Զարուհի Առաքելյանի՝ ամենահաս ու ամենա՝ իմ օգնական Զառայի տեղեկությունը Բութանի թագավորության մասին տպավորվել-չի անցնում, ինձ բաց չի թողնում՝ առանց համարժեք մի գործողության… Չբռնե՞նք ու մի ծառատունկ-ֆլեշմոբ անցկացնենք Հարավարևմտյան թագավորությունում (ՀԱԹ)՝ որպես նախագծով ուսուցման շաբաթի միացյալ սեբաստացիական նախագիծ… այնպիսին, որ արմանք-զարմանք պատճառի Բութանի թագավորությունում, ինչպես կրթահամալիրում, իրենց մեկ ժամում տնկած հիսուն հազար ծառը… Սա հաջորդ ուրբաթ՝ մարտի 25-ին, իսկ այսօր` մարտի 18-ի օրն սկսում ենք Տիգրան Հայրապետյանի հետ. Մարմարյա սրահում առավոտյան ժամը 9-ին մենք՝ բոլոր սեբաստացիներով, որպես ընդհանուր պարապմունք, կծափահարենք մեր տաղանդաշատ-վառ անհատականություն-միշտ ներկա Տիգրան Հայրապետյանին… Այսօր, ինչպես ամեն տարի, հանդիսավոր կհանձնվեն «Տիգրան Հայրապետյան 2016»-ի մրցանակները…
Առավոտյան ընդհանուր պարապմունք. դեմքեր:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
Մեզանում, կրթահամալիրում դինամիկ զարգացող կյանքը փոփոխություններ է պարտադրում նաև ամենամյա մրցանակների-պարգևատրումների կարգերում… Իմ օրվա գրում հաճախ հիշատակվող մայրենիի ուսուցիչ Հասմիկ Թոփչյանը, ով առաջիններից է ոչ միայն կրթահամալիրում, Հայաստանում, այլև աշխարհի դպրոցներում անցել միայն նախագծով ուսուցման կազմակերպմանը, նախագծով ուսուցման շաբաթի և տեխնոլոգիական հանրակրթության ստուգատեսի արդյունքներով կպարտադրի անդրադառնալ իր՝ մայրենիի հեղինակային ուսուցմանը… Հաճույքով: Մենք ստեղծել-գործել ենք, մենք կանք՝ որպես մեթոդի, մանկավարժության դպրոց, և Մայիսյան ստեղծագործական հավաքն ամենամյա՝ այս տարի՝ թվով տասնմեկերորդը, այդպիսի հանդիպում-հնարավորություն մեզ պարտադրում է: Գևորգ Հակոբյանի՝ տարիներ արվող ինձ՝ «Տիգրան Հայրապետյան» մրցանակի առաջադրման առաջարկին ես այս անգամ համաձայնեցի որպես հանրային-քաղաքական գործիչ՝ սրանով կրթահամալիրի կողմից «Տիգրան Հայրապետյան» մրցանակի հավակնորդների անունները դուրս դնելով մեր մանկավարժական աշխատողներից… Մեզ՝ որպես հանրապետության հայտնի-ընդունված հավաքանի, պատշաճ է արժևորել հրապարակախոսության, այլոց իրավունքների, այդ թվում՝ կրթության պաշտպանության գործը նաև ամենաամյա «Տիգրան Հայրապետյան» մրցանակ շնորհելով… Շնորհակալ եմ կրթահամալիրի մասնաժողովին, բոլոր իմ գործընկերներին` այսպիսի հասուն-բաց անանձնական կամ վերանձնական՝ քննարկման պահին կայացված որոշման համար: Ինչպես նաև` սովորող-մրցանակակրի միակարծիք իրողության համար, որ Ավագ դպրոցի տասնմեկերորդ դասարանի սովորող Մարիամ Գևորգյանի արժանիքն է: Կեցցե՛ս, խոնարհ, հմայիչ, ուսումնատենչ քույր իմ: Ես անհամբեր սպասում եմ Գեղարվեստի տանիքին կրթահամալիրի երաժշտական լաբորատորիայի ելույթին, Տիգրան Հայրապետյանին նվիրված տոնին… Իմ օրերն բոլոր այդպիսին են դարձել. գոնե երկու համերգ տեղավորում են:
Երաժշտական լաբորատորիա. ռոք համերգ Գեղարվեստի տանիքում:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
«Տնտեսագիտությունն անսահմանափակ ցանկություններն ու սահմանափակ ռեսուրսները միավորելու միակ արվեստն է» (Լորենս Փեթ): Global Money Week ծրագրի կրթահամալիրային փուլը, որպես ուսումնական նախագիծ, այսօր մեկնարկեց… Առավոտյան՝ Ավագ դպրոցի ընդհանուր պարապմունքին, ներկայացավ նախագծի ղեկավար, 2016-ի շրջանավարտ Մերի Թելունցը… Տեսնո՞ւմ եք՝ ի՜նչ ինքնակազմակերպվող, աջակցող, համերաշխ հավաքանի ունենք ու բազմաբնույթ մոբիլ-ստեղծական գործունեությանը հարմարեցված միջավայր… Պարեր, սեմինար-պարապմունք, հեծանվաերթ, առցանց ընտանեկան ֆլեշմոբ տնտեսագիտությունից… Եվ սրա կազմակերպիչ-ղեկավարը լիարժեք օրվա գործունեությամբ կրթահամալիրի սովորող է: Որպես ուսումնական աշխատանք՝ սրան զուգահեռ միաժամանակ ընթանում է հասարակագիտական ստուգատեսը՝ իր բազմաբնույթ նախագծերով. Վանիկ Գաբրիելյանն ու իր սաներն Ավագ դպրոցի ընթերցարանում ընդունել են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին… և այս ամենն առանց իմ, տիար Գևորգի, Մարթա Ասատրյանի ուղղակի մասնակցության. յուրաքանչյուրն՝ իր գործին: Ես, օրինակ՝ հանդիպում եմ Միջին դպրոցի սովորողներին և ուսուցիչներին Մարմարյա սրահում մասնակցում եմ նաև «Գերմանական համագործակցություն Հարավային Կովկասում. Հնարավորությունների ընդլայնում երիտասարդների համար» ծրագրի կլոր սեղան-քննարկումներին… Ինձ խնդրել են ելույթ ունենալ… Ի՜նչ լավ է, որ ավելի ու ավելի շատ գործեր են արվում կրթահամալիրում և լավ են արվում ոչ միայն առանց իմ ուղղակի մասնակցության, այլ նաև՝ առանց իմ հատուկ գիտության… Ես էլ ձեզ նման պարտավոր եմ հետևել կրթահամալիրային օրվա իրադարձություններին մեր մեդիայով՝ mskh.am-ով…
Անիմացիայի լաբորատորիա: Մուլտհերոսի պատրաստում:
Լուսանկարները՝ Արրիկ Մարտիրոսյանի:
Դեռ օրվա վերջին էլ Լիլիթ Բլեյանի համերգն է երաժիշտ-կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանի հետ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի սրահում… Դավիթ Բլեյանը պահանջում է իրեն հիմա տանել Լիլիթի համերգին… Դավթի համար ոչ միայն երեկ չկա ու վաղը. այսօր էլ չկա, կա միայն հիմա.
— Պա՛պ, հիմա եմ ուզում լսեմ իմ քույրիկ Լիլիթին: Կտանե՞ս…
Այսպիսին է նա և խանութում… Մայրիկի հետ մտել են կենցաղային-տնտեսական ինչ-ինչ բաներ գնելու, մայրիկը ծախսել է ունեցած վերջին դրամները, Դավիթը կպել է նոր մեքենայի.
— Ես ուզում եմ այս լիմուզինն առնե՜ք…
— Դավիթ, թող մնա վաղը…
— Չէ, վաղը չէ, հիմա…
— Դավիթ, փող չունեմ…
— Ինչո՞ւա փողով, ինչո՞ւ ձրի չի… Փողն առե ՛ք, հանե ՛ք բանկոմատից՝ քարտերը պայուսակում քո տեսել եմ, հիմա գնացե՛ք, փողը հանե՛ք, բերե՛ք, առե՛ք…
Թե ինչո՞ւ Երևանի բոլոր խանութներում, սրճարաններում, առևտրի կետերում վճարումները նաև քարտերով չեն իրականացվում… Թիֆլիսում իմ ընկեր Գեորգի Մոմցելիձեն գրպանում փող չէր պահում…
# 616