնական արձագանքները… Օգնեցինք բոլորս՝ ինչով կարող էինք… Ու եղավ իսկական՝ բարի, կենդանի օր՝ որպես խթան մեր առաքինությունների դրսևորման՝ Մեծ պահոց մեկնարկին:

Դավիթ Բլեյանը մեծ աշխարհ է կառուցում Մենդելսոնի ջութակի կոնցերտի այս կախարդանքի ներքո՝ անընդհատ մեծացող-գունեղ աշխարհ… Տեսեք՝ քանի՜ տարբեր տարրեր է գործածում, քանի՜ ձու-ձու կակայից դուրս եկած աղյուսիկներ ու քանի՜ տեսակի լեգոների մասնիկներ… Այսպիսի կենտրոնացում.
— Պա՛պ, արի, տես՝ ո՜նց է մեծանում ու սիրունանում իմ աշխարհը, ուզում եմ՝ Բարեկենդանի աշխարհը դառնա… Բարեկենդան է, դրա համար եմ սարքել… Ուզեցել եմ, սարքել եմ, բայց ինձ ոչ ոք չի ասել… Ուզում եմ՝ ամբողջ սենյակը ծածկի…
— Բա ո՞նց դուրս կգաս այդ աշխարհից, ո՞նց կգնաս հետո քնելու:
— Այ, այսպես, պա՛պ, կսարքեմ աշխարհն ու կդառնամ նորից հովազ…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Հուզիչ առավոտ էր. շաբաթ օրով՝ ժամը իննին, ես մեր հնգամարտի ղեկավար Խորեն Հազարումյանի հետ առաջին հանրապետական մրցումների ճանապարհեցի նետաձիգների Միջին դպրոցի սովորողների խմբին՝ նետաձգության մարզիչ Գևորգի հետ… Օր էր՝ իր շարունակությամբ, «Ղափամա» ամենամյա տոնակատարության ժամանակ Կորյուն քահանան, որ առաջին անգամ էր կրթահամալիրում և տեսածից զարմացած շփոթված էր, մեր դպրոցն անվանեց լավագույնը հանրապետությունում՝ որպես ակնհայտ փաստ, ու հիմնավորեց. նույն ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրապարակեց հանրապետության կրթական հաստատությունների վարկանիշավորման 2015-ի արդյունքները, որտեղ մենք առաջինն ենք քաղաքային մեծ և միջին 313 հիմնական դպրոցների թվում և հինգերորդը՝ առանձին գործող 118 ավագ դպրոցների և վարժարանների շարքում… Իմ կարծիքը ես փետրվարյան ստուգատեսների տոնական հավաքին կրկին հայտնեցի. մենք մեր տաղանդով՝ սովորող թե ուսուցիչ, հանդգնել ենք կրթահամալիրի ստեղծման պահից զբաղեցնելու ալամ աշխարհի կրթական կենտրոնը, գործելու առջևից գնացողի, այլոց հետ երբեք չհամեմատվելու, բոլորի դպրոցը լինելու ու յուրաքանչյուրին մեր առաջնորդությամբ աջակցելու, կրթական կենտրոնը չզիջելու այս վճռականությամբ… Այս փուլում դա պահանջում է, որ յուրաքանչյուր սովորող և ուսուցիչ գործի դնի վարկանիշավորման իր աղյուսակը՝ ինքնագնահատականն իր կրթության, իր դպրոցի… Իսկ ծնողները` մեր սովորողների, պիտի կարողանան տարբերել սովորողի կրթության գործում դպրոցի անելիքն ու սովորողինը՝ երբեք չխառնելով դրանք, ամեն ինչ՝ իր տեղում ու ժամանակին։ Եվ մեր հեղինակային մանկավարժության պատվիրատու ծնող-ընտանիքն այսպիսով կկարողանա բարեխիղճ աջակցել դպրոցին ու սովորողին…

Վեց տարեկան սեբաստացիները:
Լուսանկարները` Դիանա Գևորգյանի:

Այս օրերին մենք ունենք նաև միջազգային գնահատական… Վեց երկրների՝ ԱՄՆ, Կանադա, Հոնգ-Կոնգ, Բրազիլիա, Թուրքիա, Սերբիա, երիտասարդ փորձագետները մեկ ամսով ապրում են մեր տանը՝ Գեղարվեստի կացարանում, առանց արգելքի լիարժեք մասնակցում մեր ուսումնական կյանքին, անգլերենով ֆինանսական գրագիտություն դասավանդում 9-12-րդ դասարանցիներին… Այս օրերին «Բնագիտատեխնիկական» ու «Հանրակրթական դիջիթեք» ստուգատեսների տասնյակ ու տասնյակ խմբեր ողջ հանրապետությունից ամբողջ ծրագրով կմասնակցեն մեր ուսումնական մրցույթներին, շատերը կապրեն մեզ հետ… Սա՝ այն ժամանակ, երբ «Ար» TV-ի լրագրողը բողոքում էր (փաստում էր), որ անհնար է մտնել մայրաքաղաքի որևէ դպրոց՝ առանց հատուկ թույլտվության վերադասի: Իսկ ես քննադատում էի վարկանիշավորման այսպիսի կազմակերպումը… երևի միայն ես ու հրապարակավ… Բայց գլխավորը, կրկնում եմ, ինչ են գրում-մտածում այս օրերին կրթահամալիրի սովորողները, ուսուցիչները, ծնողները… Այս մասին է իմ վաղվա գիրը…

Միջին դպրոցում վարպետության դասը վարում է ANEL ընկերության մասնագետը:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

  • Տեսե՛ք՝ ինչի մեջ է մեղադրում Արևմուտքին նրա մի կեսի լիդերը՝ ԱՄՆ-ն, մյուս կես Եվրոպային… մեղուների ոչնչացման մեջ:
  • Կարճաժամկետ (այսօր, այս տարի), միջնաժամկետ (առաջիկա 1-3 տարում) մեր կյանքում փոփոխություններ բերող, տնտեսությունն աշխուժացնող բոլոր նախագծերն իմ օրագրում կարդացեք ցնծությամբ… Ինչպես Իրանի այս մտադրությունը՝ գազամատակարարումը Հայաստանում հինգ անգամ մեծացնելու մասին…
  • Ստամբուլ թե Մոսկվա… Կհաջողվի՞ արդյոք Թուրքիային արմատական ռեֆորմներ անցկացնել իրավական ենթակառուցվածքներում, մաքրել ճանապարհը կապիտալի շուկայի համար ու դառնալ համաշխարհային ֆինանսական կենտրոններից մեկը, ինչպես Նյու Յորքը, Լոնդոնը, Սինգապուրը… Երբ Արևմուտքն օգնում է Թուրքիային, իսկ Պուտինը գործում է Մոսկվայի այդ հնարավորության դեմ…

Բուն Բարեկենդանին հաջորդեց պահեցողության մեծ շրջանի (40+8 օր) առաջին օրը… Օրագրի ընթերցարանը, սրան նվիրված, ներկայացել է որպես տեսադարան…

Տաթև Թամազյանի առաջին դասարանցիները
Paint ծրագրով նկարում են դդում, կերպավորում են, հեքիաթ հորինում:

Օրագրի առաջարկը

Կենդանիներին ճանաչելու, նրանց փազլ խաղի տեսքով հավաքելու տարբերակ է: Ուղղված է ոչ միայն կրտսեր տարիքի սովորողներին: Փորձեք ճանաչել ձեր «հավաքած» կենդանուն:

Օրագրի ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 577

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ա՜, դե լա՜վ, հասկացա՜…

Դավիթ Բլեյանի՝ հասուն ու հասունության արագությամբ ամեն անգամ զարմացնող մարդու օրվա պատումի՝ հայրիկի մանկավարժություն օրագրի հանրային կարիքը, վստահ եմ, կա… Օրեր առաջ գեղարվեստի հարթակում Դիանա Գևորգյանի հինգ տարեկանների մայրիկները՝ երիտասարդ-բարեկիրթ, հենց

Սեփական հաջողությունը՝ կառուցման հիմքում

Ասում ենք՝ պարտություն-հանձնում (կապիտուլյացիա) չենք կապում ճանապարհի-ուղու հետ, որով 30 տարի, մեր հռչակած պետական անկախության շրջանին հակառակ անցել ենք․․․ 1990-ի իմ ու Կտրիճ Սարդարյանի կազմած, 30 հազար տպաքանակով (երեսուն հազար սպառված

Հասարակական կարծիքի փոփոխությունը

Գերմանիայում այսօր հարցվածների միայն 9 տոկոսն է Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ավարտը համարում պարտություն: Հարցվածների 89 տոկոսը մայիսի 8-ն ընկալում է որպես ազատագրման օր: Ինձ հաճելիորեն զարմացրին այս թվերը. կեցցե´ս,